ՌՈւԶԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ / ԱՍՏԾՈ ՄԱՏՆԱՆՇԱԾ ՄԵՐ ՏԵՂԸ

                    

 Ջեյմս Թյուֆենկյանը  Բերձորում ընթացող խորհրդաժողովի ամբիոնին մոտեցավ հաստափոր մի գիրք ու ճերմակ   թուղթ  ձեռքին  եւ ասաց. «Պատկերացրեք, թե սա  է այն  գիրքը, որտեղ ամփոփված են այն մարդկանց անունները, ովքեր պայքարել են Արցախի, ուրեմն եւ Քաշաթաղի ազատագրման համար։ Հերոսներ, որոնց մասին մի քանի տող կամ կես էջ, իսկ ոմանց մասին էլ էջեր կան գրված։ Բայց այդ գրքում իմ անունը չկա։ Ես  իմ ժողովուրդի գոյապայքարին չեմ մասնակցել եւ իմ բաց թողած այս էջը լրացնելու, պատերազմի ժամանակ Նյու Յորքի իմ տանը բարեկեցիկ կյանքով ապրելու եւ այդ օրերի դժվար ընթացքին մասնակցություն չբերելու եւ իմ որդիական պարտքը  հատուցելու համար եմ հիմա  այստեղ»։ Ջեյմս Թուֆենկյանը նաեւ  խոստովանեց, որ ընդամենը տասնվեց տարի առաջ է հայացքը դեպի հայրենիք դարձրել, ընկերոջ՝ Անդրանիկ Կասպարյանի շնորհիվ։ Անդրանիկը, որը նույնպես Նյու- Յորքում ծնված հայորդի է, պատերազմական ծանր օրերին էր եկել Արցախ։ Պատերազմից ավարտից հետո վերադարձել էր ծննդավայրը, բայց կենսագրության փակ էջ չի դարձրել հայրենիքում ապրած շրջանը, այլ այն նոր էջերով հավելելու որոշում  էր կայացրել։ Նրա սերն ու  ոգեւորությունն է փոխանցվել ընկերոջը՝ Ջեյմսին, որը պիտի հայրենիք գար ու  նկատելի ներդրումներով, նկատելի տեղ գրավեր հայ իրականության մեջ։ Անդրանիկը, Թուֆենկյան ֆոնդի նյուորքյան մասնաճյուղի ղեկավարն է, որի հետ առնչվելու կարճ ժամանակն էլ բավական է նկատելու համար, որ մարդը սեփական ժամանակը հարգելու ու նպատակին ծառայեցնելու, ընդօրինակման արժանի վարքով է ապրում։ Թուֆենկյան ֆոնդի Նյու Յորքի եւ Արցախի մասնաճյուղերի ղեկավարներ՝ Անդրանիկ Կասպարյանը ու Մարո Մաթեւոսյանը Քաշաթաղի ապագայով մտահոգությամբ սկսված գործի իսկական նվիրյալներ են։ Մի քանի օր անց, արդեն Երեւանում  Քաշաթաղի խնդիրների մասին հեռուստատեսությամբ պատմելիս, Մարոն եթերից պիտի ասեր. «Լավ կլիներ, եթե Քաշաթաղի վերականգնման աշխատանքներին մասնակցելու ցանկություն հայտնեն ոչ միայն հայրենիքում ու Սփյուռքում ապրող, այլեւ Ռուսաստանում գործող հայազգի բիզնեսմենները»։ Ռումինիայում ծնված ու Ամերիկայում հաստատված Մարոն, Նյու Յորքը թողած ու Քաշաթաղի վերաբնակեցման համար ջանք ու ժամանակ չխնայող Մարոն, կոչ է անում Ստեփանակերտում, Գորիսում, Եղեգնաձորում,  Տաշիրում ծնված ու մի քանի տարի առաջ ծննդավայրը լքած մարդկանց՝ օգնության ձեռք մեկնել իրենց եղբայրներին ու քույրերին հայրենի եզերքի մի փոքրիկ անկյունը բարեկարգելու եւ բնակեցնելու համար։  Ճիշտ երկու օր անց Հ1-ը, ապրիլ 7-ի գիշերը հեռարձակեց Մոսկվայի Կրեմլի դահլիճում կայացած «Տաշիր-2008» համերգի տեսագրությունը։ Շքեղորեն զարդարված բեմում ելույթ ունեցող հայկական շոու բիզնեսի աստղեր, նրանց ողջույնի խոսքերով շնորհավորող ու մրցանակներ հանձնող մոսկվաբնակ հայազգի եւ ռուս երգիչներ, նաեւ գործարար, հարուստ հայեր, որոնք շռայլորեն նվերներ էին բաժանում… «հայերեն բառերով թուրքական մեղեդիներով երգեր» կատարող հայ երգիչ-երգչուհիներին։ Ի դեպ, այս ձեւակերպումը նույն այդ բեմից Ստաս Նամինը հնչեցրեց։ Գուցե նա էլ էր այն կարծիքին, որ այդ համերգի վրա ծախսված գումարներով, հասատատ կարելի էր մի դպրոց ու մի հիվանդանոց ու էլի ինչ որ հույժ կարեւոր կենսական խնդիրներ լուծող մի հաստատություն հիմնել Քաշաթաղում։         

 Քաշաթաղցիների համար  նման համերգներ չեն կազմակերպվում։ Քաշաթաղցիները հեռուստատեսություն  չեն նայում։ Լույս չունեն։ Բայց միայն լույս չունենալու պատճառով չէ, որ  Քաշաթաղը ապրելու տեղ ընտրած 24 հազար մարդկանց թիվը նախ՝ 12 հազար, ապա նվազելով  8, 5 հազարի է հասել։ Պատճառների մասին խոսելիս առաջին հերթին պետք է շեշտել ամենակարեւորը` մարդու իրավունքների խախտումները։ Մարդիկ, որոնք եկել էին այստեղ հաստատվելու տեղական իշխանություններից աջակցության փոխարեն բազում բազմատեսակ խոչնդոտումների են բախվել։ Առհասարակ, Անհատի դերը շատ կարեւոր է բոլոր ժամանակներում։ Հայտնի, օրինակներով հաստատված իրողություն է եւ այն, որ Ժամանակը ու մարդիկ չեն մոռանում այն անհատներին, որոնք հանգամանքների բերումով, կամավոր կամ ճակատագրի թելադրանքով  ազգի ու երկրի համար նշանակալից  դեր են կատարում։ Քաշաթաղում նման մի պարտավորություն էր ստանձնել Ալեքսան Հակոբյանը: Ենթադրվում է, որ  Քաշաթաղի վարչական կենտրոնի ղեկավար դառնալը՝ պատմական ծանր մի հատվածում, քաջության պահանջ է դնում։ Պատմաբան գիտնականը կամավո՞ր, թե՝ պարտադրված էր այս աշխատանքին անցել, չգիտեմ: Այսինքն, կարեւոր էլ չէ, կարեւորը այն է, որ նա Հովհաննես Թումանյանի՝ «Գործն է մնում, լավ իմացեք»- պատգամով է առաջնորդվել այստեղ պաշոնավարելու տարիներին։ 

Գորիսից՝ Քաշաթաղ ձգվող համեմատաբար բարեկարգ ճանապարհը հատելով, հասնում էինք Բերձոր, երբ հեռվից  տեսանք եկեղեցին։ Սա Քաշաթաղի տասնվեց ու մեկերրորդ եկեղեցին է։ Միջնադարյան հոգեւոր շինություններին հատուկ ճարտարապետական լուծումներով իրականացված հոգեւոր տունը շահեկանորեն տարբերվում է վերջին տարիներին մեզանում կյանքի կոչված հոգևոր մի շարք շինություններից։ Ասացին. «Ալեքսանն է կառուցել»։ Քաշաթաղում գտնվելու օրերին այցելեցինք Բերձորի երկրագիտական թանգարանը, եղանք նաեւ նույն շինության երկրորդ հարկում գործող պատկերասրահում։ Դուրս ու ներսում ապրող հայ լավագույն արվեստագետներիճանաչված նկարիչների ու քանդակագործների ստեղծագործություններն էին ցուցադրված Բերձորի պատկերասրահում։ Զարմացանք. Հարցրեցինք. «Ե՞րբ, ինչպե՞ս»։ Ասացին Ալեքսանի նախաձեռնությամբ ու անմիջական մասնակցությամբ  են բացվել տեղի մշակութային բոլոր կենտրոնները։ Գրադարանն էլ է Ալեքսանի ջանքերով կազմավորվել։ Երաժշտական դպրոցում տեղեկացանք, որ Քաշաթաղի երեխաները Երեւանում անցկացվող երաժշտական մրցումներին մասնակցելով, մրցանակներ են շահում ու համերգներով հանդես գալիս շրջանի գյուղերում։ Տնօրենը՝ Արմեն Խաչանյանը այս մասին  գոհունակությամբ հայտնելով, նույն անսքող հպարտությամբ պատմեց դպրոցում գործող դաշնամուրի, ջութակի, ալտի, լարային գործիքների դասարանների եւ այդ բաժիններում սովորող սաների մասին։ Փաստորեն մասնագետներ կան։ Ինչպե՞ս է պատահել, որ Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան ավարտած ու արտասահմաններում աշխատած երաժիշտները, մայրաքաղաքը  թողած, եկել ու մնացել են այստեղ,- հարցը բարձրաձայն  տրվեց։ «Ալեքսանը համոզեց ու բերեց», պատասխանեցին։ Հետաքրքիր էր եւ այն, որ  Ալեքսան անունն ասվում էր, առանց ազգանվան, առանց պարոն կամ ընկեր բառի կցորդման։ Իրենց Ալեքսանն է, նույնիսկ հիմա, երբ նրա հեռանալուց տարիներ են անցել։  Ո՞վ է հաջորդել Ալեքսան Հակոբյանին, չգիտեմ։ Իմանալը դժվար չէր, բայց պե՞տք է գրավոր հիշատակվեր մի մարդու անուն, որի պաշտոնավարման տարիներին արդեն սկսված արտահոսքի չափերն ավելի են մեծացել ու հենց նրա ղեկավարման  շրջանում են հազարավոր մարդիկ  թողել, հեռացել Քաշաթաղից։ Անշուշտ, Թուֆենկյան ֆոնդի եւ ԼՂՀ կառավարության՝ «Քաշաթաղի զարգացման ռազմավարական ուղղությունները» վերտառությամբ ծրագրի մշակման գործին ներկա էր նորանշանակ ղեկավարը։ Ըստ երեւույթին, աշխատանքային գործունեության  մեկ տարվա ընթացքում է նորընտիր ղեկավարը հանգել այն եզրակացության, որ պետք է շտապ միջոցներ ձեռնարկել երկրամասի նկարագիրը փոխելու համար։ Ապագան ցույց կտա, թե նրա ազգանունը հնչողության ի՞նչ շառավղով ու ի՞նչ երանգներով  կարձագանքվի։ Հուսանք, որ նա չի պատկանում այն իշխանավորների շարքին, որոնց ուշքն ու միտքը սեփական գրպանի կողմն է…Հուսանք, որ նրա ղեկավարության շրջանում Քաշաթաղի վերաբնակեցման ու վերակառուցման լայնամասշտաբ ծրագիրն իրականություն կդառնա։ Եւ բնակչության թիվը  նախատեսվածի պես Բերձորում կհասնի 20 հազարի իսկ  գյուղերում ապրողների թիվը կդառնա 100 հազար։ Եւ կվերականգնվի  անցյալ դարի սկզբների նախնական պատկերը, երբ այս տարածքում քառասուն հայկական գյուղ կար, խաղողի ու զանազան մրգերի  այգիներ ու ցորենի ու կորեկի ծփացող արտեր կային եւ մի թիզ անմշակ հող չկար …

   ԱՅՆ ՏԵՂԸ, ՈՒՐ  ՔՈ ՁԱՅՆԸ ԶՐՈՒՑՈՒՄ ԷՐ ՔԵԶ ՀԵՏ          

Երկու օր անց  խորհրդաժողովի մասնակիցների մի մասը կտրել, անցել էր Քաշաթաղի հարավ տանող դժվարին ու արկածներ խոստացող ճանապարհը։ Մարդիկ հասել էին  Արաքսի ափը ու  պղտոր ալիքները սահեցնող գետի պռնկին  խնդողենու գինին խմել, հետն էլ տեսակ-տեսակ ձկներ էին համտեսել, արեւի մարող շողերի հետ հանգչող կրակի վրա եփված  ոչխարի, թե՞ այծի մանր-մանր կտրտված միսը կերել ու հիացել էին՝ բնաշխարհի գեղեցիկությամբ, հողի առատությամբ ու տված բերքի համեղությամբ։ Հետո, զառուվեր,   ճանապարհով ետ եկել ու վերջին գիշերն էին լուսացրել Բերձորում։ Եւ բարձրաձայն ափսոսացել, որ վերջին մի քանի ժամերն են անցկացնում Քաշաթաղում, որ էլի վերադառնալու են Երեւան, որտեղ ուրիշ հոգսեր կան եւ կյանքը բոլորովին այլ միավորներով  չափվող խնդիրներ է առաջադրում, որտեղ շատ քչերը գիտեն, որ մեր գոյության  հիմնական ու առաջնային հարցերն ոչ թե մայրաքաղաքում, այլ այստեղ՝ Քաշաթաղում պետք է լուծվեն։  Այնտեղ, ուր քո ձայնը զրուցում էր քեզ հետ։