ՆԱՍՏԱՍՅԱ ԿԻՆՍԿԻ. ԵՐԵՒԱՆՅԱՆ ԿԻՆՈ ՓԱՌԱՏՈՆԸ ՔՆՔՈւՇ ԵՐԱԶ Է

“Բարի լույս, բարի լույս, բարի լույս հայերին”. ֆեյսբուգյան իր էջում գրել էր Օռնելլա Մուտին մինչև Երևան ժամանելը: Հետո, երբ արդեն Երևանում էր, ասաց. “Ես մինչև գալս գիտեի, որ Հայաստանը ոչ միայն գեղեցիկ, այլև հոգևոր երկիր է”:  Օռնելլան այս տարվա “Ոսկե ծիրանի” պատվավոր հյուրն է: Մեզանում  արդեն օրինաչափ է համարվում, համաշխարհային կինոյի հռչակավոր ներկայացուցիչներին հուլիսյան շոգ, (բայց ոչ այս տարվա չափ կիզիչ), օրերին Երևանում տեսնելը: Նրանց փառատոնային շաբաթվա ընթացքւմ հանդիպելը` մամուլի ասուլիսների, վարպետության դասերի ժամանակ  նրանց հետ երկխոսություն ունենալը, նրանց մասնակցությամբ, նրանց նկարահանած ֆիլմերը դիտելու ընթացքում անմիջական շփումները մայրաքաղաքի մթնոլորտը տոնական է դարձնում: Վերջին տասներկու տարիներին փառատոնի հյուրընկալած մեծահամբավ արվեստագետների անուն-ազգանունները հիմա չհիշատակենք: Ցանկը մեծ է: Եւ հետո` իրադարձային նման երևույթները չեն մոռացվում: Երկրի` ամենանշանակալից  ամենահեղինակավոր փառատոնի համարում ունեցող “Ոսկե ծիրանը”, այս տարի էլ է Հայաստանում ապրող, օտար երկրներից եկած հայերին, նաև օտարազգի հյուրերին մեկ շաբաթյա տոնական օրեր պարգևելու: Բազմաբովանդակ ծրագրեր իրականացնելով, բարձրարվեստ կինոնկարներ ցուցադրելով, կինոաշխարհի արդի գործիչների հետ հանդիպելու հնարավորություն ընձեռելով…

 Կինոփառատոնը բացվեց ֆրանսահայ անվանի ռեժիսոր` Ռ. Գեդիկյանի “Խեղճ պատմություն” կինոնկարով:  Ֆիլմն այս, ի դեպ  ներառված էր Կաննի փառատոնի հատուկ ցուցադրությունների շարքում:  Փակման համար Համո Բեկնազարյանի “Նամուս” նկարն է ընտրվել, ֆիլմի` 90 տարի առաջ նկարահանվելու փաստը հիմք ընդունելով:

 «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերն են` համաշխարհային կինոյի աստղեր Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին:  Իտալուհի Օռնելլա Մուտին կինոարվեստում ճանաչման է արժանացել Գերմանական նոր կինոյի հիմնադիրներից մեկի` Ֆոլքեր Շլյոնդորֆի «Սվանի սերը» ֆիլմում (1982), նկարահանվելով: Ինչպես նաև իտալացի նշանավոր ռեժիսորներ Մարկո Ֆերրերի և Դինո Րիզիի կինոերկերում կերտած հրաշալի կերպարներով: Մեր  հանդիսատեսին Մուտին առավելապես ծանոթ է «Կամակոր տղամարդու սանձահարումը» կատակերգական ֆիլմում “սանձահարող կնոջ” դերակատարումով, որտեղ նրա խաղընկերն է Ադրիանո Չելենտանոն:

«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում տեղի կունենա Օռնելլա Մուտիի «Սվանի սերը» կինոնկարի Երևանյան պրեմիերան:

 

Փառատոնի աշխատանքները սկսելուց մեկ օր առաջ Երևան ժամանեց Նաստասյա Կինսկիին` մեծատաղանդ դերասան Կլաուս Կինսկիի դուստրը:  Տաղանդավոր հոր` տաղանդավոր աղջիկը,- ասողները, սակայն անմիջապես են շեշտում, թե հոր պատճառով, ինչպիսի դժվարին մանկություն է ունեցել ապագա կինոաստղը է, թե ինչպես է Նաստասյան, նույն այդ հոր` ընտանիքը լքելու  հետևանքով, թշվառության մեջ հայտնվելով, կյանքի դառը համը վաղ մանկության շրջանում զգացել:  Համաշխարհային ճանաչում դերասանուհին  ձեռք է բերել նախ`Ալբերտո Լատուադայի  «Եղիր, ինչպես կաս» կինոնկարում, ապա Ռոման Պոլանսկու «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր «Թես» ֆիլմում նկարահանվելով (1979): Ն. Կինսկիի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից է նաև Վիմ Վենդերսի Կաննի փառատոնի մրցանակիր` «Փարիզ, Թեքսաս»-ը:  

«Ոսկե ծիրան»-ը այս տարվա հետահայաց ցուցադրությունների բաժնում ներկայացնելու է Նաստասյա Կինսկիի մասնակցությամբ` «Թեսս», (ռեժ.Ռոման Պոլանսկի) «Փարիզ, Թեքսաս», (ռեժ.Վիմ Վենդերս), «Մարիայի սիրեցյալները», (ռեժ.Անդրեյ Կոնչալովսկի) ֆիլմերը:

 

Այս օրերին Երևանում հյուընկալվում է  նաև ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Պատրիկ Շենեն: Փառատոնի շրջանակներում տեղի կունենա նրա մասնակցությամբ Ստեֆան Բրիզեի «Ես սիրվելու համար չեմ այստեղ» ֆիլմի պրեմիերան:

Մրցութային և Արտամրցութային ծրագրերի շրջանակներում ընդգրկված նկարներից բացի  “Երևանյան պրեմիերաններ”, խորագրի տակ կներկայացվեն    արդի կինոարվեստի լավագույն արտահայտություններ համարվող Ջաֆար Փանահիի “Տաքսի” (Իրան),, շվեդ ռեժիսոր Ռոյ Անդերսոնի “Աղավնին նստել էր ճյուղին`մտորում էր կյանքի մասին”, Ռոբ Նիլսոնի “Կամուրջ դեպի սահման”  (ԱՄՆ) ֆիլմերը:

 Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ թեմատիկ ֆիլմերի ցուցադրությամբ են առանձնանում փառատոնի  նոր` “Մենք կանք” և “Այլևս երբեք” ծրագրերը:

Իսկ “Հարգանքի տուրք” խորագրի ներքո  նախատեսվում են Հենրիկ Մալյանի և Հենրիկ Մարգարյանի 90, Լևոն Աթոյանի` 85 և Հարություն Խաչատրյանի` 60 ամյա հոբելյաններին նվիրված միջոցառումները:

Կան նաև Ֆրանսիական  նոր կինո, գերմանական կինո, լեհական կինո, ռուսական կինո վերտառությամբ առանձին ծրագրերը, որոնց շրջանակներում էլ նշված երկրներում նախորդ ու այս տարվա  ընթացքում ստեղծված շատ հետաքրքիր ֆիլմեր են առանձնացվել`Հայաստանի հանրապետությունում գործող Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Ռուսաստանի դաշնության դեսպանությունների աջակցությամբ և համատեղ ընտրությամբ: Սա ամբողջը չէ. մնացյալի մասին հնարավոր է իմանալ Փառատոնի կազմած ու հրատարակած կատալոգից, օրվա  ծրագրերն ամփոփող և այլ տեղեկատուներից:     

Այս ամենը կա: Հիմա, բարեբախտաբար  վերացել են փառատոնի կազմակերպչական փոքր վրիպումները որպես խոշոր բացթողումներ ներկայացվող տրտունջ- բողոքները: Էլ չի ասվում թե`մի երկրում, որտեղ կինոարտադրության համար նվազագույն պայմաններ չկան, որտեղ ֆիլմեր չեն նկարահանվում կինոփառատոն կազմակերպելն ինչ իմաստ ունի: Հիմա արդեն անհերքելի թվացող փաստերով փառատոնի գոյությունից դժգոհ հատվածն անգամ չի հերքում, որ Ոսկե ծիրանը` տարիների  մեջ համարձակ մտահղացումներով, տարաբնույթ ծրագրեր  իրականացնելով նաև խթանել է ազգային կինոարվեստի զարգացումը, մեր երկրի ճանաչողական սահմաններն է մեծացրել, կինոաշխարհում հայտնի փառատոների շարքին դասվելու հեղինակություն է  ձեռք բերել: Փաստ է նաև, որ Ոսկե ծիրանը իր  տասներկու տարվա աշխատանքով է ապացուցել մի ճշմարտություն, որը Ն. Ա. Բերդյաևը   այսպես է ձևակերպել. “Ժողովրդի մեծությունը, նրա ներդրումը մարդկության պատմության մեջ որոշվում է  ոչ թե պետության հզորությամբ, զարգացած տնտեսությամբ, այլ հոգևոր մշակույթով”: Ի դեպ, ոչ վաղ անցյալում սյս ճշմարտությունը հաստատող  մշակութային մի կառույց էլ ենք  ունեցել`  Հայկական միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրության միջազգային սիմպոզիումը: Երկրի համար իրադարձային նշանակությամբ կարևոր այդ նախաձեռնությունը  նշանավոր գրող Կոստան Զարյանի ճարտարապետ որդու` Արմեն Զարյանի մտահղացմամբ ու գործուն մասնակցությամբ կյանքի կոչվեց: Եվրոպայում կրթություն ստացած բացառիկ մասնագետ ու մտավորական էր, որը Հռոմը թողել ու ընտանիքով  եկել ու հաստատվել էր Երևանում: Նրան հանդիպելու համար, երբեմն էլ նրա  հրավերով Հայաստան էին  գալիս իտալացի ճարտարապետ  ընկերները, որոնց իր հայրենիքի տեսարժան վայրեր տանելով, տեղում էր ճանաչելի դարձնում հայկական պատմական արժեքները, մասնավորապես միջնադարյան ճարտարապետության արտահայտությունները: Այդ ծանոթությունների ընթացքում էլ ծնվեց հայկական միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրության համար Իտալիայում և Հայաստանում պարբերաբար միջազգային սիմպոզիում կազմակերպելու գաղափարը: Միլանի համալսարանի հետ համատեղ ծրագրեր  մշակեցին և ներկայացրեցին ՀՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի տնօրինությանը, ինչպես նաև կառավարությանը:  Խորհրդային Հայաստանում  պետական գործիչ ունեինք, որը  հայտնի էր արվեստային երևույթները կյանքի կոչելու  ու արվեստագետներին աջակցելու պատրաստակամությամբ:  Այն տարիներին հովանավոր ու մեկենաս բառերը չէին շրջանառվում: Ալեքսան Կիրակոսյանը հովանավոր, մեկենաս էր այս բառերի լիարժեք իմաստով: Ուրեմն, երկու հայ անհատների, ինչպես նաև մշակութային հաստատություններում աշխատող մեծ մի խմբի  անմիջական մասնակցությամբ անցյալ դարի 70-ականների վերջերին ձևավորվեց մի ինստիտուտ, որի գործնությամբ  երևանյան աշունը նոր գույներով հարստացավ: Գիտական միջոցառում էր, բայց այն տոնական տրամադրություն էր ստեղծում երկրում, մոտովորապես այնպիսին, ինչպիսին  փառատոնային այս օրերին է լինում: Քանի որ մասնակիցներին եկեղեցիները, հուշակոթողները ցույց տալու համար երկրով մեկ պտտացնում էին, ուրեմն ժողովուրդն էլ էր ակամա մասնակից  դառնում`առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերելով, հենց իրենց հուշարձանները ուսումնասիրողներին` առատ ու շքեղ սեղաններ բացելով, ազգային հյուրընկալության սրտաբացությամբ պատվում օտարազգի  մարդկանց, որոնք հեռու երկրներից եկել են տեսնելու  իրենց խաչքարերը, մատուռները, եկեղեցիներն ու տաճարները…                                                                       Հետո եղավ այնպես, որ օտարազգի մասնագետները  հերթական սիմպոզիումին մասնակցելու համար նախ Արևմտյան Հայաստանի ապա նաև աշխարհի տարբեր երկրներում գոյություն ունեցող հայկական եկեղեցիներն ու ճարտարապետական արտահայտությունները սկսեցին հետազոտության հիմք դարձնել: Գիտական բարձրաժեք բացահայտումներով ուսումնասիրություններ մեջտեղ բերվեցին, որոնք նույնպես ամփոփվեցին անգլերեն ու իտալերեն լեզուներով հրատարակվող հատորներում: Հաջորդող տարիներին արդեն սիմպոզիումի շրջանակներն պարզապես աննախադեպ ընթացք ստացավ` ուսումասիրողների շարքը խտացավ նոր մարդկանցով, որոնք հայ մշակույթի ամենատարբեր ոլորտները` երաժշտության գորգարվեստի, ժանեկագործության, բանահյուսության և այլ ասպարեզները   ներկայացնող հետազոտություններով ամբողջացրին եղածը: Էսպես, մի քիչ մանրամասն ստացվեց, բայց սա մեր պատմության ոսկե էջերից մեկն է:  Եւ այն ոսկե է համարվում, որովհետև Հայ մշակույթի պատմությունը  հատորներ կազմող գիտական հիմնավոր հետազոտություններով համալրվեց: Որն էր այս զուգահեռում դիտարկված մշակութային ա երկու կառույցների հաջողության գաղտնիքը:  Նախ` իրենց ընտրած ոլորտի հանդեպ ունեցած սերն ու նվիրումը, ապա ազգային մշակույթի  զարգացումը խթանելու մղումը: Նաև այն, որ երկու դեպքում էլ  միջնադարյան հոգևոր  շինություններ կառուցող ճարտարապետների ու շինարար վարպետների հավատով անցան գործի:   Պատվախնդրորեն, մասնագիտական բոլոր հմտությունները դրսևորելով: Սա է,  թե’ հայկական ճարտարապետությանը նվիրված սիմպոզիումի, թե’ երևանյան միջազգային կինոփառատոնի կայացման, աննախադեպ  հաջողության գաղտնիքը: “Անհատական ի~նչ ներուժ, ի~նչ էներգիա պիտի ունենա մարդը, արվեստի իր ասպարեզը տափաստանից օազիս դարձնելու համար”- 12-րդ երևանյան փառատոնի առաջին օրվա խրոնիկան հեռուտատեսությամբ տեսնելով, Հարություն Խաչատրյանի մասին իր հիացմունքն է արտահայտում նրա ավագ արվեստակիցներից մեկը: 

    “Ամեն բանի իմաստ է հաղորդում մարդը,- ասում է Օկտավիո Պասսը, -  եթե նա դա կատարում է այն չափով, ինչ չափով պատկանում է պատմությանը”: Բայց հայտնի է, որ նոր ժամանակի առաջընթացը  բարեփոխելու պահանջ դնող գործերը մարդուն նույն այդ բեռը սեփական ուսերին առնելու  առաջարկ են ներկայացնում: Այս դժվարությունից է, որ չխուսափեց Հարություն Խաչատրյանը: Թերևս նաև այն պատճառով, որ կողքին ուներ  կինոարվեստին նվիրյալ  այնպիսի համախոհներ, ինչպիսիք են Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը: