ԶԱՆԳԵՐԻ ՂՈՂԱՆՋՈՎ ԿԱՄ ՀԱՄՐ ԼՌՈՒԹՅԱՄԲ...

Համաշխարհային երկրորդ պատերազմին հազարավոր հայ մարտիկներ են մասնակցել: Նրանցից շատերը զոհվել են ռազմի դաշտում, հերոսաբար մարտնչելով հսկայական ներդրում են ունեցել ֆաշիստների դեմ տարած հաղթանակում:
Հիշենք
՝ ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյան, ԽՍՀՄ կրկնակի հերոս Մարշալ Հովհաննես Բաղրամյան, ԽՍՀՄ ծովակալ Հովհաննես Իսակով, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակով... Այս ցուցակը մեծ է։ Մեծ են նաև սպայական կազմի, շարքային հրամանատարների և զինվորների անունները ներառնող ցուցակները։ Շատերի անուններն էլ պատերազմի քարտեզում հայտնված երկրներում գտնվող «անհայտ զինվոր» կոչված հավաքական  հուշակոթողների  և տարրաբնույթ այլ արձանխմբերի վրա  են ֆիքսված:

Հայրենական մեծ պատերազմում զոհված հայ մարտիկների հիշատակին նվիրված հուշարձաններ կան Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերում: Դրանք տարբեր են իրենց տիպաբանական և գեղագիտական հորինվածքներով: Հուշարձաններից յուրաքանչյուրն առանձին ու մեկտեղված՝ կորուստի և ցավի, հավատի և հպարտության յուրօրինակ արտահայտություններ են: Այդ հուշարձանների տիպ-տեսակներն առանձին-առանձին համեմատական հետազոտման ենթակա արվեստային երևույթներ են նաև: Տարատեսակ հորինվածքներ՝ դիմաքանդակ, կլոր քանդակ, զարդանախշերի նրբությամբ, շրիֆտի ընտրությամբ, արվեստների համադրությամբ, կոմպոզիցիոն և ճարտարապետության տարատեսակ լուծումներով գործեր են, որոնց հետազոտությունը թույլ կտա հարստացնել մոնումենտալ արվեստը ներկայացնող պատմատեսական ուսումնասիրությունների մեր շտեմարանը:
Հուշարձաններն այս հիմնականում կառուցվել են անհատների և համայնքի հանգանակությունների, ինչպես նաև պետության ֆինանսական միջոցների հաշվին:
Հայաստանում պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանները կառուցվել են երկու փուլով. առաջինը՝ 1943-1950թթ., երկրորդը՝ 1960-1980 թվականներին: Երկու դեպքում էլ առանձնանում են համալիր հուշարձանները: Այսպես՝ Երևանի քաղաքային պանթեոնում կառուցված և Երևանի հաղթանակի զբոսայգում գտնվող անհայտ զինվորի հիշատակին նվիրված համալիրները նման օրինականեր են: Հետաքրքրական է նաև, որ հայ ճարտարապետները և քանդակագործները թեմատիկ նման հուշարձաններ են կառուցել ոչ միայն Արցախում և Հայաստանում, այլև Վրաստանում, Ռուսաստանում և մի շարք այլ երկրների հայաշատ համայնքներում: Այս ավանդույթը շարունակվեց Արցախյան ազատամարտից հետո (Եռաբլուր համալիրը՝ Երևանում, Շուշիի ազատագրմանը նվիրված հուշարձանը՝ Երևանի Ազատության պողոտայի սկզբնամասում և այլն)։ Այն շարունակվում է նաև մեր օրերում՝ մասնավորապես Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձանների, մահարձանների, խաչքարերի, կիսանդրիների, բոլորաքանդակների, հուշաքարերի, արձանագրությունների օրինակներով (բայց սրանք  արդեն մեկ այլ նյութի հետազոտության թեմա են):
    Իսկ արդեն արված ուսումնասիրությունները թույլ են տալիս եզրակացնել նաև, որ երկրորդ համաշխարհային  պատերազմում զոհված հայ մարտիկների հիշատակին նվիրված հուշարձանները կարելի է դասակարգել հետևյալ տիպ-տեսակների՝

        ա. Աղբյուր-հուշարձաններ (այս տիպի հուշարձանի առաջին օրինակը հեղինակել է ճարտարապետ Ռաֆայել Իսրաելյանը՝ Փարաքար գյուղում դեռևս 1943-ին, (նկ.1): Հետագայում նրան հետևելով, 1943-1945թվականներին աղբյուր-հուշարձաններ են կառուցվել Բուրաստանում, Կաթնաղբյուրում, Աշտարակում, Գորիսում, Ալավերդիում, Սիսիանում, Երևանում և այլուր):
        բ. Հաղթանակի կամար, Երևանի հաղթանակի զբոսայգու մուտքի հաղթակամարը (ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան, 1944թ. Երևան), (նկ.2):
        գ. «Հաղթանակի» հուշարձաններ, Երևանի հաղթանակի այգում կառուցված  Մարր Հայաստան հուշարձանը (ճարտարապետ Ռ.Իսրայելյան, քանդակագործ Արա Հարությունյան, 1950թ.), (նկ.3):
       դ.  «Անհայտ զինվորի» հուշարձաններ, որոնք թերևս կարելի է բաժանել մի շարք ենթատիպերի։ Սրանցից հատկապես առանձնանում  են ճարտարապետական (կամար, հուշասյուն, հուշապատ, աղբյուր և  առանձին կամ համալիր բաղադրիչ այլ լուծումներով), քանդակային ( զինվորի, սգացող մոր կերպարով կամ թեմատիկ  մեկ այլ հորինվածքով) և այս երկուսի (ճարտարապետական փոքր ձևերի և կլոր քանդակ, խորաքանդակ և այլ հորինվածքների) համադրությամբ  (նկ.4,5):
        ե. «Մատուռ» հուշարձաններ (օրինակ ճարտարապետ Հակոբ Ջիվանյանի նախագծով իրականցված Ազատանի հուշարձանը, 1980թ.), (նկ.6):

Հուշարձանների հորինվածքներում հիմնականում օգտագործվել են տեղական քարատեսակներ (բազալտ, տուֆ) և մետաղներ (պղինձ, այլումին և այլն): Հեղինակները ճարտարապետներ են և քանդակագործներ, որոնք  հիմնականում աշխատել են տեղացի վարպետների հետ:
Պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձաններ են կերտել ճարտարապետներ՝ Ռաֆայել Իսրայելյանը, Հակոբ Ջիվանյանը, Կառլեն Անանյանը, Սոս Մանուկյանը, Կարապետ Կարապետյանը, Էդուարդ Հարությունյանը, քանդակագործներից Արա Հարությունյանը, Արա Սարգսյանը, Ժիրայր Կետիկյանը, Յուրի Սիմոնյանը և այլք:

Ուշագրավ հորինվածքներով հուշարձաններից են՝ Երևանի քաղաքային պանթեոնում տեղադրված ճարտարապետական համալիրը, որի մոնումենտալ կանգուն քանդակների կողքին կան խորհրդաբանական տապանաքարեր՝ առանձին քառանկյուն (խորանարդի տեսքով) մահարձաններ, որոնց վրա գրված են մարտիկների անուն-ազգանունները և ծննդյան ու մահվան տարեթվերը: Համալիրի մուտքի ձախ հատվածի տուֆե պատի բարձրաքանդակը  պատերազմական թեմայով է արված: Համալիրի հրապարակի վրա հավասար բաժանումներով քառանկյուն խորանարդաձև տապանաքար-մահարձաններն են, իսկ կենտրոնական առանցքի վրա մոնումնետալ արձանախումբ է՝ խոնարհված վրեժի ու հաղթանակի բռունցքը բարձր պահած զինվորների կերպարներով (նկ.7,8,9): Արձանախմբի համար որպես «հենապատ» ծառայում է երեք ուղղահայաց սյուներից կազմված հորինվածքը:
Ճարտարապետ Կառլեն Անանյանի 1980 թվականին հեղինակած հուշարձանը Նոյեմբերյանում՝ ճարտարա- պետական փոքր ձևի և մատուռի համադրության վառ օրինակ է: Աստիճանաձև պատվանդանի վրա տեղակայված քառակողմ տուֆե բաց մատուռ-հուշարձանը նոյեմբերյանցիների սիրո վկայությունն է՝ երկրորդ համաշխարհային պատերազմից չվերադարձած համաքաղաքացիների հիշատակին նվիրված: Մատուռ-հուշարձանի կենտրոնական հատվածում տեղադրված  զանգերի  ղողանջը պարբերաբար  խախտում է տխրաշունչ լռությունը (նկ.10):
Իսկ ահա ճարտարապետ Էդուարդ Հարությունյանի և քանդակագործ Յուրի Սիմոնյանի հեղինակած հուշարձանը Հրազդան քաղաքում, պլաստիկ արվեստի՝ բոլորքանդակի, գլխաքանդակի, բարձրաքանդակի համադրությամբ  ներդաշնակ համալիր է, տեղակայված  Աթարբեկյան թաղամասի այգիներից մեկի կենտրոնական հատվածում,(նկ.11):
Հաջորդ հուշարձանի օրինակը թեմատիկ առումով ավելի ավանդական և տարածված լուծում ունի՝ մայրը և վիրավոր զինվորը: Թեմա, որը ժամանակների մեջ չի կորցնում  արդիականությունը և հուզական ազդեցութոյւնը: Ճիշտ է, Արթիկի՝ Հոռոմ գյուղում տեղադրված հուշարձանը կարծես բվանդակային այլ ասելիք ունի՝    սլացիկ և լայնաթիկունք կնոջ ուժ արտահայտող ձեռքը՝ հուշում է, որ նա պատրաստ  է  ցավը հաղթահարելով, մարտնչել   թշնամու դեմ և   վրեժ լուծել... (նկ.12):
Հետաքրքիր լուծում ունի Ա.Սիմոնյանի հեղինակած հուշարձանը Արթիկի Լուսակերտ գյուղում՝ աղբյուր-հուշարձանի և հաղթակամարի համադրության օրինակով: Այս համալիրը նվիրված է Մեծ հայրենական պատերազմում զոհված լուսակերտցիների հիշատակին: Կամարի աջ և ձախ հատվածներում տեղադրված են արծիվների քանդակներ, որոնք ասես, հսկում են ապրողների անդորրը: Կամարի կենտրոնական հատվածում տեղադրված են զանգերը, ներքևում փոքր պատվանդանից վեր է խոյանում անմար կրակով ջահը, որպես հաղթանակի և  հիշատակը  հավերժացնող խորհուրդ: Կամարի ամենավերին հատվածում փորագրված՝ 1941-1945թթ. շեշտում է, որ ժամանակի խտացված այս ընթացքում լուսակերտցիները մեծ կորուստներ կրել: Կամարի կենտրոնական հատվածում ցորենի հասկ է՝ Մեծ զոհողությունների գնով շարունակվող կյանքի խորհրդանիշը: Այս համալիրի գեղարվեստական, հատկապես արծիվների նախընտրությամբ լուծումն որոշակիորեն հիշեցնում է Ռաֆայել Իսրայելյանի ճարտարապետական ձեռագիրը (նկ.13):
Մեծանուն ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հեղինակությամբ  իրականացված   «Հայրենական պատերազմում զոհված Փարաքարի քաջարի մարտիկներին» փորագրությամբ աղբյուր-հուշարձանը բացառիկ օրինակ է: Տուֆակերտ, հատակը բազալտե սալերով երեսապատված հորինվածքը իրենից ներկայացնում է քառանկյուն «պարիսպ», պատերով շրջափակված մի տարածք, որի պատերը հարմարավետ են նաև նստելու համար։ Դիմացի պատի կենտրոնական մասում վեր է խոյանում բուն աղբյուրը: Աղբյուրի դիմացի հատվածում մուտքն է, որը սկզբնավորում է դեպի  ջուրը տանող ճանապարհը (նկ.14)
Մատուռ-հուշարձանի լավագույն օրինակը է նաև ճարտարապետ Հակոբ Ջիվանյանի հեղինակած մատուռ-հուշարձանը Ազատան գյուղում: Այն մինչ օրս մեծածավալ մասշտաբներով է զարմանք և հիացմունեք պատճառում, (նկ.15,16): Մատուռ-հուշարձանը ներս ու դրսից, լուծված է միջնադարյան եկեղեցաշինության և ճարտարապետության լավագույն օրինակաների զուգորդմամբ: Սա մատուռ է ոչ միայն նվիրված զոհերի  հիշատակին, այլև սրբատեղի է ուր այցելում են, աղոթք անում, մոմ վառում... (նկ.17,18): Ինտերյերում տեղադրված են խաչքարեր, մահարձաններ, գմբեթի հատվածում զարդաքանդակներ են, կան անկյունային բացվածքներ (պատուհաններ), որտեղից թափանցող լույսն առավել խորհրդավոր է դարձնում ներքին տարածությունը: Մատուռի զանգաշտարակի վրա հավերժության նշան արտահայտող բուսական զարդաքանդակներ կան, որոնք մեր ավանադական մշակույթի վառ արտահայտություններ են (նկ.19,20,21,22):
Երկրորդ աշխարհամարտի զոհերին  նվիրված հուշարձանները, ինչպես նշել եմ վերը, շատ են։ Յուրաքանչյուրն յուրովի մի քարե էջ  է, պատմության դրվագներ վերհանոող, արվեստների համադրությամբ ստեղծված բացառիկ մի կերտվածք։ Դրանք  շշուկով խոսող, տիեզերական հնչյունների ղողանջներով կամ թե համր լռությամբ հիշատակներ պահող կոթողներ են։ Եւ ակնհայտ է, որ հուշարձանների այս շարքը պետք է հետևողական և համալիր հետազոտության ենթարկել: Հետազոտություն, որը հնարավորություն կտա առավել ամբողջական պատկերացում կազմել վերջին հարյուրամյակներում զոհված հայազգի մարտիկների հիշատակին նվիրված հուշարձանների հորինվածքային  տիպերի և գեղագիտական առանձնահատկությունների մասին։