ՍԱ, ՄԵՐ ՔԱՂԱՔՆ Է, ՍԱ, ՄԵ՞Ր ՔԱՂԱՔՆ Է

Աշունը, երեւանյան շքեղ աշունը, մեզանում  նշանավորվում է հատկապես մայրաքաղաքի ծննդյան օրվա ճոխ տոնակատարությամբ: Քաղաքի ղեկը պահողները  չեն զլանում պատշաճորեն, ինչպես հարկն է,  Երեւանի նոր տարելիցը  նշել : Որ` հանկարծ չվիրավորեն գոծազուրկ ջահելների, թոշակներով իրենց թշվառ գոյությունը մի կերպ պահող տարեցների, իրենց ապրուստը հոգալու համար օտար երկրներ մեկնելու երազը փայփայող, երազելու կարողությունը կորցրած, աղբարկղներ պեղող երեւանցիների արժանապատվությունը: Երեւանցիներն էլ ըմբռնումով, նույնիսկ հուզառատ երախտագիտությամբ են ընդունում տարին մեկ, մայրաքաղաքի հազարամյակներով չափվող կենսագրության երկրորդ վկայությունը հուշող միջոցառումը, (առաջինը, հիշում ենք` Արգիշտի թագավորի քարե արձանագրությունն է),  եւ  աշնան գույները խտացնող զվարթ հանդիսությունները մոտիկից կամ հեռուստաէկրանից տեսնելով, փորձում են թաքուն մի տեղ քշելով, չհիշել  իրականության տխուր պատկերը: Մեր քաղաքն է, մեր Երեւանը: Բայց իսկապե՞ս մայրաքաղաք Երեւանը մեզ`երեւանաբնակներիս է պատկանում: Այսինքն, մեզ ասելիս ես նկատի ունեմ հատկապես նրանց, ովքեր իրական տերերն են այս քաղաքի: Ովքեր տեր լինելով անգամ, այնքան էլ լավ չեն պատկերացնում, որ վաճառելուց հետո սահմանափակ, իսկ որոշ դեպքերում էլ, պարզապես իրավունք չունեն իրենց ուզածի պես գործելու քաղաքից օտարված տարածքում: Եւ չգիտեն էլ, թե որտե՞ղ է  սկսվում ու որտե՞ղ ավարտվում   տարածքային այն հատվածները, որոնք իրենց իրավասությանը չեն ենթարկվում: Այլեւս ուրիշի սեփականությունն են:  Պատահաբար,  երբ դեպքերի բերումով, իմանում են այս աչքաթող արված, բայց շատ էական փաստի մասին, խիստ են զարմանում: Հետո, սակայն ստիպված իրականության հետ հաշտվելով, ենթարկվում եւ ընդունում են իսկական տիրոջ պահանջները…

Ուրեմն,  երբ հերթական անգամ ահռելի գումարներ ներդնելով, հերթական հոբելյանն էր նշվում մեր` “հինավուրց”, մեր` “Երեւան դարձած էրեբունի” մայրաքաղաքի, պարզվեց, որ  ծրագրերի ցանկում ընդգրկված մշակութային միջոցառումներից մեկն, առանց հատուկ թույտվության հնարավոր չէ նախատեսված տեղում իրականացնել: Արգելվում է: Եւ այս փաստը անակնկալի էր բերել քաղաքապետի տեղակալին, որը տարակուսանքը չի թաքցրել ու փորձել է հասկանալ, թե ինչու՞ չեն կարող  Ալ. Թամանյանի արձանի ետնամասային հատվածում, նախապատրաստական աշխատանքներ տանել, հաջորդ օրը քաղաքի ճարտարապետությանը նվիրված բացօթյա ցուցահանդեսը ներկայացնելու համար: Չի մոռացել,  արգելողներին ասել է, թե ինքը ով է: Բայց ցուցահանդեսը նախապատրաստող  խմբին մոտեցած օրենքի տառի գիտակ, բարեկիրթ մարդը հանգիստ բացատրել է, որ ցուցահանդեսի համար ընտրված տարածքը ոչ թե քաղաքապետարանի, այլ Գաֆէսճեան մշակութային կենտրոնի սեփականությունն է: Եւ, որ քաղաքից օտարված հենց այդ մասում` Թամանյանի արձանը զբաղեցրած հատվածից անդին,  նման ու այլ միջոցառումների համար երկկողմանի փաստաթուղթ-պայմանագիր պետք է ներկայացվի: Իհարկե, դատելով տոնակատարության օրը գործող ցուցահանդեսից թյուրիմացությունը հարթվել է եւ գործն օրինավոր ձեւակերպումով է ընթացք ստացել,  կողմերն էլ բարեկամաբար  բաժանվել են: Մի բան, որ հազիվ թե այսօրինակ մեկ այլ պարագայում կարող է ակնկալվել: Նման  բանակցային խաղաղ ելք դժվար թե ունենա օրինակ, Զվարթնոց օդակայանի շենքի խնդրի լուծման համար:

Տարածքը, որտեղ գտնվում է մեր մայրաքաղաքի մուտքը նշանավորող, երբեմնի խորհրդանիշ համարվող  շինությունը, վաճառված է: Սա նշանակում է, որ գնորդը, տիրոջ իրավունքով ինչ ուզենա, այն էլ կանի իրեն պատկանող հողատարածքում: Իսկ գնորդը, որի անուն, ազգանունը հայտնի է Հայաստանում, նախ նոր օդակայան կառուցեց, եւ հայաստանցիները  մամուլի էջերում եւ հեռուստաէկրաններից գրավոր ու բանավոր խոսքով միաձայն ասացին. “Բռավո, հրաշալի է”:  Հետո, սակայն, երբ հայտնի դարձավ, որ նույն ընկերությունը կամ ընկերության կառավարիչը  մտադիր է քանդել հին օդակայանի շենքը, բողոքի մեծ ալիք բարձրացավ ու օգոստոս ամսից վերհանված հարցը  պարբերաբար հանրային քննարկումների կենտրոնում է հայտնվում: Կողմ եւ դեմ “դիրքեր գրաված” հակառակ կարծիքների տեր խմբերից,  յուրաքանչյուրը  հաստ փաթեթներ  ներկայացնելով, լուրջ փաստարկներ  ներկայացնելով է, հիմնավորում  խնդրո առարկա շինության` “լինել- չլինելու” հարցը:   Շինության գոյությանը սպառնացող վտանգը կանխելու,  եւ` “պահել” ասող խումբն, առաջարկում է “Զվարթնոցը” որպես մոդեռնիստական ճարտարապետության օրինակ ներառել պատմամշակութային արժեք ճանաչված հուշարձանների ցանկում: Եւ այդպիսով զերծ պահել այն քանդելու վտանգից:  Խնդրին հետամուտ,  մասնագետ-ուսումնասիրողների խումբը նաեւ շռայլություն է համարում պատերազմական իրավիճակներում հայտնվելու վտանգ ունեցող երկրի համար, կարեւոր նման կառույցի ոչնչացումը: Քանի որ շինությունը ծայրահեղ դեպքում կարելի է արտակարգ իրավիճակների ժամանակ ծառայեցնել որպես երկրորդ օդակայան կամ թեկուզ որպես սպասասրահ:

Հակառակ դիրքերից   համոզում են, որ շինությունն արդեն փլուզման եզրին է ու այն նորոգել-վերականգնելու համար տասներկու միլիոն ամերիկյան դոլար է անհրաժեշտ: Մինչդեռ քանդելու դեպքում ընդամենը` մեկուկես միլիոն է ծախսվելու: Իսկ  որպես մոդեռնիստական ճարտարապետության նմուշ պատմամշակութային արժեք ճանաչելու փաստն էլ են նույն հեշտությամբ  մերժում են, ասելով, թե շինարվեստի նման օրինակներ ներկայացնող որեւէ ցուցակում “Զվարթնոց” օդակայանի անվանուը չի նշված: Ասում են նաեւ, թե շինության տեղը հյուրանոց, ռեստորան կամ կենցաղ սպասարկան ու զվարճավայր կառուցելու ծրագիր չունեն: Սա էլ հիմնավորում են, նշված տարածքի թռիչքաուղիների հարեւանությամբ գտնվելու փաստով: Հիմա` ինչպիսի՞ լուծում է ստանալու հարցը եւ ովքե՞ր են դեմ եւ կողմ, տարբեր կարծիքներ արտահայտող երկու խմբերի  ներկայացուցիչները:  Պարզ է` նույն ազգի ներկայացուցիչներ են: Հայ է նաեւ տարածքի տերը:  Բայց դե ամենքիս է հայտնի,  բիզնեսը, որ է` նյութական արժեք ու շահ, հայրենիք ու ազգային պատկանելություն չի ճանաչում: Նույն այս արժեքը երկրպագողներն ահա` տարիներ է, ինչ շարունակաբար քանդել ու քանդում են Երեւանի բազում ու բազմապիսի շինություններ:   Որպես հիմնական պատճառ նշելով, թե շենքը կանգուն պահելու համար հսկայական գումարներ են անհրաժեշտ: Դրա փոխարեն առաջարկում են  իսկական “մոդեռն”, բարետես  նոր ճարտարապետական մտքի թռիչք հանդիսացող նոր նախագծի իրականացումով, Երեւանի նկարագիրը փոխելով, արդիականացնել, ավելի գեղեցկացնել: Բայց երեւանցիները մշակված այս եղանակին էլ են ծանոթ: Գիտեն` հասարակական, կենցաղ-սպասարկման կամ մշակութային  որեւէ  շինություն եթե բարձիթողի վիճակում է հայտնվում, ուրեմն  եթե ոչ վաղը, ապա հաստատ մյուս օրը , քանդվելու է դրսից եկած կամ ներսից հայտնված, երեւանցիների լավը կամեցող, նոր տիրոջ շռայլ խոստումների ուղեկցությամբ: Եւ քանդում են եւ նորն են կառուցում: Ճիշտ է, երբեմն էլ խոստումնազանց են լինում: Ինչպես, օրինակ Երիտասարդական պալատի պարագայում: Գնորդները պարզեցին, որ Ճապոնիայից հրավիրված ճարտարապետի  մտահղացման իրականացումն ավելի քիչ շահույթ կբերի, քան քաղաքի բարձունքներից մեկը քար  կտրելու հանքը բացելու ու երկրին քարով ապահովելու գործը: Քանդողների դիրքորոշումը, գործելակերպն, ամեն գնով իրենց ծրագրերը կյանքի կոչելու, մշակված եղանակները, ասացինք` հայտնի են: Ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր,- ասված էլ է հայտնի: Բայց ինչու՞, - հարցն էլ  պատասխան ունի, որի փակագծերում գրվածը նույնքան ճշմարիտ է ու հայտնի:

Վերջին` հունցված  խմորն, ասենք  հազիվ թե այսքան ջուր պահանջեր, եթե  “Զվարթնոցի” առուվաճառքն իրականացվելիս, նրանք, ովքեր ամիսներ շարունակ այն պահպանելու բոլոր սանդղակներն հաղթահարելով, փորձում են փրկել շինությունը, ժամանակին,  վաճառքի մասին տեղեկանալով, զգոնություն ցուցաբերելով, նույն այս համարձակ համառությամբ պահանջեին, որ պայմանագրում հատուկ կետով նշվեր շինության անձեռնմխելիությունը: Խոսքը, ոչ միայն “Զվարթնոցի”, այլեւ նույն ճակատագրին արժանացած ճարտարապետական բազում այն հորինվածքների մասին է, որոնք վերացվել  են: Եւ խոսքը ոչ միայն անհատների, այլեւ հասարակական ու պետական հաստատությունների պատասխանատու եւ ղեկավար այն անձանց  մասին է, որոնք իրավասու են, նաեւ պարտավոր, նման  խնդիրների առկայության դեպքում, աշխատանքային օրակարգը խախտելով, հույժ կարեւոր այդ խնդիրների մասին բարձրաձայնել ու հիմնավոր տեղեկություններ տրամադրել պատկան մարմիններին: Բայց ծուլությունը   /որի հոմանիշը անտարբերությունն է, մեկ այլ ընթեցմամբ` սեփական աթոռի պաշտամունքը/, ետ է պահում նրանց նման վճռական  քայլերի դիմելու քաղաքացիական դիրքորոշումից: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Ավելի ճիշտ` չունենք այն, ինչ ունեինք: Եթե ինչ-որ բան էլ պահպանվել է դեռ, ապա դա չի նշանակում, թե վտանգված չէ:

Այսօր “Զվարթնոցի” հարցն է հուզական  գետնի վրա քննարկվում, վաղը, նույն այս ցավը նվվացող,  լինելու է   Հանրապետության հրապարակի “բարեկարգման” նախագծերն ի մի բերվելուց հետո է, իսկ մյուս օրը…  Եւ այսպես շարունակ` փոքր  ընդմիջումներով կամ անընդմեջ, մեր հոգսաշատ  քաղաքը պարբերաբար ցնցումների մեջ է հայտնվելու: Եւ սպասելու է  մեկ ու  միակ այն  օրվան, որն աշնանային է  ու տոնական: Այդ օրն  առանձին մի շուքով եւ հրճվանքով կրկին նշվելու է երկու հազարամյակը թեւակոխած  մայրաքաղաքի  եւս մեկ տարով “հասունանալը”: Ոչինչ, որ Երեւան ժամանած հյուրերին, թեկուզ հարյուրամյա կենսագրությամբ, գոնե մի տասնյակ շենք-շինություն ( բացառենք`  մայրաքաղաքի կենտրոնական համայնքում գտնվող Կոնդ թաղամասի կիսաքանդ տներն ու քողտիկները), ցույց տալու համար հիշողություն լարելու ճիգեր պետք է գործադրվեն: Ոչինչ, որ  թյուրիմացաբար պահպանվածները  շարունակվում են հերթով վերացվել: Ոչինչ, որ քաղաքը մասնատելով, հատվածաբար շարունակելու են վաճառել: Ոչինչ, ոչի՛նչ, ոչի՜նչ…

Author: