«Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱԼ ՁԵՌՔԻ ՏԱԿ, ԱՆՄՈԼՈՐ ԳՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ»

 

  Ալեքսանդր Թամանյանը գիտեր այս հարցի պատասխանը։ Գիտեր ու ստեղծագործական իր կենսագրությամբ էր հաստատել Հովհաննես Թումանյանի այն միտքը, թե. «Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքի տակ պիտի ունենա իր ճամփան անմոլոր գնալու համար»։ Թամանյանը տեղյակ էր նաև, թե համաշխարհային շինարարական արվեստը զարգացման հին ու նոր ինչ փուլերով է անցել ու անցնում նաև ժամանակի իր ապրած հատվածում։ Եւ այդ իմացության հիմքով էր ստեղծագործական իր զինանոցը հարստացրել։
 Հիշողության կորուստի՞, թե՝ լուսատու աղբյուրները մարելու, թե՝ չիմացության, թե՝ մարդկային ագահության հետևանք են մեր մեծ շեղումներն ու մեր վերջին տարիների մոլորությունները...
 Հիշենք, որ Ալ. Թամանյանը, Երևանի գլխավոր հատակագծի ուսումնասիրության գործը սկսել է առաջին հանրապետության տարիներին, 1921-23 թվականներին։ Այսինքն, ճարտարապետը, ի սկզբանե է Երևանի բարեկարգումն ու զարգացումը քաղաք-այգիների օրինակն իբրև բնակլիմայական, սոցիալական և խորհրդանշական ասպեկտներով ներդաշնակ կենտրոնակազմ մի ամբողջության մեջ տեսել։ «Արևային քաղաքը» նախագծելիս, նա աչքի առաջ է ունեցել մասնավորապես անգլիացի փիլիսոփա, տնտեսագետ Էբենզեր Հովարդի սկզբունքները։ Է.Հովարդի 1898-ին, հրատարակված «Վաղվա օրը, խաղաղ քայլ դեպի իրական բարեփոխումները» ապա` 1902 –ին լույս ընծայված՝ «Ապագայի քաղաք-այգիները» վերտառությամբ գրքերին ծանոթ Ճարտարապետն, անգլիացու առաջադրած դրույթներն ու Երևանի սոցիալական, տնտեսական, սեյսմիկ, աշխարհագրական ու քաղաքաշինական պահանջներն, ի նկատի առնելով է նախապատվությունը կանաչ գոտիներին տվել և մերժել բարձրահարկ կառույցները։ Համոզված էր նաև, որ փողոցային ցանցերին, տրանսպորտային միջոցներին հատկացվող տարածքների խառն ու անկազմակերպ կառուցապատումը մեծ քաղաքները դարձնում են անկառավարելի։ Օրինաչափ էր, ուրեմն, որ 1924-ին, ապրիլի 3-ին, Հայաստանի կառավարության հաստատած «Երևանի զարգացման և կարգավորման հատակագիծը» կոչված՝ Ալ Թամանյանի նախագծում, մայրաքաղաքի շրջակա միջավայրի ձևավորման համար նշանակալից տեղ էր հատկացված կանաչապատ գոտիներին: Փաստ է և այն, որ հետագա տարիներին նրա նախատեսած այգիների ու կանաչ շերտերի կազմավորման գործը չընդհատվեց, այլ շարունակվելով ու ներհյուսվելով քաղաքաշինության կարևոր մաս կազմեց։ Եւ դա քաղաքաշինության ասպարեզը տնօրինող բանիմաց անհատների, հատկապես ճարտարապետների շնորհիվ ու գործուն մասնակցությամբ։ Ստեղծագործական կարողություններով օժտված, տաղանդավոր մարդիկ էին, որոնք Թամանյանի պատկերացրած երազանքի տարածությունները կառուցատելիս և կանաչապատելիս, շատ անգամ խորհրդային կարգերի հաստատած կանոնները խախտելու, անգամ վերևներից տրվող հրահանգներին չենթարկվելու, հարուցվող մեծ ու փոքր դժվարությունները հաղթահարելու հմտություններ ցուցաբերելով, Երևանը երևելի քաղաք դարձրեցին։ Անհասկանալի, անբացատրելի է միայն, թե ինչպե՞ս եղավ, որ մասնագիտական հարցերում աննահանջ ու սկզբունքային, մարդկային բարձր նկարագրի տեր, առաջնագիծը պահող մեր ճարտարապետներն անկախության տարիներին իրենց դիրքերը զիջելով, նահանջեցին։ Նահանջեցի՞ն։ Սխալ կամ մոտավոր բառ ընտրվե՞ց։ Գուցե։ Բայց դա չէ կարևորը։ Լավ կլիներ, որ այս հարցը առհասարակ չծագեր։ Բայց այն կա, և արդեն մի քանի տասնամյակ է, որ տարբեր ձևակերպումներով և պարբերաբար հնչեցվում է։ Հնչեցվում է հիմնականում հասկանալու համար, թե ինչպե՞ս եղավ, որ երկրի անկախությունից հետո ճարտարապետների շարքերում հայտնված մի քանի ապաշնորհներ դարձան երկրի, երկրի մայրաքաղաքի՝ «գլխավոր...», և անարգել գործելու հնարավորություն ու արտոնություն ստանալով, ձևախեղեցին քաղաքամայր Երևանը։

 ՄԻՆՉԴԵՌ ԳԻՏԵԻՆ

 Ժողկոմխորհի նախագահ Ա. Տեր-Գաբրիելյանին Երևանի հատակագծի մասին Թամանյանի բացատրագրից փոքրիկ մի հատված.«Իմ նախագծերի մեջ ես օգտագործել եմ «քաղաք պարտեզ» և՛ սկզբունքը և՛ ձևերը, իբրև լավագույն օրինակ և ամենահաջող եղանակը քաղաքների շինարարության մեջ։ Ես համոզված եմ, որ քաղաք-պարտեզի սկզբունքը ոչ մի կերպ չի հակասում մեր երկրի սոցիալական բնույթին և կոլեկտիվ պահանջներին և ոչ մի դժվարություն չի առաջացնում մեր շինարարության համար»։ Ճարտարապետը ժողկոմխորհի նախագահին բացատրագիր ներկայացնելով ու նրա հետ քաղաքամայր Երևանի գլխավոր հատակագիծը քննարկելիս, հարկ է համարել նաև տեղյակ պահել Հորվարդի քաղաք–այգի տեսության հիմնական սկզբունքների կիրառման մասին։ Այն մայրաքաղաքի յուրաքանչյուր հատվածի համար գեղագիտական բարձր մակարդակ ապահովելու, կանաչապատ հարուստ քաղաքային միջավայրի ձևավորելու նախագիծ էր։ Այն Հրազդան գետի ափը առողջարանային համալիր դարձնելու, քաղաքի բարձրադիր հատվածը հյուսիսային քամիներից ու փոշուց պաշտպանելու համար անտառապատելու և դեուրբանիզացված քաղաքի կենտրոնի համար օղակաձև զբոսայգի և ծառաշատ պողոտա ունենալու նախագիծ էր։ Եւ մայրաքաղաքի ընդհանուր տարածքի մեկ վեցերորդ մասը կանաչապատելու առաջադրանք էր։ Մի բան, որը տարիների ընթացքում փուլ առ փուլ իրականացվել էր, հանկարծ ի չիք եղավ։ Կար ու չկա։ Ցուրտ ու մութ տարիներին, ճիշտ է, ծառահատումներ կատարվեցին, բայց դա մասնակի բնույթ կրող ու ժամանակի պարտադրած դժվարությունները հաղթահարելու համար արվեց։ Իսկ այն, ինչ պետք է կատարվեր հետո, մեր պատկերացումներից դուրս էր։

 « ՔԱՆԴՈՂ-ԿԱՌՈՒՑՈՂՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ ...»

  Նորանկախ երկրի մայրաքաղաքի տերերն ու նրանց շքախմբի մաս կազմողները, մասնագիտական նոր որակներ հանդես բերելով, բավական կարճ ժամանակում Երևանի դիմագիծը հիմնավոր փոխելու իրենց «հանճարեղ գաղափարների» մասին հանրությանը տեղյակ պահելով, սկսեցին քաղաքի վերաձևումը։ Քանդել-կառուցելու պարտադիր եղանակը նախընտրելով, շտապ գործի անցան։ Անշուշտ, գիտեին, որ քաղաքի կենսագրությունից պոկված քարե էջերը չեն վերականգնվում։ Համենայն դեպս, մենք նման հմտությունների տիրապետելու փորձ ու օրինակ չունենք։ Բայց ասացին՝ «Ալեքսանդր Թամանյանի չիրականացված նախագծերն ենք կյանքի կոչում» և այդ «առաքելությամբ» սկսեցին Երևանը վերաձևել։ Տարիներ շարունակ քաղաքաշինության բոլոր օրենքները խախտելով և առանձին մի ատելությամբ հին ու համեմատաբար նոր կառույցները քանդելով, քաղաքը մեծ մի մեծ շինհրապարակի էր վերածվել։ Միայն թե չգիտես ինչու՞ Թամանյանի անունը տալիս. չէին մտաբերում, նրա հիմնական դրույթները։ Օրինակ, որ քաղաքը ոչ թե ծառազուրկ փողոց, ոչ թե բարձրահարկ, այլ ծառաշատ ու ցածրահարկ շինություններ պետք է ունենա։ Վստահաբար տեղյակ էին, որ Ճարտարապետը մայրաքաղաքի կենտրոնում ոչ թե անճոռնի շինություններով Հյուսիսային պողոտա կառուցելու, այլ Կոնդը թանգարանային գոտի դարձնելու նախագիծ ուներ։ Մինչդեռ Երևանի հյուսիս-արևմտյան բարձունքին գտնվող բլուրը պատշաճ տեսքի բերելու փոխարեն, մութ ու խճողված պատմություններով հարստացրին բլուր-քաղաքի տխուր կենսագրության էջերը։ Բարեփոխելու մասին պարբերաբար խոստումներ տալով և մի քանի անգամ տարածքը վերավաճառեցին։ Ծուռումուռ, նեղլիկ փողոցները, կիսափլուզված խրճիթներն ու քողտիկները թողած, այստեղ ապրող մարդկանց թշվառ կենսակերպն անտեսելով, ձևափոխեցին քաղաքի կենտրոնը, վերացրին քաղաքի պատմական ու ճարտարապետական միջավայրը կազմավորող բարձրարժեք ու եզակի շինություններ։ Եւ չգիտես, թե այս ձևախեղումների և կորուստների համար ե՞րբ և ո՞վ է պատասխան տալու։

 -ԻՆՉՈՒ՞ ԵՍ ԾԻԾԱՂՈՒՄ։

 - ՈՐՈՎՀԵՏԵւ...

  Քաղաքի գլխավոր Ճարտարապետ Ա. Մեսչյանը երբ նոր էր ընտրվել, Երևանում իրականացվող ապօրինությունները կասեցնելու, փրկվածը պահպանելու և քաղաքը բարեկարգելու խոստումներ տվեց։ Երևանցիները հուսադրվեցին, ամենակարևորը՝ վստահելով, հավատացին։ Գլխավոր ճարտարապետը ուրիշ մի առիթով էլ ասաց, թե կոնդեցիք ոսկե տարածքի վրա են նստած, և մտահոգվելու խնդիր չունեն։ Նաև տեղեկացրեց, որ Կոնդ մշակութային թաղամաս դարձնելու մեծ երաշխիքներ ունի։
  Կոնդը՝ Հյուսիսային պողոտան թեթևացնելու ժամանցային ու գրավիչ կենտրոնի վերածելու ծրագրի մասին արված հայտարարությունը լսելով, երևանցիները (նրանք, որ լավատես են) բարձրաձայն անցյալի սխալները «սրբագրելով», երազեցին... Եթե ժամանակը, շատ չէ, մի քանի տարի ետ տալու հնար լիներ, ապա Գրքերի պալատը չեղարկելու փոխարեն, հենց Կոնդի տարածքում Մնջախաղի թատրոնի համար նոր մի շենքի նախագիծ կհաստատվեր։ Նույն այս տեղում Գոյ թատրոնն էլ վերջապես արժանի մի տանիք կունենար։ Տարաբնույթ օբյեկտների և վաճառատների վերածված կինոթատրոններին փոխարինող գոնե մեկ կամ երկու նոր կինոսրահ, կերպարվեստի, ու առհասարակ կիրառական հին ու նոր արվեստների տարբեր ոլորտները ներկայացնող փոքր ցուցասրահներ, բացօթյա ու փակ համերգասրահներ կգործեին։ Հետո բանավոր ասված ծրագրի համաձայն, հինավուրց բլուրն այդ մշակույթների փառահեղ թաղամաս դարձնելով, քաղաքի փուշ Կոնդի՝ մեկ տասնամյակներ շարունակ չարչրկված հարցը թեկուզ ուշացած, բայց վերջապես լուծում կստանա։ Եւ քաղաքակիրթ երկրների օրինակով, այս թաքստոց- բարձունքը ոչ թե խնդրահարույց, այլ Երևանի գանձարանը հարստացնող արվեստներ ու արհեստներ ներկայացնող մի տարածք կդառնա։ Այդ ժամանակ միայն «Կոնդը Երևանի մայրաքաղաքն է» հայտնի խոսքը ոչ թե հեգնանքով, այլ հպարտությամբ շրջանառության մեջ կառնվի։ Կոնդի բնակիչներն էլ սերնդե-սերունդ փոխանցված մեծ ցավից ազատվելով, վերջապես նորմալ պայմաններում, մարդավարի կյանքով կապրեն։ Հնարավո՞ր է, որ սա գոնե մասամբ իրականություն դառնա։ Գուցե՝ այո, գուցե՝ ոչ։ Ասում են երազանքի հետևից գնալ է պետք։ Գնալը՝ գնում են։ Միայն թե ներկա փուլում, հին դարդերը խորացնելով, կրկին քաշքշուկների մեջ են ներքաշել Կոնդի բնակիչներին... Բայց կոնդեցիները վհատված չեն։ Հավատում են։ Եւ ոչ միայն Կոնդի բնակիչների, այլ մեծ ու փոքր խնդիրներ ունեցող երևանցիների ոգևորությունը պահելու կամ գոնե հույսը չմարելու համար է կարևոր, նաև անհրաժեշտ, որ խոստումներից՝ լուրջ ու հիմնարար գործի անցնելու վարք ցուցաբերվի։ Որպեսզի երկրի մայրաքաղաքի իսկական տերերը ոչ թե «վատը՝ լավ տեսնելով, ներեն», այլ լավը՝ լավ տեսնելով, սիրեն ու ապրեն։ Ապրեն, որ ապրեցնեն ...
 
 Ինչու՞ ես ծիծաղում...
 
– Որովհետև էլ չեմ ուզում լաց լինել։