ՆԱ, ՈՎ “ԽՓՆՎԱԾ Է”, ԻՆՉՊԵՍ ԲՈԼՈՐ ՆՈՐՄԱԼ ՄԱՐԴԻԿ

Մոտ 3 ժամ տևողությամբ ներկայացումը, ինչպես «Մալյան» թատրոնի ցանկացած գործ, ունի հանդիսականին ամբողջ էությամբ կլանելու, արվեստի հմայքի մեջ պահելու մոգականությունը: Այս թատրոնը երբեք կարիք չի ունեցել ճոխ, ծախսատար բեմահարդարանքի, տեխնիկական գերժամանակակից հնարանքների, քանի որ պիեսի և դերակատարների ընտրությունից սկսած, ամբողջ աշխատանքն ուղղվում է մակերեսից դեպի խորքերը, և այնտեղից պեղված գտածոները հիմնականում մարդասիրության տարաբնույթ, հաճախ տարաշխարհիկ տեսակներ են, սպեղանի՝ կյանքի մատուցած մեծ ու փոքր հարվածներից: «Սիրելի Պամելա»-ն, որ անցել է աշխարհի բազմաթիվ բեմերով, 20-րդ դարի ամերիկացի դրամատուրգ Ջոն Պատրիկի երկրորդ պիեսն է, որ բեմադրվում է Հայաստանում: Սրանից առաջ բեմադրվել է նրա «Տարօրինակ միսիս Սևիջը»՝ մեր երկու փայլուն դերասանուհիների՝ Վարդուհի Վարդերեսյանի և Գալյա Նովենցի գլխավոր դերակատարությամբ: «Սիրելի Պամելան» մերթ անվանել են «Ֆարս բարության մասին», մերթ՝ «Ծննդյան տոների բարի հեքիաթ», անգամ՝ «քրեական կատակերգություն»: Դժվար է առանց դիտած կամ գոնե գրախոսականները լավ ուսումնասիրած լինելու դատել, թե ռեժիսորներից ով ինչն է շեշտադրել այս պիեսը 

բեմադրելիս: Բայց մի բան ակներև է, որ բարին այստեղ ամեն քայլափոխի հաղթանակում է, հերթական կանգառին հասնելուց հետո անցնում է հաջորդ՝ դժվար, գրեթե անհնար թվացող հերթական քայլին: Թատրոնի գեղարվեստական ղեկավար և այս ներկայացման բեմադրող-ռեժիսոր Նարինե Մալյանը, չխախտելով հանդիսականին մատի մի չրխկոցով տխրությունից դեպի ծիծաղի,զավեշտի դաշտը տեղափոխելու մալյանական ավանդույթը, այս անգամ էլ կոմիկական և տրագիկ նժարները պահել է հավասարակշռության մեջ: Թատրոնի մարդը (այսպես է գործող անձի անունը) կարծես թե իր ձեռքում է պահում գործողությունների վահանակը, և նրա դերն էլ ամենայն հավանականությամբ դա է ներկայացման մեջ: Բայց երբեմն դերասանական խաղի ազդեցությունն այնքան է ուժգնանում, որ այս գործող անձը իր թղթապանակի հետ կորցնում է նաև ինքնատիրապետումը: Ջոն Պատրիկի պիեսում չկա այս կերպարը: Գ.Գորինը ինքն է այն ավելացրել Մ.Զախարովի բեմադրության համար: Այս հնարանքը երևի թե մի այսպիսի հեռահար նպատակ է հետապնդել՝ Թատրոնի մարդը կարող է կարգավորել իրադարձությունների ընթացքը կամ դիտավորյալ խառնաշփոթ առաջացնել և երբեմն էլ, ինչպես ավարտական դրվագներում (երբ արդեն գտնվել է պիեսի թղթապանակը), պարզապես կորցնել գլուխը: Պամելա-Քրիստինա Հովակիմյանի առաջին մուտքից արդեն երևում է, որ ինքն է այս խաղի հիմնական ծանրությունը տանելուիր ուսերին՝ ոչ միայն որպես գլխավոր դեմք, այլև որպես բեմական տրամադրության շարժիչ ուժ, որի հետ ներդաշնակության են ձգտելու մյուս գործող անձինք: Սա դերասանուհու առաջին մեծ դերն է թատրոնում, բայց նա իր ինքնատիպ խաղով չի զիջում մեր՝ հիշյալ լավագույն դերասանուհիներին: Նրա Պամելան ներկայացման մեջերկու անգամ էդիմում Աստծուն իր տարօրինակ աղոթքներով՝ առաջին անգամ, երբ իր կարծեցյալ բարեկամների որոգայթում էր և քիչ էր մնում, որ հեռանար կյանքից, իսկ երկրորդ անգամ,երբ ինքնակամ պետք է հրաժեշտ տար կյանքին: Նրա աղոթքները էլեկտրականացնում էին բեմն ու դահլիճը, և կարծում եմ՝ ավարտից հետո էլ դեռ շատերս այդ աղոթքների ազդեցության տակ էինք: Պամելան բարդ կերպար է: Թեև նրան հանդիպում ենք այն պահին, երբ նա վաղուց հայտնվել է կյանքի ետնախորշում, բայց երկխոսությունների ընթացքում որոշ տեղեկություններ ենք ստանում նրա նախկին կյանքի մասին՝ որ իրեն սիրող ամուսին է ունեցել, դուստր, աշխատանք: Արձագանքում է Բրեդի հումորին և շատ բարձր է գնահատում մարդկային այս հատկանիշը: Այսինքն՝ որոշ առումով ինտելեկտուալ է, ինչպես և մյուս կերպարները՝ բացի Գլորիայից: Ինչպես Գորկու «Հատակում»-ի, Սարոյանի «Քարանձավի բնակիչների», Աղասի Այվազյանի «Քարանձավի» հերոսները, սրանք նույնպես խորտակված կյանքերի պատմություններ ունեն, և բոլորն էլ յուրատեսակ արժանապատվությամբ են տանում իրենց ներկա կացությունը: Եվ դերակատարները, բացի այն, որ պետք է կատարեն իրենց երկակի դերը, դեռ պետք է նաև վերափոխվեն և այն էլ՝ մի քանի անգամ՝ ըստ հանգամանքների: Նույնիսկ ոստիկանության սերժանտ Ջոն Յանկին (դեր. Լևոն Ղազարյան)՝ Պամելայի լավագույն բարեկամը, չդիմացավ փողի գայթակղությանը: Միակ անփոփոխն ու անդրդվելին մնում է Պամելան: Նրա համար վերացել է բարու և չարի փորձությունը: Մեկընդմիշտ, բոլոր պարագաներում, նույնիսկ երբ իր ականջներով լսում է իր դեմ նյութված չարագործության մասին, նրա միակ արձագանքը բարությունն է: Կերպարներից մեկը՝ հարցնում է. «Այդ պառավը, ինչ է, խփնվա՞ծ է»: Բրեդ Վիների (դեր. Սամվել Թոփալյան) պատասխանը լինում է. «Դե, իհարկե, ինչպես բոլոր նորմալ մարդիկ»: Սոլ Ռոսոյի դերակատարը (Հայկ Սարգսյան) հիանալի է զարգացնում էքստրավագանտ սրիկայի իր դերը, որ նաև փիլիսոփա է, Շոպենհաուերից անգիր մեջբերումներ է անում: Նա կարողանում է ինքն իրեն և հանդիսականին համոզել, որ ավարտուն սրիկա չէ: Նույնիսկ Պամելային օգնում է աղբանոցներից պետքական իրեր հայթայթել, և անգամ նրան արած սիրո խոստովանությունն էլ կարծես թե անկեղծ է: Մինչև պիեսի ավարտը Պամելային հաջողվում է բոլորին համոզել, որ ինքը ամենևին էլ «խփնված» չէ, և որ կարելի է ամենաաղքատիկ, փլատակ կացարանում էլ երջանիկ կյանք ստեղծել ուրիշների համար: Գլորիան (դեր. Աստղիկ Աբաջյան) նույնպես կերպավորում է վերափոխության հրաշքը: «Ավազակախմբի»՝ օծանելիքի հետ կապված խաբեբայությունն ի վերջո բացահայտվելու էր, բայց Գլորիան՝ փողոցային այդ աղջիկը, Պամելային ոչ թե կեղծ, այլ իրեն պատկանող թանկարժեք օծանելիքն է նվիրում: Նա երևի կյանքում առաջին անգամ լվանում է պատուհանի կեղտոտ ապակիները, և աշխարհն ավելի գունագեղ է դառնում: Պիեսի 4-րդ պատկերում ներկա են գրեթե բոլոր գործող անձինք, բացի Ապահովագրական գրասենյակի բժշկից (դեր. Արա Սարգսյան), և կոմիզմն ու զավեշտը այստեղ է, որ հասնում են գագաթնակետին: Բոլորը ձախողվել են ոճիր կատարելու խնդրում, և բոլորը հաղթանակում են, քանի որ Պամելան ներել է բոլորին: Այստեղ է Ռոս-Հայկ Սարգսյանը արտասանում իր փայլուն ճառը՝ կարծեցյալ հանգուցյալ Պամելայի համար, իսկ Բրեդ-Սամվել Թոփալյանը՝ խաբեբաներից ամենահամոզվածը, թե՝ «մեծ բան չէ անօգուտ պառավի վերջը տալը», պարզվում է՝ ամենամեծահոգին էր: Ռեժիսորական իսկական գյուտ է Պամելայի և Բժշկի երկխոսության տեսարանը, երբ Թատրոնի մարդը ինքն է կարդում գրեթե ամբողջ երկխոսությունը: Համր կինո հիշեցնող այս հնարանքը, ավելի մեծ լարվածություն հաղորդելով դրվագին, ընդգծում է դերասանների դիմախաղի ու շարժումների գեղագիտությունը: Ներկայացումն ավարտվում է Թատրոնի մարդու հետևյալ ռեմարկով. «Բոլորը նստած են մտորումների մեջ»: Բեմում ու դահլիճում բոլորը ակամա ենթարկվում են այս բառերիհիպնոսին, քանի որ հաճելի է և արժե Նոր տարվա ու Սուրբ ծննդյան տոների նախաշեմին խորհել բարի հեքիաթի ու նրա հուզառատ հերոսների վարքի ու մտորումների շուրջ