«ԷՊՍԻԴՈՆ» ԿԱՄ ԵՐԵՔ ԳՈՒՄԱՐԱԾ…

 «Էպսիդոն»  հունարեն բառը մենք գտանք թատերական բառարանում և բավական ուշ…
Մեր թատերախումբը ստեղծվել է, կամ, ինչպես մենք ենք սիրում ասել, ծնվել է 2012 թվականի փետրվարի 3-ին: Գաղափարը կար  վաղուց: Ուզում էինք ունենալ մերը անկյունը: Համախոհների մեր խումբը, մեր տարածքը, որտեղ կկարողանայինք ազատ գործել` փորձել, մեր  ծրագրերը կազմել, մշակել նաև իրականացնել: Թատերախումբ ստեղծելու ցանկությունն էլ ավելի մեծացավ «Վոյցեկ» մյուզիքլի պրեմիերայից հետո, որտեղ ես մյուզիքլի դերակատարներից մեկն էի, Արմենը` գլխավոր դերակատարն էր,  Արթուրը՝ մյուզիքլի ռեժիսորը:  Ներկայացման  փորձերի ընթացքում  հասկացանք, որ համատեղ աշխատանքը ոչ միայն ստացվում, այլև մեզ հաճույք է պատճառում:  Ուրեմն, երեք անդամից բաղկացած խումբը ձևավորվեց հունվարի վերջին, իսկ փետրվարի 3-ին, ընտրվեց և հաստատվեց թատերախմբի` “Էպսիդոն ”անունը, ինչով և պայմանավորված է թատերախմբի «ծննդյան օրը»: Անուն ընտրելը նույնպես միանգամից չստացվեց. օրեր շարունակ փնտրում, գտնում-հավանում էինք, բայց նույն պահին կամ որոշ ժամանակ անց մերժում էինք, նոր տարբերակներ առաջարկում… 
Մի օր թատերագիտական բառարաններից մեկում տեսանք մեզ անծանոթ` «էպսիդոն» բառը: Հին հունարեն բառ էր, որը թարգմանաբար նշանակում է «ներմուծվող», «լրացնող»: Խորանալ, իմացանք նաև, որ էպսիդոնները հին հունական դրամայում խոսակցական տեսարաններն էին պարերգային երկու ելույթների միջև: Քանի որ մենք էլ մեր ներկայացումներում ձգտում ենք համադրել խոսքի, շարժման և երգեցողության տարրերը, ապա ավելի ճշգրիտ անվանում, երևի թե դժվար  գտնեինք:
Թատերախմբի ստեղծման «պատճառը», ինչպես նշեցի, հանդիսացավ «Վոյցեկ» մյուզիքլը, իսկ արդեն կազմավորված թատերախմբի առաջին ներկայացումը դարձավ «Մոռացված հողը» երաժշտական դրաման: «Վոյցեկը» Գեորգ Բյուխների հայտնի համանուն պիեսի մյուզիքլի ժանրային տարբերակն էր:  Մի մարդու պատմություն է, որը կործանվում է, հասարակության զոհ դառնալով: Ներկայացման մեջ զբաղված էին երեսուն երիտասարդ դերասան, երաժիշտ և պարող: Կենդանի նվագակցությամբ, երգեցողությամբ և պարարվեստի տարրերով զուգակցված մյուզիքլը, 2012-ին ընդգրկվեց «Թատրոն-X» փառատոնի շրջանակներում, ապա ներկայացվեց ՀՀ նախագահի  մրցանակին:
«Մոռացված հողը» երիտասարդ սիրահար զույգի և նրանց` բարդ   փոխհարաբերությունների մասին է, որից ոչ միայն իրենց, այլև նրանց մերձավորների կյանքի հունն է փոխվում: Եւ կյանքը, նրանց այնպիսի շրջադարձերով է տանում, որ այլևս անհնար է դառնում ապրելը:  Ապականված, կործանարար միջավայր, որտեղ ասես հողն էլ է խռովել մարդուց,   միակ ելքը, թվում է փախչելն է, միայն թե փախչելու տեղ էլ  չկա… 
Ներկայացումը բեմադրել է Արթուր Մակարյանը, դերակատարներն էին Լիանա Ավետիսյանը, ԱրմենՍարգսյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Ջանգիրովը, որի համաձայնությունը մեզ հետ համագործակցելու, պարզապես պարգև էր: Մեր նորաստեղծ թատերախմբի համար մեծ պատիվ էր նման արտիստի հետ աշխատելը: Մի արվեստագետ, որից մենք նաև շատ բան սովորեցինք: Ներկայացման  ընթացքում հնչում էին երգեր դերասանների կենդանի կատարմամբ, որոնց  երաժշտության հեղինակներն են Ժան Հովակը և երիտասարդ կոմպոզիտոր Էդուարդ Պեշտմալջյանը:  «Մոռացված հողը» ներկայացմամբ մենք մասնակցել ենք «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնին,  հանդես եկել Չարենցավան և Աբովյան քաղաքներում:
Թատերախմբի երկրորդ գործը «Բալագանչիկ» միստիկ դրաման էր, որը բեմադրեց Արմեն Սարգսյանը: «Բալագանչիկը», Ալեքսանդր Բլոկի համանուն պիեսի մեր մեկնաբանումն էր: Ներկայացման գլխավոր հերոսը,  դրամատիկական  գործ գրելու ընթացքում, հայտնվում է իր իսկ հորինած մղձավանջային պատմության առանցքում: Նա փորձում է դուրս գալ ստեղծված վիճակից, և ելք փնտրելու ժամանակ հասկանում, որ միակ միջոցը  իր իսկ  կենսագրությունից, իր իսկ կյանքից,  իր իսկ երազանքերից հրաժարվելն է… Մեր թատրոնի  որդեգրած սկզբունքներին համաձայն,  այս  ներկայացումն  էլ էր բեմարվեստի ու երգարվեստի արտահայտչաեղանակներով համադրված: Երգերը, Ա. Բլոկի ստեղծագործությունների հիմքով, հեղինակել էր Վահե Հայրապետյանը: Ասեմ նաև, որ մեր երկու`«Բալագանչիկը» և «Մոռացված հողից» գործերում  փորձել ենք մեր թատերախմբի որդեգրած ձեռագիրը` խոսքի, շարժման ու երաժշտության տարրերի համադրությունը պահպանելով, բեմահարթակ դուրս բերել գեղարվեստական կառուցվածքով ինքնուրույն, միմյանցից խիստ տարբեր ներկայացումներ: 
2013-ին, «Բալագանչիկը» ներկայացրել ենք «Հայֆեստ» ու “Երիտասարդ  թատերական  ռեժիսուրա”  կոչվող հանրապետական փառատոներին: 
Նույն` 2013-ի ամռանը, մասնակցել ենք «Մեկ Հայաստան» ՀԿ-ի հայտարարված “Shift Initiative” մրցույթին, որի հիմնական պայմանը արվեստի ցանկացած բնագավառում նորովի մեկնաբանությամբ որևէ հայկական դասական գործ կամ խորհրդանիշ ներկայացնելն էր: Մեր թատերախումբը որոշեց մասնակցել այս մրցույթին՝ Նար-Դոսի «Ես և նա» գործը ռոք-օպերայի տարբերակի ինքնատիպ նախագիծն առաջարկելով: Մրցույթի նախնական փուլում իսկ  հայտնվեցինք առաջին վեցնյակում և անցանք երկրորդ փուլ, որի հաղթողը պետք է որոշվեր բաց քվեարկությամբ: Ի ուրախություն մեզ, և շնորհիվ  ինտերնետային մեր երկրպագուների`  «Ես և նա» ռոք-օպերայի նախագիծը ճանաչվեց մրցույթի հաղթող: Իսկ մեկ տարի անց տեղի ունեցավ ռոք-օպերայի պրեմիերան: Բեմաղրող ռեժիսորը այս անգամ էլ Արմեն Սարգսյանն էր:  Հայ դասականի գործը բոլորիս լավ ծանոթ է դպրոցական դասագրքերից: Թեև մեր տարբերակում կան որոշ «միջամտություններ», սակայն իմաստային առումով այն մնացել է նույնը:
Հայ դասականի գործն ընտրելով,  ուզեցինք հավերժական թեմաներից մեկի շուրջ “խորհրդածության” հրավիրել հանդիսատեսին: Մանավանդ որ ասելիքը մեր օրերին համահունչ է… Սերը` կամային իր նշանով, ճակագրական դերով, որը  կարևորվում է յուրաքանչյուրի  կյանքում` երբեմն վերելքների հասցնելով, երբեմն էլ անկումների պատճառ դառնալով: Սոցիալական տարբեր սանդղակներում գտնվող սիրահարներից մեկը  չի կարողանում հասարակական կարծիքին հակառակ գնալով, հաղթահարել միմյանց բաժանող “տարածությունը”, իսկ մյուսը` կամքի ուժ ցուցաբերելով, ոչ միայն հաղթահարում է սիրած աղջկա մոտ տանող ուղին, այլ ավելի վեր է բարձրանում: Միայն թե տարիների պտույտներով անցնող  ճանապարհն անցնելիս,  տղայի  հոգում  մնում է միայն ցավի ու դառնության  հուշը: Սերը ետդարձի ճանապարհը միշտ չէ, որ պահպանում է:  “Ես և նա” ռոք-օպերայի երաժշտությունը հեղինակել է ԱՅԱՍ խմբի հիմնադիր, հայկական ռոքի լավագույն ներկայացուցիչ Արթուր Միտինյանը, ով այդ ժամանակ ապրում ու ստեղծագործում էր Մոսկվայում, և Երևան ժամանեց հատկապես մեզ հետ համագործակցելու և ստանձնած գործը լավագույնս  իրականացնելու համար:
Գեղարվեստական գործը, որն ընտրել ենք մեր նոր ներկայացման համար, իտալացի հայտնի դերասան, բեմադրիչ և թատերագիր Դարիո Ֆոյի՝ «Ամեն գող չէ, որ հանցագործ է» պիեսն է: Փորձերը սկսել ենք սեպտեմբերի սկզբին և շուտով նոր բեմադրությամբ կներկայանանք մեր հանդիսատեսին:
  “Էպսիդոն”  թատերախումբը իր գործունեության սկզբնավորման գրեթե առաջին իսկ շրջանից ձեռնարկել ու կյանքի է կոչել նաև մշակութային տարաբնույթ ծրագրեր: Մասնագիտական դասընթացներ կազմակերպումը մեր հիմնական նպատակներից մեկը դարձնելուց բացի, 2012-ի մարտի 27-ին, նախաձեռնեցինք Թատրոնի օրվանը նվիրված փոքրիկ երթ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով, որի շարունակությունը դարձավ թատրոնի շնորհանդեսը` Նարեկացի արվեստի կենտրոնում: Եւ  ավարտվեց օրը գիշերային դիմակահանդեսով: Նույն տարվա, հուլիս ամսին կազմակերպեցինք ճապոնական թատրոնի երկշաբաթյա վարպետության դասեր:  Ամերիկացի ռեժիսոր ճապոնական թատրոնի գիտակ` Ռիչարդ Նայի վարպետության դասերը,  մեր թատերախմբի անդամների հետ ունկնդրում էին նաև  տասը հոգուց բաղկացած մի խումբ, որը կազմավորվել էր հայտերի հիման վրա: Ունենք նաև «Հանդիպումներ» վերտառությամբ մի նախագիծ, որի շրջանակներում հրավիրում և զրույցներ ենք ունենում հայ անվանի արվեստագետների հետ:
 Այսպիսին է, դեռևս շատ կարճ ճանապարհ անցած, «ԷՊՍԻԴՈՆ» թատրոնի ստեղծագործական կենսագրությունը: Ավելացնեմ միայն, որ մեր թատերախումբն արժանացել է երեք մրցանակի՝ ՀԹԳՄ «Ոսկե մեդալ», թատերական նոր նախաձեռնությունների և երիտասարդական թատրոնի ստեղծման համար (2013թ.), Տարվա Online թատերախումբ (2013թ.) և Տարվա Online ներկայացում` «Բալագանչիկ» ներկայացման համար (2014թ.), մասնակցել է մի շարք փառատոնների և մեկնել հայաստանյան հյուրախաղերի: Դժվարություններ, իհարկե կան, բայց մենք փորձում ենք հաղթահարել, երբեմն շրջանցել, երբեմն էլ պարզապես չտեսնել դրանք` մշտապես աշխատանքային ռիթմի մեջ մնալով, ստեղծագործական նոր որոնումների, նոր բեմադրությունների ու նոր ծրագրերի վրա մեր ուշադրությունը կենտրոնացնելով...