ԵՐԲ ՆԿԱՐՆԵՐԸ ԱՊՐՈՒՄ ԵՆ

«Նիկ՝  նրա ստորագրությունն էնրա նկարչական անունը, նաև անունը, որով դիմում էին նրան մտերիմները: Ասում են ստեղծագործելիս նկարիչն արտահայտում է իր ներքնաշխարհը: Եթե այս տեսանկյունից դիտենք Նիկոլայ Մանուկյանի աշխատանքները, պարզորոշ կտեսնենք, թե որքան ազնիվ է նա այդ  ինքնարտահայտման մեջ, և թե որքան միմյանց ներդաշնակ են նրա կյանքն ու ստեղծագործությունը: Ուշադիր դիտողը կարող է անգամ արտաքին նմանություն տեսնել նկարչի մարդկային տեսակի և ստեղծագործության միջև:

Նիկօյի նկարչությունը  բազմաճյուղ է և բազմաժանր: Իր բեղմնավոր ստեղծագործական կյանքի ընթացքում նա զբաղվել է գեղանկարչությամբ, գրաֆիկայով, գրքի նկարազարդմամբ, ինչպես նաև երգիծանկարչությամբ: Եվ այսօր, արդեն հետահայաց դիտարկմամբ, կարելի է ասել, որ այս ասպարեզներից յուրաքանչյուրում նա ստեղծագործել է լրիվ նվիրումով և թողել է իրենից հետո յուրատիպ գործեր և՛ բովանդակության, և՛ կատարողական վարպետության  առումով:

Շատ ափսոսում եմ և տխրում այս պահինոր այն, ինչ գրում եմ նրա նկարչության մասին, նա չի կարդալու այլևս: Մեզ միշտ թվում է, որ դեռ ժամանակ կա միմյանց անկեղծ խոսք ասելումիմյանց հանդեպ ավելի ուշադիր լինելու …  Բայց  ժամանակը  շատ հաճախ մեզնից առաջ է անցնում՝ ներկան դարձնելով հիշողություն:

Սակայն ստեղծագործության հետ տեղի է ունենում լրիվ հակառակը: Նկարները, կարծես, սկսում են ապրել ինքնուրույն և  հասուն կյանքով՝  հարթելով իրենք իրենց ճանապարհը:

Նիկօյի երգիծանկարներում կան սուր միտք, երևակայություն, հումոր: Իր բնույթով նկարչության այդ ճյուղը թվում է անհամատեղելի գեղանկարչության հետԲայց ծանոթանալով Նիկօյի ստեղծագործությանն իր ամբողջության մեջ` տեսնում ենք, որ նկարիչը կարողացել է իր ստեղծագործական կյանքի ընթացքում լավագույն կերպով դրանք համատեղել:

Նա բազմակողմանի հետաքրքրություններ և նախասիրություններ ունեցող  արվեստագետ է եղել: Ինքն իրեն գտնելու, ինքն իրեն հավատարիմ լինելու ցանկությունն ու այդպես ապրելու սկզբունքը ուղեկցել են նրան ողջ ընթացքում: Նրա կենսագրության մեջ կան բազմաթիվ դրվագներ որոնք ասվածի վկայությունն են: Օրինակ, ընդունվում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետ, որտեղ ընդունվելը բավականին դժվար էր, ուսանում է երեք տարի: Հետո զգում է, որ իր կոչումը դա չէ, այլ նկարչությունն է: Չի վարանում. դուրս է գալիս, մեկնում է Պետերբուրգ, այն ժամանակ՝ Լենինգրադ և ընդունվում է Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիա: Շուտով տեղափոխվում է Թբիլիսի՝ իր ծննդավայրը, որտեղ էլ ավարտում է  Գեղարվեստի ակադեմիան: Իր հետ հարցազրույցներից մեկում այն հարցին, թե ճի՞շտ էր արդյոք մասնագիտությունը փոխելը, նա պատասխանել է. «Երբ  հաճույքով ես զբաղվում քո գործով, ավելի մեծ երջանկություն չկա»: Նկարչությունը Նիկօյի էությունն էր, կոչումը, նրա հաճույքը և աշխատանքը: Ստեղծագործական պրոցեսի այդ բերկրանքն է արտահայտված   նրա գեղանկարչության մեջ: Ինչպես նաև ինքն իրեն հավատարիմ լինելու ձգտումը և  սկզբունքը կարելի է տեսնել նրա ստեղծագործական նախասիրություններում: Պատահական չէ, որ նրան այդպես հետաքրքրել է Դոն Կիխոտի կերպարը, որին  պարբերաբար անդրադարձել է ստեղծագործական կյանքի՝ 1998-2009 թվականների ընթացքում: Դոն Կիխոտը նրա համար եղել է ոչ այնքան կերպար, որքան թեմա: Շուրջ 25 նկար է ստեղծել այդ թեմայով, որոնցից  հինգն այսօր Հայաստանում են, իսկ մյուսները գտել են իրենց տերերին տարբեր երկրներում: Նիկօյի նկարչության մեջ Դոն Կիխոտը նաև ժամանակաշրջանի և կյանքի փլիսոփայություն է, որը նա արտահայտել է  գեղանկարչական զանազան կոմպոզիցիաների միջոցով: Այդ շարքի նկարներից մեկում՝ կատարված կանաչ գույնի տարբեր երանգների գերակշռությամբ, նկարիչը կարողացել է բազմաշերտ կոմպոզիցիայի միջոցով ներկայացնել վեպի գրեթե բոլոր հերոսներին և շեշտել կարևոր դրվագները: Երկրաչափական բազմապիսի ձևերի, գունային և գծային հետաքրքիր համադրումների միջոցով Նիկօն ստեղծել է աշտարակ հիշեցնող, գեղանկարչական կուռ պատկերորի  կենտրոնում՝ որպես  առանցք Դոն Կիխոտն է ձիու վրա, նրանից մի քիչ ներքևում՝ Սանչո Պանսան: Միևնույն ժամանակ այդ հիմնական պատկերը բաղկացած է բազմաթիվ միմյանց փոխշաղկապված ենթապատկերներից, որոնք միահյուսված և շաղկապված են միմյանց կոմպոզիցիոն հետաքրքիր լուծմամբ: Շատ ներգործուն են ընդհանուր կոմպոզիցիայի մեջ ներհյուսված, բայց միևնույն ժամանակ առանձնացող և մեզ, կարծես, դիտող ու զննող աչքերը: Նիկօյի գեղանկարչության մեջ խորհրդանշական պատկերները կարևոր դերակատարում ունեն: Դրանք առավել նկատելի են «Դիմակահանդես»  նկարաշարում ներառված  գործերում: Այստեղ կարելի է տեսնել նաև թիֆլիսյան գեղարվեստական միջավայրի ազդեցությունը: Կան հատկանիշներ, որոնք հատուկ են բոլոր արվեստագետներին, որոնք ծնվել են Թիֆլիսում: Նրանք բոլորն ունեն, թերևս, այդ քաղաքի ավանդույթներից եկող, հանդիսության, տոնակատարության, կյանքի թատերայնության յուրահատուկ ընկալում և զգացողություն, որոնքն էլ տարբեր եղանակներով արտահատվում են նրանց ստեղծագործության մեջ:

Նիկօյի գեղանկարչությունը գտնվում է վերացականի և առարկայականի    սահմանագծին: Նա լիովին չի հրաժարվում ֆիգուրատիվ նկարչությունից, որի տարրերը տարբեր չափով գրեթե միշտ առկա են նրա ոչ ֆիգուրատիվ նկարչության մեջ:

Նիկօյի բազմաժանր նկարչությունն ունի  իր ձեռագիրը, որտեղ գույնին հավասար նշանակություն ունի նաև գիծը: Այն շատ դինամիկ է, երբեմն ձգված և մշտառկա զգացական մեծ լիցք ունի իր մեջ: Դա շատ ցայտուն երևում է  նարտյուրմորտներում, վերացարկված և պայմանական ծաղկեփնջերի պատկերներում, որտեղ փոխկապակցվում են միմյանց հարյուրավոր և ավելի գծեր, ստեղծելով գույնի, գծի և կառուցվածքի ներդաշնակ մի համադրություն: Դա երևում է հատկապես նատյուրմորտներում, որոնք Նիկօյի  ստեղծագործության մեջ կարևոր տեղ ունեն: Ընդհանրապես, բոլոր ժանրերում նրա գեղանկարներն իրենց գունագծային լուծումներով շատ արտահայտիչ են և զգացական լիցքեր են հաղորդում  դիտողին: Իսկ կոմպոզիցիոն առումով՝ ամբողջական են, և դա հրաշալի է ու գեղեցիկ:

Արվեստը, այո, ունի առավելություն՝ այն միշտ ապրում է ներկա ժամանակում: Բայց ժամանակը պահանջկոտ է: Ժամանակը կարող է աշխատել ստեղծագործության դեմ և՝ ստեղծագործության օգտին։ Եթե ստեղծագործություններն իրական են իրենց բովանդակությամբ, ձևով և գեղեցկությամբ, ապա նրանք հաղթում են ժամանակին և շարունակում ապրել՝ պահպանելով իրենց մեջ նկարչի զգացմունքները, մտքերն ու հոգինԱյդպես է ապրում  Նիկօյի ստեղծագործությունը: