Ու՞Մ ԵՆ ՀԵՏ ԿԱՆՉՈւՄ

 

Նրանք, ովքեր սքանչելի  գործերով գեղեցկացնում են մոլորակը.

Նրանք, ովքեր ոչնչացնելու և սպանելու մոլուցքին տրված, փորձում են երկիր մոլորակը պատերազմի սարսափի մեջ կոճկել.  

 «Ինչու՞».- սա է հիմնական հարցերից մեկը, որը միշտ քննության թեմա է հանդիսացել, որին անդրադարձել  են ամենատարբեր մասնագիտության տեր անհատները, որին իրենց ստեղծագորությունների հիմք են դարձրել բոլոր ժամանակների արվեստագետները։

 Այս «Ինչու՞» հարցի շուրջ խորհրդածելու հրավեր է նաև «Հետ արի» ֆիլմը, որի ռեժիսորը, սակայն հուշում է՝ իրենց կինոնկարը ոչ միայն հարցերի չի պատասխանում, այլև  «հարցականով է ավարտվում»...

 Թեպետ վերնագիրն էլ կարծես նման մի ենթատեքստ ունի։

 «Հետ արի» ֆիլմի  ռեժիսորը՝ ՊԱՐՈւՅՐ ՆԵՐՍԻՍՅԱՆՆ է, գլխավոր հերոսուհու դերակատարը ԼԻԱՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, որի հետ էլ զրուցել ենք «ԱՐՎԵՍՏԻ ՀՅՈւՐԱՍՐԱՀՈւՄ».

- Մոտ մի քանի հարյուր ֆիլմից առանձնացված քսանչորսի շարքում նաև մեր կինոնկարն է ներառվել։ Ձեր կարծիքով «JAIYQ, Film Fest» միջազգային կինոփառատոնի ժյուրին ինչու՞ է նախապատվություն տալով, մրցութային ֆիլմերի շարքում ընդգրկել  «Հետ արի»  (Come Back) կինոնկարը։

- Ըստ երևույթին, միջազգային կինոփառատոներում  մրցութային նկարների    հիմնական՝ սցենար. ռեժիսուրա, դերասանական խաղ...կանոնակարգի սկզբունքային պահանջները բավարարելու համար։ Մեր ֆիլմի պարագայում գուցե կարևորվել է նաև ասելիքը, որն արդիական է ոչ միայն Հայաստանի համար։ Աշխարհի քանի՜-քանի՜ երկրներ են, ցավոք, այս պահին գտնվում պատերազմական իրավիճակում․․․ Այս պատմությունը կարող էր տեղի ունենալ  պատերազմի արհավիրքի մեջ հայտնված յուրաքանչյուր մի երկրում։ Կարծում եմ դիտարկվել ու գնահատվել են ֆիլմի գեղարվեստական արժանիքները, ռեժիսորի հայեցակետն ու օպերատորական աշխատանքը և այլ ասպեկտներ։ Մենք, իհարկե շատ շնորհակալ ենք փառատոնի կազմակերպիչներին  և հատկապես պրոդյուսեր Դիանա Աշիմովային, որի խորհուրդով է ֆիլմը ներկայացվել «Ջայիք» կինոփառատոնին։

- Լիանա, դուք կինոաշխարհում եք «թրծվել», հետո որպես դերասանուհի հաստատվել թատրոնում և կինոյում. Սա՞ Ձեր առաջին լուրջ աշխատանքն է կինոյում.

- Այո, ճիշտ եք, «թրծվել» եմ կինոաշխարհում, և հենց հիմա ժպիտով մտաբերեցի հուշ չդարձող այդ շրջանը: Դեռ ուսանողական տարիներից, երբ չէի հասցրել ո՛չ պրոֆեսիոնալ բեմում լինել, ո՛չ էլ ֆիլմում նկարահանվել, սկսել եմ աշխատել «Ոսկե ծիրան» կինոփառատոնում, և դա ինձ համար մի յուրահատուկ «ճամփորդություն էր» դեպի կինոաշխարհ,կինոյի մասին երազողի համար գերազանց հնարավորություն էր շփվելու թե՛ հայրենական, և թե՛ միջազգային մեծանուն կինոգործիչների հետ։  Բայց  սա իմ առաջին դերը չէ կինոարվեստում։  Մինչև «Հետ արի» կինոնկարը ես արդեն նկարահանվել էի մի շարք լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմերում, այդ շարքում նաև գլխավոր հերոսների եմ մարմնավորել։ Պարզապես սա մի առանձնահատուկ աշխատանք էր ինձ համար։ Առանձնահատուկ է, որովհետև անդրադարձել ենք մի թեմայի, որը ոչ միայն ֆիլմի հերոսուհունն էր, այլև հերոսուհուն մարմնավորող դերասանուհունն էր, ռեժիսորինն էր, պրոդյուսերինն էր, ստեղծագործական ու տեխնիկական անձնակազմի յուրաքանչյուր անդամինն էր․․․ Ֆիլմի ռեժիսոր Պարույր Ներսիսյանը այդ օրերին եղել է պատերազմական գործողությունների թեժ կետերում, ֆիլմի անձնակազմի գրեթե բոլոր անդամներն ունեցել են ընկերներ, որոնք գնացել են հայրենիքը պաշտպանելու և այդպես էլ չեն վերադարձել․․․ Գիտեք՝ ծանր սյուժեյով ֆիլմերի նկարահանումների ժամանակ գոնե ընմիջումներին լարվածությունը փոքր-ինչ ցրվում է, մթնոլորտը՝ փոխվում։ Չէի ասի, թե «Հետ արի» ֆիլմի մթնոլորտը շատ ծանր էր, բայց այ, ընդմիջումներին տիրող լռությունը շատ էր ճնշող․․․ Ֆիլմը նվիրել ենք մեր ընկերներ՝ Գագիկ Խաչատուրյանին, Ալեն Մարգարյանին և բոլոր նրանց, ովքեր այլևս հետ չեն գա։

- Ասվում է, թե՝ «Կինոն կյանքի հայելին է», բայց հայելին սահմաններ ունի, որոնք ըստ էության արվեստագետի հայեցողությամբ է ընտրվում։ Ի՞նչ է ցույց  տալիս և ի՞նչի մասին է Ձեր ստեղծագործական խումբը առաջարկում մտորել «Հետ արի» ֆիլմի սահմանադրած տարածքում։

- «Հետ արի» ֆիլմում ստեղծագործական խումբը հանդիսատեսին «ցույց է տալիս», թե ինչ է կատարվում «պատերազմի այս կողմում»։ Համաձայն եմ, որ հայելու սահմանները ընտրում է արվեստագետը, բայց այս պարագայում ռեժիսորը կարծես թե որոշել է  «չմտնել» առաջնագիծ, այլ մնալ այս կողմում և տեսնել, թե ինչ է կատարվում «այստեղ»։ Իսկ այստեղ՝ թիկունքում, պարզ է, ցավը  պակաս չէ, քան կիզակետում, մանավանդ, որ հերսուհուն և նրա՝ պատերազմ մեկնած ամուսնուն կապում է մեկ այլ ողբերգություն ևս։ Փակագծերը, սակայն, չբացեմ և ասեմ, որ ինքս, որքան հնարավոր է, փորձել եմ «ցույց տալ», թե ինչպես է իմ հերոսուհին պայքարում։ Կարծում եմ՝ ոչ մեկին չէր հետաքրքրի տեսնել, թե ինչպես է  տառապում նման իրավիճակներում հայտնված մարդը Ցավը բոլորինն էր ու տառապանքն էր  անխտիր բոլորինը, և դրա համար էլ փորձել եմ պայքարել ու անցնել առաջ։ Թե որքանով է  ստացվել, կդատի հանդիսատեսը։ -

- Իսկ կինոարվեստում, կամ թե թատրոնում  առաջ գնալու նոր կերպարներ կերտելու ի՞նչ հետաքրքիր առաջարկներ կան։ 

- Հիմա, օրինակ Աբովյանի և Հրազդանի դրամատիկական թատրոններում պատրաստվում ենք համատեղ նոր ներկայացումով հանդես գալ՝ Շառլ Պեռոյի հանրահայտ «Կարմիր գլխարկը»։ Ներկայացման ռեժիսորն է Աբովյանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը, կոմպոզիտորը՝ Վահե Հայրապետյանը։ Ներկայացման մեջ մարմնավորում եմ Կարմիր գլխարկին և տատիկին փրկող որսորդներից մեկին։ Բեմադրությունը, ժամանակակից հնչողությամբ է իրականացվում, հագեցած է բազմաթիվ երգերով և վստահաբար հետաքրիր կլինի թե՛ երեխաների և թե՛ մեծահասակների համար։ Ներգրավված եմ նաև Աբովյանի դրամատիկական թատրոնի ընթացիկ ներկայացումներում, որոնցից մի քանիսը մանկական հեքիաթներ են, ինչպես նաև «ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ» դետեկտիվ մոնոդրաման ու «N6» հոգեբանական դրաման՝ ըստ Անտոն Չեխովի «Հիվանդասենյակ N6» պատմվածքի։ Աշխատանքային ընթացքի մեջ է նաև «Աղջիկը և մահը» էքսպերիմենտալ ներկայացումը՝ ըստ Ռեյ Բրեդբերիի մի քանի գործի։ Այժմ մի շատ հետաքրքիր դերով հանդես եմ գալիս նաև «ԳՈՅ» թատրոնի և «ԷՊՍԻԴՈՆ» թատերախմբի համատեղ իրականացված «ԷՔՎՈՒՍ» միստիկ դրամայում, որը պատմում է մի տղայի մասին, ով անհավատալի, անգամ սարսափելի ու շեղված գործողություններով է «իմաստավորում» իր կյանքը... Կինոյում ներկա պահին  նկարահանումներ չունեմ, բայց պլանավորվում է՝ իմ ու Պարույր Ներսիսյանի արդեն հինգերորդ համատեղ աշխատանքը՝ որն այս անգամ արդեն լիամետրաժ ֆիլմ է լինելու։