ԵՍ ԳԻՏԵՄ Եւ ԴՈւ ԷԼ ԳԻՏԵՍ

«Վատը՝ լավ եմ տեսել ես», Հովհաննես Թումանյանի քառյակի վերջին տողի` առաջին երկու բառի տեղերը փոխելն, ակամա ստացվեց։ Չէ, այնպես չէ, որ «Լավը՝ վատ եմ տեսել ես», պարզապես ներկա մեր օրերում «լավը՝ լավ տեսնելիս» անգամ, մի կարգին չես կարողանում ուրախանալ...

Մայրաքաղաքի լքված, անխնամ, փնթի և քանդուքարափ կենտրոնական երկու հատվածները բարեկարգվեցին ու Երևանը նորոգված երկու այգի նվեր ստացավ։ Լա՞վ է։ Իհարկե, լավ է։ Մանավանդ որ, թե՝ Վարդանյան եղբայրների, թե՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նվերները, երևանցիները շնորհակալությամբ ընդունեցին։ Եւ կարծես թե սիրեցին բարեկարգված ու կանաչապատ, ջրաշիթե գունեղ կամարներով, լուսային շատրվաններով հարուստ այգիները։ Այսինքն, զբոսանքի նշված վայրերը մենք ունեցել ենք, բայց Երևանի կանաչ գոտիների ոչնչացվելուն զուգահեռ, դրանք էլ անտերության ու անտարբերության մատնվելով, անջրդի, անհրապույր աղբանոցների էին վերածվել։ Ինչու՞ և ի՞նչպես հարցերը կրկին մեջտեղ բերելու իմաստ էլ չկա։ Շատ է խոսվել ու գրվել, բայց տարիներ շարունակ անօգուտ, անարդյունք են մնացել բողոքի տարաբնույթ դրսևորումները։ Այգիներն ու անտառները, որոնք ձևավորում էին Երևանի բնակլիմայական միջավայրը, առանձին մի հետևողականությամբ էին վերացվում։ Հայտնի էր, թե` ովքեր, գաղտնիք չէր նաև թե՝ ինչու և ում թողտվությամբ էին փարթամ ծառերով խիտ ու բարեկարգ այգիները մասամբ կամ լիովին ոչնչացվում։ Բարբարոս «գործընթացը» կասեցնելու, սթափության կոչերն ու մասսայական ընդվզումներն էլ, որքան տարօրինակ հնչի, անարձագանք չմնացին...Երկրի ղեկը պտտող «հայտնիները» սուտ հիմնավորումներով առավել հմտորեն, ավելի արդյունավետ ու «կազմակերպված» շարունակեցին քանդել ու մեկը՝ մյուսից շքեղ ամրոց-պալատներ, դղյակներ ու հյուրանոցներ, ռեստորան, կազինո ու տարաբնույթ զվարճավայրեր կառուցել։ Այնպես որ, մայրաքաղաքի խաթարված համապատկերում երկու զբոսայգին ու ԵՊՀ- ի հոբելյանի առիթով, Ծարավ Աղբյուր թաղամասի նորաբաց «Համալսարանական պուրակը», ոչ միայն լավ, այլև կարևոր իրողություններ են։

  ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞ ՕՁԵՐԸ ՀԱՅՏՆՎԵՑԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

 Կասկադի հարևանությամբ հին ու նոր մենատներով, պտղատու այգիներով, վարդերով ու ծաղիկներով սիրունացված, ծուռումուռ մի փողոց կա, որ կոչվում է Անտառային։ Անվանումը, պատահական չէ։ Այստեղից է սկսվել (կամ ավարտվել) քաղաքի հյուսիսային մասի անտառապատման գործընթացն, անցյալ դարի սկզբներին։ Անտառը, հիմա չկա, բայց փողոցի անվանումը պահպանվել է։ Ավելին, վերջին տարիներին անտառը հատվել ու բարձրահարկ շինություններով անկանոն կառուցապատված մի խոշոր թաղամաս է կազմավորվել և կոչվել՝ Վերին անտառային։ Հին Անտառայինը, Գաֆեսճեան մշակութային կենտրոնի ստորին մասին է հարակից։ Մոնումենտի ծառածածկ տարածքները, ոչնչացնելով դեպի Կասկադ բերող հատվածում՝ վերին ու ներքին Անտառայինների միջև «բաժանարար» ծառապատ մի նեղ շերտ էր մնացել։ Հին Անտառայինի բնակիչները հավատացած են, որ իրենց «կյանքը դարձավ նզովյալ գեհեն», հենց այն ժամանակներից, երբ քանդող-կառուցողնողները ևս մեկ անգամ «թաղելով իրենց խիղճը», անտառի այդ շերտն էլ վերացրին ու երեք բարձրահարկ շենքի հիմքեր դրեցին։ Հենց այդ շինությունների հարկերի ավելանալու և օրերի տաքանալու հետ, իրենց մենատները պաշարվեցին... օձերով։ Մինչև էդ էլ կային, բայց հատկապես այդ շինությունների կառուցապատմանը զուգընթաց շատացան։ Ըստ երևույթին, բներից տեղահանվելու և պատսպարվելու տեղ չունենալու պատճառով են դեպի վար սողացել։ Եւ «ստիպել», որ ամառվա տապին, գիշեր-ցերեկ մարդիկ ստիպված դուռ-պատուհան հնարավորինս պինդ փակած պահեն։ Մայրաքաղաքի կենտրոնում ահուսարսափի մեջ հայտնված բնակիչները, տարատեսակ օձերով պաշարված տների պատուհաններից տագնապով սկսեցին հետևել, թե որ ուղղությամբ են շարժվում չջրվող այգիներում տեր ու տիրական դարձած սողունները։ Վախենում էին նաև, որ հանկարծ փողոցում չհայտնվեն, որտեղ երեխաները վտանգն ու մեծերի հորդորներն անտեսելով, չէին հրաժարվում ամենօրյա իրենց խաղերից։ Արտակակարգ իրավիճակների նախարարություն, անշուշտ դիմել են։ Եկել են, բայց հայտնի է, որ հերթապահություն սահմանելու կամ տարածք հսկելու համար չեն կոչված այս կառույցի աշխատակիցները։ Եւ ահաբեկված մարդիկ, շոգին դիմակայելով, սկսեցին իրենց կյանքի պարտադրված նոր ռիթմին հարմարվել։ Ի դեպ, փողոցի մի հատվածի տներն արդեն դրսից եկած անհատ ներդրողների են վաճառվում ...Ովքե՞ր են գնորդները, հայտնի չէ։ Ի՞նչ է կառուցվելու արևախանձ տնամերձ այգիներով բնակելի առանձնատների փոխարեն, նույնպես հայտնի չէ...

 ՎԵՐԻՆ ԱՆՏԱՌԱՅԱՆԻ Եւ ՆԵՔԻՆ ԱՆՏԱՌԱՅԱՆԻ ՏԽՈւՐ ՊԱՏՄՈւԹՅԱՆ ԶՈւԳԱՀԵՌՈւՄ

Երեք բարձրահարկ անշուք շենք, որոնք Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում կառուցելու նպատակով անտառաշերտ է վերացվել։ Մի քանի տարի առաջ Երկու նորակառույց շինություն էլ Իտալիայի Միլան քաղաքում էր կառուցվել։ Իտալացիները նոր շենքերը կառուցելու համար ծառեր չէին կտրել։ Հակառակը՝ կենսական կարևոր նշանակությամբ «երկու թոք», երկու «շենք-անտառ» են ստեղծել։ Մարդկային երևակայությունը զարմացնող, շինարարական արվեստի բացառիկ այդ արտահայտությունները, գուցեև կյանքի չկոչվեին, եթե Միլանը աշխարհի ամենաաղտոտված մթնոլորտ ունեցող քաղաքներից մեկը լինելու փաստի մասին չբարձաձայնվեր։ Ահազանգ, որը զգոնության կոչ դարձավ իտալացիների համար։ Եւ ցավը համախմբեց ոչ միայն Միլանում, այլև երկրի տարբեր անկյուններում ապրող տարբեր ոլորտների այն մարդկանց, որոնք այս կամ այն կերպ կարող էին խնդրի լուծմանը գործուն մասնակցություն բերել։ Նախապատվությունը տրվեց բնակելի շինություններ ներկայացնող մի նախագծի, որի հեղինակը ճարտարապետ Ստեֆանիո Բոերին (Stefano Boeri) էր։ Առաջին հայացքից պարզ թվացող մի նախագիծ, որը, սակայն իրականցվելով, ոչ միայն իտալացիներին, այլև աշխարհին զարմանք ու հիացմունք պատճառելով, հանճարեղ բառով պիտի որակվեր։ Բոերիի գործը նաև կանաչ գոտիների անհրաժեշտությունը շեշտելու, մարդկությանը սպառնացող վտանգը կանխարգելու ինքնատիպ կոչ դիտարկելով, արժևորվեց։

 ԵւՍ ՄԻ ԶՈՒԳԱՀԵՌ, ՈՐՆ ԱԿԱՄԱ ՍՏԱՑՎԵՑ

Մեզանում, վերջին տասնամյակներին նոր թաղամաս, անշուք և շքեղ շենք, «թագավորական» կամ «իշխանական» պալատ, հյուրանոց, այգի, հոգևոր տաճար, եկեղեցի ու մատուռ կառուցելիս, սովորաբար ճարտարապետի անունը չէ, որ հնչեցվում է։ Մերոնք հիմնականում մեծարում ու ներբողների են արժանացնում նրան, ում նյութական աջակցությամբ կառուցվում է այս կամ այն շինությունը։ Բարերարի ծախսած գումարի ստույգ և խոշոր չափերը նշելով, մարդկային բարձր որակները թվարկելով, հայրենիքի հանդեպ ունեցած սիրո ու նվիրվածության բացառիկ հատկանիշները շեշտելով են մեծարում... Իտալիայում, «Ուղղահայաց անտառ» կոչված հիշյալ շինությունները նույնպես մասնավոր ներդրողի գումարներով են կառուցվել։ Կառուցապատման հինգ տարվա ընթացքում ու նաև հետո, շատ քչերին էր հայտնի, թե ում փողերով են կյանքի կոչվում արդի շինարարական արվեստի գլուխգործոցները։ Գիտեին Ստեֆանիո Բոերի` Ճարտարապետի անունը, որի վառ երևակայության ու մասնագիտական տաղանդի շնորհիվ, 2014-ին, Իտալիան նորից զարմացրեց աշխարհին։ Բոերիի շենքերը՝ 10,2 հազար քառ մետր բուսականության ծածկույթով, ըստ էության Միլանի աղտոտված մթնոլորտը կարգավորելու համար էին կառուցվել ու կենարար ուժ դարձել քաղաքի համար։ Միլանի Պորտու նուովա թաղամասի վերակառուցման շրջանակներում իրականացված շինությունների վրա տնկվել են 800 ծառ, չորս հազար թուփ, 15 հազար հատակային բույսեր, խաղողի վազեր, մրգատու ծառեր, որոնք կլանում են մթնոլորտն աղտոտող զանազան տարրերն ու ածխաթթու գազը, կարգավորում քաղաքի ջերմային ֆոնը, նվազեցնում աղմուկի մակարդակը, և նպաստում թթվածնով հագեցած կլիմայի ստեղծմանը։ Բազմաֆունկցիոնալ ներքին ազատ տարածությամբ գործուն «Ուղղահայաց անտառները», այդ ամենով հանդերձ, աշխարհում ամենագեղեցիկ ու նորարար շինությունների համարումն ունեն։ Անշուշտ, բոլոր ժամանակների օրինակով, արդի ժամանակներում նույնպես, համաշխարհային շինարարական արվեստի պատմությունը նոր թելադրանքներով է հարստանում։ Եւ պետք չէ մոռանալ, որ ժամանակների մեջ այդ ընթացքից մենք ոչ միայն ետ չենք մնացել, այլև նոր թելադրանքներին մասնակից դառնալով ենք, առաջատար համարվել։ Չնմանակելով, այլ մեր շինրարական արվեստի անհատական ձեռագիրը պահպանելով ու նորը ստեղծելով ենք մեր հաստատուն ընթացքը շարունակել։ Ինչու՞ և ինչպե՞ս եղավ, որ մեր այդ ընթացքը շեղումների ենթարկվեց։ Այս պարզ կամ հռետորական հարցը տալով, գոյություն ունեցող մեծ թնջուկը չտեսնելու տալու, կողքով լռությամբ անցնելու կամ թե բարձրաձայն գորգոռալու ընտրված ձևերը մեզանում հին ու մաշված, ուրեմն չգործող են և իրավիճակ շտկելու ելք ու երաշխիք չեն, բնավ...

Նյութի մեջ օգտագործված են Երևանի քաղաքապետարանի և 1in.am կայքի լուսանկարները։