ԵԹԵ ՄԻ ՏԵՂ ՄԻ ՃՅՈՒՂ ԵՍ ԿՈՏՐԵԼ

Նա իր  Երկրի Քաղաքացին էր ու երկրում կատարվող ամեն մի խնդրին ու յուրաքանչյուր իրադարձությանը ցավով էր  արձագանքում։  Բեմից, էկրանից նաև գրավոր խոսքով էր մեր կյանքի բացասական երևույթները խորը ընդհանրացումներով մեկնաբանում։ Անկեղծ ու շիտակ  էր։  Եւ ասելիքը,  ոչ  թե չարությամբ այլ մերձավորի,  հարազատի սրտացավությամբ էր  բարձրաձայնում։ Այդ պատճառով է, որ նրա գիրը  ծիլ տվող սերմի է նման։ Դրանք ներկային ու ապագային միտված, մայրենի լեզուն, հայրենի եզերքը, մեր ինքնությունը պահել-պահպանելու  աննման դասեր են։ Դրանք այսօր էլ  «լսելի են» հեղինակի՝  Սոս Սարգսյանի անկրկնելի առոգանությամբ ու ձայնով...  Համոզվելու համար կարդացեք ներկայացվող պատառիկները, որոնք  առանձնացրել ենք կրկին հիշել-հիշեցնելու համար, որ անցնող տարին  Արտիստի համար  հոբելյանական էր։   Նա ծնվել էր 1929-ի աշնանը.  

► Կյանքում ոչ մի բան անհետ ու անհետևանք չի անցնում։ Եթե մի օր մի տեղ մի ծառ ես տնկել, տարիներ հետո դու էլ չէ, ինչ-որ մեկը պիտի նստի նրա շվաքին։ Իսկ թե մի օր մի տեղ մի ճյուղ ես կոտրել, աշխարհի երեսից մի բուռ շվաք, մի քիչ սոսափ կպակասի ու կխաթարվի տիեզերքի հավասարակշռությունը։ Կյանքում ոչինչ անհետ ու անհետևանք չի անցնում: Ամեն մարդ աշխարհ է գալիս իր ծառը տնկելու, իր ծառի ճյուղը կտրողի ձեռքը բռնելու, իրենով տիեզերական հավասարկշռությունը պահպանելու։ Ամեն մարդ աշխարհ է գալիս՝ իր հոգու կանչի հետևից գնալու։ Հոգու կանչ՝ ասել է կոչում։ Ո՞րն է քո կոչումը, քո էության ձայնը, որին լսել պիտի սովորես...

Չորուկ ճյուղեր

► Դեռ մեզ համար չէ կուշտի կյանքը, և չենք հաշտվելու մեր սեփական թերությունների հետ։ Մենք մեր մեջ, ուրիշից թաքուն, ախտորոշել ենք մեր տկարությունները, պայմանով, որ ինչ սպեղանի էլ գտնեն, նրա հիմնամասերը լինելու են քրտինքն ու համբերությունը:

► Մեր հարևանները դարձել են մեր ճակատագիրը․ թույլ ենք տվել որ դառնան։ Ճակատագիրը ամեն դարում մեզ ձևավորել է յուրովի և նորանոր խնդիրներ է դրել մեր առաջ և միշտ նույն սրությամբ՝ լինել, թե չլինել․․․

► Ճակատագիրն անտերություն չի սիրում, անտեր թողեցիր՝ քեզ կանտերացնի:

► Նոր խնդիրները ստիպել են մեզ նոր սխալներ անել, բայց մեկը՝ ամենաբութը, կրկնում ենք հավիտյան․ աշխարհի դաժան թոհուբոհի մեջ բարոյականություն ենք փնտրում, համառորեն արդարություն ենք ակնկալում, աղերսելով․․․

► «Որտեղ հաց, էնտեղ կաց»...Տխուր է, բայց օտարության մեջ ենք ապրել, Հայրենիքում՝ օտարի օրենքով։ Այսպես բացատրենք․ Հայրենիքի տերը չենք եղել, մերը չի եղել, հազար հնարքով խույս ենք տվել պետական օրենքներից ու այսպես աննկատ փչացել ենք որպես քաղաքացի:

► Գիտելիքը համաշխարհային շուկայում ամենաթանկ ապրանքն է։ Գիտելիքը բարոյականություն է, մինչև անգամ՝ ազնվական արտաքին: Բայց ինչպես անենք, որ դիպլոմի փոխարեն գիտելիք ունենանք...

► Արատավոր ենք մենք Գիտենք խղճի հետ գործարքներ անել։ Անկիրթ՝ սակայն ուսուցանել գիտենք։ Անձեռնհաս՝ բայց ղեկավար։ Վերևին՝քծնել, ներքևին՝ ստորացնել։ Ձեռքը մեր կաշառք տալու-առնելու է սովոր, մեր աչքը՝ գողության, մենք սուտ արտադրող ենք ու լեզուն մեր՝ անամոթ։ Մեջքը մեր՝ անբանության սովոր։ Ստրկացնել հոգիներ և արբենալ իշանությունից անսահմանափակ։ Տիրել՝ ինչ շարժվում է, ինչ անշարժ է, ինչ ծնվել է, ինչ ծնվելու է: Մարդու կյանքն արժեք չունի մեզ համար, հոգին՝ առավել։ Հանուն գաղափարի զոհաբերել գիտենք և զոհերին չհաշվել։ Մեր ճանապարհից շնորհալիներին հեռացնելու վարպետ ենք, դիակների վրայով բարձրանալու՝ սովոր։ Մարդ չես եթե մեր ոհմակից չես և արժեք չունես: Մենք ձև ենք և ոչ բովանդակություն։ Մենք խոսք ենք և ոչ թե գործ։ Ժողովրդին ակմբել գիտենք ու դարձնել ամբոխ։ Տերերից վախենում ենք, հիստերիկ ցավագարությամբ ծափահարում։ Նախրային բառաչներով ողջունել ենք առաջնորդներին ու նսեմացրել մեր մարդ էությունը: Այն՝ ինչ տեսել ենք, այն՝ ինչ սովորել ենք․․․

► Աշխատող մարդը աղքատ չի լինում, աշխատող ժողովուրդը անհնար է, որ չբարգավաճի:

► Հայաստանում ազատություն է․․․Օրենք չկա, եղածը չի գործում։ Մարդն անպաշտպան է, ապրանքը՝ անտեր։ Ամենուր ալան-թալան է․․.Ազատություն է։ Հարաշալի է։ Բայց մենք իրար չենք սիրում, չենք զիջում ոչինչ։ Մենք շարունակում ենք իրար վրա կրակել, հայի կյանքը չենք խնայում։ Չարության սառույցը կալել է մեր հոգիները․․․

► Դառը ճշմարտությունն այն է, որ Հայրենիքը իրեն չի քաշում, չի հմայում։ Հայաստանը հային վանում է։ Ինչո՞վ։ Ամեն ինչով։ Պետությունը չի ապահովում քաղաքացու անվտանգությունը, նրա ազատությունը, նրա պատիվը։ Պետությունը չի հարգում իր քաղաքացուն, չի գուրգուրում արժանավորին։ Ասենք,  պետության ու համակարգի հարցը պարզ է, բայց մենք էլ, հասարակ մահկանացուներս, իրար հարգել չգիտենք, ներել, ներողամիտ լինել, զիջել․․․

► Քաղաքական գործիչն իրավունք չունի գիշերը տեսած երազները փաթաթել ժողովրդի վզին, ու եթե նա երազում անվտանգ սավառնել է անդունդների վրայով, դա դեռ չի նշանակում, թե պիտի զարթնի քնից ու ժողովրդին տանի նույն ճանապարհով:

Եթե եղբայրներ ենք

► Այս կյանքում ամեն մարդ ինքն է որոշում իր տեղը:

► Ոչ միայն պետությունները, մարդն էլ իր քարտեզն ունի, վրան կետ-գծով նշած իր բնակության սահմանը, մեծ թե փոքր՝ իր ճամփան։ Սփյուռքահայի կյանքի քարտեզը ո՞րն է, նրանց ապրելու կետ-գծերը որտե՞ղ են սկսվում, որտե՞ղ են վերջանում, ու՞ր են տանում։ Անորոշ, անորոշ գոյություն․․․

► Մտածում եմ՝ ինչի՞ց է, որ մենք՝ հայերս, ամեն տուն եկողի ստիպում ենք շատ ուտի, կարծես սովից է փախել կամ էլ ով գիտի երբ է ուտելու։ Ինչի՞ց է որ մեր զրույցը հիմնականում սեղանի շուրջն է լինում․․․Որ մեր հացը ընկերովի է լինում․․․

Ծառը՝ ծարավ

► Այնտեղ, ուր մեղք են գործում շատ շատերը, ոչ ոք հատուցում չի ստանում, փոքր արարքները պատժվում են, մեծերը՝ խրախուսվում:

► Ժամանակները նոր են, ազատ սիրո գաղափարը՝ հրաշալի, բայց պատիվն էլ վեհ գաղափար է:

► Հսկա սառցաբեկոր է «տասնհինգ թվականը», արյունը մեջը լերդացած այսբերգ պատմական մեր ուղու վրա։ Հմուտ ցատկորդներ ունենք՝ վրայից ցատկում են, ճարպիկ շրջանցողներ ունենք՝ շրջանցում են, բայց նա կա՝ անողոք, սառը սրությամբ խոցում է մեր հիշողությունը, մեր նավի բնականոն ընթացքը խաթարում ու մոռանալու մասին կոչերը չէ, որ նրան հալեցնելու են․․․

► Երկրորդ համաշխարհային պատերազմի արհավիրքները չպետք է վարագուրեն Առաջին աշխարհամարտի հայ ժողովրդի ողբերգությունները։ Արծվի սիրտն է վիրավոր, թե՞ ճնճղուկինը, ցավը ցավ է․ պետք է ենթադրել նույն անտանելի ցավն են պատճառում տիրոջը։ Հիշենք Ֆրանց Կաֆկայի խոսքը՝ փոքր ազգի հիշաղությունն ավելի փոքր չէ, քան մեծ ազգինը․․․

► Մենք ինչու՞ ենք թանաքով ջնջում արյունով գրածը․․․Իրերը կոչենք իրենց անուններով․․․Ժողովուրդը պետք է լայնորեն մասնակցի պետական գործերին( Այսօրվա դրվածքն է), պետք է ամեն ինչին տեղյակ լինի։ Մանավանդ իր ճակատագրին վերաբերող գործերին:

                                                                                 Սոս Սարգսյան