ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎՈՐԸ ԺԱՄԱՆԱԿՆ Է

Հայրենադարձ. կար ժամանակ, երբ մեզանում սա տարածված ու գրեթե անձնավորված  բառ էր. Նրանք մեր հայրենակիցներն էին, որոնք հայրենիք էին դարձել:  1915-ի  սպանդից փրկվածներն  ու նրանց սերունդներն էին, որոնք եկել էին հանդարտ ու երջանիկ նաև ապահով կյանքով ապրելու հույսով: Բայց հայրենիքը ոչ իրենց պատկերացրածն էր, ոչ էլ  նկարագրված  այն դրախտը, որի մասին պատմում էին նրանց հավաքագրող պրոպագանդիստները : Տոտալիտար մեծ տիրության հանրապետություններից մեկն  էր ընդամենը,  որտեղ տեսանելի ու անտեսանելի, նույնիսկ  դաժան  իրադարձությունների անդրադարձն ուղղակիորեն իրենց մաշկի վրա էին զգում բոլոր կամ գրեթե բոլոր մարդիկ:

Հարություն Կալենց` նկարիչն այդ հայրենադարձներից մեկն էր, որի արվեստը խորհրդային միության գաղափարախոսությանը համահունչ չէր:  Սովետական ռեժիմին ծառայող   չինովնիկները պիտակավորելով, ոչ միայն նրա գործերը մերժեցին, այլև արդեն մշակված եղանակներով հալածանքի ենթարկեցին արվեստագետին, անգամ ԽՍՀՄ նկարիչների միությունից վտարեցին: Բայց ինչպես հայտնի է ամենից արդար դատավորը ժամանակն է…
Հիմա Հարություն Կալենցի  անունով Երևանում փողոց կա: Ճիշտ է ուշացումով, և հատկապես որդու` Սարո Կալենցի համառ ջանքերի շնորհիվ բացվել ու գործում է Հ. Կալենցի թանգարանը:  Այսօր նրա անունը դասվում է 20-րդ դարի լավագույն գեղանկարիչների շարքին: Եւ օրերս էլՄիջթանգարանային համագործակցության շրջանակներում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը նախաձեռնել ու կազմակերպել է «Հարություն Կալենց. գույնը ձևի մեջ» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են արվեստագետի ստեղծագործությունները` «Կալենց» թանգարանի հավաքածուից ընտրված:
Հ. Կալենցը մի արվեստագետ էր, որը նախընտրում էր  աշխատել գեղարվեստի  երեք   ժանրերում՝ նատյուրմորտ, բնանկար և դիմանկար:  Ներկա ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում տեսնելու  նկարչի գունամտածողության արտահայտությունները տարբեր դիտանկյուններից: Կալենցի համար գույնը այս ու այն երևույթի մասին «խոսելու» կամ  կերպար ներկայացնելու միջոց չէր զուտ:  Մատիսի պես Կալենցն էլ կարող էր ասել. «Ես չեմ օգտագործում կանաչ և կապույտ գույները՝ խոտ ու երկինք նկարելու համար»:  Քանի որ Կալենցը սեղմ շտրիխների ու շերտերի միջոցով կարողանում էր հմտորեն ստեղծել ձև, ծավալ, լուսաստվեր, գունային հրավառություններով հրաշալի  աշխարհ, որտեղից հեռանալը դժվար է: Այդ ամենին նկարիչը  հասնում է  անկաշկանդ, ազատ` գեղագիտական սկզբունքների հիմքով ստեղծագործելով:
Գաֆէսճեան կենտրոնում ցուցադրված գործերի շարքում, կան թե՛  ստեղծագործական որոնումների  (1960-ականների սկիզբ) արդյունք հանդիսացող, թե՛  անհատական հստակ ձեռագրով առանձնացող, թե՛ վերջնականորեն  իրականությունից հեռացած արվեստագետի  գրեթե վերացական ձևերի մեջ իրականացված գեղանկարներ: Չնայած նրա գործերը նայողի աչքից հազիվ թե վրիպեր կարևոր մի հանգամանք` Կալենցը այն նկարիչն էր, որը վստահաբար գիտեր` իրականության նայելը, դեռևս իրականությունը տեսնել չի նշանակում:
«Հարություն Կալենց. գույնը ձևի մեջ» վերտառությամբ ցուցահանդեսը հրաշալի «հանդիպում է» մեծատաղանդ արվեստագետի հետ: Հանրության ավելի լայն շերտերի ճանաչողական աշխարհն ընդլայնող գեղագիտական ճաշակ գոհացնող մշակութային նախաձեռնություն, որը ոչ միայն հայաստանցիների, այլև Երևան ժամանած հյուրերի համար կարող է արվեստային նշանակալից երևույթ նկատվել: Քանի որ Կալենցի ստեղծած աշխարհը որքան անիրական, նույքան իրական է, այնքանով, որքանով գոյություն ունի կտավի մակերեսին և ուղղակի առնչվում է բնության  թելադրած գլխավոր օրենքներին՝ հավասարակշռություն և ներդաշնակություն: Այսինքն ճիշտ այնպես, ինչպես Կալենցն էր կանխազգում. «Վերջում բոլոր իզմերը կվերանան, կամփոփվեն մեկ ամբողջության մեջ, կդառնան բնություն»: Բնությունը նույնպես իրականություն է, որին  կարելի է նայել, բայց չտեսնել: Կալենցը տեսնում էր…

Ցուցահանդեսը կտևի մինչև 2013 թ. սեպտեմբերի 22-ը: Մուտքն անվճար է: