ԻՆՉՈւ՞ Է ԲԱՐԻՆ ՄԻԱՅՆ ՀԵՔԻԱԹՆԵՐՈւՄ ՀԱՂԹՈւՄ

Մի հեքիաթ կա, որ շատ եմ սիրում: Առհասարակ այս ժանրին պատկանող ոչ միայն գրավոր այլև կինոարվեստի, թատրոնի, կերպարվեստի գործերի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունեմ: Իմ այս նախասիրության մասին չիմանալով, սակայն, մի անգամ մեր ազնվագույն մտավորական, լեզվաբան Մայա Ավագյանը ասաց. «Հիշիր, կյանքում միշտ չարն է հաղթողը: Իսկ բարին միայն հեքիաթներում է հաղթում»: Չմոռացա: Կյանքը չթողեց: Բայց սրա հակառակն ապացուցող վկայություններ էլ կան` Բարին էլ է հաղթում: Երբեմն: Պարզապես նժարի վրա դրվող կշռաքարերը հավասար չեն: Երբեք չեն եղել: Իսկ մեր ժամանակներում բալանսը ոչ միայն անհավատալիորն խախտված, այլև  խեղված է: Կարող էր և այդպես չլիներ…
 Հեքիաթը, որի մասին ասում եմ, չեմ կարդացել, լսել եմ: Ժակլին անունով հմայիչ մի  ֆրանսուհի է պատմել: Պատմել է հայերեն,  վենետիկյան մի երեկո:  Ժակլինը մասնակցում էր Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանում ընթացող հայոց լեզվի  ուսուցման արագացված   դասընթացներին: Հայերեն էր սովորում, որովհետև հայ տղամարդու էր սիրում և համոզված էր, որ ոչ միայն իր ներկայացրած  հեքիաթը, այլ մշակութային այն բոլոր արտահայտությունները, որոնք  հայկական են առանձնահատուկ գեղեցիկ են,  խորիմաստ ու բարձրարժեք.  Դասընթացների ավարտին  հայոց լեզվի յուրացման մակարդակը  որոշվում էր նաև այս եղանակով` ուսանողներից յուրաքանչյուրը մի պատմություն, մի երգ, մի բանաստեղծություն էր ներկայացնում հայերեն:  
Ժակլինի անթերի հայերենով պատմած առակ – հեքիաթը սա էր.Երեկո է. ընթրիքի սեղանի շուրջ նստած են երիտասարդ ընտանիքի անդամները` հայրը, մայրը և աղջնակը:  Դուռը թակում են:   Տանտիրուհին  դուռը  բացելով,տեսնում է շեմին կանգնած երեք ճերմակամորուս ծերունու: Նրանցից մեկը ասում է.
- Մեզանից մեկը Հարստությունն է, մյուսը` Հաջողությունը, երրորդը` Սերը:  Երեքիցս միայն մեկը կարող է մնալ Ձեր հարկի տակ: Դուք պետք է ընտրեք նրան, որին կուզեք միշտ ունենալ  Ձեր կողքին:
 Կինը վերադառնում է և պատմում անսպասելի հյուրերի ու նրանց տարօրինակ առաջարկի մասին: Տան տղամարդը անմիջապես ասում է.
- Պարզ չէ, որ Հաջողությունը պիտի գա: Գնա, և ներս հրավիրիր  նրան:
 Կինը հիասթափված, մեղմ հակաճառում է.
- Իսկ ինձ թվում էր, թե դու կընտրես Հարստությունը ու մենք վերջապես մարդավայել, մեր  ուզածի պես կապրենք` կյանքի բոլոր բարիքները վայելելով…
 Աղջնակը , որ մինչ այդ լուռ լսում էր ծնողներին, հանկարծ  վեր է թռչում տեղից և մորը ձեռքը  բռնելով, ասում.
- Չէ, չէ, թող Սերը գա ու  մեզ հետ մնա միշտ…
 Տեսնելով, որ մայրը ձեռքը ազատելով, ուզում է գնալ, փեշից է կախվում ու էնպիսի մի  համառությամբ ու թախանձանքով է խնդրում, որ ծնողները ստիպված համաձայնվում  են նրա հետ:  Մայրը գնում  ու դռան առաջ սպասող ծերուկներին հայտնում է իրենց որոշման մասին:  Եւ  անակնկալի է գալիս, տեսնելով, որ  շեմը հատելով, երեքն  էլ հերթով մտնում են տուն: Զարմացած կնոջ  ուրախությունը նկատելով, ծերունիներից մեկը պարզաբանում է.
- Եթե  Հաջողությունը, կամ Հարստությունը լիներ Ձեր ուզածը, ապա մեզանից մեկնումեկն էր ներս գալու, Սերն ընտրվելու դեպքում է միայն, որ երեքս միասին նույն հարկի տակ ենք մնում:  Այնտեղ, որտեղ կա Սեր, կա և Հաջողություն և Հարստություն … 
Տունը, ընտանիքը երկրի մոդելն է.- ասում են:
Երկրաշարժի  սարսափելի ողբերգությունն ապրած,  մութ ու ցուրտ կոչված տարիների  դժվարությունները հաղթահարած, թանկ կորուստների գնով  պատերազմում հաղթանակած երկիրը նաև Անկախություն էր հռչակել: Եւ  հայրենիքի վտանգված օրերին ու հաղթանակից հետո` նրանք, որ երբեք չէին լքել իրենց տունը, նրանք, որ  հանգամանքների բերումով հեռացել էին ծննդավայրից, նրանք, որ պատմության դաժան իրադարձությունների հետևանքով օտար եզերքներում էին ծնվել ու բնավորվել, նրանք, որ  թշնամի հարևանի հալածանքներից փրկվել ու հայրենիքում էին ապաստանել, միատեղվել  էին Ազատ, Անկախ Հայաստանում: Եկել էին: Գալիս էին ու գալու էին դեռ: Մի հարկի տակ էին հավաքվելու: Նրանք, որ արդեն այստեղ էին` միաբանվել էին ու երկիրը ամրապնդելու, երկրի ապագային միտված որոշումներ ու ծրագրեր էին ուզում իրականացնել: Ոգևորված ու Հավատավոր էին:  Եւ այդ ժամանակ  էր, երբ  մեր դուռը ծեծեցին: Մեզանից, ո՞վ էր, որ գնաց դուռը բացելու և տեսավ  երեք ճերմակահեր ծերունիներին …