Աղասի Այվազյան / ԵՐԿՈՒՍԻՍ ԷԼ ՀԵՐԻՔ Է

 

   Հայկական առօրյայի թոհուբոհում, բարևների ու մնասբարևների, ցանկությունների և պահանջների, խոսակցական ժխորի մեջ ես լսեցի. «Օնիկ ջան, շատ մի դարդ անի…Ես մի գործ եմ ճարել՝ երկուսիս էլ հերիք է…»:

Խոսքը կրկնվեց ուղեղումս, անդրադարձ տվեց, հասարակ ու ծանոթ էր, մտերմիկ առոգանությամբ, տոհմային մակատեսքով, բջիջի հարազատությամբ:

«Ես մի տեղ եմ ճարել՝ երկուսիս էլ հերիք է»: «Ես մի բաժակ եմ ճարել՝ երկուսիս էլ հերիք է»:

…Հայոց Աբգար թագավորը հիմնեց Եդեսիա չքնաղ քաղաքը: Առաջին դարն էր և Երուսաղեմում ապրում էր Քրիստոսը:

Աբգարը հոգու տառապանք ուներ և իր Սուրհանդակին ճամփեց Երուսաղեմ՝ հետևյալ նամակը ուղղելով Քրիստոսին. «Հիսուսիդ, որ Երուսաղեմում հայտնվեցիր, ողջույն: Լսեցի, թե հրեաները քեզանից դժգոհում են և ուզում են քեզ չարչարել, բայց ես մի փոքր և գեղեցիկ քաղաք ունեմ, որ երկուսիս էլ բավական է»:

…Թեյշեբաինում հայտնաբերված ուրարտական սեպագրության մեջ ասված է. «Ես մի ճրագ եմ ճարել՝ երկուսիս էլ հերիք է»:

Ապարանի մերձակա Իլան-Չալան գյուղի աղքատիկ խրճիթներից մեկում պահվում էր 17-րդ դարի Ավետարան, որի վերջին էջում գրված էր. «Ես մի թոնիր եմ շինել՝ երկուսիս էլ հերիք է»:

1915 թվականին Արևմտյան Հայաստանի քարանձավներից մեկում թաքնվել էր էրզրումցի մի գաղթական: Նա հեռվից ձայն է տվել վիրավոր պապիս. «Ես մի քարանձավ եմ գտել՝ երկուսիս էլ հերիք է»:

Սասնաշեն գյուղում, 1983 թվականին, մագնիտաֆոնով ձայնագրել են բուն Սասունից մազապուրծ եղած իննսունամյա Մանեին. «Մենք մի դարդ ունենք՝ բոլորիս էլ հերիք է»:

«Ի՞նչն է պահում մեր ազգային հավաքական կերպարը»,- հարցնում են:
«Սուրհանդակը»,-մտածում եմ ես:

«Ինչո՞ւ ես այսքան լավատես մեր բնավորության, մեր ապագայի նկատմամբ», հարցնում են:

«Սուրհանդակը մեր մեջ է, առեղծվածային ու հավերժական», մտածում եմ ես հանգիստ ու համոզված:

«Ես մի կոտելոկ ունեմ՝ երկուսիս էլ հերիք է…»,-ասել է լենինականցի ավագ սերժանտը եղբորս՝ Հայրենական պատերազմի խրամատներում: