ՄԵՐ ԿՅԱՆՔԻ « ԹԵՄԱՆ»…

«ԱՐՎԵՍՏԻ» հյուրասրահում գրականագետ, «Թեմա» հաղորդաշարի հեղինակ ու վարող Հայկ Համբարձումյանն է

- Ինչո՞ւ «Թեմա»:

- Ճիշտն ասած, հաղորդաշարի անվանումը ես չեմ ընտրել: «Շողակաթ» հեռուստաընկերության որոշումն էր: Գուցե այն պատճառով, որ մեր հեռուստաընկերությունը գերադասում է  հրավիրել մարդուն և նրա արված գործի շուրջ խոսել: Ոչ թե  անձը, այլ նրա ստեղծածը  հաղորդման թեմա  դարձնելու եղանակն, ինձ էլ է դուր գալիս:
- Քանի՞  տարվա կենսագրություն ունի հաղորդաշարը:
- Մտահղացումն ավելի շուտ էր ծնվել, բայց միայն   2010- ին, կարողացանք այն իրականացնել: Դա այն տարին է, երբ «Շողակաթը» տեղափոխվեց Երևան:
- Այս տարիների ընթացքում «Թեման» փոփոխությունների ենթարկվե՞լ է:
- Իհարկե, ենթարկվել է՝ նույնիսկ ստեղծագործական խումբն է մասնակիորեն փոխվել: Սկզբնական շրջանում, ընտրված թեմայի շուրջ երևանյան փողոցներում մեր համաքաղաքացիների հետ վարած հարցազրույցներն էին  անմիջապես հաջորդում  բացման խոսքին: Այդպիսով, կարծես թե հիմնավորում էինք օրվա նյութի թեման ու այդ հիմքով էլ  կարևոր հարցադրումները ներկայացնում: Հետո փոխեցինք այդ ձևը: Հարցադրումները ներկայացնում ենք բացման խոսքում և միջանկյալ մի տեքստով հրավիրում ունկնդրին էկրանների մոտ…
Այս տարվա սկզբից էլ ենք որոշ փոփոխություններ կատարել: Հիմա  ոչ թե ուրբաթ, այլ շաբաթ օրն ենք եթեր ունենում: Վիզուալ որոշ նորամուծումներով  նաև  ռիթմը  փոխելով, փորձեցինք  «Թեման» ավելի հետաքրքիր դարձնել:
- Առհասարակ, տեղեկատվական ներկայիս հոսքում դժվար է հեռուստադիտողին էկրանի մոտ պահել, հատկապես  նույն մարդու հետ, նույն թեմայի շուրջ տարվող զրույցով: Եւ տաղավարի ինտերյերը, հարմարավետ կահույքն ու աչք շոյող այլ աքսեսուարները չեն հաստատ,  հաղորդման որակի երաշխիքները: Եթե ընտրված  թեման ու հարցադրումները բովանդակային առումով գրավիչ չլինեն, ապա պարզ է, որ հեռուստադիտողը վահանակը ձեռքը կառնի, ուրիշ  մի բան որոնելու համար: «Թեման» կարողանում է իրեն հատկացված  ժամանակի ընթացքում հեռուստադիտողին պահել էկրանի առաջ: Համեստ կահավորված տաղավար՝ երկու աթոռ, երկու բաժակ՝ դրված փոքրիկ սեղանին, որի շուրջ երկու մարդ,  որոնք  փորձում են պարզել, թե՝ որքանո՞վ է, ասենք ժամանակակից հայ արվեստն ու գրականությունը հարաբերվում համաշխարհային արվեստի զարգացման միտումներին  կամ թե հայագիտական ի՞նչ ուսումնասիրություններ են կատարում հայրենիքում ու Հայաստանից դուրս ապրող հայ և օտարազգի գիտնականները…  Այսպես՝ աշխարհի տարբեր հորիզոնականներում   հայոց գիտության, գրականության,  մշակույթի ժառանգության պահպանմանն ու զարգացմանը նպաստող մեծ ու փոքր ներդրումների մասին բազմաբովանդակ հաղորդումներ, որոնք ամեն  շաբաթ օր իր լսարանին  ներկայացվում  հանդարտ ու զուսպ, նյութի խորը իմացությամբ, առանց  պաթետիկ գեղեցկախոսության, առանց հեղինակի ու նրա գործի արժանիքները գերագնահատելու:
Այսպես յոթ տարի: Այդ  ընթացքում հյուրընկալել ես  տարբեր ասպարեզներում գործող հայ և օտարազգի, տարեց ու երիտասարդ մասնագետ, գիտնական, թարգմանիչ, փիլիսոփա, երաժիշտ հոգեբան, ռեժիսոր, դերասան և այլոց:  Այդ  շարքում  պատահե՞լ են մարդիկ, որոնց կամ որին  ոչ թե քո ընտրությամբ, այլ ինչ-ինչ հանգամանքների թելադրանքով, ասենք՝ պարտադրված ես ստուդիա  հրավիրել:

- Իհարկե, պատահել է: Ոչ այնքան ցանկալի հանդիպումներ էլ են եղել այս տարիների ընթացքում:
- Իսկ կա՞ն  ոլորտներ կամ մեկ այլ ասպարեզ, որին  առնչվող  հաղորդումներն առանձնապես նախընտրելի են  քեզ համար…
-  … Գրականությանն առնչվող հաղորդումները: Գուցե այն պատճառով, որ ես գրականագետ եմ, նաև դասախոս:  Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր-ոք  միշտ իր բնագավառի մարդու հետ ավելի հեշտ է հարաբերվում: Բայց իմ այդ   նախասիրությունը որևէ կերպ չի ազդում  թեմատիկ մյուս  հաղորդումների վրա: Անկախ ամեն ինչից,  հաղորդում վարողը պետք է սեփական տեսակետն ունենա՝  ներկայացվող մարդու ու նրա աշխատանքի մասին վերաբերմունք ձևավորելու համար: Իմ առաջնահերթ խնդիրներից մեկն էլ այն է, որ զրուցակիցս տաղավարում իրեն ազատ զգա: Ես իմ հյուրին երբեք չեմ ճնշում, իմ հարցերով անհարմար վիճակների մեջ չեմ դնում: Հակառակը, փորձում եմ շեշտադրված ու հնարավորինս հանգամանալից ներկայացնել նրա գործի  առանձնահատկությունները: Եթե նույնիսկ համաձայն չեմ իմ հյուրի այս կամ  այն հայեցակետին,  ապա ոչ մի պայմանով, հատկապես որոշ շրջանակների համակրանքը շահելու համար նրան նեղը կամ ծուղակի մեջ չեմ գցում,  անկյուններ չեմ սրում,  այլ  փորձում եմ շրջանցել խրթին ինչ-ինչ  հարցեր: Հիմա շատերը գուցե ասեն՝ բա, էլ ու՞ր մնաց թեմայի բացահայտումը: Ես այն կարծիքին եմ, որ մեր իրականության մեջ մշակույթի, գրականության մասին  խոսվում է սկանդալային դեպքերի կամ արտառոց իրավիճակների ժամանակ: Հիմնականում  այդ  առիթներն են  օգտագործվում, երբեմն էլ  հասարակական, քաղաքական կամ սոցիալական  խնդիրներ  քննարկող դեբատների մեջ ներքաշելով են գիտության և մշակույթի գործիչներին  հարցեր տալիս: Մարդը, բնականաբար անակնկալի գալով, չի կարողանում ինչպես հարկն է պատասխան տալ ու շատ դեպքերում էլ պահի տակ, սխալ մեկնաբանություններով հանդես գալով, տխուր վիճակում է հայտնվում:
- Բարեբախտաբար, Թեման վարողը ոչ միայն   լսելու, այլև  երկխոսություն կառուցելու կուլտուրա ինչպես նաև զրույց վարելու հմտություններին է լավ   տիրապետում: Եւ քեզ ճանաչողներին դա չէ, որ   զարմացնում է, այլ այն,  թե  Շողակաթ հեռուստաընկերության հաղորդաշարի հեղինակ,  Երևանի պետական համալսարանի դասախոս, «Զանգակ» հրատարակչության գեղարվեստական գրականության ծրագրերի համակարգող խմբագիր, գրականագետ Հայկ Համբարձումյանը, այդչափ բազմազբաղ լինելով հանդերձ,  ինչպե՞ս է կարողանում   ժամանակը  ճիշտ բաժանելով,  նկատելի  արդյունքների հասնել:
- Շնորհակալ եմ տրված գնահատականի համար: Դժվարություններ լինում են, իհարկե, բայց քանի որ խոսքը, հիմնականում, «Թեմայի» մասին է, ապա ասեմ, որ հեռուստահաղորդմանը  մեծամասամբ մասնակից եմ դարձնում մարդկանց, որոնց գործերին ծանոթ եմ, որոնց գրքերը կարդացել եմ: Կարևոր հանգամանքներից մեկն էլ այն է, որ մշակութային կյանքում կատարվող իրադարձություններին հետևելն, իմ կյանքի մասն է կազմում: Իհարկե, հաղորդումից առաջ, ուսումնասիրում եմ  հնարավոր բոլոր այն նյութերը, որոնք կարելի է գտնել համացանցում կամ թե գրքերում: Ժամանակային առումով հեշտ չի, բայց կարեցածիս չափով փորձում եմ շատ տեղեկություններ հավաքել: Եւ արդեն տաղավար եկած հյուրին  ինքնարտահայտվելու հնարավորություններ եմ տալիս այն աստիճան, որ նա անկեղծանալով, խոսում է ոչ միայն արված, այլև  այն բացահայտումների  մասին, որոնք չի հասցրել տվյալ աշխատանքի մեջ ներառել:  Երբեմն այդպես՝   խոսքից՝ խոսք անցնող զրույցի ընթացքում է հասունանում  նոր գործ սկսելու  գաղափարը: Այնպես, որ  երբեմն «Թեման» նաև նոր  թեմա   հուշելու  հարթակ  է հանդիսանում…
- Շատ կարևոր է նաև, որ ներկայացնում եք մարդկանց, որոնք պոպուլիզմի շրջանակներից դուրս են, որոնց գործերն  հանրության  լայն շրջանակներին   հայտնի չեն: Չնայած պետք է ցավով փաստենք, որ  նույն զուգահեռում գտնվող  հեռուստահաղորդումներն էլ լայն ճանաչում չունեն և  ռեյտինգային առումով  առաջնային դիրքեր չեն գրավում:
- Նման տենդենց  միայն մեզ մոտ չէ, որ նկատվում է: Եթե «Կուլտուրա» հաղորդաշարի վիճակագրությունը նայեք, կտեսնեք, որ մշակութային հաղորդումները Ռուսաստանում նույնպես քիչ դիտումներ ունեն: Մշակութային հեռուստաընկերությունները, հիմնականում գովազդ չունեն և  նյութական աջակցություն չեն ստանում ոչ մասնավոր սեկտորներից, ոչ  էլ պետությունից: Առհասարակ, թեմատիկ նման հաղորդումները հեռուստադիտողների բավական նեղ շրջանակներին են  հետաքրքրում: Դրանց հասցեատերը  մարդկության այն հատվածն է, որը  բռնություն չի  սիրում, լրահոսին չի հետևում, մերժում է շոուբիզնեսին առնչվող  ամեն բան: Մեր ստեղծագործական խումբը աշխատում է «Շողակաթ» հետուստաընկերության վարած քաղաքականության համաձայն: Մենք փորձում ենք ներկայացնել այն մարդկանց, որոնք   հրաշալի մասնագետներ են, որոնք հիմնարար ներդրումներով  հարստացնում են մեր գիտության ու մշակույթի էջերը, բայց իրենց անձը ի ցույց դնել չեն սիրում, խուսափում են հեռուստատեսային հանդիպումներից: Մինչդեռ   նրանց   է պետք ճանաչելի դարձնել, նրանց  գործերն են   լուսաբանության արժանի: Նրանց մշակութային գործերով ու  գիտական  հայտնագործություններով ենք մենք ժամանակին համաքայլ մնում:
- Ի՞նչ բառով կարելի է բնութագրել մեր այսօրվա մշակութային    իրականությունը:
- Ինձ թվում է «ակտիվ» բառով:
- Ակտիվ ասելով, նաև որա՞կ ես  ենթադրում:
- Ինչ-որ չափով, այո:
- Բոլոր ոլորտներու՞մ:
-Թերևս, այո: Վերցնենք թեկուզ  գրահրատարակչական դաշտը: Հրատարակչություններ կան, որոնք աշխատում են բարձր որակով,  արժեքավոր գործեր են տպագրում և այդ առիթով, (ինչպես ասենք մեր «Զանգակ» հրատարակչությունը)  տարբեր միջոցառումներ, շնորհանդեսներ, թեմատիկ  քննարկումներ են կազմակերպում, որոնք մշակութային իսկական իրադարձությունների են վերածվում: Դասական երաժշտության, գեղանկարչության, թատրոնի և կինոյի ասպարեզներում նույնպես աշխույժ շարժ է նկատվում: Այլ հարց է, որ սոցիալական, տնտեսական ու գրեթե անլուծելի կենցաղային տարբեր խնդիրների մեջ խեղդված հասարակությունը չի կարողանում պատշաճ չափով մասնակից դառնալ արվեստային իրադարձություններին:
- Նաև սոցցանցերի  ներկայությունը,  հեռուստատեսային ընկերությունների հեռարձակող բազմաբովանդակ,  տարաբնույթ ծրագրերը, որոնց  նախընտրությամբ են նաև մարդիկ ծուլանում մասնակցել մշակութային իրադարձություններին:
- Ցավալի է, որ երիտասարդները, (նրանց շարքում նաև իմ ուսանողները), արվեստային իսկական իրադարձությունները թողած  վիրտուալ աշխարհի տեղեկատվությամբ էլ սահմանափակվում են: Պահանջվածի պես շատ չեն կարդում, արվեստային իրադարձություններին մասնակից չեն դառնում:  Չնայած գաղտնիք չէ նաև, որ արվեստին առնչվելու համար գոնե մի քիչ  լավ պիտի ապրի մարդը: Գուցե դա է նաև պատճառը, որ մեզանում մի տեսակ, գրեթե ապատիայի վերածվող  անտարբերություն կա: Մի բան, որ ոչ միայն ուսանողության, այլև մեր հասարակական կյանքում է տեսանելի: Մենք  նույնիսկ լավ ու լուսավոր բաները չենք ուզում նկատել:   Մեր   խնդիրներից մեկն էլ նեգատիվին հակառակվելն է: Մենք փորձում ենք ներկայացնել մեր շուրջը  կատարվող դրական իրադարձությունները: Լավը, ի  տես դնելով ենք  ասում՝ չարժե սևեռվել վատ երևույթների վրա: Սրանից բխող մի հարց ևս. ինչու՞ պետք է օրը բացվի՝ նեգատիվ լուրերի հաղորդումներով: Սրանից բխող մի  հարցի  էլ կա՝  ինչու՞ են Ֆիլմի ցուցադրումն ընդհատելով, երեք րոպե տևող կարճ ընթացքում երկիր մոլորակում որքան ավտովթարներ, բնական աղետներ, ահաբեկչություններ  և ողբերգական այլ դեպքեր են կատարվել փոխանցում մեզ: Չէ՞ որ դա շատ վատ է անդրադառնում մարդկանց հոգեբանության վրա, այնքան որ  այլևս անիմաստ է դառնում շարունակել ֆիլմի  դիտումը: Միթե՞ չի կարելի նույն «ջանասիրությամբ»   մարդկանց հաղորդակցել  հոգևոր  արժեքներին,  գեղեցիկ այն երևույթներին, որոնք  արվեստն է առաջարկում:        
- Գեղարվեստի  իրականությունն, այդուհանդերձ  տարբերվում է կյանքի իրականությունից:  Չնայած կյանքը նույնպես ու նույնքան կամ առավել գեղեցիկ երևույթներ ունի…  
- Անկասկած, ունի: Իմ կյանքի ամենագեղեցիկ երևույթը,  իմ դստեր լույս աշխարհ գալն է: Նաև այն  գրքերն են, որոնք խմբագրել ու խմբագրում եմ: Հայաստանում շատ բարձրարժեք  գրքեր են  հիմա հրատարակվում:  Մեր մշակութային իրականությունը հարստացնող փառատոներ ու իրադարձություններ են լինում: Սիրում եմ «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային փառատոնը, որը հնարավորություն է տալիս հրաշալի ֆիլմեր տեսնել: Ափսոսում եմ, որ փառատոնային  օրերը կարճ կյանք են ունենում:
- Իսկ առհասարակ ինչպիսի՞ն  կուզենայիր, որ լիներ քո երկրի, քո Երևանի կյանքը:
- Իմ երկիրը մարդիկ են: Ուզում եմ, որ մենք ավելի լավատես լինենք, ավելի սիրով ու  հավատով լցվենք թե՝ Աստծո, թե՝ մեր մերձավորների հանդեպ: Այդ դեպքում գուցե ավելի վստահ ու հաստատակամ նաև միմյանց հանդեպ բարեյացակամ լինենք: Մենք խնդիրներ ունենք հաղորդակցման մակարդակով, մենք չենք կարողանում իրար հետ շփվել, խոսել, գլուխներս չենք բարձրացնում՝ տեսնելու համար մեր աշխարհում գոյություն ունեցող լավը: Չգիտես ինչու, մենք ամենաչնչին բաների վրա ենք կենտրոնանում և դրանց վրա սևեռվելով, դրանք քննադատող մակերեսային  քննարկումներ ծավալում:  Քննադատությունն, իրականում անհրաժեշտ ու կառուցողական միջոց է, բայց հանրային մեր կյանքը դա էլ թույլ չի տալիս մակարդակով կատարել ու հարկ եղածի պես նպատակին ծառայեցնել: Այնպես է թվում, որ մեր ժամանակակիցը հիմնական ու կարևոր հարցերը թողած, բացասականը մատնացույց անելով է, ինչ-որ լիցքեր  ստանում:  
-   Ազգային  ինքնության   դրսևորու՞մ  է … 
- Ես չգիտեմ, թե որն  է մեր ազգային ինքնությունը:  Շատ կուզենայի, որ մեր ազգային ինքնությունը որոշվեր ոչ թե տոլման հայկական ուտեստ կոչելով,  ոչ թե ցեղասպանությունը, որ մեր գենետիկ հիշողության մեջ է ամրագրված, մշտառկա պրոբլեմ համարելով, այլ միմյանց հանդեպ ցուցաբերվող հանդուրժողականությամբ և միմյանց նկատմամբ դրսևորվող ուշադրությամբ: Մեր մշակույթը ու մեր մշակութային արժեքների գնահատմամբ,  մեր  փառահեղ ճարտարապետությունն ու մեզ թողնված ժառանգությունը պահպանելով, նորը՝ շինարարական մեր ավանդույթների կիրառմամբ  կառուցելով,  մեր մատենագիտությունը և  մեր ժողովրդական հարուստ բանահյուսությունը ճանաչելով,  մեր կողքին ապրող գիտության և մշակույթի հրաշալի այն գործիչներին հարգելով ու գնահատելով, որոնք ներկայիս աննպաստ պայմաններում մի քանի տեղ կես-կես աշխատելով, կարողանում են ստեղծագործել, կարողանում են գիտական  լուրջ հայտնագործություններ  կատարել: Միայն այդպես ու միայն այդ դեպքում  հնարավոր կլինի ասել,  թե սա   է՝   ազգային մեր ինքնության  դրսևորումը: