ՃԵՂՔՎԱԾ ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈւՄ ...

                            

  Մի քանի օրից  գնացքը Փարիզից նրան տանելու է եվրոպական երկրներ, որտեղ  հանդես է գալու  նոր մոնոներկայացումով։ Բեմահարթակից պատմելու է մեր բարդ ժամանակների և այն մասին,  թե ինչ է կատարվել ու ինչ է կատարվում  իր ու օտար եզերքներում հայտնված հայերի հայրենիքում։ Առանց տխուր շեշտադրումների, հումորով ու սարկազմով, նաև լուրջ հարցադրումների առաջարկով է ներկայանալու։ Հուսադրելով՝  «Աշխարհը գրաված այս սարսափելի համաճարակը արդյո՞ք չի կարող դառնալ սկիզբ լուսավոր մի նոր բանի։ Չէ՞ որ ամեն մի ծանր իրավիճակից հետո մարդը հոգևոր ներաշխարհ է փոխում»։ Հորդորելով՝  հայի ապրելը էսօր Պարտականություն է...          

                                                                                               *******

 «Ապրել, որպեսզի կյանքի մասին պատմել» Մարկեսի մեմուրների վենագիրն է։  Միայն թե Վարդան Պետրոսյանը իր վերապրածը հուշագրություն դարձնելու նպատակ չի հետապնդել։  Հարցերը, մերօրյա, հարցադրումներ՝ մտատանջող պատասխան ստանալու ակնկալիքով,  ընթերցող-հանդիսատեսին  լուրջ մտորումների մղելու առաջարկով...

«Սկիզբ». Այսինքն, կյանքը շարունակելու համար ելման նոր կետ ընտրելու ամեն ինչ նորից սկսելու համարձակություն։ Սրա համար  ուժ և կամք է պետք, նաև... Խոնարհություն։ Բառն այս, մեծատառով է գրել  Վարդան Պետրոսյանը իր հեղինակած նոր գրքում։  Միայն թե պետք է շեշտել, որ խոնարհության  մասին ոչ միայն բեմից բարձրաձայնող, և ոչ միայն գրավոր խոսքով  ամրագրող արվեստագետն իր տարիները հենց  այս վարքով է ապրել։ Մտերիմ, մերձավոր մարդիկ դա գիտեն։ Սակայն գիտեն նաև, որ նա այն անհատներից է, որն իր  հոգևոր աշխարհը նոր վերելքներ հաղթահարելով, հարստացնելու  անսպառ եռանդ ունի։  Ի՞նչ է Խոնարհություն ասվածը։ Բացատրությունը «Սկիզբ» խորագրով  վիպակում է տալիս։ Այս երկրորդ գիրքը լույս ընծայելու առաջարկը հաճելի անակնկալ մատուցելով, «Զանգակ» հրատարակչությունն էր ներկայացրել արվեստագետին։ Ապա  թե՝ բովանդակային, թե՝ վիզուալ առումով հետաքրքիր «հրավիրատոմսով» ծանուցել,  կայանալիք շնորհանդեսի մասին։ Արվեստագետին մնում էր  տեղեկացնել, որ  «Խոստում»  ներկայացման երևանյան վերջին ու հրաժեշտի օրերն են ընտրվել «Սկիզբ» գրքի շնորհանդեսի համար։                     

                                                                                                         ՄԵՋԲԵՐՈւՄ ԳՐՔԻՑ  

«Աջ ականջի վրա»

«...Աշխարհում ոչինչ անիմաստ չի, հատկապես տառապանքը։ Եւ այն, ինչ կալանքիս ընթացքում արթնանում էր իմ մեջ կոչվում է Խոնարհություն՝ լավագույնը, ինչ տանելու ենք մեզ հետ։

Խոնարհությունը ո՛չ  փողով կգնես, ո՛չ կարդալով կճանաչես, ոչ էլ ուրիշի պատմածով։ Այն ձեռք բերելու համար անպայման պիտի կորցնես։ Ու կտրվի  թերևս կորցրածից էլ ավելին։

Ես հիմա գիտեմ, թե ինչից սկսեմ»։  

                                                                                                                 ********

Թե ինչից սկսեց,  հիմա արդեն գիտի նաև  հանդիսատեսը,  նաև նրան ճանաչողն ու նրա մարդկային տեսակն ու նրա արվեստն ու նրա տաղանդը գնահատողը։  Մարդիկ, որոնց հորդորն ու առաջարկը լսելով է նաև Վարդան Պետրոսյանը  կայացրել իր որոշումը։ Ասել էին  նոր  ներկայացումիդ ենք սպասում։ Խոստացել էր ու նոր բեմադրությամբ հանդես եկել։  Գործն էլ  կոչել է հենց այդպես՝ «Խոստում»։ Բայց                                                       

«Բայց  միայն իմ խոստումի մասին չի, այլ այն մասին է, թե ինչ է առհասարակ խոստումը։ Մարդիկ, քաղաքական ուժերն  ինչե՜ր են խոստանում և դրա արդյունքում մենք ի՞նչ ենք ստանում, ներկայացման վերջում ենք տեսնում։ Աստված խոստանում է։ Մենք ի՞նչ ենք նրանից խնդրում, մենք ի՞նչ ենք նրանից պահանջում»։

                                                                                                                 ********

 Տասը Պատվիրաններից քանի՞սը գիտենք, քանի՞սն ենք հիշում և ո՞վ է հիմա այդ պահանջներով առաջնորդվում։ Սա  է։  Խոստում բառը թևածում է ներկայացման ողջ ընթացքում և դառնում հիմնական այն առանցքն, որի շուրջ հյուսվում է մոնոպատումը։ Բայց  արդիական ու բարդ  խնդիրների վերհանումով հանդերձ, հեղինակը պահպանում է հումորի ժանրի սահմանները։ «Կենսուրախ ներկայացում է», ասում է նա  և վստահեցնում, որ ողբալի իրավիճակները հաղթահարելու համար պետք է, անգամ անհրաժեշտ է կյանքի իրականության  ցավոտ իրադարձությունների մասին  ոչ միայն խոսել, այլև  գեղարվեստի հարուստ ներկապնակից օգտվելով,  քննադատելով,  մարդկանց ուրախ տրամադրություն պարգևել։

 «Մարդկանց կարելի է համոզել, որ այսօրվա ինչ-ինչ երևույթների հնարավոր  է նաև ծիծաղով, հումորով վերաբերվել։ Ես հրավիրում եմ մարդկանց ծիծաղելու։ Պատերազմի ժամանակ  ես հասկացա, որ ապրելը պարտականություն է։ Եւ կան  շատ բաներ, որ անում ես պարտավորված։ Նաև սիրով։ Երբ ասում ենք պարտականություն մի ծանր, զարհուրելի բան ենք պատկերացնում։ Իրականում մենք պարտավոր ենք գործել։ Ես  ինքս՝ ինձ ստիպելով եմ երբեմն ինչ որ գործ անում։ Ես ինձ ստիպելով էի ապրում հատկապես հետպատերազմյան առաջին ժամանակներում։ Հասկացա,  որ պարտավոր եմ խաղալ։ Շատ լուրջ հարցեր շոշափել՝ հումորով, սարկազմով, և վերջում  լրջանալ, որովհետև սա քո անդրադարձն է պատերազմական ու հետպատերազմյան շրջանին։  Ես շատ ծանր եմ տանում նաև մի հանգամանք. Ինձ թվում է Հայաստանում կարևոր խնդիրներից մեկն էլ այն է, որ մենք ու մեր միտքը  բացառապես պառակտված են, բզկտված։ Մենք լցված ենք փոխադարձ ատելությամբ։ Մենք ոչ միայն չենք հասկանում, այլ նույնիսկ իրար լսելու փորձ չենք անում։ Եւ այս պարագայում ես  չեմ կարողանում պատկերացնել, թե ինչ միտք կարող է կյանքի կոչվել»։

                                                                                           ********

Վարդան Պետրոսյանը,  կարծես ինքն էլ հուշում է այդ խնդիրը լուծելու պատասխանը։ Ամեն մեկը իր գործին նվիրվելով։ Ես այդպես՝ հաստատել. «Ես՝ ես եմ»։ Որոշեց   Տավուշի սահմանամերձ բնակավայրեր մեկնել։ Այն «զենքով», որին տիրապետում է։  Մենակ չմնաց։ Եվ այդտեղ էլ հանդիպել ու մտերմացել էր «Մշակութամետ» կոչվող  խմբի ջահել ու հրաշալի  երիտասարդների հետ, որոնք շաբաթը երեք անգամ մայրաքաղաքից մեկնում են սահմանամերձ  Տավուշի մարզ և  գյուղերում տարբեր տարիքի  երեխաների արվեստի պատմություն են դասավանդում, գեղեցիկ արվեստներին  հաղորդակցող  պարապմունքներ  վարում։

«Ի՜նչ լուսավոր մարդիկ են, ի՜նչ էնտուզիաստներ, ինչպիսի հավատ ունեն, ինչպիսի կամք և ուժ, ի՜նչ հույս ու ապագայի հանդեպ  ի՜նչ լուսավոր հայացք։ Նրանք իրենց ներկայությամբ նաև  ոգի են բարձրացնում։  Ես իմ ելույթներն իրականացնում էի փառահեղ այդ երիտասարդների հետ»։   

                                                                                                                   ********

 Ի դեպ, «Շուշիկի բենդի» խմբի անդամներն  էլ  այդ փառահեղ ջահելներից են։ Նրանց անգամ Վարդանը  ներգրավել էր «Խոստում» ներկայացման մեջ, որի ավարտին, երբ  ասում է. «Այո, մենք պատժվում ենք, քանի դեռ մենք  մաքուր չենք և ազնիվ», բեմում կրկին հայտնվում են  երգող երեք  աղջիկները...

«Հայտնվում են որպես մաքրության և  հաշտության խորհրդանիշ, և իրենց մաքրամաքուր կերպարանքով ու հրաշալի կատարումով  կախարդում դահլիճում նստածներին։ Ներկայացման ավարտին ասես, պառակտման հանգույցներ են քանդվում և մթնոլորտ է փոխվում  պատերազմով ու կորոնավիրուսով երկու մասի  բաժանված  մեր աշխարհում, որտեղ, մեկը՝ մյուսին չի ուզում լսել։ Ինձ հաճելի է տեսնել, որ  միավորել եմ մարդկանց։ Նրանց, ես մի բան եմ խնդրում, ընդունել իրար այնպիսին, ինչպիսին  կան։ Ես խնդրում եմ ուժեղ լինել և գոնե իրար լսելու համբերություն ունենալ։ Չէ՞ որ, կարևոր՝ ի՞նչ անել  և ինչպե՞ս լինել խնդիրն ունենք, որպեսզի շարունակենք ապրել։ Հասկանանք, որ ապրելը հիմա նույնպես պարտականություն է»։