ԵՐԲ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ԱՎԱԶԸ ՀՈՍՈՒՄ Է

 

Ո՞վ էր նայում Հիսուսին մտրակող դահճի ձեռքերին  

Խաչելիության ճանապարհի ձիթենիներին.- Ալբեր Քամյու

                         

Չլսված, չտեսնված իրավիճակ ու իրադարձություններ՝ միմյանց հաջորդող.    Մղձավանջ. «Տենդ, զառացանք, ցնորք» (Ե.։ Չարենց)  Նաև  Հույս՝ մերթ քամու թեթև շարժումից բոցկլտացող, մերթ մարող։  Նաև բառեր, բառեր, բառեր... Բոլորը խոսում են։ Բոլորը՝ օտարազգի բարեկամը, օտարազգի հայատյացը, ներս ու դրսում ապրող հայը։ Ամեն մեկը  տարբեր ակունքներից վերցրած ջուր լցնելով նույն խմորն է հունցում,  որն այդպես էլ հաց չի դառնում։

 Իսկ ժամանակացույցի ավազը հոսում է ...

 

ադրբեջանի մշակույթի  նախարարը տխրահռչակ հայտարարության հաջորդ իսկ օրը  համայն աշխարհին «պատմական տեղեկանք» ներկայացրեց առ այն, որ Դադիվանքը ալբանական մշակույթի արտահայտություն  է. Այսօր Դադիվանքը կհռչակեն իրենցը, վաղը  հոգևոր բոլոր այն տաճարներն ու հոգևոր շինությունները, որոնք Արցախի  ազգային պատկանելիությունը հաստատող քարե անձնագրեր են։ Դրանք հուշարձաններ չեն միայն, այլ մինչև երեկ գործող տաճար ու վանք, եկեղեցի ու մատուռ են, որոնք լքվել ու մնացել են՝ կացինը պահած թշնամու ձեռքի տակ։ Ուրեմն լինելիությունն ու պատկանելիությունն է վտանգված։ Արցախցիները թշնամուն հանձնված իրենց ծննդավայրերից հեռանում են  իրենց տները  մոխրի  վերածելով։ Թշնամին սպառնում է նաև սրա համար հայությանը պատժամիջոցների ենթարկել։  Սա մեզ ծանոթ իրավիճակ է. Գիտենք, բայց կրկին վերհիշենք. «Քաղաքում ծայր էին առել հրդեհները։ Քաղաքից հեռացող նայիրցիները անասելի, չտեսնված մի եռանդով այրում էին իրենց տները ու խանութները, որ ոսոխին չմնան»։ Ե. Չարենց. «Երկիր Նաիրի»...

 Ինչպիսի՞   ապրումներով ու ցավով  են նման որոշում կայացրել նայիրցիները՝ անցյալում և հիմա։  Միայն խոսքով չէ, հիմա նաև տեսանյութերով տիրաժավորված են ի ցույց դրվում։ Միայն թե հուզառատ խոսքերից բացի ուրիշ արձագանքներ  չեղան ...

 

 Շինարարական արվեստի համաշխարհային պատմության էջերում տեղ գտած  բարձրարվեստ արտահայտությունները  հրդեհի ճարակ չեն դառնա, իսկ քանդողները մենք չենք լինի։ Մեզ կմնա դրանք լուսանկարներով ու գրավոր խոսքով ժամանակին պահ տալը։  Մենք այդ հնարքին լավ ենք տիրապետում։ Ինչ որ մասնակի տարրեր պոկել, բերելով թանգարանային նմուշ դարձնելու եղանակին էլ ենք տիրապետում։ Նաև հավատարիմ մնալով ռուսաց ու եվրոպական քաղաքակիրթ երկրների համապատասխան հաստատություններին  պատմական արժեքները, չոչնչացնելու  բողոքագիր կամ խնդրագիր ներկայացնելու փորձը ունենք։

Եվրոպան քառասուն և ավելի օրեր (հեռավոր ժամանակների նավը Արցախի բարձունք-լեռներին  մոտենալ չէր կարող), հեռվից էր նայում քաղաքակրթության և բարբարոսության միջև ընթացող պատերազմին։  Առանց միջամտելու։ Այդ իրենք՝ հզոր համարվող երկրները ծնկի եկան  նավթադոլարներ ցփխող թուրք և ադրբեջանցի ստախոս ահաբեկիչների առաջ, այլ  ոչ թե   տասնութ, քսան տարեկան ազնվացեղ մեր   լուսավոր ու զորեղ տղաները։

Երեկ, թե՞ այսօր էր, որ մեր ստեղծագործական միությունների ղեկավարները,  մշակութային գործիչները այս «արժեհամակարգի» գերադասողներին   հայոց պատմական բարձրարժեք արտահայտությունների անվտանգությունն ապահովելու համար խնդրագիր ներկայացրեցին։ Անցյալից հայտնի ո՞ր կամ ինչ երաշխիքների հիմքով։     

Ցավալի է, բայց մեր կորսված պատմական տարածքների ու մեր մշակութային  ժառանգության   կանգուն ու կիսավեր  կոթողները ներառնող քարտեզը կրկին ընդարձակվեց։ Եւ մեր գալիք սերունդներն, այսօրվա ապրողներիս պես մի քանի տասնամյակ անց երևի թե  մատչելի գներով «Արցախ-տուր» գործակալության առաջարկն ընդունելով, որպես զբոսաշրջիկ կգնան  պապենական աննման երկրամասը տեսնելու... Ճիշտ այնպես, ինչպես կորսված Արևմտյան Հայաստան սկսեցինք գնալ, ստույգ չգիտեմ 2000–որ թվականից սկսյալ։

 

  Հին հույների  և հռոմեացիների  ՙHekastos՚  և  ՙAniversarius՚ բանալի  բառերը երևի թե այսպիսի իրավիճակներում հայտնվելով են շեշտադրված առանձնացրել։  Hekastos-թարգմանաբար նշանակում է՝  «առանց բացառության յուրաքանչյուրը» իսկ  aniversarius –ը՝ «ամեն ինչ կրկնվում է…»  Իհարկե կարող ենք հակադարձելով, ասել, թե՝ ամեն ինչ չէ, որ կրկնվում է։  Կարող ենք, իհարկե եթե մեզ համար  ամենաթանկի, ամենակարևորի՝ հայրենիքի պատմությունը չկրկնվեր…Եւ  հայրենիքի իսկական զավակներն՝ «առանց բացառության յուրաքանչյուրը», ամենածանր համարվող հանգրվանում զենք վերցնելով չպաշտպաներ երկիրը…Բայց ստացվում է այնպես, որ մեր երկիրը պատերազմի մեջ ներքաշվելով ու հաղթելու պարագայում անգամ կրկնության շրջապտույտից դուրս գալ չկարողացավ: Ցավ է ու փաստ, որ  մեր պարագայում մի  սերունդ չէ, որ  պատերազմ է տեսնում, այլ սերունդներ: Ավելին, նույն սերունդը երկու, երեք անգամ է պատերազմի բովով անցնում: Մենք,  դրա վկաներն ենք: Եւ դրա համար ենք ներքին ընդվզում ապրում: Առաջներում հասկանալ էինք  ուզում, թե ինչպե՞ս է պատահել, որ մեր երկիրը  պարբերաբար հայտնվել է այնպիսի իրավիճակներում, որոնցից դուրս գալու  ելքերի որոնումն առաջնահերթ խնդիր լինելով,  այդպես էլ վերջնական լուծում չի ստացել:   

 Անցյալ դարի վերջին՝ մեզ պարտադրած պատերազմում հաղթել էինք, մենք մեր պատմական տարածքների մի մասը  ազատագրել էինք, բայց Մեծ  հաղթանակի ուրախությունը մի կարգին չվայելած, կրկին հայտնվեցինք պատերազմի տանող ճանապարհին: Այդպես չի լինում, այդպես պիտի չլիներ, եթե… Եթե-ին հաջորդող բոլոր պատճառները, լավագույնս ներկայացվել ու հատկապես այս ամսվա ընթացքում մեկնաբանվել են: Բայց դրանից ի՞նչն էր փոխվել  պատերազմական իրավիճակում ենք, նորից: Եւ առաջին գծում սահման պահողները, հաղթանակից հետո ծնված տղաներն հայտնվեցին:  Փոխանակ ճկուն քաղաքականություն տարվեր, փոխանակ ապագային ուղղված սթափ հայացք ունենայինք

 Աշխարհի քարտեզի վրա գոյություն ունեցող ոչ միայն մեծ տերությունները, այլև փոքր երկրներն են կարողանում ներկայություն ապահովելով, արժանապատիվ գոյություն պարտադրել: Մեզ դա չի հաջողվում: Հետաքրքիր է կա՞ մի երկիր, որ բանակցությունների միջոցով է ազատություն  ձեռք բերել:  Մենք  մեր  ձեռք բերածը չամրագրեցինք ինչպես որ հարկն է: «Հայրենիքը պետք է հանձնել հաջորդ սերնդին այնպես, ինչպես ինքդ կուզենայիր այն ստացած լինել».-  ճապոնացի գրող Կենձաբուրո Օենի բանաձևված  ճշմարտության համար  մեր ամեն մի սերունդ  կյանքով է հատուցում:

Հայերս, հայրենիքը սերնդե-սերունդ փոխանցելիս ոչ միայն անցյալի բեռից չենք ազատվում, այլ ավելի ենք ծանրացնում մեր բեռը: Եւ երկիրը կրկին ու նորից այնպիսի խնդիրներ է ունենում, որ թոհուբոհի կենտրոնում հայտնվելով, ուղիներ է փնտրում սեփական սահմանները վերահաստատելու, կորսվածը  վերականգնելու ետ բերելու համար: Նոր սերունդի մի հատվածը  նախորդի սխալը ոչ միայն չի շտկում, այլև նորերն է ավելացնում:

Վիլյամ Սարոյանը մեր այս  վարքի պատճառը ուրիշ մի հիմնավորումով  է ներկայացնում: Ասում է. «Մեզանից յուրաքանչյուրը առաջնորդ է, բանակի զորավար, թագավոր, նախագահ բոլոր ժամանակների մեծագույն մտածող և նման բաներ: Մեծ մարդկանց ազգ ենք»: Սա՞ է պատճառը, որ  ըստ գրող-հումանիստի,   մեզ թույլ չի տալիս համախմբվել, միասնաբար որոշել թե ինչպիսի քայլերով առաջ գնանք, և այնպիսի զգոնությամբ, որ մեծ տիրությունների թաթը չտրորենք, որ անվնաս ու անկորուստ  մնանք:

 Դառնանք Aniversarius - բառին, որն ինչպես գիտենք  թարգմանբար նշանակում է՝ ամեն ինչ կրկնվում է:  Բայց միթե՞ իսկապես ամեն ինչ է, որ կրկնվում է: Թե՝ մեր պատմության անիվը մենք ինչպես հարկն է ճիշտ ու ամուր ձեռքով պտտելու ձևը չգիտենք։  Պարբերաբար սխալվելու պատճառը ո՞րն է: Անբացատրելի է։   Եւ  հենց հիմա էլ էդ վարքն ենք ցուցաբերում: Չնայած զգոնության կոչ անող առավել ճշգրիտ գործողություններով առաջնորդվող երկրի զավակներ ենք ունեցել, բայց էլի մի տեսակ չենք ուզում պատկերացնել չկրկնվող ընթացք:   Մենք մեր  ներկա պահի գործողություններն  ավելի ենք արժևորում, քան բուն նպատակ դնելն ու դրան հասնելը: Մեր գործողությունները վերանայելու, վերարժեքավորելու խնդիրը հետո է ծագում: Ընդ որում, վերադարձի գաղափարի մեջ էլ  ծիսական, իսկ հիմա արդեն շոու սարքելու ձևն  ենք նախընտրում:  Թեպետ պետք է գիտակցենք, որ պատմության ընթացքում նման կրկնողությունների արատավոր շրջանը նաև վախ է ծնում: Իսկ վախը  «ի՞նչ է լինելու հետո» հարցը նորից կրկնվելու ծիրում  է թողնում։ Մինչդեռ հարցերը ոչ թե օդավորված, այլ հիմնավոր պատասխան ստանալու համար են հնչեցվում: Այսօր մենք  հստակ ու հիմա պատասխան լսելու պահանջ ունենք։  Այլևս ժամանակին  թողնելու ժամանակ չկա: Սպառված է։  Հապաղելու իրավունք էլ չունենք:  Հայտնի է, թե ինչու:  Մեզ մնում է հիշել նաև լատիներեն ՝ Hekastos – բառը, ասել է թե, բոլորը՝ առանց բացառության։ Այսինքն,  յուրաքանչյուրս պետք է իր մասնակցությունը բերի ինչպես կարող է՝ հնարավոր ու անհնարին բոլոր միջոցներն ու եղանակները մոբիլիզացնելով ժամանակի պարտադրած մարտահրավերներին դիմակայելու համար: 2020-ի աշնան մղձավանջով և ստով շղարշված  օրերին կատարված իրադարձությունների ճշմարտությունները բացահայտելու և մեծ սխալները, գոնե մասամբ շտկելու համար:  

Մեր Երկիրը  պահելու համար։  Մեր գոյամարտը շահելու համար։