ԺԱՄԱՆԱԿ, ՈՐ ԱՆՑՆՈՒՄ ԵՍ ՈՒ ՉՔՆԱՂ ԹՎՈՒՄ

    Այսօր ժամանակակից արվեստը կարևորում է վավերագրությունը, թեև այն միշտ էլ եղել է ակտուալ: Վավերական գրականությունն  արվեստի  ինքնուրույն տեսակ է, որի հիմքն ու առարկան փաստերն են, իրական դեպքերի ու դեմքերի իրապատում աշխարհը: Այդ գրականությանն են պատկանում հուշագրությունը, օրագրությունը, ճամփորդական նոթերը, ակնարկները և այլն: Մեր գրականությունը հարուստ է վավերագրական գրականության օրինակներով: Այսօր նույնիսկ վավերագրական  պոեզիա է ստեղծվում: 
        Սեդա Բեքարյանը ժամանակի ընթացքում տարբեր թերթիկների վրա հանգամանալից ու հապճեպ գրառումներով մեկ կամ մի քանի նախադասությամբ վավերացրել է ժամանակը,  և այդ գրառումները՝ «որպես անգին քարեր» (ինչպես ինքն է անվանել), անփութորեն շաղ է տվել իր գրքում տեղ գտած բոլոր պատմվածքների մեջ: Բազմազան ցիրուցան այդ մտքերը  հաճախ իրենք են նյութ առանձին պատմվածքների և վերաբերում են մեր կյանքի տարբեր ոլորտներին, մեզ շրջապատող աշխարհին, հաճախ նաև մեր՝ ընթերցողներիս մտքերն են:
          «Ժամանա՛կ, որ անցնում ես ու չքնաղ թվում, անցավո՛ր, կարոտալի՛ ժամանակ».  այս միտքը «Կարամելը ձնաբքի մեջ» գրքի լեյտմոտիվն է, և գրքի հերոսը Ժամանակն է: Սեդան տարբեր պատմվածքներում կերտել է իր սիրելիների՝  իր պապերի կորուսյալ հայրենիքի, իր շրջապատի մարդկանց, իր ծանոթների, վերջապես մեր սիրելիի՝ Երևանի ժամանակը: Ես ուզում եմ առանձնացնել մի քանի ժամանակներ, որոնք  ընդհանրացված են և  բնորոշում են  մեր ժողովրդին.
      1.«Բևեռլի Հիլզ. սրահ  «Բիժան». վերնաշապիկներ տղամարդկանց համար», «Մեծ ճանապարհներին», «Լիլի Մառլեն»  պատմվածքներում  իր ընտանիքի պատմության ժամանակն է. ջարդից ու կոտորածից փախած, Ադիս Աբեբայում հանգրվանած, Արարատյան անունով առաջին ու միակ հայկական դպրոց հիմնած 26-ամյա ուսուցիչ Վաղարշակ պապի և պոլսեցի գեղեցկուհի Մարի տատի ժամանակը, որոնք թողնելով Փարիզի ու Ժնևի բարեկեցիկ կյանքը, 1925-ին հաստատվում են «ծուռումուռ, փոշոտ փողոցներով և արնաքամ ու չսպիացող վերքերով», Փարիզի նկատմամբ առավելություն ունեցող Վաղարշապատում, որը հայրենիք էր և «փայփայած գաղափարների երկիր»: 105 տարեկան նամակը, որ մինչև օրս Սեդան պահում է, մեկ տող է. «Մեզի մանչ զավակ ծնվեց, 30 մայիսի». այսպես է գրել տատը թուրքական բանակի զինապարտ, մի քանի ամսով բանակ կանչված պապին: Դա արդեն ժամանակն է իր հայրիկի՝ անվանի և ճանաչված նկարիչ 1913-ին ԱՖիոն Կարահիսարում ծնված Արա Բեքարյանի, դեռևս փոքր ու դպրոցահասակ, բայց արդեն ճաշակած օտարության դառը պտուղները փարիզյան մի դպրոցի, որի ուսուցիչը նրան կնքում է «Թափառական՝ վագաբոնդ» անունով. նա դասերից փախչում և իր օրն անց էր կացնում Լյուքսեմբուրգյան այգում կամ Լուվրում կամ էլ չափչփում էր Փարիզի փողոցները՝ առնելով նկարչության իր առաջին դասերը: Հետո գալիս է  Հայրենական մեծ պատերազմի ժամանակը. Դնեպրի գետափնյա Դուբովիցա գյուղում «կիսամութի մեջ վախեցած կանանց և քիչ այն կողմ ուրիշ համազգեստավորների», համակենտրոնացման ճամբարում անցկացրած գերության դաժան օրերի և փախուստի ժամանակը: Սակայն դա միայն Արա Բեքարյանի ժամանակը չէ: Շատերինն է: Մի ողջ սերնդի ժամանակն է:
        «Բևեռլի Հիլզ…», «Լիլի Մառլեն» և «Մեծ ճանապարհների վրա» պատմվածքներում (և ոչ միայն այս) պատկերային անցումներն  այնքան սահուն են, լեզուն այնքան հարուստ է ու հետաքրքիր, որ կարծես կադրեր լինեն, և ընթերցելիս հաճախ մոռանում ես՝ ո՞վ է գրողը՝  դո՞ւստրը, որը գրի է առել հոր պատմածը, թե՞ հայրն ինքն է գրողը, որ պատմում է այդքան պատկերավոր ու արտահայտիչ: «Լիլի Մառլեն»-ում հատկապես  ուշադրության է արժանի  խեղված լուռ քաղաքի  ցնցող տեսարանը՝ կիսափուլ շենքերի՝ ասես անբիբ աչքերով անփեղկ պատուհանները և արտահայտիչ աչքերով ցուցապահարանից ժպտացող, նայող, բայց ոչ մեկին չտեսնող աչքերով Ֆայյումյան դիմանկար հիշեցնող աղջկա պատկերը: 
2  Երկրորդ ժամանակը, որ  վավերացրել է Սեդայի գրիչը,  50-60-ականներից  մինչև մեր օրերը  ձգվող  երևանյան  կյանքի և իր՝ երիտասարդ նկարչուհու  ժամանակն է, դա մեզնից յուրաքանչյուրի ժամանակն է:  Այդ ժամանակի մեջ  են նաև Մեծ եղեռնից մազապուրծ «հայու բեկորները»՝ սփռված աշխարհի տարբեր անկյուններում, նկարիչների մի սերունդ, որը հանգրվանել էր Խորհրդային Երևանում, ու թեև  հարվածներ էր ստացել կյանքից և ապրում էր դժվար, սակայն  արարում, փորձում էր  իր արվեստով գույն տալ իր այնքան անգույն կյանքին  և  50-60-ական թվականների  Երևանին՝ ոմանք՝ թատերական ներկայացումների ձևավորումներով, մյուսները՝ քանդակներով, գորգարվեստով, գեղանկարչական աշխատանքներով: Սեդան անդրադարձել է նրանցից   յուրաքանչյուրին. ահա այդ անունները՝  Բարդուղ Վարդանյան (գեղանկարիչ), Արամ Ղարիբյան (քանդակագործ նկարիչ), Լևոն Սյուտչյան, Հակոբ Քեշիշյան, Հովհաննես Զոմյան ( գեղանկարիչ), Ռուբեն Շահվերդյան  և Ստեփան Մինասյան(թատերական նկարիչ): 
3. Երրորդ ժամանակը Սեդայի դստեր՝ շնորհաշատ նկարչուհի Արփի Վարդանյանի  ժամանակն է: «Նատյուրմորտ նոտկալով», «Հայ-ճապոնական ժամանակակից արվեստ. 43 հեղինակ». համարյա բոլոր պատմվածքներում Արփին ներկա է:
    Արփիի կերպարում, ըստ իս, կա մեկ կարևոր հանգամանք. օտարին հայրենիքը սիրել տալը. երիտասարդ նկարչուհին ասես Հայաստանի խորհրդանիշ է դառնում ճապոնացիների համար. հմայված նրա նկարներով՝ նրանք ասում են, որ կուզենային  ապրել Հայաստանում: 
      Եթե  մեկ նախադասությամբ բնորոշենք  «Կարամելը ձնաբքի մեջ»  գիրքը, կասենք՝ հանդիպում  է  գեղեցիկի հետ. համարյա յուրաքանչյուր պատմվածքի ընթերցում ընթերցողի  հոգին համակում է  նրբությամբ,  քնքշությամբ, վարակիչ անկեղծությամբ, կյանքի ճշմարտացիությամբ և անափ կարոտով: Շատ դեպքերում Սեդայի գրիչն առավելապես նկարում է, գույների խաղ է, երբ կերտում է «պատկերազարդ գրքից դուրս ելած քաղաք»-ի՝ Ժնևի պատկերը,  ինչպես  «Բարտոն պուրակը», «Լիլի Մառլեն», «Ժանեկազարդ գեղեցկուհին», «Չար և բարի դինոզավրեր» պատմվածքները (սրան, անշուշտ, նպաստել է նկարիչ լինելու հանգամանքը): Նրա կերպարները լիարյուն են, նա կարողանում է անշունչ, իրենց դարն ապրած իրերը կենդանացնել, նույնիսկ փոքրիկ աննշան իրն է նրա գրչի տակ շունչ առնում, դառնում  սիրելի, ինչպես «Ժանեկազարդ գեղեցկուհի»  պատմվածքի հերոս լամպն է. նրա վրայից մի թեթև քերելով մոռացության փոշին՝ այն դառնում է «սպիտակաթույր բարձր պարանոցով,  լույս ճառագող դեմքով չքնաղ գեղեցկուհի», ինչպես Մայսենյան ճենապակու հանրահայտ թանգարանի երկնագույն երանգներով ջնարակված վառարանները, ինչպես թագուհի Կլոդը՝ եվրոպաներից արևելք հասած կանաչ, սաթե դեմքով Ren-ը:
     Թանձր գույներով է կերտված «Հերթը» պատմվածքը՝ խորհրդային իրականությանն այնքան բնորոշող առանձնահատկությամբ:
       Սեդա Բեքարյանի «անգին քարերը»՝ պատմվածքներում ցիրուցան մտքերը ուրույն ոճ են հաղորդում պատմվածքներին, ընթերցողի առջև բացում են տարբեր աշխարհների դռներ. դրանք մտորելու, խորհելու, անցածն արժևորելու տեղիք են տալիս (գիրքն ունի նաև ճանաչողական արժեք. դա են հաստատում «Հայկական սովետական հարագիտարանից», տարբեր բառարաններից» և զանազան նկարչական քարտարաններից արված մեջբերումները)….
         Այսպիսին  է Սեդա Բեքարյան նկարչի և արձակագրի աշխարհը՝ նրա պատանեկան, երիտասարդական և կյանքով իմաստնացած այսօրվա զգացողությունների աշխարհը, որը նաև մերն են՝ ընթերցողներինս…  
    «Հրեշտակները լքեցին քաղաքը, որպեսզի  այլևս  երբեք  չվերադառնան». այս միտքն անընդհատ անցնում է պատմվածքից պատմվածք, որովհետև մեր քաղաքում անարդար բաներ են կատարվել… Ես կուզենայի, որ Սեդայի ապագա գրքերում հրեշտակներն այլևս չլքեն մեր քաղաքն ու մեզ, որ միշտ լինի այդ Ժամանակը, մեր Հայաստան աշխարհի ու  նրա մարդկանց՝ մեզնից  յուրաքանչյուրին պահպանելու Ժամանակը…