Երևանի քաղաքային պանթեոնի հուշակոթողների գեղարվեստական առանձնահատկությունները

Վերջերս երիտասարդ արվեստաբան Անի Հայկազուն-Գրիգորյանի “Հուշագրելու Արվեստը Երևանում” գիրքը, որ հրատարակել է Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը, արժանացել է “ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ՛ Համահայկական մրցանակաբաշխության 2-րդ կարգի մրցանակին:  “Արվեստ” հանդեսը շնորհավորելով իր հեղինակին, ընթերցողին է ներկայացնում Ա. Հայկազունու նոր` “Երևանի պանթեոնի հուշակոթողների գեղարվեստական առանձնահատկությունները” վերտառությամբ ուսումնասիրությունը.

Մեր օրերում հուշը ֆիքսելու, այս կամ այն մարդու վաստակը, ազգի կամ պետության փառքը վառ պահելու տարբեր եղանակներ ու ձևեր կան: Դրանցից մեկը մեմորիալ կառույցներն են, մասնավորպես գերեզմանատներն ու պանթեոնները` պայմանավորված հուղարկավորության ծեսով և ավանդությամբ:
Գերեզմանոցը կամ գերեզմանատունը`թաղումների համար հատկացված և առանձնացված տարածություն է: Նախաքրիստոնեական շրջանի գերեզմանատները ընդունված կարգի համաձայն կոչվում են դամբարանադաշտեր: Ի տարբերություն գերեզմանատների նշանավոր անձանց թաղման համար հատկացված տեղը, երբեմն կոչվել է պանթեոն[1]:
Հայաստանում յուրաքանչյուր բնակավայր ունեցել և այսօր էլ ունի իր գերեզմանատունը[2]: Գերեզմանատները համարվել են պաշտամունքի վայրեր, որտեղ ավանդաբար կատարվել են թաղման ծեսեր: Թաղման և հուղարկավորության ծեսի մաս կարելի է համարել տապանաքարերի վրայի մակագրությունները: Տապանաքարերի վրա արվում են արձանագրություններ, որտեղ նշվում են հանգուցյալի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան և մահվան թվականները, երբեմն նաև կատարած գործերը, մասնագիտությունը, մահվան պատճառը և այլն: Որոշ շիրմաքարերի  ձևավորումներ ունեն գեղարվեստական, իսկ տապանագրերը` պատմական (արձանագրագիտական)  արժեք[3]:
Գերեզմանատներում ամփոփվում են հիմնականում հասարակության տարբեր խավերի մարդկանց աճյունները, իսկ պանթեոններում` կառավարության հատուկ որոշմամբ` ժողովրդի կամ պետությանը արժանահիշատակ ծառայություններ մատուցած կամ նկատելի ավանդ ունեցող մշակութային, գիտական, պետական, հասարակական, ռազմական և այլ ոլորտներում մեծ և նշանակալի գործունեություն ծավալած  անհատների մասունքները (ժողովրդական նկարիչներ, դերասաններ, կոմպոզիտորներ, գրողներ, գիտնականներ, քաղաքական և ռազմական գործիչներ և այլք):
Գերեզմանատուն-պանթեոններում տեղադրվում են տապանաքարեր, խաչքարեր, կիսանդրիներ և  տարաբնույթ այլ հուշակոթողներ` քանդակային, ճարտարապետական փոքր ձևերի հորինվածքներով, որոնք  հաճախ ունենում են հետաքրքիր և բարձրարժեք գեղարվեստական լուծումներ:
Գեղարվեստական ձևավորման տարրերով են առանձնանում կիսանդրիները, դիմաքանդակներ` գրաֆիկական նուրբ լուծումներով, դափնու տերևի, տարատեսակ սիմվոլների կիրառումով, որոնք իրականացվում են հեղինակային խմբերի` քանդակագործների, քարագործ վարպետների և ճարտարապետների  համատեղ աշխատանքի արդյունքում: Որպես օրինակ կարող ենք հիշատակել Կորյուն Ռուխիկյանի, Արտեմ Ալիխանյանի, Մինաս Ավետիսյանի, Ավետ Տերտերյանի և այլոց հուշաքարերը, որոնք առանձնանում են  գեղարվեստական լուծումներով:
Պանթեոնային արվեստը Հայաստանում հիմնականում դրսևորվում է Երևանում` Կոմիտասի անվան պանթեոնի, Երևանի քաղաքային գերեզմանատան, “Եռաբլուրի”, Երևանի քաղաքային գերեզմանատան` Հայրենական մեծ պատերազմում զոհվածների շիրմաքարերի օրինակներով:
Պանթեոնը (հուն. Pantheon, pan- ամբողջ, բոլոր, THEOS- Աստված, բոլոր աստվածների համար սրբատեղի[4])  դա հատուկ շինություն կամ գերեզմանատուն է, ուր ամփոփվում են նշանավոր անձանց աճյուններն ու աճյունասափորները: Սովորաբար պանթեոնների են վերածվել պաշտամունքային շինությունները` վանքեր, եկեղեցիներ, տաճարներ և այլն: Օրինակ Հայաստանում մ.թ.ա. IV-III դդ. Կոմմագենեի Երվանդունի արքայատան պանթեոնը եղել է Նեմրութ լեռան գագաթին:
Մինչև IV դարի կեսը Արշակունի արքայատան պանթեոն-հանգստարանը` Դարանաղյաց գավառի Անիում էր, այնուհետև` Աղցում[5]: Համանման պանթեոններ են ունեցել հայ իշխանական տոհմերը, հոգևորական խոշոր գործիչները: Այսօր էլ կարծես վերածնվում է տոհմական պանթեոնային մշակույթը (Հայ հոգևորականների պանթեոն սգո սրահը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Վիկտոր Համբարձումյանի ընտանեկան պանթեոնը Բյուրականում և այլն):
Հայ արվեստի և գրականության գործիչների պանթեոններ են ձևավորվել նաև հայկական գաղթավայրերում` Թբիլիսիում` Խոջիվանք, Ստամբուլում, Մոսկվայում, Եգիպտոսում և այլուր:
Երևանի քաղաքային պանթեոնը բաղկացած է երեք հիմնական տարածքային մասերից, որոնք իրարից անջատվում են անցուղիներով, բայց իրականում նույն տարածքի մեջ են: Երևանի քաղաքային պանթեոնը գտնվում է Կոմերտմիության լճին հարող (այժմ Էրեբունի վարչական շրջան) տարածքում (նախկին Թոխմախ գյոլ):
Երևանի քաղաքային պանթեոնում կան տապանաքարային, խաչքարային, զարդանախշային ձևավորումներ ունեցող հուշաքարերի, որոնք ավանդաբար ցանկապատված են, հաճախ նաև կանաչապատված: Տապանաքարերի, հուշասյուների, հուշասալերի վրայի արձանագրությունները հիմնականում սեպատաշ են, հաճախ նկարազարդված բուսական և խորհրդանշանային տարբեր պատկերներով: Քանդակները կամ քարից են տաշված կամ ձուլածո են համադրված տարբեր գույնի և հարդարանքի սալաքարերի հետ:
Իսկ հիմնական օգտագործվող նյութերն են` Փարաքարի և Սիսիանի բազալտները, Փամբակի գրանիտը, Ուրալի Տոկովսկայա հանքատեղի կարմրավուն գրանիտը, Սարդարապատի կարմիր տուֆը, սև և սպիտակ մարմարները, փայլեցված բազալտը, տարբեր մետաղական համադրություններ (երկաթ, այլումին, բրոնզ, լատուն) և այլն: Օգտագործվող քարատեսակները բնականաբար ամուր են, երկարադիմացկուն, հեշտ մշակվող և գեղարվեստական կերտվածքին հարմար:
Պանթեոններն ու գերեզմանատները ընդհանրապես և Երևանի քաղաքային պանթեոնը մասնավորապես ժամանակի ընթացքում վեր են ածվում արվեստի գործերի ինքնատիպ նմուշները ամփոփող տեղավայրերի: Այս իսկ պատճառով օրվա խնդիր է դառնում պանթեոնային հուշակոթողների պահպանությունը և ուսումնասիրությունը: Օր-օրի կարևորվում է դրանց (հուշակոթողների) դասակարգումն` ըստ տիպերի և հորինվածքային առանձնահատկությունների:
Երևանի քաղաքային պանթեոնի հուշակոթողների հպանցիկ ուսումնասիրություն անգամ հիմք է տալիս համոզվելու, որ դրանք արվեստի բարձրարժեք և ուսումնասիրության արժանի գործեր են` որպես հայ ընդհանուր մշակութային ժառանգության անբաժան մաս:

 

[1] ՀՍՀ, հատոր 3, Երևան 1977թ., էջ 29

[2] Նույն տեղում:

[3] Նույն տեղում:

[4] Ա.Թորամանյան, ճարտարապետական պատկերազարդ բառարան, Երևան, 2007թ., էջ 186

[5] ՀՍՀ, հատոր 9, Երևան, էջ 120