ՎԱՀԱԳՆ ՀՈՎՆԱՆՅԱՆ.-ՊԻՏԻ ԱՊՐԵՍ, ՈՐ ԱՊՐԵՑՆԵՍ

Երևանյան շոգ երեկո էր,   Մեզի եկեք,- ասաց,- մեր քովը ծառերը ճկվել, գետին  են փռվում քամուց:  Սիրով ընդունեցինք Վահագն Հովնանայանի հրավերը:   Առաջարկեց դրսում նստել: Զրույցը սկսվեց  երիտասարդ օրերի մի լուսանկարի պատմությունից:  Խոսքն ավարտեց ծիծաղելով. -Ջահել էինք, խենթ էինք: 

-Պատմեք, գրի առնեմ, տպագրելու համար:

Ասաց. - Հարց տուր, էդպես հեշտ կլինի, անցյալի փեշից բռնելը… 

Հարցազրույցը (որը հիմա ներկայացվում է ՛՛Արվեստի՛՛ ընթերցողին մեծ կրճատումներով), հրապարակվելուց  հետո, տուն հրավիրեց. - Ուրիշ շատ խենթություններ արած եմ, կուզեմ պատմել,  կուզեմ ապրածս տարիների մասին  պատմող գիրքը դու գրես…

Ճակատագիրը, սակայն զգացողությունների ուրիշ մի աշխարհ տանելով, ուրիշ մի ճանապարհ էր նախապատրաստել նրա համար, ցավոք     

- Եթե մարդը ներքին ու արտաքին ներդաշնակությամբ է ապրում մի տեղ, ուրեմն դա է նրա տունը, -այսպես է կարծում աշխարհի մեծագույն արվեստագետներից մեկը: Դուք տարվա մի մասը` Հայաստանում, մյուս կեսը` Միացյալ նահանգներում եք ապրում: Հոգու այս ներդաշնակությունը  որտե±ղ եք ունենում:

- Ինձ համար տուն է Հայաստանը:

- Երբվանի՞ց ունեք  այդ զգացողությունը:

- Առաջին անգամ երբ ոտք դրեցի հայրենիք:

- Դա ե՞րբ էր:

- 1967-ին.  վախենում էի հողի վրա կանգնել, կկարծեի, թե պատմության վրայով կքալեմ: Անասելի զգույշ էի ոտքերս առաջ տանում:

- Սովետմիության տարիներին դրսում հայտնված մեր հայրենակիցներից քչերին էր հաջողվում հայրենիք գալ: Ինչպե՞ս եղավ, որ նման որոշում ընդունեցիք:

- Առաջին անգամ, երբ արձակուրդ ունեցա, Հասմիկի հետ (առանց նրա տեղ չեմ երթար), որոշեցինք Հայաստան գալ: Նախ Ռուսաստան եկանք: Կարգն էր այդպես: Մոսկվա մտանք, ասի. ՛՛Հասմիկ, էս ու՞ր եկանք՛՛: Աստված իմ, առաջին զգացողությունս՝ վախն էր: Հասմիկը հանգստացրեց.՛՛ՙՀոգ մի ըներ, ամեն ինչ կարգին է՛՛ : Բայց ի՞նչն է կարգին..  Նախ օդակայանում մեզ այնպե~ս քրքրեցին.՛՛Որտեղե՞ն առած ես, որտեղե՞ն բերած ես՛՛ հարցերից հետո, մաքսապետ մարդը հարցրեց ՛՛Որքա՞ն դրամ ունիս՛՛: Ասի ՛՛Չեմ գիտեր՛՛: Բարկացավ. ՛՛Ինչպե՞ս չես գիտեր՛՛:  ՛՛Երբեք չեմ իմանում, թե որքան դրամ ունեմ՛՛,-պատասխանս նրան բարկացրեց: Բարկությունը, կարծեմ կրկնապատվեց, երբ ունեցածս հանեցի, դրեցի սեղանին:  ՛՛Հաշվիր՛՛, -ասացի: Նույն պահին նկատեցի, որ դրամը այլեւս ուշադրությունից դուրս է, աչքերը հառել էր Հասմիկի զարդեղենի վրա: Հաշվեց` մեկ առ մեկ: Այդ հաշվելու  ընթացքը կյանքում երբեք չմոռցա: Ժամացույց կար կնոջս թեւին, որի չորս կողմը ադամանդներով զարդարված էր, այդ քարերն էլ մեկիկ, մեկիկ հաշվեց: Ասի. ՛՛Ջանիկս, երկար թռիչք ունեցանք, թող գնանք, կուզե՞ս վաղը գանք, նորեն շարունակիր գործդ՛՛: Մերժեց: Երբ ամեն բան վերջացրուց, ասաց. ՛՛Արդեն գիտեմ, թե որքան կտոր ոսկի ունես, երբ ետ գաս պակաս լինելու պարագային, պիտի հաշվետվություն տաս, թե որտեղ եւ ում տված ես՛՛: Ամբողջ այդ  ՛՛արարողակարգը՛՛, որ մեկուկես ժամեն ավելի տեւեց, ոչ միայն հոգնեցուցիչ, այլեւ վիրավորական էր: Զզված էինք արդեն: Վերջապես տարան ՛՛Մինսկ՛՛ կոչված հոթելը:

 Ի՞նչ է Սովետը, տեղվույն հասկացա:

- Հայաստանը, ուր պիտի ուղեւորվեիք Մոսկվայից նույն այդ սովետմիություն  ասվածի կազմում էր այն ժամանակ: Տպավորությունը նույնն էր:

- Եկանք Հայաստան, կարծես ամենեն մռայլ ետնախորշերեն ետք դրախտ ոտք դրինք: Գույներ, գույներ` բազմազան, շքեղ: Գեղեցիկ հագուկապով մարդիկ` դեմքերին ժպիտ: Փառք Աստծո,- ասացինք: Եւ առաջին այս այցելությունից հետո, արդեն երկու տարին մեկ գալիս էինք Հայաստան: Նույն Սովետն էր, բայց բախտավոր էինք, որ հայեր էին եկած տարբեր տեղերեն ու  երկրին գույներ բերած էին, համ ու համեղություն էին ավելցրած: Առաջին տարին, որ եկանք, գնացինք ՙԱնուշ՚ օպերան լսելու: Գոհար Գասպարյանն էր Անուշի դերում, Սարոն էլ ամուսինն էր` Տիգրան Լեւոնյանը: Նույն օրը դահլիճում մեզ հետ արտասահմանից եկած մի խումբ էլ կար: Կարծեմ թե կոմունիստներին հարող մի երկրից էին: Գոհարին եւ Տիգրանին խնդրեցինք միասին ընթրել ներկայացումից հետո: ՛՛Արմենիա՛՛ գնացինք, երկրորդ հարկում նստեցինք: Այս խումբն էլ վարն էր նստած: Գոհարին տեսան, մի շիշ շամպայն ղրկին: Մենք իրենց հինգ շիշ ղրկինք, որովհետեւ շատվոր էին: Հարցրին. ՛՛Ինչու՞ վար չեք գա՛՛: Մենք էլ, թե` ՙԻնչու՞ մեզ չեք հրավիրում՛՛: Գնացինք: Սրանց ղեկավարը քիչ անց անգլերեն ասաց. ՛՛Հավանեցի՞ք Հայաստանը՛՛: Ասացի. ՛՛Հայաստանը դրախտ է, բայց դուք խավարի մեջ եք  ուզում այն պահել՛՛: Շնորհքով մարդ էր, ես էլ շնորհքով պատասխան տվի: Վստահ էի` ՊԱԿ-ի աշխատակից է: Ասացի. ՛՛Ամեն օր սպուտնիկներ եք ուղարկում տիեզերք: Դրանցից մեկը մի ղրկեք, փոխարենը գեղեցիկ շենքեր կառուցեք, ծառեր տնկեք, ծաղիկ ցանեք, գեղեցկացրեք Ձեր միջավայրը՛՛:

 - Ուրեմն, Հայրենիքում շենքեր կառուցելու ծրագիրը դեռ այն տարիներին ե՞ք  ունեցել:

- Քաղաք կառուցելու գաղափարը վաղուց ունեի: Առաջին անգամ երբ եկա, ինքս ինձ ասացի` ես պիտի երկրիս մեջ շենքեր սարքեմ եւ այս ցանկությունը իրականացնելու ճանապարհը պիտի բացվի: Բացվեց.. Պատերազմի շրջանին հայրենիքում էի, երկրաշարժեն ետք այստեղ էի, Անկախության հռչակման օրը Հայաստանում էի: Եւ այդ ժամանակ էլ առաջին նախագահին, (որ գիտեր ու տեսած էր, իմ գործերը), նամակ գրեցի, որ իմ իմ ծրագիրը միայն տուն եւ թաղամաս շինելը չէ: Կուզեի սփյուռքում ապրող մարդկանց հայրենիք բերել, կուզեի, որ նրանք իրենց միտքը, տաղանդը, փորձառությունը, նյութական կարողությունն այստեղ օգտագործեն: Ուզում էի երկիր գան ու այստեղ իրենց տունը ունենան եւ իրենց ունեցածը հայրենիքի բարօրությանը ծառայեցնեն: Կմտածեի, որ հայերը Ֆլորիդա, Արիզոնա, Լաս Վեգաս գնալու փոխարեն հայրենիքում հաստատվեն ու հայրենիքի մաս դառնան: Այդ մտքով է, որ թենիսի կորտեր քլաբներ, ջրավազան, գոլֆի խաղադաշտ սարքեցի, որպեսզի դրսի մարդը հայրենիքում էլ զվարճանքների վայրեր գտնի: Այդ էր ամբողջ միտքս, բայց չեղավ: Հետաքրքրություններ կային, բայց վախ կար, Ղարաբաղի պատերազմը դեռ չէր վերջացել: Հաղթանակից հետո նորից վախը չանցավ: Այն, որ երկիրը պատերազմի մեջ եղած էր, շարունակում էր վախեցնել նրանց:

- Իսկ դուք վախի, անապահովության զգացողություն չունեի՞ք: Ի՞նչ մղումով էիք  սկսված գործը շարունակում, ուրիշներին էլ հորդորելով, համոզում, թե` եկեք  Հայաստան:

- Ասում էի.՛՛ՙՆայիր, ամենքս պիտի մեռնինք: Ի՞նչ տարբերություն, թե որտեղ կմեռնիս: Ասին. ՛՛Մեր երեխաներին ու թոռներին ինչպե՞ս թողնենք գանք՛՛: ՛՛Հայոց հողը մագնիսական ուժ ունի, բեր քեզ հետ երեխաներիդ եւ կտեսնես, թե ինչպես Հայաստանը  կգրավի նրանց: Դու էլ արի, թոռնիկներիդ էլ բեր՚: Համառեցին: ժամանակ կպահանջեր, բայց մենք արդեն սկսել էինք շինարարական աշխատանքները: Առաջին տները փայտից էին, իբրեւ նմուշ: Ամերիկացիները կսիրեն փայտե տներ: Ամերիկահայերը` նույնպես: Մտածեցի, ժողովուրդը թող գա փայտե տներ առնի:

- Հայերի տունը քարե չեղավ, լիարժեք շինություն չեն համարի:

- Երեք տարի գովազդներով, ամեն ձեւով  փորձեցի համոզել թե բարեկամներիս, թե դրացիներիս, որ սեյսմիկ տեղանքի համար ամենավստահելի տունը սա է: Ասին` ոչ: Կարո՞ղ ես երեւակել, թե ինչպես հիմնավորեցին: Ասին` փայտե տան պատի միջով փամփուշտ կանցնի: Կովբոյական ֆիլմեր տեսել ես, վստահ եմ, իրենք էլ տեսած էին, բայց նորեն մնացին իրենց` մերժումին: Վերջը, ինքս փոխեցի  գործելակերպս: Եթե Հռոմում ես, հռոմեացիների պես պետք է մտածես: Ուրեմն, պետք հարմարվեի նրանց ճաշակին:

- Այսինքն, հայաստանցիների համար սկսեցի՞ք կառուցել:

- Չէ, հայեր կգային ամեն տեղից: Առաջին քարե տունը աղջկաս, Նինայի համար կառուցվեց: Բայց ասեմ, որ վախ ունեի եւ Կալիֆորնիայից սեյսմոլոգ-ինժեներ հրավիրեցի, տեղանքը ուսումնասիրելու, կառուցապատման աշխատանքները ուղղորդելու համար: Լավ մասնագետ էր, դիզայնն էլ ինքը հուշեց: Առաջին տները շինեցինք կամաց-կամաց, գրեթե կրիայի քայլերին հավասար արագությամբ, համբերությամբ սկսեցինք գործը առաջ տանել: Խոսք կա` Չինաստան հասնելու համար կարեւորն առաջին քայլն է, որ պետք է անես: Հիմա արդեն գործը ոչ թե կրիայի, այլ նապաստակի արագությամբ առաջ կշարժվե:

-Նապաստակը, որն արագ է սկսել վազել, գոնե գիտե՞ք, թե մինչեւ ու՞ր է նախանշում հասնել:

- Չեմ ուզում, որ այդ վազքը դադար առնի կամ վերջանա. ՛՛Եթե կըրնա բարձրանալ, բայց մինչեւ ու՞ր, մինչեւ ու՞ր՛՛, - Վահան Թեքեյանն էր ասում:

- Մարդիկ կան, որոնք անկախության առաջին իսկ տարիներին  սիրով շտապեցին հայրենք` ներդրումներ անելու հայրենիքի կայացմանը մասնակցություն բերելու, բայց տարբեր պատճառներով` հայտնի ու անհայտ, հիասթափվեցին,  խռովեցին ու հեռացան ընդմիշտ:

- Հայրենիքից խռովել անկարելի է: Եթե մարդը չի եկել ճկուն, խելացի ձեւով գործը կազմակերպելու, այլ եկավ ու ասոր հետ մտերմանալով, անոր թողեց եւ հիմքում ոչ թե գործը, այլ մարդկային գործոնը կարեւորեց, հարկավ հուսախաբ կըլլա: Եթե հարաբերություններ կառուցելիս չափանիշներ չպահեց, •ործի որակը հաշվի առնելով,  մարդու տված արդյունքը չկարեւորեց, այլ նրա փոխարեն մեկ ուրիշի պաշտոնը կամ ալ արտաքին ինչ-ինչ դրսեւորումները գնահատեց, անշուշտ չի հաջողի:  Միայն Հայաստանում չէ, աշխարհի չորս կողմը կսպասեն այդպիսի մարդկանց որսալու համար: Աշխարհը չգրված օրենքներ ունի, Հայաստանը բացառիկ տեղ չի, ուր միայն դրական մարդիկ կան: Մենք հատուկ լավը չենք, ոչ էլ հատուկ վատը: Մենք նորմալ ժողովուրդ ենք` բարձրն ալ ունինք, ցածրն ալ, բանտի գողն ալ ունինք, ազնիվ անհատն ալ ունինք, պարկեշտն ալ ունենք, մարմնավաճառն էլ .. Սարոյանն է չէ՞ ասել:

- Գիտեք, դեռեւս 90-ականների կեսերին, Իտալիայում ազգային ինքնության նվիրված գիտաժողով էր կազմակերպվել, որին մասնակից սփյուռքահայ մեր հայրենակիցներից մի քանիսը, որոնք իրենց աշխատության շրջանականերում քնության էին առել արմատ- ծննդավայր-հայրենիք հարցը, համոզված էին, որ հայի պարագայում, հայրենիք պետք է ճանաչվի այն տարածքը, որտեղ ծնվել ու ապրել եւ որտեղից արտաքսվել են Մեծ կոտորածների ժամանակ իրենց հայրերն ու պապերը: Եւ այս հիմնավորումով  էլ Արեւելյան Հայաստանը որպես հայրենիք չի կարող դիտվել սփյուռքահայ այն հատվածի համար, որի արմատը Արեւմտյան Հայաստանում է մնացել: Հետեւաբար ինքը որեւէ պարտավորություն չի զգում  ներկա սահմաններով Հայաստանի հանդեպ:

- Ատիկա փախուստ է ինքն իրենից, սեփական ես-ը ժխտելու մի եղանակ է: Սխալ մոտեցում է, վստահ եմ:   Ես այդ մտայնությունը չունիմ: Ամենալավ Հայաստանը, ամենաիրական Հայաստանը սա է: Արեւմտյան Հայաստանը իմ ծնողքիս ծննդավայրն է, իմ սրտի հայրենիքն է, իմ երազանքն է, իմ սերն է: Հորս, մորս ցավն է, որի ոխն առնելու պարտքը իմն է կամ իմ զավակինն  է: Տարբեր է: Այսօր աս ունիմ: Ասիկա է իմ Հայաստանը:  Սկիզբն է այն մեծ բարձունքների, որին դեռ պիտի հասնինք: Այդ հույսով է, որ այստեղ եմ: Հարկավ հուսախաբություններ ես էլ ունեցել եմ, բայց ոչ թե ժողովրդից, այլ համակարգից: Վստահ եմ, սակայն, որ այս ժողովուրդը, ժողովուրդի ուսյալ հատվածը կամ մենք բոլորս միասին ձեւը պետք է գտնինք իրավիճակը շտկելու:

 - Ժողովրդին վերեւից օրենքներ են պարտադրում եւ որքան էլ ժողովուրդը փորձում է դիմակայել, դիմադրել կամ խոսքով համոզել դրանց սխալ լինելը, չի հաջողվում:  Ի վերջո, հաղթող են դառնում նույն այդ օրենքների հեղինակները, որոնք էլ կանգնած են երկրի ղեկը պահողների շարքերում: Եւ նրանց թելադրանքով, նրանց բարձր հովանավորությամբ եւ մասնակցությամբ են օտարալեզու դպրոցներ բացելու, ռազմավարական նշանակության կառույցները վաճառելու, երկրի ընդերքը բացելու եւ մարդկանց կյանքի համար վտանգավոր հանքերը օտարին վաճառելու, անտառներ հատելու, կանաչ տարածքները վերացնելու, պատմաճարտարապետական արժեք ունեցող շինությունները վերացնելու և անօրեն օրենքները հաստատվում.. 

- Նայիր, ճիշտ ծովի պես է, օր կա ալեկոծ է, օր կա խաղաղ է: Սա կյանքի համն է: Ալեկոծումները նույնպես կյանքի համն են: Եթե չլինեն եւ ծովը միշտ հանդարտ  մնա, ապա նրա տագնապ ու վախ առաջացնող ալիքների զորությունը չես տեսնի, ջրի փոփոխական գույներով չես զմայլվի, ջրապտույտների հզոր ալեկոծումից  շնչասպառ անող հիացմունք չես ունենա:

Վերջը նման ՛՛ալիքի՛՛ միջոցով, օրինակ մենք նորեն կզգանք, թե ինչպիսի կարեւոր արժեք է մեր լեզուն: Պետք է ժամանակ առ ժամանակ  ամեն ինչ խառնել, զորավոր հատիկները զատելու համար: Հողը, որ չփորես ջուրը չի կարենա կլանել ու կկարծրանա այնքան, որ ծիլ ու ծառ չի բուսնի: Ջուրը միշտ նոր հունի պահանջ ունի: Արդեն չգիտեմ քանիերրորդ անգամ կյանքիս մեջ տնտեսական, ֆինանսական անկումների ականատեսն եմ: Սա էլ պրոցես է, որ դասարանից - դասարան փոխադրվելու է նման: Եղբորս երկու զավակները մի օր ինձ ասացին. ՛՛Հորեղբայր Վահագն, մեր Ժիրայր հայրը ու Գեւորգ հորեղբայրը կյանքից հեռացան, դուք եք մնացել, ուզում ենք Ձեր կյանքի փորձի մասին պատմեք, ձեր փորձությունները փոխանցեք մեզ, իմանանք, թե ինչպես դիմանանք նման ցնցումներին՛՛: Ժառանգական փորձը կարեւոր է, անշուշտ, բայց սեփական կյանքի փորձը  դպրոց էլ չէ, ակադեմիա է անհատի համար: Նույնն  էլ ժողովուրդ ու երկիրը` սեփական փորձառության ճամփան պիտի անցնե, ճիշտ հունը գտնելու համար:  

  - Ցավոք բոլորը չէ, որ կարողանում են կյանքի դասերը յուրացնել, մանավանդ որ նաեւ ՙֆատում՚ կամ ճակատագիր կոչված գործոնը կա: Ո՞րն է  Ձեր բանաձեւը, որին հետեւելով կարողացել եք կյանքում Ձեր ընտրած  ասպարեզում  նկատելի մեծ հաջողությունների հասնել:    

- Առաջին մասնագիտությամբ ես ֆիզիկոս եմ: Ֆիլադելֆիայի համալսարանի ֆիզիկայի բաժինը ավարտեցի ու գործ սկսեցի փնտրել օտար մի երկրում, որի քաղաքացին չեմ: Ամեն տեղ նույն հարցը կտային եւ նույն պատասխանը կստանային. ՛՛Ամերիկյան քաղաքացիություն ունե՞ս՛՛: ՛՛Ոչ՛՛: ՛՛Քաղաքացիություն ունե՞ս՛՛: ՛՛Քաղաքացի չեմ՛՛... Այսպես ամիսներ շարունակ: Մինչեւ  որ չհիշեցի   ուսանողության առաջին տարիների ընկերուհուս,  որի հետ պիտի ամուսնանայի: Բայց չամուսնացա, որովհետեւ հանդիպեցի Հասմիկին եւ առաջին հայացքից սիրահարվեցի ու ճակատագիրս փոխվեց, կենսագրությունս փոխվեց, ամեն, ամեն բան փոխվեց եւ դրա համար բախտավոր եմ.. Ուրեմն, հերթական անգամ, երբ գնացի աշխատանքի համար, էլի նույն հարցը տվին, նույն պատասխանը տալու պահին էր, որ հիշեցի նախկին ընկերուհուս` Նվերին: Հիշեցի ու ասացի.՛՛ՙԲայց ամերիկացի ընկերուհի ունեմ, որի հետ շուտով պիտի ամուսնանամ՛՛: ՛՛ՙՕ~, ասացին,-լավ է՛՛: Եւ ընդունեցին  աշխատանքի: Առաջին իսկ օրերին իմացա, որ ինձնից առաջ նույն այդ տեղում աշխատած մարդիկ ամենաշատը երեք ամիս են դիմացել: Լաբորոտորիա էր, որ հաստատության վերջին օղակն, որով ստացված արտադրանքը փաթեթավորում եւ պատվիրատուին էին ուղարկում: Հենց սկզբից հասկացա, որ մինչեւ փաթեթավորելը նախ պիտանելիությունը պետք է ստուգել: Օրվա վերջում երբ հարցրին, թե` ՛՛Քանիսն առաքեցիր՛՛: ՛՛Երկու փաթեթ՛՛. ասացի: Եւ նրանց տարակուսած հայացքները տեսնելով,  բացատրեցի, որ մնացածը պիտանի չէին: ՛՛Ինչպե՞ս իմացար՛:՛՛ՙԹեստավորման միջոցով՛՛- պատասխանեցի եւ անմիջապես ցույց տվեցի, թե ինչպես եմ կարողացել զատել պիտանին ոչ պիտանիից: Մի քանի օր հետո, երբ ֆիզիկոսները տուն էին գնում ես մի քանի ժամ հավելյալ մնում էի, որպեսզի առավոտյան գալով, արդեն ձեռքի տակ պիտանի նյութ ունենան ու այլեւս ապարդյուն ժամանակ չվատնեն: Ուրեմն գործը սկսեցին ավելի արդյունավետ կազմակերպել:

 - Այսինքն, երեք ամսից հետո Ձեզ աշխատանքից չազատեցին:

- Չէ, թեպետ դժվար ժամանակներն էին սկսվել: Ամերիկայում տնտեսական ճգնաժամ էր: Զինվորները վերադառնում էին Կորեայից, մեծ կրճատումներ եւ մեծ գործազրկություն եղավ: Ում էլ պահում էին նախկին աշխատավարձի կեսն էին տալիս: Մինչեւ ինձ կանչելը, ինքս նախահարձակ եղա: Գնացի բաժնի վարիչի մոտ.- Պիտի ամուսնանամ,- ասացի,-ես չեմ կարող ձեր տված գումարով ընտանիք պահել:

Գիտեի, որ ամուր եմ կանգնած եւ չեն ուզի ինձ նման աշխատավորից զրկվել: Շաբաթական 98 դոլար էի ստանում, կիսեին եթե, պիտի 48 դոլար դառնար աշխատավարձս: -Հոգ մի անի,- ասավ,- գնա գործդ շարունակիր: Չէ, -ասի, գործը շարունակելու համար պետք է շաբաթականս ավելացնեք..

Երեք տարվա ընթացում ութ նորարարության հեղինակ դարձա: Ամեն մեկի պատենտավորումից հետո 1000 դոլար ստացա: Ամերիկացիները, որ սովետմիությունից ետ էին մնացել տիեզերագնացության ասպարեզում, իմ հայտնագործությունները սկսեցին գործածել: Տիեզերագիտությամբ զբաղվող ամենահեղինակավոր հաստատություններից սկսեցի հրավերներ ստանալ: Ավելի վստահ էի արդեն: Մեր հաստատության տնօրենը հատուկ վերաբերմունք ուներ ու հաճախ էր ինձ իր տուն` ճաշի հրավիրում: Մի անգամ, ճաշից հետո բիլիարդ  խաղալու ժամանակ, անկեղծորեն խոստովանեցի. ՛՛Չառլի, հիշում ես, որ քեզ ասացի, թե ամերիկացի աղջիկ կա, որի հետ պիտի ամուսնանամ: Բաժանվեցինք: Հիմա ուրիշ մի աղջկա հետ պիտի ամուսնանամ, որ ոչ ամերիկացի է, ոչ էլ քաղաքացիություն ունի: Ես էլ արդեն բավական ժամանակ է  երկրից հեռանալու պահանջով թղթեր եմ ստանում, գրում են, թե ուսումդ ավարտել ես, պիտի լքես Ամերիկան: Գրում են, թե պիտի գնաս այսինչ նավահանգիստը, գտնես այսինչ նավը ու թիվ այսինչ սենյակը զբաղեցնելով, ետ երթաս այնտեղ, որտեղից եկել ես: Ասավ. ՛՛Էդ նամակները, այսուհետ բեր ու տուր ինձ՛՛: Ամեն անգամ հերթական ծրարը վերցնելիս, ասում էր. ՛՛Հոգ չէ: Հոգ չէ՛՛: Մի օր էլ պայթեցի. ՛՛Ինչպե՞ս հոգ չանեմ, որ արդեն ամուսնացել եմ, դուք էլ ներկա եք եղել Հասմիկի ու իմ պսակադրությանը՛՛: ՙԼավ, -ասաց,- մի վարկյան..՛՛, եւ բարձրախոսով կապվեց մեր հաստատության փաստաբանի հետ: ՛՛Այսինչ մարդը այսպիսի խնդիր ունի, ի՞նչ կարող ենք անել, որ մեզ մոտ պահենք՛՛: Հարցրեց. ՛՛Վստա՞հ ես, որ ուզում ես պահել՛՛:՛՛ՙԱյո՛՛-ն, շատ հաստատ հնչեց:  Փաստաբանի պատասխանը չուշացավ. ՛՛Այդ նամակները թող ինձ ղրկի, իրեն էլ ասա, հանգիստ մնա՛՛: Էդ օրվանից, ստացված ծրարները ոչ թե Չառլիին, այլ փաստաբանին էի ուղարկում: Մի օր էլ առավոտյան փոստարկղը բացելու պես, ուշադրությունս շատ բարակ մի ծրար գրավեց: Կածես  դատարկ էր:  Չգիտեմ ինչու, չուզեցի կամ չէի շտապում բացել: Նորից ձեռքս առա, իսկապես բան չկա ներսում: Շրջեցի ու թափ տվեցի, միջից ընկածը՛՛ՙգրին քարտ՛՛ ասվածն էր:  Աչքերիս չհավատացի: Զանգահարեցի Ժիրայր եղբորս լուրը հայտնելու համար: Չհավատաց: Իզուր չենք Թովմաս անհավատ կոչել նրան: ՛՛Անպայման տունս պիտի գաս՚,- պարտադրեց: Խոստացա, միայն թե աշխատանքից հետո: Գրին քարտը առա ու գնացի հիմնարկ:  ՛՛Չառլի, գրին քարտը ստացա՛՛: Ամերիկայում ծնված, ամերիկյան քաղաքացու բոլոր արտոնություններն ունեցող մարդը ի՞նչ պիտի հասկանար, թե ի~նչ ապրումներ են ունենում նրանք, ովքեր երկրում ապրելու իրավունք են ստանում: ՛՛Տուր, տեսնեմ էդ ինչ է՛՛: Վերցրեց, կողքինին տվեց, կողքինն էլ մեկ ուրիշին ու էդպես` ձեռքից-ձեռք անցավ ու երբ աշխատանքային օրվա վերջում ետ վերցնել ուզեցի, չկար: Սկսեցի փնտրել, բավական ուշ հասկացա, որ ժամանակս իզուր եմ վատնում: Հսկա շենքում գրին քարտս անհետ կորավ: Գնացի Ժիրայրի մոտ, պատմեցի գլխիս եկածը,  ՛՛Հերիք է պատմություններ հորինես՛՛,-բարկացավ ու էլի չհավատաց: Բայց հավատա-չհավատա, արդեն Ամերիկայի քաղաքացի էի: Այսպես, երեք տարի նույն տեղում աշխատեցի, շաբաթականս ավելացրել էին, նոր գյուտեր էի ներկայացնում, որոնք անմիջապես գործի մեջ էին ներդրվում: Ֆիզիկայի ասպարեզում բավական մեծ համբավ ունեի: Աշխարհի ամեն կողմեն կկանչեին տարբեր առաջարկություններով` դասախոսություններ կարդալու, գիտաժողովների մասնակցելու.. Լավ էր, բայց պահ եկավ, որ մտածեցի` ավելի մեծ գործեր նախաձեռնելու մասին:

 - Չեք ափսոսու՞մ գիտության ասպարեզը թողնելու համար: Չէ՞ որ ինքներդ եք ասում, որ այդ ծիրի մեջ մեծ համարում եւ ճանաչում ունեիք եւ նյութապես էլ վստահաբար ապահով կյանք էիք վարում:

- Ոչ, որովհետեւ գնացի այն ճանապարհով, որը հայրս էր ընտրել: Հորս գործի շարունակողը դարձա: Հայրս Իրաքի ամենախոշոր կոնտրակտորներից մեկն էր: Պարսկաստանից մինչեւ Բաղդադ ձգվող ճանապարհները ինքն էր կառուցել: Բաղդադից մինչեւ Մոսուլ, Քաբուլ ճամփաները, կամուրջները հորս` Ստեփան Հովնանյանի մտքի ու աշխատանքի արդյունքն են:              

- Մշակույթի հանդեպ ունեցած սերն էլ ե՞ք Ձեր հորից ժառան՞ել:

- Հայրս միշտ Նարեկացի կկարդար: Զավակներին ասում էր.՛՛ՙՀայերեն պիտի կարդաք, հայկական մշակույթ պիտի իմանաք՛՛: Նրա վեց երեխաներից (երկու քույր, չորս եղբայր էինք), հայկական դպրոց ամենաշատ գնացողը ես եղա: Ավարտեցի, նոր օտարալեզու դպրոց մտա: Մի քանի բան կա, որ պատկանելիություն պահելու համար կարեւոր է` ԼԵԶՈՒՆ, ԿՐՈՆԸ, ՄՇԱԿՈՒՅԹԸ ԵՒ ՀԱՅՐԵՆԻՔԸ: Այդ ամենը պահելով է ժողովուրդը կարողանում շարունակել իր երթը ժամանակի մեջ: Եթե մեկը չունենա այս ամենից, ճանապարհը կխոտորվի: Մենք այդ ձեւով կմտածեինք: Փոքր էինք, բայց շաբաթ, կիրակի օրերին անհամբեր կսպասեինք   հայրենիքի ձայնը լսելու:՛՛ՙԵրեւանն է խոսում, Երեւանն է խոսում՛՛, խոսքերը հնչելուց առաջ, մենք կպառկեինք գորգի վրա ու կպատրասվեինք նոր երգերի տողերը գրելու: Առաջին տողը մեկն էր գրում, երկրորդ տողը մյուսը, Անահիտ քույրս էլ լավ լսողություն ուներ, մեղեդին էր սովորում: Հետո ՛՛ՙհավաքում՛՛ էինք նոր երգը ու միասին երգում: Ընտանեկան երգչախումբ կազմեցինք, երբ տունը հյուր էր գալիս, հայրս ասում էր`՛՛երգեք՛՛: Մենք էլ սիրով կերգեինք:     

 Ամեն ինչ ապրեցնելով է, որ կապրես: Առանց սիրելու չես կարող ոչինչ սովորեցնել: Եթե երեխային գեղեցիկի հանդեպ սեր արթնացնես, նա գեղեցկությունը գնահատել կիմանա: Բախտավոր եմ, որ ծնողքս մեզ մեծացրին գեղեցիկի հանդեպ  սեր պատվաստելով: Հրաշք էր իրական:

- Իսկ հասուն տարիքի հրաշքը ո՞րն էր: Թե՞ հրաշքները միայն վաղ մանկության ու պատանեկության տարիներին են կատարվում:

- Չէ, ինչու՞: Ամենամեծ հրաշքը կյանքում կարծեմ, քո ճիշտ կեսին գտնելն է: Երկու ոտքով քայլող մարդը շատ հեռու չի կարող գնալ: Անչափ կարեւոր է կյանքի լավ ընկեր ունենալը: Ճամփաները, որ կյանքիդ ուղին են նախանշում, չորս ոտքով անցնելն ավելի դյուրին են հաղթահարվում: Բախտավորություն է: Ամենամեծ հրաշքը դա է: Հավատա, կողքիդ քեզ սիրելի անձ ունենաս, կյանքիդ ընթացքին ուրիշ հրաշքներ էլ  կկատարվեն: