Ե. Քոչարի ծննդյան 115-ամյա հոբելյանը ինչպես գրել են լրատվամիջոցները, ինչ–ինչ պատճառներով չի նշվելու մեզանում: Ենթադրվում է, որ այդու ինչ որ միջոցառումներ կկազմակերպվեն: Հայտնի է, օրինակ, որ Գաֆէսճյան մշակութային կենտրոնում բացվելու է վարպետի գործերը ներկայացնող ցուցահանդես…
Ս. Փարաջանովի 90- ամյակը այս տարի բազմաբովանդակ, տարաբնույթ ծրագրերով մի առանձին շուքով, պարզապես փառահեղորեն նշվեց “Ոսկե ծիրան” Երևանյան միջազգային 11-րդ կինոփառատոնի շրջանակներում: Այսինքն, փառատոնն արդեն իսկ նվիրված էր Փարաջանովին:(Տես. www.Gaiff.am կայքը).
Նրանք ծնվել են նույն քաղաքում` Թբիլիսում: Նրանց ծննդյան թվերի մեջ երկուսուկես տասնամյակի տարբերություն կա: Բայց թվերն իրենց իսկ տարածքում փոքրանալու հատկություն ունեն: Ավելի ճիշտ, ժամանակը տարիների վերընթաց հոսանքի մեջ փոքրացնելով, ջնջում է մեկ կամ երկու տասնամյակների տարբերությունը եւ անհատներին որպես սերնդակիցներ ներկայացնում: Այս օրինաչափությունն է թույլ տալիս 20-րդ դարում ստեղծագործած Երվանդ Քոչարին եւ Սերգեյ Փարաջանովին սերնդակիցներ համարել: Երկու խոշոր անհատականություն, որոնցից յուրաքանչյուրն արվեստի իր ընտրած ասպարեզում նորարար էր եւ իր ստեղծագործական տաղանդով ընդունված սահմանները ձեւախախտելու եւ նոր եզերքներ բացելու հանդգնություն ունեցավ:
Տարիներ անց գրեթե նույն արժեւորումներով ու որակումներով խոսեցին եւ գնահատեցին Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը: Մեջբերումներից խուսափելով, հիշենք միայն, որ Փարիզը Փարաջանովի ու նրա կինորարվեստի հանդեպ նույնքան ուշադիր եղավ: Առհասարակ, Փարիզը, երկու այս արվեստագետների կենսագրության համար նշանակալից, գրեթե ճակատագրական դեր ունեցավ: Ի դեպ, հետաքրքիր եւս մի զուգահեռ` Քոչարը, Եվրոպա մեկնելու հնարավորություն ստացել է խորհրդային կարգերի հաստատման, իսկ Փարաջանովը նույն այդ համակարգի փլուզման նախօրեին: Փարիզից սկսվեց փարաջանովյան ֆիլմերի հաղթարշավը: Հետագայում առողջական ծանր վիճակում հայտնված ռեժիսորին Փարիզ տարան: Բայց այս անգամ Փարիզում նրան չկարողացան օգնել: Եւ, վերադարձը, ցավոք նույնպես պատգարակով եղավ: Ս. Փարաջանովը, հայրենիք վերադառնալով երկար չապրեց…
«Քոչարը զորակոչի է ենթարկում թռչող ձեւերի մի աշխարհ` շոշոփուկավոր քաղաքների տեսարաններ, օվկիանոսներ եւ լեռնահովիտներ, դաշտեր ու ժեռ քարեր, Ադամ ու Եվա, երկնային ոլորտներ, կենդանակերպ համաստեղությունների նշաններ: Նրանց բախյան համանվագը տիեզերքի մի նոր պատկեր է»,- գրում է նշանավոր արվեստաբան Ժորժ Վալդեմարը, ցուցահանդեսի առիթով հրատարակած իր ծավալուն ուսումնասիրությունում, որը ջերմ մակագրությամբ նվիրում է Մելինեին:
ԵՎ Մելինե Քոչարը, որի կյանքի իմաստը կրկին իր սիրելիին տեսնելն էր հերթական նամակում գրում է.
«Իմ սիրելի Երվանդ.
Չնայած քեզանից վաղուց լուր չունեմ, բայց մտքով ու հոգով միշտ քեզ հետ եմ: Մեծ հաճույքով ուղարկում եմ քեզ Կոլլեր Ալլանդրի եւ Վալդեմար Ժորժի նամակները: Հավատա, որ մեր երազանքը` տեսնել քեզ ու քո աշխատանքների ցուցահանդեսը Փարիզում, կիրականանա:
Շատ եմ հուզվում նամակը գրելիս եւ ուզում եմ, որ այն քեզ հասնի որքան հնարավոր է շուտ: Կարծում եմ` նամակս կգտնի քեզ ողջ եւ առողջ, կբերի ուրախություն եւ վստահություն: Ամուր սեղմում եմ քեզ կրծքիս:
Մելինե»:
Ականատես-ժամանակակիցների վկայությամբ Ե. Քոչարի անհատական ցուցահանդեսի բացման օրն անգամ Մելինեն դեռ հավատալով, որ ամուսինը գալու է, հայացքը դռան վրա էր պահում: Բայց հրաշք չեղավ: Փարիզ մեկնելու եւ սեփական գործերի ցուցահանդեսի բացմանը ներկա լինելու Քոչարի խնդրանքը խորհրդային երկրի չինովնիկները մերժում են: Մելինեն այդ մասին չգիտեր: Չգիտեր ու չիմացավ, թե Քոչարի խնդրանքը ներկայացնող քանի այդպիսի դիմում է մերժվել: Սպասելու ոչ մի հույս, սահմանի անթափանց պատնեշից այն կողմ լռություն էր: Գուցե նրան նույնիսկ թվացել էր, թե լռություն չխախտողը իր սիրելին է: Անորոշություն, հուսահատություն` տառապանքը սաստկացնող: Տարածությունը, բաժանման տարիներն այլեւս իրական չէին: Իրականը հոգու ցավն էր, որին Միլինեն այլեւս չդիմանալով ինքնասպանություն է գործում:
Արվեստագետի հանդգնությունը միշտ պատժվում է: Նրան չեն ներում հատկապես այն դեպքում, երբ նրա ստեղծածն ընդհանուրի բացատրությանը չի ենթարկվում: Եւ առաջարկվածը չհասկանալու անկարողությունից է ծնվում նրա մտքի հոսքը կաշկանդելու կամ այն կասեցնելու չարությունը: Հնարավոր է, որ այդ որակի մարդիկ էլ երբեմն լիովին չեն գիտակցում իրենց վարքագծի հիմնական դրդապատճառները եւ արդարացնող ինչ-ինչ հիմնավորումներ բերելով, շարունակում են նոր ծուղակներ հյուսել:
Դառնանք թղթապանակի մյուս նյութերին. 1967-ին Երեւանի նկարչի տանը բացվել էր Հայաստանի ժողովրդական նկարիչ Խաչատուր Եսայանի ցուցահանդեսը: Եվ այդ առիթով հրատարակված կատալոգի առաջաբանը գրել էր Փարաջանովը: Առաջաբան ասվածն էլ արձակ բանաստեղծություն է, ձոն գեղանկարչի աշխատանքներին: Քոչարին նվիրած նույն այդ կատալոգի չորրորդ էջով մեկ շաղ տված բառեր են` բացականչական նշաններով. «Ժամանակակցիս, հանճարին, Վարպետին, /միակին` արվեստում/, Քոչարին` /Դավթին»: Անկյունում ինքնադիմանկարն է` կոլաժ, որի անկյունում մակագրված է. «Թանկագին, մեծագույն ռենեսանսին,սիրելի մաեստրո-վարպետին»: Փոքրածավալ եւս մի գծանկար. երեք տղամարդ /մեկը հոգեւորական է/, կանգնած են Արարատի խորապատկերին: Լեռը պատված է փշալարերով: Մեծ Մասիսի վրա կիսաբոլոր երկգլխանի օձ է պատկերված: Հակառակ երեսին գրված է. «Թանկագին Երվանդին` հանճարին»: Իսկ մեկ այլ, ալբոմից պոկված թերթիկի վրա կրկին Փարաջանովի ինքնանկարն է, որի ձախ անկյունում ռուսերեն եւ վրացերեն մի բառ է` «Զատիկ»,1978թ.:
Այնպես է թվում, որ երկու արվեստագետները 1967-1978 թվականներին հանդիպել են Երեւանում: Եվ մեկ տասնամյակից անցնող այդ տարիների ընթացքում Փարաջանովի ակնածանքն ու հիացմունքը Քոչարի հանդեպ մնացել է անփոփոխ: «Մեծերի արվեստը խոստովանանք է».- գրում է Կոստան Զարյանը: Ինչպիսի՞ «խոստովանություններ» կարող էին թողնել մեր այս երկու մեծերը, ժամանակի մեկ այլ հատվածում ստեղծագործելու դեպքում, սա նույնպես անպատասխան մնացած հարցերի շարքում է մնում…






