ՆՎԱՐԴ

«Լեզուն արյուն է, այդ արյունը չի կարելի փոխել: Լեզուն ոգին է, այդ ոգին չի կարելի աղավաղել: Դրանք, տարրական ճշմարտություններ են: Կարելի՞ է ռոկոկո ոճով եկեղեցի շինել: Կարելի չէ, և հայը չի մտնի այնտեղ, չի աղոթի: Իսկ նրանք, ովքեր ուզում են օտարանալ, բարի ճանապարհ, թո օտարանան: Արդեն հայությունը քանակ չէ, այլ որակ է»:

ՆՎԱՐԴ անունով են կնքվել հայ գրականության  մեծերից երեքի՝  Հովհաննես Թումանյանի, Կոստան Զարյանի, Վահան Տերյանի դուստրերը: Ասված է՝ անունը կարևոր, գրեթե ճակատագրական դեր է ունենում մարդու համար: Վիլյամ Սարոյանն, օրինակ համոզված էր, որ մարդն ի վերջո, իր անվանն է նմանվում: Ըստ Հ. Աճառյանի՝ Նվարդը պարսկերեն բարդ բառ է՝ «nav» և «vard» բառերից կազնված, որ նշանակում է նոր վարդ… Այնպես է թվում, սակայն, որ մեր անվանի գրողներին այն սիրելի է դարձել հայոց պատմիչների՝ Հայկի սերունդից սերող Արա Գեղեցիկի և նրա չքնաղ կնոջ՝ Նուարդի սիրո ու նվիրվածության մասին թողած վկայությունների պատճառով: Նվարդ անունով, առաջինը Հովհաննես. Թումանյանն, է կնքել իր աղջկան, հետո արդեն Կոստան Զարյանը: Նվարդ Տերյանը ծնվել է հոր մահվանից երկու ամիս անց: Եվ պոետի կինը՝  Անահիտը իր առաջնեկին այդ անունով կոչել է ի պատիվ Նվարդ. Թումանյանի, որին սիրել ու հրաշալի բանաստեղծություններ է նվիրել և նույնքան հրաշալի նամակներ է գրել Տերյանը:  Արտաքին նկարագրով ու հոգեկերտվածքով տարբեր երեք կին, որոնք թերևս առաջին անվանակցին բնորոշ՝ սիրո և նվիրվածության հատկանիշներով են միմյանց նմանվել: Անհատական վառ նկարագրով ու արտիստիկ խառնվածքով լուսավոր և երևելի գոյություններ էին: Անվանի ծնողների արժանի ժառանգորդներն էին նրանք, որոնք իրենց ապրած անհեշտ կյանքը նվիրաբերեցին հայրական ազգանունների հնչեղությունը բարձր ու զուլալ պահելուն, նրանց թողած գրական ժառանգությունը, նրանց կենսագրության էջերն աղավաղումներից ու «սրբագրումներից» պաշտպանելու դժվարին գործին, որը բարեբախտաբար շարունակեցին նրանց սերունդները: Նվարդ Թումանյանը շատ ուշ ամուսնանալու պատճառով ժառանգ չի ունեցել: Նվարդ Տերյանի հանդեպ, ճակատագիրն այս հարցում ոչ միայն բարեհաճ, այլ պարզապես շռայլ է գտնվել, պարգևելով նրան այնպիսի  ժառանգ, ինչպիսին՝ Գևորգ Էմին–Տերյանն է: Կոստան, Արմեն և Նվարդ Զարյանների հարուստ ժառանգությունը սերունդներին ճանաչելի դարձնելու դժվարին պարտավորությունը հանձն է առել Արմեն Զարյանի որդին՝ Արան: Մասնագիտությամբ ճարտարապետ Արա Զարյանը, որն ապրում է Իտալիայում նաև միջնադարյան մեր եկեղեցիների որմնանկարների վերականգնման աշխատանքերն իրականացնելով է ներկայությունը Հայրենիքում պահում: Վերջերս Հայաստանի ազգային պատկերասրահում բացված հորաքրոջ՝ Նվարդ Զարյանի հարյուրամյակին նվիրված երևանյան ցուցահանդեսն էլ նրա գործուն աջակցությամբ է կազմակերպվել:
Կոստան Զարյանի դուստր՝ Նվարդը, բոլորովին այլ մի ասպարեզ ընտրելով է հնչեցրել Զարյան ազգանունը: Նվարդը, գրականությունը չէ, որ դարձրեց իր հետաքրքրությունների ոլորտը, ոչ էլ երաժշտությունը, չնայած մայրը Թագուհի Շահնազարյանը դաշնակահար էր: Նա արվեստների քաղաք Ֆլորենցիայում էր ծնվել և մանկության տարիներն ապրել էր այն պալատում, որտեղ գտնվում էր նաև հռչակավոր դերասանուհի Էլեոնորա Դուզեյի տունը: Արվեստի մարդոց ընտանիքում մեծացող աղջնակի նախասիրությունների շրջանակն, ասես ի սկզբանե էր կանխորոշված: Հայրն էլ գրավոր խոսքով էր հուշել, թե՝ «Արվեստի յուրաքանչյուր գործ մի տիեզերք է. որ տեղավորվում է մեր ներսում և ներառում է նաև մեզ»: Պետք է ենթադրել, որ Նվարդը տիեզերական նման զգացողությունների առաջին ազդակները գեղանկարչական արվեստի գործերից է ստացել: Իսկ տասնյոթ տարեկանից արդեն ինքն է  սկսել նկարել:  Տասնինը նոր էր լրացել, երբ շահեց Նեապոլում անցկացվող դիմանկարի մրցույյթի սահմանած Առաջին մրցանակը: Հետաքրքիր փաստ է և այն, որ Իրանի կառավարությունը  նրան էր դիմել վերջին շահի՝ Ռըզա Փահլավիի դիմանկարը կերտելու առաջարկով: Անբացատրելի է, սակայն, թե ինչու՞ է Միլանի գեղարվեստի ակադեմիան ավարտած ապա՝ Վենետիկի «Լiceo Artistiko» հաստատությունում կրթություն ստացած ջահել նկարչուհին, մրցանակով սկզբնավորած իր ճանապարհը թողնելով, մեկ այլ ուղի  ընտրել: Կենսագիրների վկայությամբ, Նվարդը իտալացի ճանաչված քանդակագործ՝ Ադոլֆո Վիլդի խորհրդին հետևելով է քանդակագործությանը նվիրվելու որոշում կայացրել: Մի բան, որը ոչ միայն ստեղծագործական, այլև անձնական կենսագրության համար է բեկումնային դարձել: Քանդակագործության ասպարեզ մուտք գործելու առաջին իսկ տարիներին նա ծանոթանում է քանդակագործ՝ Մարիո Չիմարային… Բայց մինչև կյանքի համար ամենակարևոր այդ հանդիպումն ու Մարիոյի հետ ամուսնանալը, Նվարդը սովորում է Հռոմի Գեղեցիկ արվեստների ակադեմիայում, աշակերտելով նշանավոր քանդակագործ՝ Անջելլո Ձանելիին: Հետո մեկնում է Վենետիկ, որտեղ ուսումը շարունակելով Գեղարվեստի ակադեմիայում, ջանք չի խնայում նախընտրած արվեստի հմտություններին լավագույնս տիրապետելու համար: Հաջողությունն, այս ոլորտում նույնպես երկար սպասեցնել չտվեց: 1950 թվականին, Հռոմի նորակառույց կայարանի գեղարվեստական ձևավորման համար Իտալիայի կառավարությունը հայտարարում է մեծ մրցույթ: Հեղինակավոր մրցույթ էր, որին մասնակցող քանդակագործների շարքում էին  նշանավոր այնպիսի արվեստագետներ, ինպիսիք են Ռենատո Գուտուզոն, Լիոնիչելլոն, Չիմարան, Տուրկովատան: Առաջին մրցանակը ստանում է Նվարդ Զարյանը: Սա այն մուտքն էր, որը խոստումնալից բառով չէ, որ պետք է որակվեր: Չնայած նման բարձր նիշը եթե ոչ ավելի բարձրացնելու ապա պահպանելու խնդիր էր դնում: Նա, առաջին տարբերակն է ընտրում: Եվ ժամանակների մեջ կարողանում է պահապանել այն տեղը, որ նրան վերապահելու կոչ էր արել արվեստաբան Գուիլիո Մորուլինին՝ «Պաեզե Սերա» մասնագիտական ամսագրի էջերում գրելով. «Ես իմ այս հոդվածը սկսում եմ հորդորելով գրչակից իմ ընկերներին, որ քանդակագործության հանդեսի առաջին շարքի աթոռը միահոժար հատկացնեն Նվարդ Զարյանին»:
Նա իրեն հատկացված այդ տեղը կարողանում անփոփոխ պահել. Հռոմի «Galleria dello zodiacko» ցուցասրահում տասնութ քանդակ և գծանկարներ ներկայացնելով:  Ապա՝  Կոպենհագենում, Վիենայում, Օսլոյում ու եվրոպական մի շարք քաղաքներում անհատական ցուցահանդեսներ կազմակերպելով: Միջազգային մի շարք բիենալեներին պարբերաբար մասնակցելով ու այս ամենին զուգահեռ նաև մանկավարժական գործունեությամբ զբաղվելով: Գեղարվեստի ասպարեզը հարստացնող նրա ստեղծագործություններն անտարբեր չէին թողնում ոչ արվեստասերներին, ոչ էլ արվեստաբաններին, որոնք առանձնացնում էին հատկապես նրա գործերի էքսպրեսիան ու պլաստիկան, լուսաստվերային հարուստ խաղը: «Նվարդ Զարյանի արվեստը շքեղություն է, որը հազվադեպ ենք տեսնում քանդակ ներկայացնող ցուցահանդեսներում»- վստահեցնում է արվեստի տեսաբան՝ Ատելլիո Կրեսպին: Նրա վերջին ցուցահանդեսը բացվեց 1996 թվականին, Հռոմից ոչ հեռու գտնվող Սանտա Մարինելլա փոքրիկ քաղաքի միջնադարյան բերդում: Ծովափնյա այդ քաղաքի  գողտրիկ մի անկունում, իր գեղեցիկ առանձնատանը նա անցկացրեց կյանքի մայրամուտին տանող վերջին տարիները:
Հայրենիքում, անհատական անդրանիկ ցուցահանդեսով Նվարդը ներկայացել է 1964-ին: Հայրը՝ Կոստան Զարյանը դեռ կար ու նրա կողքին էր ճարտարապետ եղբայրը, որը հոր օրինակին հետևելով Իտալիան թողել և իր ընտանիքով Երևանում էր հաստատվել:  Ցուցահանդեսում ներկայացված գործերից քսանհինգը, նա նվիրեց Հայաստանի ազգային պատկերասրահին: Երկրորդ այցելությունը 1970–ին էր: Հայրը՝ մի տարի առաջ էր կյանքից հեռացել:  Գալի՞ս էր հայրենակիցներին իր ստեղծագործություններով ներկայանալու, թե՞  եղբորն ու զարմիկներին հանդիպելու համար էր գալիս: Գուցե՞ հայերենը լսելու ու հարազատների միջավայրում մայրենի լեզվով խոսելու ու այդ ամենը միատեղող՝ արյան կանչ, ասվածին հետևելով էր գալիս, որ ինչ որ ձևով արձագանքի հոր՝ Կոստան Զարյանի գրավոր մի խոսքին, որը միայն իրեն չէ, այլև  հայությանը ուղղված կոչ է թերևս. «Լեզուն արյուն է, այդ արյունը չի կարելի փոխել: Լեզուն ոգին է, այդ ոգին չի կարելի աղավաղել: Դրանք, տարրական ճշմարտություններ են: Կարելի՞ է ռոկոկո ոճով եկեղեցի շինել: Կարելի չէ, և հայը չի մտնի այնտեղ, չի աղոթի: Իսկ նրանք, ովքեր ուզում են օտարանալ, բարի ճանապարհ, թո օտարանան: Արդեն հայությունը քանակ չէ, այլ որակ է»:

 Նվարդը օտարանալ չէր ուզում: Հակառակը նա նույնիսկ երկրի քարի լեզուն է ուզում հասկանալ: Եվ փորձեց: «Հայրենիքի  իրականությունը շատ շքեղ է, քան ես պատկերացնում էի: Տարբեր երկրների քարերի վրա եմ աշխատել, բայց հայրենիքի քարը արվեստագետից այլ հմտություններ է պահանջում»:  Քարը կերպավորելիս,  հույս ուներ կամ գրեթե վստահ էր, որ իր քանդակները Երևանի գեղագիտական միջավայրը կազմավորող նկատելի տարրերից են դառնալու: Քաղաքային իշխանությունների հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն նրա քարակերտ արձանները  եղբոր՝ Արմեն Զարյանի հեղինակած նորակառույց Գլխավոր պողոտայում պետք է տեղադրվեին: Եվ նրանցից ոչ մեկը ենթադրել անգամ չէր կարող, որ  սովետմիության պաշտոնյանները  խոստումնազանց լինելով ու տարիներ ձգձգելով, փոշիացնելու են պայմանավորվածությունը, իսկ համակարգի փլուզումից հետո էլ սկսվելու էր Գլխավոր պողոտայի  հատվածաբար քանդելու չկասեցվող ընթացքը…
Ամեն ինչը չէ, որ  ժամանակներին պետք է վերագրել և ամեն ինչ չէ երևի, որ Ժամանակը  շտկում կամ սրբագրում է: Ժամանակը մարդիկ են: Ժամանակը չի կարող վերականգնել վերջին տասնամյակներում քանդված երևանյան շինությունները, ուրեմն և Արմեն Զարյանի նախագծով իրականցված Գլխավոր պողոտան: Հայկական գրեթե բոլոր հեռուստաընկերություններն օտար երկրներում ապրած ու ապրող նշանավոր հայերի մասին պատմող հեղինակային հաղորդաշար ունեն: Հպարտությամբ, սիրով, ակնածանքով պատումներ են: Եթե Արմեն Զարյանը չթողներ Իտալիան ու չգար Հայաստան ու նրա նախագծերով իրականացված՝ Գլխավոր պողոտայի ու նման այլ հորինվածքներն ու բնակելի տներն և շինությունները ոչ թե Երևանում, այլ Հռոմում կառուցվեին, ապա հաստատապես նրան ու նրա գործերին նվիրված ոչ միայն տեսաֆիլմեր կնկարահանվեին, այլև պատկերագրքեր կհրատարակեին, հետն էլ կափսոսային, որ էդ ամենը հայրենիքում չի իրացվել: Արմեն Զարյանը գործող ճարտարապետ և տեսաբան-գիտնական էր, բացառիկ մտավորական ու ազնվական էր, որը մութ ու ցուրտ տարիներին անգամ չլքեց Երևանը: Թեպետ կանչում էին՝ նույն Իտալիայից: Բայց նա ոգևորված էր երկրում կատարվող շրջադարձային իրադարձություններից ու հավատում էր անկախացող հայրենիքի գեղեցիկ ապագային…  Եվ աշխատում էր: Հայերեն նաև իտալերեն, ֆրանսերեն լեզուներով գրված նրա աշխատությունները տպագրվում էին հայրենիքում և դրսում հրատարակվող օտարալեզու գիտական հանդեսներում: Հայկական շինարարական արվեստի ավանդույթներն ու յուրահատկությունները բացահայտող Ա. Զարյանի հետազոտություններն ու ճարտարապետական միտքը զարգացնող հիմնարար ուսումնասիրություններն ահա պահպանվել են:

Պահպանվել են նաև Նվարդ Զարյանի այն քանդակները, որոնք նա նվիրել էր Ազգային պատկերասրահին: Պահպանվել են բանիմաց ու մասնագիտական գիտելիք ու պատվախնդրություն ունեցող մարդկանց շնորհիվ: Մշակութային ժառանգության հանդեպ ցուցաբերված մարդկային բարեխիղճ վերաբերմունքի արդյունքում է բացվել Նվարդ Զարյանի տասնութ քանդակն ու գրաֆիկական աշխատանքներն, ինչպես նաև Մինաս Ավետիսյանի հեղինակած Կոստան Զարյանի դիմանկարը ներկայացնող ցուցահանդեսը, որն այս օրերին գործում է Հայաստանի ազգային պատկերասրահում: Նվարդի ցուցահանդեսը՝ որը նաև տարբեր ոլորտներում մնայուն արժեքներ կերտած անհատների կենսագրությանը անդրադառնալու և ապրողների հուշերում Զարյան գերդաստանի երևելիներին միմյանց «հանդիպելու» առիթ դարձավ:

Ցուցահանդեսի լուսանկարները վերցված են Panorama.am կայքից 

https://www.panorama.am/am/photos/%D5%91%D5%B8%D6%82%D6%81%D5%A1%D5%B0%…