ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈԻԹՅՈՒՆԸ ԶԳԱՑՄՈՒՆՔ ՉԷ, ԱՅՆ ՄԱՐԴՈՒ ԳԻՏԱԿԱՑՈՒԹՅԱՆ, ԷՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է, ՈՐԸ ՎԱՂ, ԹԵ ՈՒՇ ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ Է

 -Ամենալավ վիճակը գիշերներն եմ ունենում. երբ երազում եմ դեռեւս չկայացած ճամփորդության մասին՝ կարեւոր չէ, թե ուր,  կարեւոր չէ, թե տարվա որ եղանակին, կարեւորը՝ առաջին անիվը վեր ցցած ու մեկ անիվի վրա սլացող մարդն է: Եվ  այդ մարդը ես եմ,- սա ասում է մի մարդ,  որը անընդմեջ  ճանապարհորդում է: Հին ու նոր ճանապարհների սիրահար  մարդը  Պիեդրո Քուչուկյանն է:

 Բոլոր ճանապարհներն են սկիզբ ու վերջ ունենու՞մ: Դարձունակ եւ անդարձունակ ճանապարհներից  որն է նախընտրելին: Խոսքը,  միակողմանի  երթեւեկության այն մեծ ճանապարհի մասին չէ, որով ամեն ինչ շարժվում է սկզբից մինչեւ վերջ՝ ծննդից մինչեւ մահ, այլ այն ճանապարհների, որոնք օտար կամ հարազատ եզերքներ տանելով, նորից ետ են բերում նույն տեղը, որը ծննդավայր  կամ հայրենիք է կոչվում:  Ճանապարհները, որոնցով  անցել է Պիեդրոն, սովորական չեն: Սովորական չէ նաեւ  նրա ընտրած փոխադրամիջոցը…  Ու՞ր է գնում եւ ի՞նչ  է  որոնածը: Չտրված հարց է: Չտրված հարցերը, սակայն միշտ չէ, որ անպատասխան են մնում: Ժամանակի տարբեր հատվածներում նրա հետ ունեցած կարճ հանդիպումների ընթացքում հազիվ կարողանում էինք խոսել հերթական այն խնդիրների ու նախաձեռնությունների շուրջ, որոնց լուծման կամ իրականացման  համար էր շտապել Հայաստան: Մի շրջան կար, երբ նա ոչ թե Իտալիայից էր գալիս, այլ Հայաստանից էր մեկնում: Գնում էր Միլան, որպեսզի ինչ-ինչ հարցեր կարգավորելով, կրկին ետ դառնա Աղետի գոտի, որտեղ նրան սպասում էին:  Տարիներ անց, երբ այստեղ նրան պատվավոր քաղաքացու կոչում էին տալիս, իհարկե, նաեւ այս հանգամանքն էին հաշվի առել:
1988 թվականի դեկտեմբերյան  երկրաշարժից հետո Պիեդրո Քուչուկյանը  շտապեց Հայաստան: Մինչ այդ առաջին ու միակ անգամ Հայաստանում եղել էր երկրաշարժից մեկ տարի առաջ: Բայց…  «մասնավոր բան չզգացի: Այն, ինչ ապրեցի երկրաշարժից հետո, ուրիշ էր»: Այս անգամ երբ եկավ, մայրաքաղաքում չմնաց,  օգնությունն ու հովանավորչական աշխատանքները հեռվից չկազմակերպեց: Գնաց երկրի հյուսիսը՝  ավերակույտի ու գերեզմանի վերածված այն մասը, որի տիրակալը մահն էր, ցավը, թշվառությունը: Մասնագիտությամբ բժիշկ էր: Տեղ էր հասել ու ինչպես ինքն է ասում. «գլխովին գործի անցել» եւ որպես բժիշկ,  եւ՝ որպես թարգմանիչ: Բացի այդ իր իսկ բնորոշմամբ գեշ մի պարտավորություն էլ ուներ՝  Ֆիլտրային կոչվող երեք փուլերից առաջինը նա էր անցկացնում: Այսինքն, որոշում էին, թե  ում պետք է առաջնահերթ օգնություն տրվեր: Պիեդրոն hիշում էր, որ օրեկան երեք հարյուրից ավելի մարդ էր գալիս մոտը  եւ ինքը մի մասին ետ էր ուղարկում: Ստիպված էր դա անում: Օգնություն հայցողների մեջ կային այնպիսիները, որոնք պարզապես աղետից տուժած բնակավայրերից չէին: Բայց գալիս էին, որովհետեւ օգնության կարիք ունեին: Գոյություն պահպանելու խնդրի առաջ հայտնված մարդիկ էին, որոնց պատճառով ինքը նույնպես ծանր իրավիճակների մեջ էր ընկնում, որովհետեւ  չէր կարողանում նրանց ձեռնունայն թողնել: Ինքն էլ էր հայտնվել  արտառոց, արտասովոր իրադարձությունների կենտրոնում եւ նոր օրը  եղած հոգսերը  թեթեւացնելու փոխարեն նոր խնդիրներ  էր բերում: Աշխատանքային երկրորդ փուլում  նրա իսկ նախաձեռնությամբ ու նյութական միջոցներով Աղետի գոտում երեք դպրոց կառուցվեց, առաջնակարգ սարքավորումներով ատամնաբուժական խոշոր կենտրոն ստեղծվեց: Աղետից տուժած ընտանիքների ու  առանձին մարդկանց  հովանավորեց, նույնիսկ  որոշ կարիքավորների Իտալիա տանելով, նրանց ուսման ու ապրուստի ծախսերը հոգալու խնդիրը լուծեց:  Երկրի համար շրջադարձային կոչված  փուլը  Իտալիայում ապրող այս հայի  կենսագրության մեջ էլ բեկում մտցրեց:
Կյանքն այնպիսի անիմաց շերտեր  բացեց, այնպիսի կողմերով ներկայացավ, որ մինչ այդ անծանոթ երեւույթների ու բացահայտումների մասին ուզեց պատմել ոչ միայն բանավոր, այլեւ գրավոր խոսքով: Բայց գրելու ընթացքում զգաց, որ ինչ-որ մի  կիսատ բան չի թողնում, որ ասելիքն ամբողջանա: Եվ հասկացավ, թե ինչը չի հերիքում: Հասկացավ նաեւ, որ սկսված գործն այդպես էլ անավարտ կմնա, եթե չգնա այնտեղ, որ պատմական երկիր է կոչվում: Նախ վերադարձավ Իտալիա: Նախահայրերի կորսված եզերքը  տեսնելու  որոշման մասին  կնոջը՝ Աննա-Մարիային հայտնեց: Պարզեցին, որ սա այն ճանապարհներից մեկն է, որը միասին պիտի անցնեն: Մոռացումից հուշեր փրկելու մի ճանապարհորդություն, որը  Իտալիայից սկզբնավորվելով հայտնի չէր, թե որտեղ էր վերջանալու…
Ուղեւորվեցին դեպի Արեւմտյան Հայաստան: Պատմական երկրի տարածքներն անցնելով,  մտնան Վրաստան ու այստեղից էլ՝ Հայաստանի հանրապետություն:  Անսովոր,  վտանգներով հղի  ուղեւորության համար ընտրված փոխադրամիջոցն էլ էր անսովոր: Մասնատված  երկրի տարածքները  Քուչուկյան ամուսինները նախընտրել էին կտրել ու անցնել մոտոցիկլով: Մետաղե ձիու վրա հեծած, նրանք  սլանում էին անծանոթ վայրերով: Անծանո՞թ: Երբեմն այնպես էր թվում, թե ուղեկից քամու բերած  բուրմունքները ծանոթ են այնքան, որ  մանկության օրերին չապրված  հուշեր են արթնացնում…  Սլացող մոտոցիկլը տանում էր  հեռավոր մի կյանքի անցյալի հետքերը տեսնելու, հոգու աչքերով  վերագտնելու համար այն, ինչ ժամանակին կորցրել էր հայրը: Ամենատարբեր հանդիպումներով,  տխուր  փորձություններով, իրարամերժ  զգացողություններով հագեցած այդ ուղեւորությունը, կարելի էր նաեւ ուխտագնացություն համարել:  Երվանդ Քոչարն ասում է. «Հասկանալու համար չպետք է մտածել, այլ պետք է հոգու ճանապարհով հաղորդակցվել»: Երբեմն հաղորդակցման այլ եղանակներ են պահանջվում: Արդեն   կարող էր շարադրել այն ամեն, ինչ կուտակվել է երկրի երկու հատվածներին “հաղորդակցվելուց” հետո: Սա Պ. Քուչուկյանի առաջին  գիրքը չէր: Սա նրա հեղինակած  յոթերրորդ գիրքն էր: Ի դեպ, Պիեդրոն առաջին իր գիրքը չի հրատարակել ու երբեք չի էլ հրատարակելու: 
Տարբերակման նշանով առանձնացվող մի գիրք էլ ունի Պիեդրոն: Մասնագիտական ձեռնարկ է՝ «Ինչպես մոտոցիկլ վարել» վերնագրով: Այս գործն, ի դեպ առաջին անգամ տպագրվել է 15 հազար տպաքանակով եւ այնպիսի մեծ պահանջարկ է ունեցել, որ նորից է վերահրատարակվել: Մոտոսպորտը հոբբի է:  Մի քիչ դժվար է հոբբի համարել մի ասպարեզ, որտեղ  աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանանալով, շարունակում ես մոտոսպորտի մարզիչ աշխատել: Բայց մարդը այդպես է ասում… Եվ հետո ի՞նչ կարեւոր է: Կարեւորն այն որակն է ու այն նվիրումը, որով անհատը կատարում է իր գործերը:  Եւ հատկապես ոգեւորությունն ու վարակիչ  եռանդն է կարեւորը:
Մանավանդ որ այս հատկանիշները ժամանակների մեջ չեն կորչում:  Տարիները նոր ճանապարհների  են մատնացույց անում եւ նա նորից գիշերային երազանքի ետեւից է գնում՝ մեկ անիվի վրա: Դեպի Արցախ, ապա՝ Ջավախք կատարած ուղեւորություններից ստացած տպավորությունները  նոր գրքերի հիմք են դառնում: Վերջին գիրքը, որ Ջավախքի մասին է <<Երրորդ հայրենիք>> վերնագրել:  Երկրի մասնատված հատվածների ինքնատիպ խոսքային քարտեզ կազմելով, կորսված հայրենիքը ամբողջական մի տարածքում տեսնելու <<իրականացված երազանք>>:    Նաեւ  վերադարձի  ճանապարհ՝ մի հայի, որը  մինչեւ 13 տարեկանը չգիտեր, որ ինքը հայ է: Հայրը՝ Իգնատիոս Քուչուկյանը, Պոլսից էր փախել Իտալիա: Ինչ-ինչ պատճառներով չէր ուզել անցյալը հիշել: Թերեւս այն իսպառ մոռանալու համար էր Իտալիայում ուսանած ու  բժիշկի մասնագիտություն ստացած այրն ամուսնացել  իտալուհու հետ: Իտալական միջավայրին մերվելով, ոչ միայն շրջապատից, այլ հարազատ զավակից էր թաքցրել ազգային պատկանելիությունը Այս ամենի համար անշուշտ, հիմնավոր պատճառներ  ուներ: Բայց նրա անցյալից հայտնի էր միայն այն, որ  երկու անգամ… մահացել էր ու երկու գերեզման ուներ մեկը՝ Պոլիսում,  մյուսը, որն  իսկականն էր՝ Իտալիայում: Հայի պատմություն է: Տխուր պատմություն է: Գուցե ոչ միայն կենսագրության մռայլ էջերը չհիշելու, այլ որդու ապագայով մտահոգված լինելու համար էր Իգնատիոսը նրանից թաքցրել իր ազգային պատկանելիությունը: Հայտնի չէ: Հայտնի չէ նաեւ, թե ինչը  կամ ով է պատճառ դարձել, որ նա այդուհանդերձ մտափոխվել ու  զավակին ճշմարտությունն ասելով, նրան հայեցի  կրթություն տալու որոշում էր կայացրել:
- Ես Իտալիայի հարավում եմ ծնվել ու ապրում եմ Միլանում: Տասներեք տարեկան իրենց զավակին հայազգի հայրս ու իտալուհի մայրս  ղրկեցին Վենետիկ, Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում սովորելու համար: Ուսումս ավարտելուց հետո ես անմիջաես փախա ոչ միայն հայկական վարժարանից, այլեւ հայությունից փախա` հայերեն չլսելու հաստատատ որոշմամբ: Եվ այդպես ապրեցի մինչեւ քառասունհինգ տարեկան դառնալս…
Հիմա լիներ, գուցեեւ հանդարտ ու ըմբռնումով ընդունեի Պիեդրոյի այս խոստովանությունը: Բայց տարիներ առաջ ներքին ընդվզումս զսպելով,  մոտովորապես այսպիսի մի հարց տվեցի  նրան.
–  Իսկ ի՞նչ եղավ, որ տասնամյակներ անց խախտեցիք Ձեր իսկ որոշումը:
Պատճառը հայրն էր: Ավելի ճիշտ, հոր մահը: Հարազատի կորուստը, նրա կենսագրության փակ էջերը բացելու նրա ջանքերը… Նրա ապրած օրերը, որոնք  նա փորձում էր շաղկապել: Այն պահերին, երբ թվում էր, թե իրադարձությունները միմյանց կապել,  շարանը պոկվում, կտրտված թելերը կախվում էին դատարկ տարածության մեջ: Եվ ինքը կրկին  փորձում էր գույնզգույն հանգույցներն ամրացնել հոր ապրած կյանքն ընդհանուր մի պաստառի վրա տեսնելու համար: Բայց ապարդյուն: Հոգին մնում էր խռով ու չէր խաղաղվում: Առաջին անգամ  գրավոր արտահայտվելու պահանջ այդ ժամանակ ունեցավ: Երբ սկսեց գրել, չգիտեր, իհարկե, որ նոր մի ասպարեզ է մտնում: Այդ ժամանակ արդեն անվանի  բժիշկ, օդաչու, մոտոսպորտի աշխարհի չեմպիոն էր ու չգիտեր, որ  Քուչուկյան ազգանունը ճանաչելի է դարձնելու նաեւ որպես գրքերի հեղինակ: Գրելու ընթացքում, ինչպես ինքն է խոստովանում,  մարդն ինքն իր համար անիմանալի ինչ որ շերտեր է հայտնաբերում: Երբ ավարտում է գործը, որը վեպ կոչվելու բոլոր հիմքերն ուներ, ոչ թե հրատարակում է, այլ շատ թաքուն  մի տեղ թաքցնում է: Ինչու՞ հարցը  չտրված ինքը պարզաբանում է. «Խիստ անձնական  մի պատում էր, որը գրելով ի թիվ շատ բաների ես նաեւ իմ խենթության պատճառը բացահայտեցի: Այսինքն, հասկացա, որ բոլոր հայերը խենթ են»: Եվ անմիջապես բացատրում է, թե ինչու են հայերը խենթ. «Որովհետեւ միշտ մասնատված երկրի մեջ ենք ապրել: Մեծ տիրությունների համար կռվախնձոր դարձած երկրի ժողովուրդ ենք: Եվ այդ հանգամանքը ազդել է ազգի կենսակերպի վրա: Երկրի բաժանվածությունը մարդկանց ուրույն վարք է թելադրել: Երկրի իշխանները, մելիքները մշտապես կռվի մեջ են եղել իրար հետ եւ իրենց թագավորի դեմ են եղել: Այս ազդեցությամբ ու պատճառով անհամաձայնություն է տիրել նաեւ ընտանիքներում: Արտաքին այս ազդեցությամբ մասնատվածության, երկպառակվածության արդյունքում գոյացել է մեր այս ներքին անհաշտությունը. լավն ես, լավը չես, ազնիվ ես, ազնիվ չես, գեշ ես, գեշ չես… անգամ` հայ ես, հայ չես… Երբ սա հասկացա ինքս ինձ մտածեցի, որ հիմա երկիրը ճանաչելու համար պետք է  Հայաստան գնամ ու մի բան անեմ հայրենիքիս համար»:
Եվ եկավ ու ոչ թե մեկ, այլ մի շարք հետաքրքիր ծրագրերով: Ի դեպ, հայրենիքում կատարած բարեգործական ու հովանավորչական  նախաձեռնությունների շարքում նա հետաքրքիր մի մտահղացում էլ է իրականացրել, որը սկսվելով 1995թ մինչեւ հիմա  շարունակականություն է պահպանում. Խոսքը, Ծիծեռնակաբերդում գտնվող  հուշապատի մասին է, որտեղ ամփոփվում են աճյունասափորներն այն մեծ հումանիստների, որոնք թույլ չտվեցին, որ երբեւէ մոռացության մատնվի Օսմանյան Թուրքիայի կազմակերպած Հայոց կոտորածները: Այս գործը, ինչպես նշում է Պ. Քուչուկյանը սկզբնավորվել է Հայոց Մեծ եղեռնի 80 ամյա տարեդարձի նախօրերին.
-  Արմին Վեգների զավակին Միշայի հետ ծանոթությունս եղավ հիմնական պատճառը: Նա ինձ տվեց Հայոց ցեղասպանության մասին Արմին Վեգների այն փաստագրական նյութերն ու լուսանկարները, որոնց հիմքով էլ Միլանի Հնագիտական թանգարանում բացեցինք  «Հայերը Անատոլիայում.1915 թվական» խորագրով  ցուցահանդեսը: Ճիշտն ասած, նա սկզբում միայն հայոց սպանդը պատկերող լուսանկարներն էր տվել: Եվ երբ ես հայտնեցի ցուցահանդես բացելու իմ մտադրության մասին նույնիսկ բարեկամներս  կասկած ունեցան. «Իսկ ո՞վ պիտի հաստատե, որ նկարում պատկերվածները հայեր են»: Հետո Միշան ինձ տվեց նաեւ հոր նամակներն ու վավերացված մի շարք փաստաթղթեր:  Բաղդատեցի, տեսա, որ Վեգները  ասելիքը ոչ միայն լուսանկարով, այլեւ գրավոր է վավերացրել: Ուրիշ մի հաջողություն էլ ունեցա… Միլանում գտնվող Թուրքիայի հյուպատոսարանը  բողոքի նոտա ներկայացրեց իտալական կառավարությանը, որի հետեւանքով ցուցահանդեսը փակվեց…
Իրականում թուրքերի արածը  ցուցահանդեսին ավելի լայն հնչողություն տվեց: Իտալական մամուլն այս առիթով մեծ աղմուկ բարձրացրեց, հասարակայնությունը բողոքեց Թուրքիային պատասխանատվության ենթարկելու կոչեր հնչեցնելով: Մասայական  ճնշման տակ երկու օր անց ցուցահանդեսը կրկին սկսեց գործել: Փաստորեն թուրքերի ակտիվ աջակցությամբ ցուցահանդեսը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց: Տարբեր տեղերից հրավերներ սկսեցինք ստանալ: Եվ ցուցահանդեսը շարունակեց իր հաղթական երթը ոչ միայն Իտալիայի, այլեւ աշխարհի տարբեր քաղաքներում: Երկու միլիոն մարդ է տեսել ցուցահանդեսը: Մեծ պահանջարկ ունեցավ եւ ցուցահանդեսի կատալոգը, որը հրատարակվել էր իտալերեն եւ անգլերեն լեզուներով: Այս նյութերի հիմքով բազմաթիվ հոդվածներ գրվեցին, ֆիլմեր նկարահանվեցին:

- Երբ բոլոր դժվարությունները ետեւում մնացին Միշային ասացի. «Ուզում եմ հորդ գերեզմանին այցելել»:

 - Հայրս գերեզման չունի: Հորս աճյունը սափորի մեջ տանս եմ պահում,- պատասխանեց:

- Արի գնանք Հայաստան, - ասացի,- Արմին Վեգների վերջին հանգրվանը Հայաստանը պիտի լինի:

 Նրանց հետ Հայաստան ժամանեց նաեւ իտալական RAI-2 հեռուստաընկերության ստեղծագործական խումբը, որը նկարահանելով, եվրոպական հեռուստալիքներով սփռեց Ծիծեռնակաբերդի հուշապատում Արմին Վեգների աճյունասափորի  տեղադրման արարողությունը:  Այդ ժամանակ է, որ Պիեդրոն մտածեց, որ «Բայց չէ՞ որ Արմին Վեգների պես ուրիշներն բարեկամներ էլ կան՝ նման խոնարհումի ու հարգանքի արժանի»: Եվ տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում գտնվող պատում տեղադրվեցին՝  Ջորջ Բրայսի, Անատոլ Ֆրանսի, Ֆրանց Վերֆելի, Հենրի Մորգենթաուենի եւ այլոց  աճյունասափորները: Հայերի երախտագիտության մասին վկայող քարե հուշակոթող՝ սերունդներին հանձնված սիրելի անուններ: Այսպես է մտածում Պիեդրոն: Հիմա, երբ  պատմեցի իտալահայ մեր հայրենակցի մասին, մի արտահայտություն հիշեցի, որը չեմ մտաբերում, թե որ գրողին է պատկանում, բայց ինձ թույլ եմ տալիս առանց հեղինակի անունը նշելու մեջբերումն անել: Ասում է. «Հայրենասիրությունը պահանջ չէ, զգացմունք չէ, այն մարդու գիտակցության մեջ է, էության մեջ է եւ  վաղ թե ուշ արտահայտվելու միջոց  գտնում է»: