«Կապույտը - կարոտ թափանցիկ, մաքուր»

 

Հաջողությունների  և  Բարի տարի լինի բոլոր- բոլորիս համար 2020- ը։  Հուսանք, մանավանդ որ գալ տարվա  գլխավոր խորհուրդը  Հույսն է.

Չգիտես ինչու՞ է ամեն տարվա վերջին  ամսվա, վերջին օրերին մարդը ոչ միայն մտածում, այլև հույս է փայփայում, որ  անձնական երջանկության, մասնագիտական և նյութական հաջողության  հասնելու, նպատակների ու երազանքների իրականացման համար հիմնավոր երաշխիքը հենց եկող տարին է։ Այս անգամ արդեն  գրավոր  է երաշխավորագիր կա, այո՛ 2020-ն իսկապես էլ հույսեր իրականացնող տարի է լինելու։ Ավելին, մարդկությանը սթափեցնող, երկիր մոլորակը ոչ թե կործանման, այլ  բնական աղետներին դիմակայելու, պատերազմներից խուսափելու,  համերաշխ ու  խաղաղ ապրելու  Հուսադրող տարի ենք  ունենալու...

Անցնող ամեն մի տարին  ետ նայելու,  արված –չարվածը  թվարկելու կամ  գնահատական տալու   պարտադրանք կամ առաջադրանք չի տալիս, բայց  մարդը  նման մի հաշվետվության,    լուռ և անկեղծ ներքին մի երկխոսության պահանջ, այդուհանդերձ զգում է։ Անցնող տարին նման է հեռացած մարդու, որի  վերադարձն  անկարելի է, ալևս։  Անցնող տարին երբեմն  տխուր է, երբեմն խորհրդավոր ինչպես արևը   մայրամուտից առաջ։  Հեռանում է՝ պղտոր ու ջինջ, տխուր և լուսավոր հուշ-հիշատակ թողնելով։ Անցնող տարին մեծ ու փոքր պարգև - անակնկալներ  մատուցելու  իր ժամանակն ու իրավունքը, սակայն մինչև վերջին   վարկյաններն չզիջելով   է հեռանում։

Ի՞նչ ենք մտածում  տարեմուտին սպասելիս, ինչի՞ մասին ենք երազում Սուրբ ծննդյան օրը նշանավորելիս...

 Տարբեր են մարդիկ,  տարբեր են սպասելիքներն ու  երազանքները։ Ոմանք հավատում, ոմանք էլ մերժում են  տարին դիմավորելու բոլոր այն «կանոնները», որոնք «աստղերն ու տիեզերական ուժերն  են հուշում».  Ինչպե՞ս, որտե՞ղ և ու՞մ հետ  հարցերը չեն առաջնայինը, այլ  այն, թե  ինչպե՞ս պետք է զարդարել տունն ու  տան տոնածառը, ի՞նչ  ճոխությամբ և ի՞նչ համադամների ընտրությամբ պետք է  բացել տոնական սեղանը և վերջապես  որ գույնն է գերակշռող- գերադասելին...   Տարբեր են առաջարկները, ինչպես տարբեր են հողագնդի բնակիչներն, էթնիկ մշակույթների ավանդույթներն ու սովորությունները։ Հավատալու, թե՝ չհավատալու  հարցն այս պարագայում արդեն չի քննարկվում։  Մեզանից յուրաքանչյուրն էլ հայտնի է՝ կան բաներ որոնց մասին հեռավոր պատկերացում  չունենալով հանդերձ,  դրանց  գոյությունը    ժխտելն  անիմաստ է ...

Հավատում ենք, օրինակ, որ՝    

Տիեզերքը գույն ունի, Մարդը՝ նույնպես։  Նոր տարին նույնպես իր գույնն ունի։  Գույնը լույսի ազդանշան է։ Թեպետ ասվում է, թե գույնի զգացողությունը կախված է ֆիզիոլոգիական , հոգեբանական և սոցիալ-մշակութային համակարգից, այդուհանդերձ գույնի ընկալումը սուբյեկտիվ է և ընդհանրական մեկնաբանության չի ենթարկվում։ Բացառությամբ  թերևս այն մեկից, որ Նոր Տարվա գույն է հռչակվում։  

2020 թվականի համար  երեք հիմնական (կարմիր, կանաչ կապույտ) գույներից կապույտն է ընտրվել։ Գիտական հետազոտությունների համաձայն կապույտը բուժիչ հատկություններ ունի։ Կապույտի  տարբեր երանգները, տարբեր նշանակությամբ են հայտնի։ Կապույտը մարդկության և հատկապես պոետների ու նկարիչների նախընտրած ու սիրելի  գույներից մեկն է՝  որպես գոյական, որպես մակդիր, որպես պատկերային համակարգ, որպես գունային հարուստ ու շեշտող երանգ։  Որպես անրջանքների թռչուն։  Որպես   Երկնքի ու Ջրի, Երազների ու Կարոտների գույն...

   Եւ հետո՝   

Կապույտը հոգու աղոթանքն է, քույր

Կապույտը-թախիծ,

Կապույտը- կարոտ, թափանցիկ, մաքուր

Ու հստակ, ու ջինջ։

Կապույտը քրոջ աչքերի անհուն

Առավոտն է թաց։

 Ե. Չարենց

  Կապույտը  խաղաղության, հանգստության, վստահության  խորհրդանիշն է։  

 Հույսը՝   խորհուրդ իսկ Կապույտը խորհրդանիշ ընտրած  2020-ը,  առանց խոշոր ցնցումների տասներկու ամիս է  առաջարկում։   Նոր  տարվա թվահմայիլային բնութագրականը հուշում է նաև,  որ   թեև ծագած յուրաքանչյուր  խնդիր   լուծելու համար առաջնահերթությունը տրվելու է տրամաբանությանը, այդուհանդերձ   հուզական  զգացողություններն ու  ազդակները չեն անտեսվելու։ Ասվում է նաև,  թե  խաղաղության  տարի է 2020-ը, որի  չորս եղանակների ընթացքում կրակները  չբոցավառված, մարվելու են,  տարակարծությունները չեն խորանալու և լուրջ ու աղետալի բախումների չեն վերածվելու։