ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՆԹԱԴՐԵԼԻ ԱՇԽԱՐՀ

"Արվեստը" մի քանի ամիս իր ընթերցողի հետ "հանդիպելու" հնարավորություն չուներ: Կայքը խաթարվել էր: Այդպես լինում է: Պատերազմները վիրտուալ աշխարհում նույնպես դաժան են` հիմնավոր ավերածություններ են գործում: Խակերային հարձակման պատճառով կայքը լիովին վնասվել էր ու այդ պատճառով է, որ վերականգնման ընթացքը բավական երկար տեւեց… Հասկանալի է. որ ժամանակի այս հատվածում մշակութային կյանքում կատարվող մի շարք նշանակալից իրադարձությունների չկարողացանք անդրադառնալ, լուսաբանել: Թեպետ մեր հեղինակները շարունակում էին նախ մեզ  առաջարկել  գեղարվեստի ասպարեզում կատարվող մեծ ու փոքր իրադարձությունները մեկնաբանող, երկրի մշակութային քաղաքականության խնդիրները  քննող հեղինակային իրենց նյութերը: Նույն այս ժամանակ մեր  ընթերցողներն էլ անհաղորդ չմնալով, ուզում էին իմանալ, թե ե՟րբ է հանդեսը վերսկսելու իր գործունեությունը: Շնորհակալության արժանի վերաբերմունք, որը որքան հուսադրող, նույնքան եւ պարտավորեցնող էր…     Սակայն այս զուգահեռներում կարևորվեց մեր հովանավորների՝ Վերժին և Էդուարդ Մսրլյանների գործի շարունակականությունը պահելու որոշումը: Մարդիկ, որոնց շնորհիվ հանդեսը գործում է տարիներ շարունակ: Անհատներ, որոնք  ոչ միայն անհաղորդ չեն երկրում կատարվող մշակութային անցուդարձին, այլեւ գործուն մասնակցություն են բերում թե անցյալում, թե ներկա ժամանակներում ստեղծվող հոգեւոր արժեքների պահպանման ու տարածման համար: Ուրեմն,  նրանց` հայրենիքի մշակութային արժեքները պահպանելու գործին իրենց նկատելի ներդրումը բերող, անհատների շնորհիվ է, որ "Արվեստը" կրկին  ներկայանում է ընթերցողին: Ներկայանում է նոր ձեւավորումով,  հանդեսում գործելուէ պատկերասրահ, որի այցելուները կծանոթանան  թե մեր թանգարանների, թե դասական, թե դուրս եւ ներսում ստեղծագործող արդի արվեստագետների գործերին: Բովանդակային իմաստով, սակայն այն գրեթե փոփոխության չի ենթարկվել, քանի որ մշակութային իրականության կարեւորագույն հարցերը, ցավոք, շարունակում են մնալ  ակտուալ ու մշակութային հանդեսի խնդիրը նույնպես մնում է նույնը.  

Մշակույթ-հասարակություն, արվեստագետ-արվեստաբան` խզված եւ բարդ հարաբերություններ: Անցյալի ավանդույթները վերականգնելու ձգտում: Նոր հոսանքներ: Արվեստի գործը որպես ապրանք առաջարկելու` ոմանց կարծիքով անհրաժեշտ ու պարտադիր, ոմանց համոզմամբ անընդունելի եւ մերժելի պայման:

Այսօր կյանքի իրականությունը գեղարվեստի պայմանական իրականության վերածողը հայտնվել է շրջադարձային կոչված մի փուլում: Եւ նրա ստեղծածը պատմական իրադարձություններով խտացված կարեւոր մի հատվածի արտացոլանքը դառնալու միտում ունի: Երկրում կատարված անսպասելի եւ արմատական փոփոխությունների հետեւանքով անկախացած բայց եւ արատավորված մեր կյանքը գեղարվեստում ինչպիսի՞ անդրադարձով է արտահայտվում: Իրականության շերտավորված ֆոնը արվեստագետի երեւակայությունը կաշկանդում, թե՞ փակ հորիզոններ է բացում: Այսօրվա առաջարկվածը հոգեւոր արժեք է, թե՞ սպառման առարկա: "Էստի համեցեք" անող խայտաբղետ ազդագրերը շաբաթվա, անգամ օրվա համար խիտ` ցուցահանդեսների, երաժշտական, կինոյի փառատոնների, հայրենական ու արտասահմանյան ֆիլմերի առաջնադիտումների, հյուրախաղային համերգների, թատերական ներկայացումների հարուստ ծրագիր են ծանուցում: Սակայն օրվա համար տրամադրություն ստեղծող այդ միջոցառումները հիմնականում, ինչպես Սոմերսեթ Մոեմն է գրել, նման են առանց նկարի շրջանակների: Այսինքն, խնդիրը ոչ թե քանակի, հավելյալ չափաբաժնի, այլ "ինչպիսին" լինելու, "ոգու արտահայտության" որակական ձեւի ու բովանդակային իմաստի մեջ է: Բայց արի ու տես, որ "ինչպիսի՞ն" հարցին պատասխանելու համար նախ անհրաժեշտ է "ի՞նչ է ստեղծվում" հարցը առկախ չթողնել: Իսկ ո՞վ պետք է այս հարցերի պատասխանը կամ գնահատականը: Երբեմն այնպես է թվում, որ "գեղարվեստը կարծես հասարակական կշեռք լինի` փողոցում դրված, որին կարող է բարձրանալ ամեն անցորդ իր ծանրությունը կշռելու համար": Ճշմարտությունը նաեւ այն է, որ ասպարեզը թափուր չէ, պարզապես գիտակ-մասնագետներից շատերը, մի կողմ քաշվելով, նախընտրում են անցյալի արժեքների ուսումնասիրությամբ զբաղվել: Ինչ խոսք, հարաշարժ ժամանակը գեղագիտական գաղափարների շարքը համակարգող արվեստի արտահայտությունները վերարժեքավորվելու պայման է դնում: ժամանակի հետ փոխվում են թե գնահատման չափանիշները, թե չափանիշ սահմանողների հայացքը: Ուրեմն, ապագա մասնագետի, համեմատության եզրերն ի մի բերողի համար մեկնակետը ո՞րն է լինելու, եթե արդի մշակութային գործերին գնահատական չտրվի: Լռությունը այս պարագայում բնավ էլ օրհնված չէ, եւ մամուլին  է տրված տեսանելի դարձնել այն տարածությունը, որի ֆիզիկական միջավայրում այդուհանդերձ շարժում կա` լավ, թե վատ, դրական, թե բացասական, սա արդեն քննության ենթակա խնդիր է:

"Արվեստը"  իր էջերը դիկաստերիոնում "դատի հրապարակ" դարձնելու մտադրություն չունի, բնավ: Հանդեսի նպատակը երկրում եւ նրա սահմաններից դուրս ապրող մշակութային գործիչների մասնագիտական կարծիքները խոսքային ոլորտ բերելն է: "Խոսիր, որ քեզ տեսնեմ",- խորհուրդ է տալիս հույն փիլիսոփան: Այս պարագայում խոսքը նաեւ կարծիքների բախում է ենթադրում, որի արդյունքում հնարավոր է ներկա ընթացքը կարգավորող, մշակութային քաղաքականության ուղին նախանշող դրույթներ վերհանել:
 "Արվեստի"  նպատակը ժամանակների մեջ շարունակում  է մնալ անփոփոխ…