«Դեպք» / Կարպիս Սուրենյան

 

«Խոսքի արվեստ» բաժինը վարում է Գոհար Բաղմանյանը.

Հին թղթերիս մեջ բան էի փնտրում, ձեռքս անցավ քսանհինգ տարի առաջ տեղի ունեցած դեպքի այս գրառումս, որ թեպետ օրագրային, բայց արել եմ մի քանի առանձին թերթերի վրա, ոչ թե օրագրիս տվյալ տարվա տետրում, եւ խառնվել է ուրիշ թղթերի մեջ: Դեպքը լավ հիշում էի անշուշտ: Իսկ երբ անակնկալի նման հայտնվեցին աչքիս այդ թերթերը եւ կարդացի գրառումը, քառորդ դար հետո ոչ միայն տարօրինակ, այլեւ գրեթե անհավատալի թվաց այդ դեպքը նույնիսկ ինձ, որքան էլ հիշողությունս պահպանել է անգամ չգրառված որոշ մանրամասնություններ: Լավ է, ուրեմն, որ հիմնականը գրի եմ առել ժամանակին, եւ կարծում եմ՝ հենց այս օրերին շահեկան է ընթերցողին մատուցել:

Խոր ձյունառատ ձմեռ՝ 1983 փետրվար: Գրողների միությունից զանգ՝ Սաղաթելը շտապ կանչում է ինձ: Թե՝ երկու «խենթ» իռլանդացի գրող այս ձյուն-բուքին ժամանել են Հայաստան, հենց Գրողների միություն են գալու հյուրանոցից: Կցված թարգմանիչ կլինի, անշուշտ, բայց ես գամ, նրանց հետ անմիջականորեն խոսեմ անգլերեն, տեսնենք ինչ է խնդիրը…

Երկու իռլանդացի գրո՞ղ՝ ձմռան կեսին: Տարօրինակ է իրոք: Ի՞նչն է մղել նրանց Հայաստան գալու: Շտապ գնացի:

Մեկը միջին տարիքի քննադատ՝ Թոմ Կրոնին, մյուսը երիտասարդ բանաստեղծ՝ Փիթըր Դուրկա: Սիրալիր ծանոթացման զրույց, ընդհանուր խոսքեր, ու դեռ ոչ մի կոնկրետ խոսք իրենց գալու նպատակի մասին: Մենք էլ, իրենք էլ շվարած մի քիչ: Ձմեռ չլիներ, ասացինք, անշուշտ իրենց կտանեինք, որ տեսնեն մեր երկիրը, մեր պատմական հուշարձանները: Ես սիրով կուղեկցեի նրանց, ինչպես հաճախ եղել է օտարների հետ: Բայց հիմա գրեթե մետրանոց ձյուն է նստել ամեն կողմ, ծանրորեն ամպամած երկինքն էլ, ձյունը շարունակում է տեղալ:

— Մի՛ անհանգստացեք,- ասաց հանկարծ Թոմ Կրոնինը, որ աշխույժ, լեզուն պտտվող մարդ էր ու իսկույն ընկալեց դրությունը:- Ես եկել եմ, ճիշտն ասած, հատկապես Ուիլյամ Սարոյանի գերեզմանին… մեծ գրողի երկրպագուն եմ, գիտե՞ք…

Քչախոս, լրջադեմ Փիթըր Դուրկան իսկույն վրա բերեց մեղմ ժպիտով.

— Իսկ ես՝ հատկապես Մարտիրոս Սարյան մեծ նկարչի տուն-թանգարանը:

Ահա ուրեմն ինչն է նրանց մղել Հայաստան գալու: Տարօրինակից էլ ավելին, խոր ձմռանը՝ Դեպք:

Առատ, մաքրամաքուր ձյունը ծածկել էր Ուիլյամ Սարոյանի գերեզմանը Պանթեոնում: Հակվեցի, որ քերեմ ձյունը գերեզմանի գլխի հուշատախտակից:

— Թույլ տվեք, խնդրում եմ,- ասաց Կրոնինը,- ես իմ ձեռքերով…

Ու քերեց, մինչեւ Սարոյանի անունը երեւաց սեւ գրանիտի վրա: Երկյուղածությամբ դնելով վառ կարմիր մեխակները, որ առել էինք ճանապարհին, նա մի րոպե, հայացքը հուշատախտակին, լուռ կանգնեց գլխահակ: Մի քայլ ետ՝ Դուրկան ու ես էլ կանգնած էինք լուռ: Դուրկայի ձեռքին՝ կարմիր մեխակներ:

— Գիտե՞ք,- խոսեց Կրոնինը,- մի այնպիսի՜ զգացում կա իմ մեջ: Սարոյանի երկրպագուն եմ եղել պատանեկությանս օրերից: Միշտ պատկերացրել եմ նրան կենսասիրության ու մարդասիրության մարմնացում՝ իր պայծառ ոգու գիտակցական, անսովոր լավատեսությամբ եւ միաժամանակ՝ թախծոտ ու խոր հումանիստ: Բայց ահա նա էլ վերջապես…

Լռեց: Քիչ հետո ավելացրեց.

— Բայց զարմանալի է, մեզ մոտ թերթերը չտեղեկացրին անգամ, որ նա՝ ամերիկացի մեծ գրող, ցանկացել է իր աճյունը հանգչի իր նախնիների երկրում՝ ահա այստեղ: Պատահաբար իմացա Մոսկվայում, եւ հավատացեք՝ իռլանդացու իմ սիրտը խոր գոհունակություն զգաց: Միշտ էլ երբ կարդացել եմ Սարոյանին, մտքովս անցել է՝ տեսնեի նրա պապերի երկիրը: Եվ ահա հենց Մոսկվայից էլ իսկույն եկանք Փիթըրի հետ…

Երբ ասացի, որ բախտն եմ ունեցել, քսաներեք տարի առաջ, պատահաբար Սարոյանին հանդիպելու Մոսկվայում եւ ամբողջ երկու երեկո նրա հետ եմ եղել, Կրոնինը հանկարծ ձեռքս բռնեց ու սեղմեց անակնկալ մի ջերմությամբ.

— Օ՜, նախանձում եմ ձեզ…

Ու խնդրեց, որ պատմեմ այդ իմ հանդիպումից գեթ մի քանի բան: Պատմածն այն եղավ, որ այդ երկու երեկոներին էլ հարազատ եմ զգացել Սարոյանին հենց որպես հայի, երկուսս էլ խոսելով արեւմտահայերեն, երկուսս էլ գաղթական ծնողների զավակ, աշխարհում իրարից շատ հեռու ծնված, նա՝ Ֆրեզնոյում, ես՝ Աթենքում, բայց մանկուց մեր ապրած ընտանեկան կենցաղով ու ավանդույթներով այնքան իրար մոտիկ, մեր հիմնարար ներաշխարհով այնքան հարազատ, որ երբ նա իր մանկությունից էր պատմում իրեն հատուկ համով-հոտով, ես գրեթե նույնությամբ իմ մանկության մթնոլորտն էի հիշում…

— Զգում եմ, զգում եմ ձեր ասածը,- գոչեց իռլանդացին:

Ապա մոտեցանք Մարտիրոս Սարյանին, եւ Փիթըր Դուրկան էլ իր ծաղիկները նրա գերեզմանին դրեց: Իսկ Սարյանի տուն-թանգարանում ազատվեցինք ձյունից ու վերարկուներից: Բայց ափսոս, բացակա էր տնօրեն Շահենը՝ Սարյանի ստեղծագործության հմուտ գիտակն ու անխոնջ նվիրյալը, որ անընդհատ ցուցահանդեսներ, հրատարակություններ, հեռուստատեսային եւ այլ հաղորդումներ է կազմակերպում եւ դասախոսում ամենուրեք, ոչ միայն Հայաստանում եւ Սովետական Միության մեջ, այլեւ արտասահմանում: Երեք տարի առաջ կազմակերպեց նաեւ Փարիզի հռչակավոր Պոմպիդու կենտրոնում Սարյանի ստեղծագործության այն ներկայացուցչական հույժ կարեւոր ցուցահանդեսը, ուր այցելել է Ուիլյամ Սարոյանն էլ ու գրել հոդված, որ անմիջապես լույս է տեսել Փարիզում հրատարակվող «Ինտերնեյշնըլ Հերալդ Տրիբյուն» թրեթում (մի օր պետք է անպայման թարգմանեմ այդ հոդվածը, որի բնագիրը Սարոյանը նվիրել է Շահենին):

Շահենը չի զլանում անձամբ ուղեվարի դերը կատարելու, երբ հատուկ հյուրեր են այցելում թանգարան, ամեն անգամ էլ նույն ոգեւորությամբ, ջերմ ու կուռ մատուցում է Սարյանի ստեղծագործության էական գծերն ու իմաստը: Չկար նա, եւ ինքս ուղեվարի դեր ստանձնեցի: Բայց տեսա՝ բացատրությունների կարիք էլ չկա նրանց համար, ընկալող աչքեր: Անցնում էինք նկարից նկար, որոնց ստեղծման թվականի առնչությամբ տեղեկություններ էի միայն տալիս Սարյանի կենսագրությունից: Թոմ Կրոնինի հիացական արտահայտությունները ավելի ու ավելի էին աշխուժանում, ասում էր, որ ավելի լավ է հասկանում հիմա իր սիրած գրողին, ահա տեսնելով նրա «նախնիների երկրի ոգին» այստեղ: Իսկ քչախոս Փիթըր Դուրկայի գունատ դեմքին մեղմ վարդագույն էր երեւացել, աչքերի մեջ՝ ներսից ճառագող փայլ…

Ինձ շատ էր հետաքրքրում, թե ինչն է այդ իռլանդացի երիտասարդ բանաստեղծի բուն խորքից մղել նրան գալու այս հեռու երկիրը՝ հատկապես Սարյանի թանգարանն այցելելու: Բայց հետաձգում էի հարցս, չէի ուզում խանգարել նրան, դեմքի արտահայտությունից զգալով, որ այստեղ ամեն մի րոպեն թանկ է նրա համար: Երբ ցուցասրահներում շրջելուց հետո մտանք Սարյանի արվեստանոցը, նա զգույշ քայլերով մոտեցավ մոլբերտին, որի վրա մնում է մեծ նկարչի վերջին անավարտ գունանկարը, եւ ասաց կարծես ինքն իրեն, շշնջալու նման

— This is a holy place! Սա սուրբ տեղ է:

Արվեստանոցից դուրս գալուց հետո խնդրեցին վերադառնալ ցուցասրահ: Եվ ամեն մեկն առանձնացավ, լուռ կանգնելով այս կամ այն նախընտրած նկարի առջեւ: Իսկ ես, մեկուսի կանգնած, նայում, հետեւում էի բանաստեղծին: Տեսա՝ հատկապես երկար մնաց «Գեղամա սարեր» նկարի առջեւ:

— Փիթըր,- մոտեցա իրեն,- այս նկարը ձեզ շատ գրավեց:

— Դա է հենց,- պատասխանեց նա:

Թվաց՝ խորհրդավոր մի բան կար այդ պատասխանի մեջ: Պահը ինքնին էր եկել, ու վերջապես տվի հարցս: Ասես անակնկալի եկած նայեց ինձ մի վայրկյան, ապա կրկին դարձավ ամբողջ նկարն ի վեր բարձրացող լուսաջերմ նարնջագույնին: Ու սկսեց խոսել՝ մեկ նկարին նայելով, մեկ ինձ, նույնիսկ թեթեւ կարմրելով շփոթվածի պես: Աչքերում խորքային մի լույս երեւաց, ասես նվիրական գաղտնիք էր բացում, քչախոս լեզուն էլ բացելով:

— Ես ծնվել եմ Իռլանդիայի մի փոքրիկ քաղաքում: Մի կանաչ լեռ կա մեր քաղաքի մոտ: Սրբազան լեռ է: Հատուկ տոնի օր ունի: Գիշերով ժողովուրդը բարձրանում է լեռան գագաթը՝ արեւածագը դիմավորելու: Հենց այդ է տոնի խորհուրդը: Թերեւս հին դարերից ավանդույթ՝ արեւի պաշտամունքի հետ կապված: Ես վաղ մանկությունից ամեն տարի մասնակցել եմ այդ տոնին: Դա խոր տպավորություն է թողել իմ մեջ: Մանկությունից հարատեւող ամենաուժեղ տպավորությունը, որ հոգուս խորքում մշտական ապրումի է վերածվել: Ծագող արեւի ապրումը: Ինձ շատ էր գրավում մանավանդ այն պահը, երբ շառագունած հորիզոնից արեւի առաջին ոսկի ցոլքերն էին երեւում, հետո սկսում էր բարձրանալ հրաշեկ գունդը: Կլոր կենդանի դեմքի նման, որ թվում էր՝ ինձ է նայում եւ նայում բոլորին: Աստվածային հմայող դեմք: Այն տոնական զգացումով այդպես էի ընկալում, երբ փոքր էի: Ու նաեւ թվում էր ինձ՝ ամենազարմանալին, թե մոգական մի աշխարհ կա այնտեղ, հեռուներում, եւ այդ աշխարհից է ծագում Արեւ-դեմքը, բարձրանում, նայում ինձ ու բոլորին, ամեն ինչի, որ տեսնում էի շուրջս խավար գիշերից հետո: Հուզում էր ինձ այդ հեռու մոգական, խորհրդավոր աշխարհը: Գուցե բիբլիական պատմությունների արձագանքն էր դա իմ մեջ, որովհետեւ այդ աշխարհը պատկերացնում էի հենց Մերձավոր Արեւելքում: Ավելի ճիշտ՝ Փոքր Ասիայում: Չգիտեմ ինչու, ինձ կախարդական էին թվում այդ երկու բառերը՝ Փոքր Ասիա: Մանկապատանեկան այդ պատկերացումս հարատեւեց, մտասեւեռում դարձավ, չնայած հետագա գիտելիքներին՝ աշխարհագրական թե պատմական: Ներշնչման պես մի մտասեւեռում, որ ինձ խորքից մղում էր մի օր անպայման ճամփա ելնել ու գնալ տեսնելու այդ աշխարհը: Մի երեք տարի առաջ Փարիզում էի, այցելեցի Պոմպիդու կենտրոնը եւ գրեթե պատահաբար գտնվեցի մի գեղանկարչական ցուցահանդեսում: Դժվար է նկարագրել, թե ինչ զգացում բռնկվեց իմ մեջ առաջին իսկ հայացքից: Թվաց՝ մեր այն սրբազան լեռն եմ բարձրացել, ծագած եւ բոլորին ու ամեն ինչ լուսավորած, գունազարդած Արեւի տոնական ապրումն է վերազարթնել իմ մեջ: Հրաշքի նման էր: Եվ սակայն… նկարչի անունն իսկ անծանոթ՝ Մարտիրոս Սարյան: Իմացա, որ դարասկզբին գլուխգործոցներ ստեղծած հայ նկարիչ է, ու զարմացա, որ հարյուր տարի առաջ է ծնվել, ապրել է իննսուներկու տարի, իսկ ես նրա մասին չէի լսել նույնիսկ, եւ ոչ միայն ես, ո՜չ միայն ես, հասկանո՞ւմ եք…

Ասես հանդիմանական զարմանքով ուղիղ նայեց ինձ, ապա դարձյալ՝ «Գեղամա սարեր» նկարին, որի առջեւ կանգնած էինք մնում:

— Նայում էի այս նկարին,- ասաց կարծես ինքն իրեն շշնջալու նման, ինչպես արվեստանոցում մոլբերտին մոտենալիս,- նայում էի եւ թվաց՝ մանկությանս Արեւ-դեմքն է ինձ նայում եւ լսում եմ մի ձայն. «Ահա տեսնում ես այստեղ հիմա, սա կախարդն է այն մոգական աշխարհից»…

Իսկ իմ մտքում հնչեց. «Արեւորդին»:

Լռեց նա, ես էլ չկարողացա խոսել մի րոպե: Գրեթե անհավատալի էր թվում իռլանդացի այս բանաստեղծ տղայի պատմածը, որովհետեւ այնքան հարազատ էր հայ մարդու իմ հոգուն: Հարազատ էր մոգական մի աշխարհից ծագող Արեւի ապրումը, որ ինքս էլ ունեցել եմ հիսուն տարի առաջ մանկությանս, երբ Աթենքի մոտ ամառանոցում հայրս վաղ առավոտյան մութուլուսին լեռ էր տանում ինձ, որպեսզի «առանց խոսելու նայելով՝ արեւուն ծագելուն խորհուրդը զգանք», ու հետո երգում էինք իր սիրած, հետագայում ամբողջ կյանքումս իմ էլ ամենասիրելի, առավոտյան հոգիս պայծառացնող, դառնություններից մաքրող Արեւագալի «Լույս,արարիչ լուսո, առաջին լույս» երգը: Հարազատ էր նաեւ այն հրաշքի նման պահի զգացողությունը, որ ինքս էլ մի ժամանակ ունեցել եմ Սարյանի նկարների առջեւ առաջին իսկ հայացքից:

— Բայց ափսոս,- ասացի,- որ այսպիսի ձմեռ օրով եկաք Սարյանի երկիրը: Պետք է արեւը տեսնեիք այստեղ:

— Օ՜, նույնիսկ մոռացել էի, որ դուրսը ձմեռ է,- ժպտաց նա: – Բայց ես տեսա՛ Արեւը այստեղ,- շեշտեց: – Արեւի ոգին: Լույսը…

Ձեռքը մեկնեց «Գեղամա սարեր» նկարին, հետո շրջանաձեւ՝ ամբողջ ցուցասրահին եւ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին…