ՄԵՆՔ ՊՒՏԻ ՀՐԱԺԱՐՎԵՆՔ ՄՈՒՐԱՑԿԱՆԻ ԿԵՑՎԱԾՔԻՑ

    «Արվեստի» ընթերցողին ենք ներկայացնում Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ` Սարգիս Շահինյանի հետ մեր հեռախոսազրույցը, որը կայացել է 2014-ին,  Ապրիլի 24-ից առաջ. Մարդ, որը տարիներ առաջ կենսագրությունը փոխելու համարձակ որոշում կայացրեց: Թողեց դասախոսական գործը: Նաև մասնագիտական ասպարեզում նկատելի      հաջողություններ գրանցած` շինարարական արվեստի, մասնավորապես հայկական միջնադարյան ճարտարապետության հիմքով տարվող գիտահետազոտական աշխատանքները թողեց:  Թողեց` նորանկախ հայրենիքի ու հայության առաջ ծառացած հին ու նոր խնդիրների լուծման գործընթացին մասնակցություն բերելու համար: Եւ պետք է շեշտել, որ նրա ու նրա` համախոհ  ընկերների հայրենանվեր գործունեության արդյունքները բարձր գնահատանքի արժանանալով, տեսանելի դարձան թե’ դրսում թե’ հայրենիքում ապրող հայությանը:

- Պարոն Շահինյան, Քեսաբից հայերին տեղահան անելն, Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ արված “տողատակային” իմաստ կրող մեսի՞ջ էր` հայերիս ուղղված, թե` մեծ տիրությունների քաղաքական շահերից բխող նախաձեռնություն:
- Քեսաբի խնդիրը քաղաքական, ռազմավարական լուրջ խնդիր է, որը մի շարք անհայտ գործոնների պատճառով, դժվար է մեկնաբանել: Մակերեսային պարզաբանումներից հեռու մնալով, ասեմ միայն, որ ակնհայտ է` Թուրքիայի այդ արարքը տգետ վրիպում էր: Քեսաբը զարնելը, ամբողջ սփյուռքահայությանը զառնել էր նշանակում: Եթե մինչ հիմա այս ու այն պատճառով, պահանջված մակարդակով հայությունը չի կարողացել միասնական գործել, հիմա արդեն պետք է համախմբվի: Պետք է համախմբվի ու հասկանա, վերջապես, թե ո՞րն է առաջնային պրոբլեմը և հետևողականորեն իր առջև ծառացած խնդիրները լուծի:
- Ձեր կարծիքով, ներկա փուլում, հայության պրոբլեմների մեծ թնջուկից, ո՞րը պետք է առանձնացվի ու առաջնային համարվի:
- Մեր վերապրումի խնդիրն է դրված. Եւ Կանադայից մինչև Ավստրալիա, մինչև Աստրախան և Արգենտինա ապրող յուրաքանչյուր հայ սա է, որ պետք է գիտակցի: Սա է մեր Ազգային հիմնախնդիրը: Հակահայկական իր քայլով Թուրքիան բացեց իր քարտերը: Մինչև հիմա չափել, կտրել-կարել էր, և հայ-թուրքական հարաբերություններ կարգավորելու արձանագրություններն էր մեջտեղ բերել: Կոկորդիլոսի վարք ցուցաբերելով, տեղը եկած պահին խոսելով, փորձել է հավատացնել, թե հայերի տեղահանությունն է եղել իրենց սխալը ու թե` հայերը չափազանցնում են, ցեղասպանության “վարկածը” առաջ բերելով: Եթե միայն տեղահանությամբ ես սխալվել հարյուր տարի առաջ, հիմա էդ ինչու՞ ես նույն կերպ Քեսաբի հայությանը տեղահան անում և նույն ձեռագրով կողոպտում նրա ունեցվածքը:
- Չնայած եվրոպական երկրները և նույնիսկ հեղինակավոր այն կառույցը, որ կոչվում է Եվրոխորհուրդ, դատապարտելով “Քեսաբի դեպքերը”, Թուրքիայի անունը չտվեցին:
- Թուրքիայի անունը տալ կամ չտալը, մեզ առանձնապես պիտի չզարմացներ: Զգոն պիտի լինենք: Քեսաբով հայկական խնդիրը չի վերջանում, այլ նոր փուլ է մտնում: Եւ Թուրքիան հարյուր տարի առաջվա գործելակերպը կիրառելով, հայությանը նվեր արեց: Հիմա մենք պետք է խելքներս գլուխներս հավաքենք և նրանց` հատկապես, ովքեր հավատ ընծայեցին արձանագրություններ կոչվածին, հստակ եզրերի մեջ առնենք և հասկացնենք, թե մեր դրացին իրականում ինչ է երազում սահմաններ բացող իր ծրագիրն առաջարկելով: Հիմա թե’ Ադրբեջանի հետ հակամարտությունը, թե’ Թուրքիայի հարձակողական գործողությունն, ինքնին փաստում է, որ կարելի չէ թուրքին հավատալ որևէ հարթության վրա: Արձանագրությունների չարաբաստիկ գոյությունն, արդեն իսկ մեր միամտության մասին է վկայում: Այդ մասին չեմ ուզում խոսել, քանի որ մեր կազմակերպությունը դրան վերլուծական աշխատանքներով գրավոր և բանավոր խոսքով է արձագանքել: Եղավ այն, ինչ պիտի լիներ: Հայաստանի կառավարությունը այդ դասերը ստանալու առիթը պիտի չտար: Թակարդ էր, որը կարծում եմ, հասկացավ: Հիմա` հայ ժողովուրդը, գոնե Հայաստանում ապրողները, այն տեսակետին են, թե չեն կարող ունենալ մեկ այլ կառավարություն: Այս է տրվել: Բայց կան փաստեր, որոնք պայմանավորված են ոչ միայն կառավարական միավորների կարողությամբ: Պետք է տեսնել, թե օրինակ ընդդիմությունը ի՞նչ ներուժ ունի: Եւ հարցը ոչ թե հնչեցվող խոսքով, այլ արված գործով պետք է դիտարկվի: Այսինքն, հայտնվել ենք մի ժամանակում, երբ վճռական քայլ անելու և որոշակի հարցեր լուծելու պահանջ է դրված: Եւ դիմակայելով քայլ անելու, կանգուն մնալու համար ուժի պետք ունենք:
- Ուժ ասվածը, երկրում ապրող մարդիկ են: Արտագաղթը երկիրը դատարկում է: Սահմաններից ներս կանգուն մնացող քանի՞ մարդ է մնացել, որ հենարան դառնալու, նաև մեծ քայլ անելու ուժ ցուցաբերելու կարողություն ունի:
- Ուրեմն, դրսի բարեկամի ուժին պիտի ապավինենք…
- Ո՞ր երաշխիքների հիմքով. Պատմության տարբեր հանգրվաններում, նաև հարյուր տարի առաջ, նաև ոչ վաղ անցյալում փոփոխական տրամադրություններով առաջնորդվող մեր հիմնական բարեկամ երկրի /նաև եվրոպական երկրների/ համար հայը “դիվանագիտական շախմատային խաղի մեջ կատարում է զինվորի դեր, որին երբեմն առաջ են մղում կամ զոհաբերում”: Լեփսիուսն է գրել, գրեթե մեկ դար առաջ, ավելի ստույգ` Մեծ կոտորածի հաջորդած օրերին…
- Բոլոր դարերում էլ ապուշ ստրուկի և խելամիտ ստրուկի դիալեկտիկայի խնդիրը եղել է: Մենք այս տեսակ վասալային հասկացողությանը ենթարկվել ենք մեր ծննդյան հաջորդ օրվանից: Բայց հիմա անկախ Հայաստան ունենք, չէ՞, Արցախ ունենք և ազատագրված շրջանները կան: Նաև սփյուռքը կա: Մի մարմին պիտի դառնանք թե’ մտավորական թե’ ռազմավարական տեսակետեն: Սփյուռքը ունեցավ իր մեղքը, երկրում մտավորականության մաս, քաղաքական նոր սուբյեկտ չդառնալով: Այսինքն, Նոր Հայաստանի գաղափարով չհամակվեցին: Շատերը չըմբռնեցին, որ հայրենիքը միայն Արևմտյան Հայաստանը չէ: Սա է այն երկիրը, որն ունենք: Դժբախտաբար, Հայաստանում էլ Սփյուռքի մարդոց ընդառաջելու կամ թե հրավիրելու և պատշաճ ընդունելու նախաձեռնություն հանդես չբերվեց: Երկվություն, ինչպես որ կար, “մենք” և “իրենք” բաժանարարը դարձյալ մնաց: Չհասկացանք նորից, որ այն օրը, երբ մեր ինքնությունը, մի ազգի պատկանելիությունը իմաստային խորքով գիտակցենք, այդ պահից սկսյալ մեր խնդիրները պիտի փոխվեն: Քսանհինգ տարի է անցել, բայց մեզ ամրացնող հիմնական կապն այդպես էլ չստեղծվեց: Ուզենք, թե` չուզենք, պիտի խոստովանենք, որ էկլեկտիկ ազգ ենք: Չենք կարող համեմատել ֆրանսահային` Ռուսաստանի հայի հետ կամ ավստրալահային` արգենտինահայի հետ: Տարբեր են: Յուրաքանչյուրը, սակայն ունակ է հասկանալու և տեսնելու իր տեղն ու սեփական ինքնության դերը այն Մեծ խճանկարում, որ կոչվում է Ազգ:
- Պարոն Շահինյան, իսկ վստա՞հ եք, որ հիմա մենք, այսինքն դուրս ու ներսում ապրող հայերս, ավելի խելացի ու ավելի հեռահայաց ենք, քան հարյուր տարի առաջ Արևելյան և Արևմտյան կեսերում ապրող հայերը: Հարյուրամյակ ենք ասում. Ի՞նչ ենք արել, ի՞նչ ենք անելու:
- Ի՞նչ է արվում, հստակ չգիտեմ: Գիտեմ, թե Հայաստանում կամ Ֆրանսիայում ինչ միջոցառումներ են կազմակերպվելու, բայց այդ ամենն, իմ կարծիքով հիմնարար գործողություններից զուրկ քայլեր են: Պետք են լուրջ առաջարկներ: Եւ ժողովուրդը սեփական դիրքորոշումը ի ցույց դնելու իր իրավունքը պետք է մեջտեղ բերի`միջոցառումների շարքը մերժելով, գործնական առաջարկով հանդես գա: Մեր ժողովուրդը, որքան էլ աղքատ, որքան էլ խնդիրների տակ ճնշված, պետք է հիշի, որ ներսում անվտանգության, դրսում ուծացման խնդիրներ ունի: Եւ այս պահին տեսնել է անհրաժեշտ ոչ միայն Կորուստը, այլ մշակելով նոր հայեցակարգ, նոր հեռանկարներ փնտրելով, նոր հնարավորություններ ստեղծելով, գտնել է պետք երկիրն անվտանգ, ազգային ինքնությունը անվնաս պահելու, այսինքն մեր Հարատևումը արժանապատվորեն ապահովելու ճշմարիտ ուղին: Էս դժվարությունները, որ հիմա ունենք պատմության տարբեր հանգրվաններում էլ ունեցել ենք: Եւ դրանք հաղթահարելու տաղանդն ենք ունեցել: Հիմա էլ կարող ենք, եթե երկրի ղեկավարները հմտորեն, ի նպաստ ազգային շահերի գործեն` նախ կարող ուժերը արժևորելով: Մենք կանք: Եւ ոչ միայն անցյալից ժառանգություն ստացած, այլև ներկայում ստեղծվող արժեքներ ունենք: Անպայման չէ շատ: Գուցե անտառներ չունենք, բայց ծառեր կան` հսկա և ծաղիկներ կան սիրուն` որակի տեսակետեն: Առաջին գիծ պետք է բերվի մեր այս ունեցածը: “Այս ենք, այնպիսին ենք, ինչպիսին, որ կանք”.- ասելու համար: Որովհետև մեր իրականությունը Ցեղասպանության հարյուրամյա տարելիցով չի սկսվելու: Կա նաև` “tоday after”: Ինչպես որ անցյալ դարասկզբին, 24 ապրիլին հաջորդեց 25-ը, 1915-թվականի, այդպես էլ գալ տարվա 24-ին հաջորդելու է ապրիլի 25-ը:
- Եվ մենք մինչև հաջորդ օրվա գալը շունչներս պահած, պիտի սպասենք, իմանալու համար, թե` արդյո՞ք Ամերիկայի ներկա նախագահը կհնչեցնի այն եզրը, որի արտաբերումից ճարպկորեն խուսափել են Սպիտակ տան նախորդ տերերը: Երևի նմանօրինակ մի իրավիճակ ապրելով է մեր ժողովուրդը` “Ի՞նչ ենք կորցրել, ինչի հետևից ընկել” ասացվածքը շրջանառության մեջ դրել: Չնայած, ամերիկացներն էլ մի արտահայտություն ունեն, որը մեզանից շատերին դուր է գալիս: Ասում են. “who cares”…. Այնպես, որ “today after”-ից առաջ, մեզանից շատերն, արդեն իսկ մոտովորապես այս բառակապակցությամբ են արտահայտում իրենց վերաբերմունքը Միացյալ Նահանգների նախագահի` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի առթիվ ասվելիք խոսքին:
- Ճիշտ այդ է, որ պիտի խնդիր չդարձնենք: Այսինքն, մենք որևէ մեկի ճանաչումի պետքը չունենք: Մենք կարող ենք աշխարհի հզոր պետությունների ղեկավարների բերնից դուրս եկած խոսքին բաղձանքով չսպասել`այլևս: Մենք մուրացկանի այդ կեցվածքից պիտի հրաժարվենք այլևս: Ասում ենք` կանք: Կա՞րող ենք ասել: Այստեղից սկսենք: Մենք լուսավոր հայացքով այդ ասելու իրավունքն ունենք: Եւ բոլորիս համար սա է գալ տարվա հարյուրամյակի ենթատեքստը:

Օգտագործվել են 168.am և azg.am -ի լուսանկարները