«Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնը ավարտեց իր աշխատանքները: Տոնական շաբաթվա վեցերորրդ օրը տարբեր անվանակարգերում աշխատած Ժյուրիի խմբերը պիտի ազդարարեին հաղթող ֆիլմերի ու նրանց հեղինակների անունները: Կինոգործիչների և կինոսիրողների հոսքը դեպի Ազատության հրապարակ. Կարմիր գորգով անցնող մանկասայլակով տիկին. Այս անգամ այդպես է. գորգը շրջանցվում է: Անուններ չեն ազդարարվում: Ոսկե ծիրանը թե' բացման թե' փակման արարողությունները։
Երևանյան 11-րդ միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը իսկապես հետաքրքիր էր` երաժշտական հրաշալի կատարումներով ընդմիջված: Պարզ է` Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ընթացող երեկոյի առանցքը տարբեր անվանակարգերում աշխատած ժյուրիի խմբերի բեմում հայտնվելն էր: Քանի որ հենց նրանք էին հայտարարում այն կինոգործիչների անունները, որոնց ստեղծագործությունները հաղթող են ճանաչվել երևանյան կինոփառատոնում: Բայց մենք պիտի երեկոյի ընթացքում հնչեցված անունների հերթականությունը խախտելով, ներկայացնենք այն ֆիլմերը, որոնք առանձնացվել ու մրցանակներով են գնահատվել.
Բեմ հրավիրված ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ Ժյուրիի անդամները հայտարարում են.
Ոսկե Ծիրան - Առաջին Մրցանակին է արժանացել ուկրաինական «Ցեղը» ֆիլմը. Ռեժիսոր և սցենարի հեղինակ Միրոսլավ Սլաբոշպիցկի.
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ .- Երկրորդ մրցանակը տրվում է վրացական «Կույր ժամադրություններ» ֆիլմին, ռեժիսոր` Լևան Կոգուաշվիլի։
Սիրահարված տղամարդ, որի ընտրյալը, սակայն ամուսնացած է… Թբիլիսում ապրող քառասունամյա ուսուցիչ Սանդրոյի կյանքի պատմությունն է, որի անձնական երջանկություն գտնելու բոլոր փորձերը անհաջողության են մատնվում:
Կյանքի, սիրո, անդրշիմյան աշխարհի շուրջ խորհրածություննների մղող ֆիլմը, որը Ժյուրիի հատուկ մրցանակին է արժանացել, կոչվում է «Նատյուրմորտ»: Կինոնկարի ռեժիսորը` Ուբերտո Պազոլինին է (Մեծ Բրիտանիա /Իտալիա):
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈւՄ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ - առաջին մրցանակին արժանի նկար է ճանաչվել «Քարե գետը» (Իտալիա/Ֆրանսիա).
20-րդ դարի սկզբին օվկիանոսը հատած և ամերիկյան Վերմոնթ նահանգի Բարրի քաղաքում հաստատված եվրոպացի քարագործ վարպետների ու նրանց ամերիկյան երազանքները փշրող աղետալի իրադարձությունների մասին է կինոնկարը: Իրական մի պատմություն, որի կինոտարբերակը սցենարի հեղինակ և ռեժիսոր` Ջիովանի Դոնֆրանչեսկոն ստեղծել է 30-ականներին քարագործ եվրոպացիների հետ ամերիկյան մի խումբ գրողների արված հարցազրույցների հիմքով: Պատկերային գրավիչ եղանակների կիրառմամբ ու պատումնային հետաքրքիր ոճով առանձնացող ֆիլմը վեր է հանում Մեծ լճացման շրջանի Ամերիկայի իրական պատկերը:
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ - երկրորդ մրցանակը հանձնվում է «Դոմինոյի էֆեկտը» նկարին, որը հեղինակներն են` Էլվիրա Նևերան, Պյոտր Ռոսոլովսկին (Լեհաստան/Գերմանիա):
«ԿՈՐԻԶ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում լավագույն նկար է ճանաչվել և ՈՍԿԵ ԾԻՐԱՆ, առաջին մրցանակին է արժանացել. «Թեև գիտեմ, որ գետը չորացել է» կինոնկարը, ռեժ.` Օմար Ռոբերտ Համիլթոն (Պաղեստին/Եգիպտոս/Քաթար/Մեծ Բրիտանիա):
Հայրենիք` Պաղեստին վերադարձող հերոսը, երկրով անցնելու տունդարձի ճանապարհին վերհիշում է սեփական կենսագրության էջերը: Ամերիկա մեկնելու, օտար ափերում խաղաղ ապրելու որոշումից հրաժարվելու և Հայրենիքի ձգող ու հաղթող ուժի մասին է ֆիլմը:
Ժյուրիի հատուկ մրցանակին արժանացել է «Կարմիր Հալքը» ֆիլը, որի ռեժիսորն է` Ասմինա Պրոեդրուն (Հունաստան): Աթենքում ապրող միայնակ երիտասարդի տառապանքներն ավելի են խտանում, երբ նա ակամա մասնակից է դառնում ռասայական բռնության…
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ առաջին մրցանակը ստացել է լիամետրաժ խաղարկային. «Թևանիկ» ֆիլմը, ռեժիսոր` Ջիվան Ավետիսյան, (Հայաստան/Լիտվա):
Արամի կենսագրության առաջին իսկ էջերը սկսվում են կյանքի հարվածներով. Փոքրիկ տղայի մանկությունը խաթարվում է հարազատ ու ամենասիրելի մարդկանց, ծնողների պատճառով, որոնք նույն կյանքի պարտադրանքով ստիպված են բաժանվել:
Խաղաղությունից-պատերազ, մեկ օր` ողբերգական իրադարձություններով հագեցած: Օր, որի ավարտին Աստղիկը մնալու էր միայնակ ծնողներին ու սիրեցյալին կորցնելով: Երրորդը` Թևանիկի պատմությունն է: Տասնչորսամյա տղան մասնակցում է պատերազմական գործողություններին ու վարկյանները որոշիչ են դառնում նրա համար միայն այն պատճառով, որ գեղեցիկի վրա ձեռք բարձացնելու ուժ չի ունենում:
Հրանտ Մաթևոսյանի անվան լավագույն սցենարի համար հատուկ մրցանակը և
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ առաջին մրցանակը տրվել է կարճամետրաժ խաղարկային. «Կաթնեղբայր» ֆիլմին, ռեժիսոր` Վահրամ Մխիթարյան, (Լեհաստան/Հայաստան)ը:
Սեթոն, որ տաս տարեկան է, հուզմունքով է սպասում փոքրիկ եղբայր ունենալու ընտանեկան նշանակալից իրադարձությանը: Դժբախտաբար, նորածին երեխան մահանում է: Մեծ կորուստի ցավը մասամբ մեղմացնում է նրանց տանը հայտնված գառնուկը, որը սնվում է որդեկորույս մոր կրծքից:
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ երկրորդ մրցանակակիր ֆիլմը դարձավ լիամետրաժ-խաղարկային` «Ռոմանտիկները», ռեժիսորներ` Արեգ Ազատյան և Շողիկ Թադևոսյան, (Հայաստան).
Մեր օրերի Երևանը, մեր կյանքի անբաժան մաս դարձած արտագաղթի սովորական մի պատմություն: Ընդ որում, իրական պատմություն: Հայաստանից հեռանալու վճիռը կայացրած երիտասարդ դերասանը Ամերիկա մեկնելուց առաջ, մտերիմներին հրավիրում է հրաժեշտի երեկոյի: Տոնական հավաքը, սակայն ողբերգական ավարտ է ունենում:
Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության «Թագուհի Նուարդ» մրցանակով և Ոսկե ծիրան ՄՐՑՈՒՅԹ անվանակագի մրցանակին արժանացել է «Շքամուտք» կինոնկարի ռեժիսոր` Լուսինե Սարգսյանը (Հայաստան).
Քաղաքային բազմաբնակարան շենք, որի շքամուտքում ոչ միայն իրադարձություններ են ծավալվում, այլև արժևորվում այստեղ ապրողների կորցրածն ու գտածը: 90-ականների սև ու մութ օրերին սկզբնավորված այս կենսաձևին “հետևող” կինոխցիկը որսում է այն հիմնարար փոփոխությունները, որոնց ենթարկվում են մարդիկ…
Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության «Թագուհի Նուարդ» մրցանակին արժանացած երկրորդ ֆիլմը կոչվում է «Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն»: Սցենարի հեղինակ և ռեժիսոր ` Ռուբեն Գինեյ (Չինաստան/Հայաստան/Ռուսաստան/Հնդկաստան).
Երկու տարի, տասնմեկ երկրում կատարված նկարահանումներ, արխիվային եզակի նյութեր, ձեռագրեր, անձնական օրագրեր, նոթեր` Փարիզի,Լոնդոնի, Լիսաբոնի գրադարաններից “պեղված”: Սրանք են հիմք դարձել ակադեմիական մի կինոպատումի, որի հեղինակն ու ստեղծագործական խումբը փորձել են պարզել կամ հասկանալ, թե ինչպես է հայերին հաջողվել մեծ բացահայտումների դարաշրջանից շատ առաջ Արևելքը կապել Արևմուտքին:
ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԸ տրվեց «Հարություն» ֆիլմի սցենարի հեղինակ և ռեժիսոր` Ալեն Մանուկյանին, (Հայաստան): Երիտասարդ արվեստագետի համար սկզբնավորված խոստումնալից ուղի` առաջին ֆիլմ, առաջին կինոփառատոն, առաջին մրցանակ…
Ավելացնենք` փակման արարողության օրը Ոսկե ծիրան փառատոնի կազմակերպիչնեըը հաճելի անակնկալ մատուցեցին կինոաշխարհում ճանաչված երկու անհատականությունների: «Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակ տրվեց պատվավոր երկու հյուրերի` աշխարհահռչակ չինացի ռեժիսոր Ցզյա Չժանկեին և միջազգային կինոփառատոների ոլորտում մեծ վաստակ ունեցող, անվանի կինոգետ Մարկո Մյուլլերին:
Կարևոր ևս մի հանգամանք` Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնը փակման այս արարողությամբ չի ավարտում իր աշխատանքները:
Փառատոնը վերջին տարիներին շարունակում է կինոհանդիսություններ` տոնական ծրագրեր իրականացնել Հայաստանի մարզերում, Արցախում և Ջավախքում: Այնպես, որ մրցանակների արժանացած, ինչպես նաև փառատոնային ծրագրերում ներառված մի շարք ֆիլմեր դիտելու հնարավորություն կունենան նաև այն կինոսիրողները, որոնք հուլիսի 13-20, 2014 թ. Երևան գալու հնարավորություն կամ առիթ չեն ունեցել:
















