ԿԻՆՈՆ ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՊԵՍ ԲԱՆ Է, ՈՐԸ ԴԺՎԱՐ Է ԹՈՂՆԵԼ

Ի՞նչ ներազդեցություն է ունենում կինոարվեստն աշխարհի անցուդարձի եւ իրադարձությունների, նաեւ մարդկանց մտածելակերպի վրա… Ինչու՞ են արվեստի գործերը ենթարկվել ու ենթարկվում գրաքննության, երբ է արվեստագետը լքում իր ընտրած ասպարեզը այս ու այլ հարցերի շուրջ իր մտորումներն է կիսում հայ հանդիսատեսի հետ «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի աշխատանքներին մասնակից արդի կինոյի մեծահամբավ վարպետներից մեկը, հունգարացի կինոռեժիսոր ԲԵԼԱ ՏԱՐԸ. Արդեն երեք ու կես տասնամյակ է, ինչ ես կինոաշխարհում եմ։ Երբ ես ֆիլմ եմ նկարահանում, այն տեսնում եմ ամբողջությամբ։ Յուրաքանչյուր ֆիլմ նկարելիս ես փնտրում եմ իմ աշխարհընկալումը ներկայացնող նոր ոճ։ Մի ֆիլմից ակամա բխում է մյուսը։ Թեպետ պետք է հիշել, որ ֆիլմը սոսկ ռեժիսորինը չէ։ Ռեժիսորը ստեղծագործական հիմնական խմբի կարեւոր անդամն է։ Ես, օրինակ վերջին տասնամյակում աշխատում եմ նույն սցենարիստի ու նույն կոմպոզիտորի հետ, որոնց տեսակետն ու իմը, գրեթե միշտ նույնն են այս կամ այն երեւույթի հանդեպ։ Այդ համընկումը պարտադիր է, չնայած մենք երբեք չենք խոսում արվեստի մասին։ Մենք ուղղակի հետեւում ենք կյանքի ընթացքին, հետեւում ենք մարդկանց, որոնք հայտնվում են ամենատարբեր իրավիճակներում։ Այսինքն, փորձում ենք կինոխցիկով հնարավորինս ֆիքսել նրանց, իսկ գուցե՞ հենց մեր կյանքը։ Այս ճանապարհով ես երկար եմ քայլել ու հիմա ուզում եմ կանգ առնել ոչ թե հանգստանալու, այլ ավարտելու համար այն։ Սա նոր որոշում չէ, այն ես կայացրել եմ չորս տարի առաջ։ Պիտի ավարտեի իմ` «Թուրինյան ձիեր» ֆիլմը, որի նկարահանումն ինձ համար պարտականություն էր՝ պարտադիր իրականացվելիք։ Ես այն իրականացրի ու վերջ։ Կրկնվելու իմաստ չկա։ Ինձ ինչ-որ մեկը ասաց, թե իմ ֆիլմը կարծես թե Ապոկալիպսիս լինի։ Չհամաձայնեցի, որովհետեւ Ապոկալիպսիսը խոշոր իրադարձություն է։ Իսկ ես ուզում էի մանրուքներ ցույց տալով, պատմել կյանքի մասին, ցույց տալ հանդիսատեսին այն, ինչը լինում է բոլորի հետ։ Իմ վերջին ֆիլմի հերոսները փորձում դիմակայել կյանքի փորձություններին, ու գոյատեւել են փորձում։ Բայց կյանքը ավելի ու ավելի է բարդանում եւ մարդը այս «մենամարտում» անզոր է դառնում։ Թեպետ մարդկային կյանքը միշտ է այդպես է եղել։ Անշուշտ, լուսավոր, երջանիկ պահեր էլ են լինում։ Պահեր, որոնք գուցե սփոփիչ, բայց կարճ տեւողությամբ, ինչպես կյանքը։ Սա է, որ պիտի գիտակցենք։ «Աստված մահացել է»,- ասում էր Նիցշեն ու ես կարծես թե համաձայն եմ նրա հետ։ Բայց ահա նրա «գերմարդու» գաղափարի հետ համաձայն չեմ։ Ինքն էլ կյանքի վերջում հասկացավ, որ սխալվել է։ Մի անգամ նա քայլում են թուրինյան փողոցներով, տեսավ այն ձինուն, որին մտրակում էին։ Ճիշտ այդ պահին էլ հասկացավ, որ գերմարդը այո, ահռելի ուժ ունի, բայց բնության մեջ ապրող այլ մի արարած՝ ձին անօգնական է։ Ամեն ինչ վերջացավ։ Աստված վեց օրվա ընթացքում արարեց աշխարհը։ Առաջին օրվա ընթացքում նա բաժանեց իրարից խավարն ու լույսը։ Մեր ֆիլմում մենք ուղղակի ցույց ենք տալիս այդ լույսը։ Այս առաջին ու մնացած օրերի, նաեւ վերջին օրվա մասին է մեր վերջին ֆիլմը։ Իմ ստեղծագործություններում առաջնային տեղում մարդիկ են ու պատկերն է կարեւորը։ Ես երբեք չեմ սեւեռվում թեմայի վրա։ Թեկուզ այն պատճառով, որ այն միշտ կրկնվում է։ Նոր պատմություններ չեն ծնվում, գոյություն չունեն պարզապես։ Գոյություն ունեն նոր մարդիկ։ Այդ պատճառով էլ մեզ ավելի շատ հետաքրքրում է այն, թե ինչպես են մարդիկ իրենց դրսեւորում հին ու նույն պատմությունում։ Բարեբախտաբար, բոլոր ֆիլմարտադրողները տարբեր են, քանի որ բոլորն ունեն իրենց պատմությունը, իրենց մշակույթը ու իրենց հերոսները։ Երբ մի բան ես անում, պետք է այնպես անես, ինչպես միայն դու ես տեսնում, միայն դու ես զգում։ Օրինակ եթե Օձուի կամ Էյզենշտեյնի ֆիլմերից մի կադր վերցնես, այդ ռեժիսորների լեզուն իմացող մարդիկ միանգամից կճանաչեն նրանց, նույնիսկ եթե տվյալ ֆիլմը չեն դիտել։ Ու երբ ես տեսնում են , որ այսօր կան միմյանցից տարբերվող ռեժիսորներ, հասկանում եմ, որ կինոն ապագա ունի։ Միայն թե կինոն երբեք բիզնեսի մաս պիտի չդառնա։ Ես թողնում եմ կինոն, այո, բայց ինչով եմ զբաղվելու դեռ չգիտեմ։ Գիտեմ միայն, որ կինոն թմրանյութի պես մի բան է, որն այդքան հեշտ չէ թողնել։