Ու՞Մ Է ՍՊԱՍՈւՄ ԱՎԵՐԱԿ ՔԱՂԱՔԸ

Հաստատ ոչ նրան, ով հայոց տաճարները նորոգելու և սեփականացնելու մտադրությամբ է գալիս... Քաղաքը, որտեղ «...արձագանքում էին պարիսպներն ու բուրգերը, խուլ և խորհրդավոր ձայներով» սպասում է, «ողջունելու համար մեր մուտքը»։ Մեջբերումը Արտաշես Վրույրի «Անիում» գրքից է, որը Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը որոշել է անգլերեն հրատարակել։ Ազգային ժառանգություն պահպանելու ուշագրավ յուրաքանչյուր նախաձեռնություն, հատկապես հիմա շատ կարևոր է, քանի որ թուրքերը գնալով ավելի ու ավելի են «կատարելագործում» հայերի հետքերը ջնջելու իրենց հմտությունները։ Հիմա արդեն Հայոց պատմաճարտարապետական ժառանգությունը ոչ թե վերացնելու, այլ վերականգնելու և որպես սեփական մշակութային արժեք ներկայացնելու գործելակերպն են գերադասում։ Եւ անսքող հպարտությամբ, ի լուր աշխարհի (ուրեմն, նաև մեզ), հայտնելով են, գործի անցնում։ Մենք բողոքում ենք։ Մեր բողոքը, սակայն նման է բռկվող և արագ մարող կրակի, որը մոխրահետք էլ չի թողնում։ Մեր բողոքը, հիմնականում արտահայտվում է բուռն քննարկումներով ու այդպես էլ խոսքային տիրույթում մնալով, երկրի սահմաններից դուրս չի գալիս։ Իսկ նրանք անվրդով հետևողականությամբ շարունակում են անշեղորեն վարել մշակութային արժեքներ սեփականացնելու դարերի ընթացքում իրենց սրերի պես հղկված քաղաքանությունը։ Եւ ինքնավստահ գոհունակությամբ են հաղորդում այս կամ այն քրիստոնեական եկեղեցին նորոգելով մզկիթի վերածելու, հայկական վարժարանը՝ հյուրանոց դարձնելու և նման այլ ծրագրերի մասին։ Ոչ վաղ անցյալում, օրինակ Կարսի թանգարանի տնօրեն Նեջմեթթին Ալփը տեղեկացրեց «ՅՈՒՆԵՍԿՕՅ-Ի» հիմնական ցուցակում ընդգրկված Անի քաղաքի, ամենամեծ հուշարձանի՝ Մայր տաճարի վերականգնման աշխատանքների մասին։ Այն իրականացնելու համար արձանագրություն է ստորագրվել Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության և Համաշխարհային հուշարձանների ֆոնդի միջև։ Հայտարարության վերջում ասվել էր նաև, որ վերականգնման աշխատանքների շրջանակներում ներառված են Տաճարի շրջակայքում տարված պեղումների ժամանակ բացված կից շինությունները։ Ոչ մի ակնարկ, այն մասին, որ Անիի Մայր տաճարը, Անիի Կաթողիկե Ս. Աստվածածին Եկեղեցին, 989-ին հիմնադրել է Հայոց թագավոր Սմբատ Բ. Տիեզերակալը։ Որ՝ նրա գործը շարունակել ու ավարտին է հասցրել Հայոց թագավոր Գագիկ Ա. Բագրատունու կինը՝ Կատարինե թագուհին։ Լռության է մատնված և այն փաստը, որ կառուցվածքային կատարելիությամբ բացառիկ, համաշխարհային շինարարական արվեստի լավագույն օրինակների շարքին դասված տաճարը, կառուցել է Տրդատ ճարտարապետը։ Այսօր լռում են, վաղը հերքելով, մերժելու են այս ճշմարտությունները։ «Ստի ճանապարհը կարճ է» միամիտ խոսքը վաղուց է, ինչ հեգնանքով է շրջանառվում։ Կարծես, Չերչիլն էր ասում, թե՝ «Մինչև ճշմարտությունը հագնվում է, սուտը հասցնում է մոլորակով շրջել»։ Գուցե՞ մոլորակով անցնելու այդ ուղին է պետք խոտորել։ Գուցե՞ ոչ միայն խոսելու, այլ միջազգային հարթակներում, մասնագիտական շրջանակներում, տեղեկատվական դաշտում գործելու հիմնավոր և լուրջ ծրագրեր են պետք մշակել։ Վերջապես քաղաքը, ինչպես մարդը անձնագիր է ունենում։ Անձնագրերը, ինչպես հայտնի է, ժամանակ առ ժամանակ նոր վավերացումով պատկանելություն են վերահաստատում։ Այս սկզբունքը քաղաքի համար էլ է կիրառելի։ Անին դարեր շարունակ տարբեր մասնագիտության տեր, խոշորագույն անհատների ուշադրության առանցքում է եղել։ Անիին նվիրված գրեթե բոլոր ժանրերի ստեղծագործություններ կան, քաղաքի մասին գիտական բազմաթիվ ուսումնասիրություններ կան՝ մեր ու աշխարհի տարբեր երկրներում հրատարակված։ Հեղինակները հայ և օտարազգի մասնագետներ են, աշխարհահռչակ գիտնականներ։ Բարձրարժեք գործերը վերահրատարակելու նաև միջազգային գիտաժողովներ կազմակերպելու մեր գործելակերպը պիտի վերականգնենք։ Մենք այդ փորձ ունենք։ Լավ առաջարկություններին, լավ հովանավորների արձագանքներ կլինեն։ Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնի նախաձեռնությունն, թերևս նման օրինակ է։ Այն նաև օտար ափերում և Հայաստանում ապրող նոր սերունդներին հասցեագրված գործ է։ Ի դեպ, «Հայաստանում» բառն հավելվեց ակամա, քանի որ այս օրերին հայտնեցին, թե Երևանում բուհական ընդունելության ժամանակ հայոց լեզվի քննություն հանձնողների ցուցանիշներն՝ անգլերենի համեմատ շատ ցածր են եղել։ Նման արդյունքի պատճառն, արդեն դրսում՝ մեզ ու մեր ստեղծածը ոչնչացնողների մոտ չէ, որ պիտի փնտրենք։ Թեպետ սա ուրիշ թեմա է։ Ավելի լավ է, դառնանք մեր նյութին, և մի վերջին նախադասությամբ ավարտենք այն. «Արվեստը» մայրենի լեզուն պահպանող իր ընթերցողին է ներկայացնում 1979-ին, Երևանում հրատարակված Արտաշես Վրույրի «Անիում» արժեքավոր գրքի առաջաբանից և հեղինակի հուշագրությունից քաղված պատառիկներ։ Նաև լուսանկարներ, որոնց հեղինակը նույն ինքը՝ Ա. Վրույրն է։

ԱՆԻՆ, ՆՇԱՆԱՎՈՐ ԴԵՐԱՍԱՆԸ Եւ ՆՐԱ ՈՐԴԻՆ

Արտաշես Վրույրը իր մանկության և պատանեկության տարիներին (1901-1917թթ.) եղել է Անիում, որտեղ նրա հայրը՝ նշանավոր դերասան Արամ Վրույրը, Մառի գիտարշավի հետ տարիներ շարունակ մասնակցել է հնավանդ քաղաքի պեղումներին: Հետագայում ինքը՝ Արտաշես Վրույրը, արդեն երիտասարդ, դառնում է էքսպեդիցիայի խանդավառ աշխատակիցներից մեկը և ակտիվ մասնակցում է Անիի և շրջապատի վանքերի ու հուշարձանների ուսումնասիրության և նկարահանման գործին:
Պատմական Անին իր հոյակապ հուշարձաններով, վանքերով ու եկեղեցիներով, բերդերով ու պարիսպներով խորը, անջնջելի տպավորություն է թողել մանուկ Արտաշեսի վրա: Եվ նա իր մանկա-պատանեկան վառ տպավորություններով ու հուշերով, չթուլացող հետաքրքրությամբ, այնպես է պատմում, որ ընթերցողի առաջ ուրվագծվում են հնադարյան քաղաքի կիսակործան շենքերը, բերդերը, պարիսպները, ընդհատակյա ուղիներն ու լաբիրինթոսները, շրջակա ձորերն ու բլուրները և Անիի ոտքերի տակ հավիտյան թավալվող Ախուրյանը:
Արտաշես Վրույրն իր հուշերում սիրով ու երախտագիտությամբ է նկարագրում գիտարշավի անձնազոհ ու նվիրական աշխատանքը Անիում, ուր Մառի գլխավորությամբ մասնակցում էին՝ Աշխարահբեկ Լոռու-Մելիք Քալանթարը, Հովսեփ Օրբելին, Թ. Թորամանյանը, Ն. Բունիաթյանը, Տարագրոսը, Ն. Տոկարսկին, Լևոն Քալանթարը, Արամ Վրույրը, Գ. Չուբինովը և ուրիշներ:
Հեղինակը թեև չի մտադրվել տալ գիտարշավի մասնակիցների բնութագիրը, բայց պեղումների, նկարահանումների, հավաքույթների և զանազան դեպքերի սեղմ և պատկերավոր նկարագրությունը հնարավորություն է տալիս ընթերցողին պատկերացնել գիտարշավի շատ մասնակիցներին:
Արտաշես Վրույրը Ժլատ, բայց այնպիսի բնորոշ գծերով է բնութագրել հատկապես մի քանի շարքային աշխատողների, որ նրանց կերպարը ընդմիշտ մնում են ընթերցողի հիշողության մեջ:

 

 * * *

Անիում եղել եմ համարյա ամեն ամառ՝ սկսած 1901 թվականից մինչև 1917- ը, մանկական հասակից մինչև պատանեկություն:

Երբ առիթ է լինում հիշել կամ խոսել Անի քաղաքի մասին, մեկիկ-մեկիկ արթնանում են հիշողությանս մեջ մանկական ու պատանեկան այն քաղցր օրերը, որոնք կապված են եղել ավերակների քաղաքի հետ, որը սնուցել է իմ մեջ ճաշակ, գեղեցիկի զգացողություն:

Անիի գիտարշավի աշխատակիցներն ու մշտաբնակները, որոնք այսպես թե այնպես կապված էին Անիի աշխատանքներին, համարվում էին անեցիներ: Ինձ ևս վիճակվեց կրել կրտսեր անեցու պատվավոր անունը: Եվ ահա կյանքի վերջին տարիներին կրտսեր անեցին գրում է իր վտիտ հուշերը ավերակների քաղաքի մասին, որը նվիրական է ամեն մի հայի համար:

Ապրեցի ավերակների քաղաքում, տեսա մեր անցյալի մեծ վարպետների ու հմուտ քարագործների կերտած հազարամյա կյանք ունեցող ծանրանիստ պարիսպներն իրենց խրոխտ բուրգերով ու հզոր դարպասներով, կիսակործան տաճարներն ու պալատները, իջևաններն ու կամուրջները և խորհրդավոր այրերը: Տեսա մեր նախնիների մամռապատ գերեզմանները, գոռ ճակատամարտերի դաշտերն ու խոր ձորերը: Անցա ստորերկրյա Անիի հավիտենական մթության մեջ խորասուզված նեղ ու լայն անցքերով, տեսա խորախորհուրդ վիշապակիր բուրգերը: Տեսա բոլորը, բոլորը, որոնք դարերի խորքից եկել, հասել են մեզ իրենց բազմալեզու և բազմագիր հիշատակներով, որոնք ինչե՜ր տեսան ու լսեցին, ինչե՜ր ապրեցին խաղաղ մթնոլորտի, փոթորիկների և բռնությունների ներքո:

Տեսա գիտուն մարդկանց, որոնք բազմահմուտ գիտնականի ղեկավարությամբ, արևի կիզիչ ճառագայթների տակ, պրպտում ու պեղում էին պատմական քաղաքի հողաթմբերն ու փլատակների շրջակայքը և դարավոր հողի շերտերի տակից դուրս հանում մեր նյութական մշակույթի մնացորդները. վերծանում հիշատակարանների արձանագրություններն ու պատմության էջերին հանձնում իրենց աշխատանքի արդյունքները: Տեսա մեծ ճարտարապետին իր խորթափանց ու զննող աչքերով. նա չափագրում, գծագրում էր իր հմուտ ձեռքերով և պրպտումների ու որոնումների աշխարհն ընկած իր սուր մտքով վերլուծումներ անում և եզրակացություններ հանում հայ ճարտարապետության հոյակապ հուշարձանների մասին: Տեսա ավերակների մեջ օրնիբուն քայլող խանդավառ արվեստագետին իր լուսանկարչական գործիքով և անխոնջ նկարչին՝ իր ներկերով ու վրձիններով: Տեսա արևակեզ դեմքերով բանվորների, որոնք բահերով ու բրիչներով զինված՝ զգուշորեն աշխատում էին պեղումների վայրերում:

Տարիների ընթացքում ապրեցի այս գեղեցիկ շրջափակում, որն իբրև մի մեծ դպրոց պատվաստեց իմ մեջ ազնիվ զգացումներ ու վսեմ գաղափարներ:

ԴԵՊԻ ԱՆԻ

Անի կարելի է գնալ հիմնականում երեք ճանապարհով, առաջին ուղղին՝ Լենինական-Անի, Արգինայի վրայով մոտ 40-50 կիլոմետր. չնայած երկար, բայց ամենահարմար և միակ ճանապարհն է կառքերի համար:

Երկրորդ և ամենաբանուկ ուղին՝ Անի կայարան-Անի, Խարկով գյուղի վրայով, մոտ 7 կիլոմետր: Դա Անի այցելողների ամենաբանուկ ճանապարհն է: Անի կայարանից մինչև Խարկով գյուղը սայլի ճամփա կա, սակայն, այնուհետև պետք է իջնել Ախուրյանի խոր ձորը, նավակով անցնել գետի աջ ափը, և ահա այդտեղից ձորի միջով նեղ շավիղը ձգվում է մոտ երեք կիլոմետր մինչև Գլիձոր և ապա փոքրիկ զառիվերը անցնելով՝ Տիգրանի դռնով մտնում եք Անի, և ձեր առաջ՝ մի բարձունքի վրա, հանդիպում եք նրբագեղ փոքր տաճարի. դա Տիգրան Հոնենցի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է:

Երրորդ ուղին՝ Աղին կայարան-Անի, մոտ 14-15 կիլոմետր, Ղեղաճ գյուղի վրայով:

Այդ ճամփան հարմար է սայլի համար, և մեր ընտանիքը, շատ քիչ բացառությամբ, միշտ այդ ճանապարհով էր գնում Անի: Մոտ կեսօրին հասնելով Աղին կայարանը, գիշերում էինք Աղին գյուղում, և առավոտ կանուխ սայլով ճամփա ընկնում դեպի Անի: Ղեղաճ գյուղի մոտ կտրելով Ախուրյան գետը՝ անցնում էինք աջ ափը: Ղեղաճի մոտ Ախուրյանի հունը բավականին լայն է, սայլը ազատ կարողանում է անցնել: Ապա մի փոքր հանգիստ տալով եզներին, շարունակում էինք ճանապարհը…

Անցնելով Արազ գյուղի միջով, մի փոքր հետո մեր առաջ ուրվագծվում էին Անի քաղաքի հյուսիսային տուֆակետ պարիսպներն իրենց բազմաթիվ բուրգերով: Ցնծում էր իմ հոգին. այնպես ջերմ և մեծ կարոտով նայում էր այդ հզոր ամրություններին, որոնք, քանի մոտենում էինք, այնքան խոշոր և պայծառ տեսք էին ընդունում: Չգիտեմ ինչու, ինձ թվում էր, որ երկար, շատ երկար տարիներ են անցել նախորդ բաժանման օրից և պապակ սրտով նորից տեսնում եմ հոգուս մեջ խմորված այդ նվիրական ավերակ քաղաքը, որի յուրաքանչյուր բեկորը, ասես լեզու առած, խոսում է ինձ հետ: Քաղաքը ճամփա էր տալիս մեր սայլին իր հզոր կենտրոնական դարպասից՝ Ավագ դռնից: Եվ սայլի անիվները աղմկելով, Ավագ մուտքի առաջին դարպասով մտնում էին երկշարք պարիսպների նեղ արանքը: Արձագանքում էին պարիսպներն ու բուրգերը խուլ ու խորհրդավոր ձայներով, ասես ողջունում էին մեր մուտքը Անի:

 

Լուսանկարներում՝ Արտաշես Վրույր, Թորոս Թորամանյան, Նիկողայոս Մառ, Հովսեփ օրբելի, Ղիբշիձե, Գևորգ Ղափանցյան, Սիրանույշ, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան։

Author