ԻՆՔԴ ՔԵԶ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԽԱԲԵԼ

Իներցիան վերջին ազդարարն է, ոչ միայն արվեստում այլ կյանքի բոլոր ասպարեզներում, նաև սիրո մեջ, նաև մարդկային հարաբերություններում…

- Թեմայից է ընտրվու՞մ ստեղծագործության ծավալը, թե՝ ծավալն է թելադրում ասելիքը:  Իսկ գուցե՞ ծավալն, առհասարակ կարևոր չէ…
- Իհարկե, կարևոր չէ: Կապ չունի մեծածավալ է կտավը, թե՝ փոքրածավալ: Չգիտեմ, պահի տակ ապրված զգացողություններ են կամ թե՝ աչքիդ ընկալած տպավորիչ պատկերներ, մարդը, հիմնականում մարդը … Անսպասելի գալիս, հայտնվում են և հուշում՝ մոտենալ նկարակալին… Փոքր ծավալի գործերը, պարզապես պարտադրում են, որ ասելիքդ արտահայտես մեկ օրվա ընթացքում: Ոչ միայն ասելիքդ, այլ նախադասությունդ կիսատ թողնելու իրավունք չեն տալիս – ասում է Ռոբերտ Էլիբեկյանը, որն ամիսներ տևող երկար ու ձիգ մի շրջան  ստեղծագործում է փոքրածավալ կտավների վրա:
Տարիների ընթացքում այսպիսի շրջաններ պարբերաբար է ունեցել նկարիչը, որոնց ընթացքում հեղինակել է տարբեր խորագրերով շարքեր: Այնքան էլ հակված չէ բառային կառուցվածքի մեջ դնել այն ամենն, ինչ փորձել է արտահայտել գեղանկարչական փոքրածավալ գործերում: Բացատրում է՝ երաժշտի կամ երաժշտագետի պես ինքը չի կարող հատված առ հատված վերլուծել մեծակտավ կամ փոքրածավալ գործերը, բայց թե մեկը, թե մյուսն ունկնդրելիս առաջին իսկ նոտաներից է զգում, սա իրենն է՝ սա իր հոգու հետ խոսող ու իրեն երկխոսության հրավիրող ստեղծագործություն է: Ինչպես արվեստի ամեն մի բնագավառի արտահայտություն, այնպես էլ գեղանկարչությունն ուրույն և խորհրդավոր գրավչություն ունի, բացատրության կամ թե վերծանման անենթակա գաղտնիքներ ունի: Ինչպե՞ս և ինչու՞ հայտնվեցին դրամատիկ այս կերպարները, հրեշտակային գեղեցկությամբ այս կանայք, կամ թե կառուցվածքային թվացյալ պարզությամբ այսքան գրավիչ կոմպոզիցիանները: Գործեր են, որոնք մերժում են արհեստավարժության զինանոցից օգտվել նկարիչին: Ինչպես նաև մեծածավալ գործերին հատուկ ընդմիջումներն են բացառում, քանի որ պահի, ակնթարթի զգացողությունը շատ արագ փոխանցելու պարտադրանք է ենթադրում: Չնայած, մեծածավալ և փոքրածավալ գործերի միջև զուգահեռ անցկացնելն Ռ. Էլիբեկյանը սխալ է համարում, քանի որ երկու դեպքում էլ խնդիրը նույնն է: Երկու դեպքում էլ կարևորվում է արդյունքը:
- Եթե երկու դեպքում էլ գունային համադրությունները, գեղագիտական հնարքները, ոճական նրբերանգների ընտրությունն ու շեշտադրումները նույնն են, ապա  ի՞նչն  է կամ թեմատիկ այդ, որ «շարադրանքն» է տարբեր տարածքների պահանջ դնում: Կարո՞ղ ենք ասել, թե՝ փոքրածավալ նկարներն խտացված այնպիսի արտահայտություններ են, ինչպես օրինակ՝ պոեզիայի ժանրում քառյակն է:
- Դժվարանում եմ ասել: Փոքրիկ հրաշքներ են: Համբյուրի պես… զգացողությունների սեղմ արտահայտություններ են: Հավանաբար առավելություններ ունեն, որ ժամանակ առ ժամանակ դեպի իրենց ես շրջվում: Տարիների ընթացքում վերաբերմունքդ կյանքի այս կամ այն երևույթի հանդեպ փոխվում է, հայացքդ բաներ է որսում, որոնք առաջներում չես նկատել: Եւ թեման չէ հիմնականում կարևորվում: Եզրահանգումներ չեն: Կյանքի անմիջական տպավորությունների, զգացողությունների, ապրումների փոխանցումներ են: Առանձնապես չես էլ ծրագրում, թե նույն կամ հաջորդ օրն ինչ ես նկարելու, իրենք՝ իրենց են գալիս և այնքան անսպասելի, որ անակնկալի են բերում:: Անհասկանալի երևույթ է:
- Միստիկա՞ է, թե՝ անբացատրելի այն երևույթներից մեկը, որ կոչվում է «մեծ ձեռքի» ֆենոմեն: Կարո՞ղ է այն ոչ միայն օդաչուներին, այլ նաև արվեստագետներին է ուղղորդու՞մ:
- Միստիկա է, թե ուրիշ մի բան, չեմ կարող ասել, միայն մի օրինակ բերեմ. իսպանացի Սալվադոր Դալին մեծ արվեստագետ է, բայց իմ նկարիչը չէ: Երբ Իսպանիայում էի, գնացի այն տունը, որտեղ ապրել է, եղա արվեստանոցում, դիտեցի նրա գործերը, տեսա այն նկարակալը, որի վրա աշխատել է կյանքի վերջին  տարիներին: Շատ հետաքրքիր էր: Վերաբերմունքս, սակայն նույնը մնաց: Տասը տարի է անցել այդ ուղևորությունից: Երբևէ մտքիս ծայրով անգամ չի անցել Դալիի դիմանկարը կերտել, բայց արի ու տես, որ ինքը «հայտնվեց» : Հերթական գործի համար, որպես ֆոն կամիրն էի ընտրել: Կտավը կարմրով պատելու ընթացքում մտածեցի՝ դիմանկարների ցիկլը հենց այս գործով էլ կավարտեմ: Վերջին վրձնահարվածները հասցնելու պահին տեսա, որ նկարակալից Դալին է ինձ նայում՝ շեքսպիրյան պերսոնաժներից մեկի հագուստով…
- Իսկ ինչու՞ հենց այդ գործը, ի՞նչն է հուշում արվեստագետին, որ հենց այդ նկարը պետք է շարքն ավարտողը դառնա:
-  Արվեստագետին ստեղծագործելու պրոցեսն է հետաքրքիր: Պահ է գալիս, երբ զգում ես, որ պետք չէ այլևս շարունակել: Բոլորին կարող ես խաբել, բայց ինքդ՝ քեզ երբեք: Իհարկե, վերջակետ դնելու որոշումը միանգամից չի կայացվում:  Շարունակում ես դեռ նկարել, գիտակցելով, որ արդեն իներցիայի գործոնն է աշխատում: Իներցիան վերջի ազդարարն է՝ ոչ միայն արվեստի, այլ առհասարակ կյանքի բոլոր ասպարեզներում, նաև սիրո մեջ, նաև մարդկային հարաբերություններում: Հենց զգացիր, որ իներցիային ես տրվում, պետք է կամք ունենաս դադար տալու, հեռանալու: Նկարիչն էլ պետք է վերջին գործը նախորդ արածների կողքին դնելի, և բոլորին ազատ թողնի, որպեսզի ամեն մեկն իր կյանքով ապրի, որպեսզի ժամանակների մեջ ամեն մեկն իր տեղը գտնի: Ժամանակների հետ հարաբերվելը արվեստի գործերի համար առանձնահատուկ դժվար է: Բարդ է, քանի որ Ժամանակների հետ արվեստի արտահայտություներն էլ փոխվում:
- Ինչպե՞ս մարդիկ…
- Մարդիկ, ավելի ճիշտ որոշ մարդիկ իրականում ոչ թե փոխվում են, այլ ի հայտ են բերում իրենց իսկական էությունը: Եւ դա միայն մեր ժամանակներին հատուկ և միայն մեզանում դիտարկվող երևույթ չէ: Վախենալ, ցավ կամ ափսոսանք, առավել ևս զարմանք ապրել պետք չէ այդ իրողությունից: Բոլոր դարաշրջաններում էլ այդպես է եղել: Արվեստի գործերի պարագան այլ է: ժամանակի քննությանը դիմանալու խնդիրն ունեն: Ասում են՝ Ժամանակից միայն եգիպտական բուրգերը չեն վախենում: Բայց ես այն կարծիքին եմ, որ համաշխարհային մշակույթի պատմության ընթացքում ստեղծված  հրաշալի շատ գործեր կան, որոնք նունպես չեն վախենում Ժամանակից:
- Դուք տարբեր ժամանակներում ստեղծված  նույնանուն գործեր, ինչպես նաև համանուն խորագիրը կրող շարքեր ունեք: Երբեմն շփոթության տեղիք տվող այդ հանգամանքն ինչո՞վ է պայմանավորված:
- Անվանումը պայմանական մի բան է՝ ով ինչպես ուզում է թող ընկալի և մտովի իր ենթադրած անունով կոչի իր հավանած կամ չհավանած գեղանկարը: Այսպես ասում եմ, բայց  պատահում է ինքս՝ ինձ հակադրվելով, մտածում եմ՝ ինչպես մարդ արարածն, այդպես էլ արվեստի գործն իր անունը պետք է ունենա և անձնանունով կյանք մտնի: Ես իմ զավակներիցս մեկին կոչել եմ Երվանդ պապիս անունով: Անունը նույնն է: Տարբեր մարդիկ են, բայց նույն տոհմից են և մեկը՝ մյուսի շառավիղը պահողն է: Ուրեմն, ճիշտ անուն ընտրելն նույնպես կարևոր է… Իհարկե, լավ կլիներ, եթե գրավիչ ու հետաքրքիր անվանումներ ունենան, որոնք ինչպես, ասենք կինոնկարը, թատերգությունը: Ի վերջո, գեղանկարչությունն, ինչպես թատրոնը, երաժշտությունը, կինոն խաղարկային արվեստ է: Կյանքն էլ է, չէ՞ խաղ: Իսկ արվեստները կյանքի արտացոլանքներն են:
- Իսկ պատահու՞մ է, որ արվեստագետը խորը հիասթափություն ապրի հեռավոր կամ ոչ այնքան հեռավոր անցյալում իր իսկ հեղինակած գործերը տեսնելով… 
- … Իհարկե, պատահում է: Դա ծանր, ցավոտ զգացողություն է, որից ազատվելու համար արվեստագետը սեփական գործերը, սեփական ձեռքերով ոչնչացնում է ու չի ափսոսում:  Դուր գալու կամ դուր չգալու համար չէ նա նման ծայրահեղ քայլի դիմում, այլ այն պատճառով, որ տարիներ առաջ  մտածել է, թե այդ գործերն կատարյալ են և ապրելու իրավունք ունեն…
- Ի՞նչն է նման տխուր եզրանագման պատճառ դառնում՝ ստեղծագործության ներազդեցության ու՞ժն է թուլանում գեղանկարների, թե՞ վերահաստատվում է այն միտքը, որ ժամանակն ուրիշ է ոչ թե տարեթվով, այլ մտածողությամբ: Բայց նման հիմնավորումներից անկախ, միթե՞ արվեստի գործերը պարզապես իրենց համար ապրելու իրավունք չունեն:
- Ֆրեսկաներն, օրինակ իրենց համար չեն ապրում: Ֆրեսկաներն ապրում են նրանց համար, ովքեր գալիս են իրենց հանդիպելու, իրենց հետ հաղորդակցվելու: Եւ հոգևոր տարածքում կայացած հանդիպման պահն իսկ մեծ խորհուրդ ունի: Եկեղեցի կամ տաճար յուրաքանչյուր նոր մտնողի մի հայացքն անգամ բավարար է որսալու և անմիջական հոգևոր կապը զգալու պատկերված գործի հետ: Ցուցասրահի պես չէ, ուր ներկայացված գեղանկարը կարող ես նայել ու անցնել: Ֆրեսկան հայացքդ՝ անիմանալի ձգողականությամբ միջնադարյան հոգևոր շինությունների կամարներին ու գմբեթին պահելով, նորից ու նորից աղոթքի խոսքեր մրմնջալու և հաղորդակցության անմոռաց պահեր է պարգևում: Ափսոս, մեր միջնադարյան եկեղեցիների որմնանկարներն ինչպես հարկն է չկարողացանք պաշտպանել ու պահպանել:
- Թեպետ հոգևոր բոլոր շինությունների որմնանկարները չէ, որ ներազդեցության այնպիսի ուժ ունեն, որոնք սքանչացումի և հիացմունքի վերերկրային իմաստության ու սիրո երբևէ չապրված զգացողություններով են պարուրում դիտողին… Ինչպես ասենք մեր Քոբայրի միջնադարյան եկեղեցու որմնակարներ են կամ թե՝ Կոստանդնապոլսի Այա Սոֆիա տաճարի գմբեթի (այն գմբեթի, որ վերականգնել է հանճարեղ Տրդատ ճարտարապետը), արևելյան գոգավորության տակ պատկերված՝ մանուկ Հիսուսը գրկին Աստվածամոր սքանչելի ու վեհաշուք կերպարը: Եւ առեղծվածը… Տաճարի, որ մասում, գմբեթակիր ութ սապֆիրե սյուներից, որ մեկի կողքին և, որ հարկում էլ կանգնես Տիրամոր լույս ճառագող հայացքն է քեզ ուղեկցում ու գորովալից աչքերն ուղիղ քեզ ու միայն քեզ են նայում…
- Իսկ ես չեմ մոռանում Վատիկանի Սիքստինյան կապելլան, Միքելանջելլոյի որմնանկարների թողած տպավորությունը: Մի վարկյանում կարծես կայծակ խփեց և այնպիսի ուժով, որ զարմանքից քարացել էի: Հետո մտածեցի, թե քանի-քանի դար, քանի- քանի մարդ է զգացողությունների նույն այդ հորձանուտի տակ հայտնվել: Եւ քանի-քանիսը դեռ պիտի հայտնվեն ու զգան իսկական արվեստի զորավոր ուժը նաև հրաշքը: