ԻՍԿ Ի՞ՆՉ Է ԱՐԵԼ ԱՇԽԱՐՀԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

                                                             

                                                    Հարցազրույցը՝  Նատալյա Իգրունովայի

                                                                                        ԶՐՈՒՅՑ ԵՐԿՐՈՐԴ  

  Իմ հարցին՝ «ցրելու համար», թե՝ «Հիմա Հայաստանում ապրելն արդյոք ավելի լավացե՞լ է», Լևոնն անսպասելիորեն պատասխանում է լուրջ ու զգացմունքային:

Լ.Խ.- Պետք չէ հարցն այդպես դնել, թե հիմա Հայաստանում ավելի լա՞վ է: Անհրաժեշտ է հարցնել՝ ավելի լա՞վ է դարձել Հողագնդի վրա ապրելը: Ինձ թվում է՝ հիմա Հողը քիչ է խոսում մարդու հետ: Իսկ երբ Հողը քիչ է խոսում մարդու հետ, մարդու համար ապրելը դժվարանում է:

Ն.Ի.- Իսկ ինչո՞ւ է Հողը դադարել մարդու հետ խոսելուց:

Լ.Խ.- Մենք բարբարոսաբար ենք վարվում նրա հետ: Եվ նա լռում է:  Հողը լռում է, իսկ  մեր մեջ սպառվում է իմաստնությունը, որ ստանում էինք նրանից:

Ն.Ի.- Մենք ընդհանրապես հասկանո՞ւմ ենք՝ ինչ է նա ասում:

Լ.Խ.-  Ինձ թվում է՝ այո՛: Մենք հասկանում ենք, երբ մեկս մյուսին չենք սպանում: Երբ չկա պատերազմ: Եթե սկսենք իրար սպանել, թռչուններ ոչնչացնել, անգամ նույնիսկ որդեր ոչնչացնենք, Հողը չի խոսի մեզ հետ:

Ն.Ի.- Իսկ ի՞նչ լեզվով է նա խոսում:

Լ.Խ.- Չգիտեմ՝ ինչ լեզվով, բայց ինձ թվում է՝ նրան հասկանալու համար բնածին խելք կա:

Ն.Ի.- Մենք նրան ինչպե՞ս ենք հասկանում՝ աչքերո՞վ, լսողությա՞մբ, սրտո՞վ:

Լ.Խ.- Իսկ նրան ինչպե՞ս էին հասկանում վանականները: Մի հրաշալի օր վեր էին կենում ու գնում լեռները, կիրճերը՝ աղոթելու: Աղոթելու և լսելու Հողին: Եվ այնտեղից վերադառնում էին  որպես իմաստուններ: Կամ որպես սրբեր: Եվ մեզ բացատրում էին՝ ինչպես ապրել և ինչ է անհրաժեշտ անել… Քրիստոսը, Նիցշեն, Տոլստոյը, Հրանտ Մաթևոսյանը. նրանք բոլորը եկվորներ էին՝ եկած հենց այդ նույն՝ միևնույն տեղից: Գրողը, արվեստագետը ինչ-որ բան զգում է, ինչ-որ բան գուշակում և իր մտքի պայծառացումներով ու կռահումներով պաշտպանում է մարդուն:

Ն.Ի.- Անսպասելի թվարկում: Դուք ի՞նչ եք կարծում՝ ի՞նչն էր Մաթևոսյանի ամենագլխավոր ասելիքը:

Լ.Խ.- Իհարկե, մարդը: Մարդու ցավը: Նա իմաստուն էր:

Ն.Ի.- Իմաստո՞ւն. ո՞վ է նա:

Լ.Խ.- Իմաստունը նա է, ով կյանքը գրքերով չի ճանաչում, չի փիլիսոփայում, բայց տիրապետում է գիտելիքների: Այդ գիտելիքները բնության շնորհն են:

Ն.Ի.- Իսկ նա իր այդ գիտելիքներով ճանապա՞րհ  հարթեց, նրան հասկացա՞ն:

Լ.Խ.- Ինձ թվում է՝ ո՛չ: Մի՞թե հնարավոր է հասկանալ արվեստագետին, երբ նա քեզնից կես դարով առաջ է անցել: Մի՞թե Տոլստոյի կինը հասկանում էր նրան, թեև ամեն օր քնում էր կողքին: Մենք ամենքս ունենք երկու աչք և մեկ քիթ, արտաքուստ նման ենք իրար: Բայց խելքով, զգացմունքներով, լսողությամբ մենք նման չենք: Մեկը լսում է պոեզիա, աստղերի սիմֆոնիա, մյուսը՝ անտառի կամ լճի սիմֆոնիա:

Ն.Ի.- Գրողի համար ի՞նչն է ավելի կարևոր՝ ասե՞լը, թե՞ հասկացված լինելը:

Լ.Խ.- Ինձ թվում է՝ յուրաքանչյուր արվեստագետի համար գլխավորն ասելիքն է: Երբ  նստում ես գրելու կամ նկարելու, երբեք չես մտածում՝ կհասկանա՞ն քեզ, թե՞ ոչ: Դրա մասին մտածելու ժամանակ չկա:  Հիշո՞ւմ ես հեքիաթը, երբ Իվանուշկան (կամ էլ ընդհանրապես փոքր տղան) գնում է յոթ սարից, յոթ ծովից այն կողմ, որ Հազարան Հավքը բերի: Մենք չգիտենք՝ արդյոք նա կվերադառնա՞ այնտեղից, բայց նա գնում է: Առեղծվածը դրա  մեջ է: Եվ դա գեղեցիկ է:

Ն.Ի.- Իսկ ուզո՞ւմ է գնալ:

Լ.Խ.- Այո՛: Թեև դա և՛ ցավալի է, և՛ դժվար:

Ն.Ի.- Բայց հանուն ինչի՞:

Լ.Խ.- Դու այդպես ես ստեղծված: Չի կարելի ասել՝ ես հերոս եմ, և ես գնում եմ: Պարզապես այլ կերպ ապրել չես կարող: Չէ՞ որ մենք ավազահատիկներ ենք այս մոլորակի վրա:

Ն.Ի.- Եվ մարդուն տրվա՞ծ չէ ընտրություն կատարել:

Լ.Խ.- Ինչ-որ բան տրված է: Բայց ոչ գլխավորը: Մի՞թե Միքելանջելոն կարող էր չնկարել:

Ն.Ի. -Կա՞ն բաներ, ինչի մասին խոսել չեն ուզում, չեն ուզում երբևէ գրել:

Լ.Խ.-Իհարկե, կան: Բայց գրողի, արվեստագետի  խիզախությունը հենց այն է, որ նրա համար չկան այնպիսի թեմաներ, որոնց մասին նա չկարողանա խոսել: Դա պայմանավորված է նաև մարդու բնածին տաղանդով. Տոլստոյը և Դոստոևսկին  խոսել են տարբեր բաներից: Թեմայի արգելք չկա: Ամեն ինչ պայմանավորված է տաղանդով, թե ում ինչքան է տրված: Տաղանդը խիզախություն է, օվկիանոսը լողալով կտրելու ձգտում:

Ն.Ի.- Իսկ ինչպե՞ս  որոշեցիք գրող դառնալ:

Լ.Խ.- Ուզում էի նմանվել Ժյուլ Վեռնին: Ես փոքր էի, իսկ նա այնքան լավ էր գրում օդապարիկների մասին. այնտեղից՝ բարձրից, այնքան գեղեցիկ էր Երկիրը… Եվ ես մտածեցի՝ իսկ ինչո՞ւ ես էլ երկնքից չնայեմ Երկրին: Եվ փորձեցի: Այն ամենը, ինչ գրեցի այն ժամանակ, նման էր Ժյուլ Վեռնին: Ես հինգերորդ, թե վեցերորդ դասարանում էի:

Ն.Ի.- Իսկ ինչպիսի՞ն էր Երկիրն այնտեղից:

Լ.Խ.- Շատ գեղեցիկ էր: Այն ժամանակ շատ ռոմանտիկ աշխարհ էր: Հետո պատերազմ եղավ, եղան սպանություններ: Եվ հողը փոխվեց, դարձավ ուրիշ:

Ն.Ի.- Ի՞նչ էր  առաջին գրած տեքստը:

Լ.Խ.- Փոքրիկ պատմվածք թռչնակի մասին, որ թռչում էր երկնքում: Ժյուլ Վեռնինը օդապարիկ էր, իմը՝ թռչնակ:

Ն.Ի.- Պահպանվե՞լ է:

Լ.Խ.- Հետո այն այրեցի: Ոչ միայն այն, ես շատ պատմվածքներ եմ  այրել:

Ն.Ի.- Ինչո՞ւ:

Լ.Խ.- Չգիտեմ: Երբեմն ինձ հետ նման բաներ կատարվում են: Եվ հիմա նույնպես:

Ն.Ի.- Եվ նույնպե՞ս այրում եք: Թե՞ պարզապես համակարգչի մի կոճակով ոչնչացնում եք:

Լ.Խ.- Ո՛չ, ես համակարգչով չեմ աշխատում: Գրում եմ ձեռքով: Թանաքով: Երբ սկսում ես ինքդ քեզնով չափազանց հպարտանալ, չարը գլուխ է բարձրացնում և սկսում ես ամեն ինչ պատռել ու այրել:

Ն.Ի.- Ներեցե՛ք հետաքրքրությանս  համար, իսկ որտե՞ղ եք այրում:

Լ.Խ.- Գազօջախի վրա:

Ն.Ի.- Դուք  ասում եք՝ երբ սկսում ես քեզնով  հպարտանալ, այսինքն՝ երբ  չափազանց դո՞ւր  է գալիս այն, ինչ անում ես: Բախվում են ներքին զգացողությունն ու կողքից  նայե՞լը:

Լ.Խ.- Ես ինձ լավ գիտեմ: Գիտեմ՝ որտեղից է այդ հպարտությունը. ես գրել եմ իմ ամենալավ պատմվածքը,  այնպիսին, ինչպիսին երբեք ոչ ոք չի գրել…

Ն.Ի.-Ինչպիսի ինքնահիացում:

Լ.Խ.- Դու հիսուն տարեկան ես, բայց նորից մտածում ես, որ նման բան ոչ ոք չի գրել: Իսկ այդ տարիքում արդեն չի կարելի այդպես մտածել:

Ն. Ի.- Հետո ափսոս չէ՞ր:

Լ.Խ.- Ափսոս էր: Բայց նաև հենց այդ ցավը պետք է զգաս:

Ն.Ի.- Իսկ հետո անդրադառնո՞ւմ եք Ձեր  ոչնչացրածին:

Լ.Խ.- Հնարավոր չէ նույն բանը գրել, բայց ինչ-որ կերպար, ինչ-որ միտք անցնում են մյուս պատմվածք կամ վեպ:

Ն.Ի.- Իսկ ամենաառաջինը, որ տպագրվել էր, պատերազմի՞ թեմայով էր:

Լ.Խ.- Ո՛չ, «Դատախազի թաղումը» պատմվածքն էր, հետո դա ռուսերեն էլ է տպագրվել, կարծեմ՝ «Դրուժբա նարոդով»-ում: Ես ուշ եմ տպագրվել, 33 տարեկան էի:

Ն.Ի.- Ինչո՞ւ:

Լ.Խ.- Գիտե՞ս, Նատա՛շ, ամեն անգամ կասկածում էի: Կարող էի և ավելի վաղ, բայց վստահ չէի, թե պետք են:

Ն.Ի.- Իսկ հիմա կա՞ զգացողություն՝ ես գրող եմ:

Լ.Խ.- Երբեք չի կարելի այդպես մտածել: Սակայն երբեմն ուզում ես այդպես ասել: Ահա թե ինչու եմ այրում այդ ձեռագրերը: Չեմ հիշում՝ ավելի վաղ խոսե՞լ ենք այդ մասին, թե՞ ոչ, բայց միշտ մտածել եմ այսպես. երբ օվկիանոսի մեջտեղում նավը խորտակվի, պարզ է՝ ոչ մի լողորդ ափ հասնել չի կարող: Աշխարհում ոչ ոք, անգամ ամենալավ գրողը, արվեստագետը, թող որ ամենատաղանդավոր, անգամ Մոցարտը, չեն կարող ափ հասնել: Որովհետև արվեստն այդ նույն օվկիանոսն է: Այդ իսկ պատճառով չի կարելի ասել, թե «ես գրող եմ»:

Ն.Ի.-Բայց դա՞ է կյանքի գլխավոր գործը:

Ն.Ի.- Ինձ համա՞ր: Ինձ թվում է՝ այո՛: Ես գրել սիրում եմ: Չգրել չեմ կարող: Երբեմն գրամոլությունը վախեցնում է ինձ:

Ն.Ի.- Սիրո՞ւմ եք պատմություններ պատմել, բառը բառին համապատասխանեցնել:

Լ.Խ.- Ոչ ոք չգիտի՝ ինչպես է դա արվում: Երբեմն զգում ես, որ քո  ներսում մի  բառ է թպրտում, ինչպես թռչնակը վանդակում: Թպրտում է, թպրտում, թպրտում և հանկարծ սկսում ես գրել:

Ն.Ի.- Ձեր ամեն մի պատմվածքում մարդկային պատմություն կա: Այդ պատմությունները հե՞շտ են հորինվում:

Լ.Խ.- Մի ակնթարթ, և գիտես. պետք է գրես հենց այդ մասին: Դու չես  նստում և չես մտածում մեկ ժամ, երկու, երեք…Մի  վայրկյան, և  ամեն ինչ գիտես:

Ն.Ի.- Պատմվածքները, իսկ վեպե՞րը:

Լ.Խ.-Վեպերն այլ են: Պատմավեպ գրելու համար անհրաժեշտ է շատ բան կարդալ:

Ն.Ի.- Իսկ պատմավեպն ինչի՞ մասին է:

Լ.Խ.-Հինգերորդ դարի: Այն մասին, թե ինչպես ստեղծվեց Հայաստանի պետականությունը: Ինչպես Հայրենիքի շահը բարձր դասեցին մարդկային շահերից:

Ն.Ի.- Հիմա մեզանում ասում են, որ դա խորհրդային հոգեբանություն է՝ սկզբում մտածել հայրենիքի, հետո՝ քո մասին:

Լ.Խ.-Երբ երկիրը փոքր է, ամեն ինչ այլ է: Հայաստանն ունի ինքնապահպանման բնազդ: Երբ ինչ-որ վտանգ է լինում, այն իսկույն միավորվում է, բնազդն է թելադրում: Փոքր ժողովրդի բնազդը ապրելու,  ինքնապահպանման բնազդ է:

Ն.Ի.- Մեզանում էլ է այդպես, երբ մեծ պատերազմ է, ժողովուրդը համախմբվում է:

Լ.Խ.- Տե՛ս: Եթե մենք հիմա թեկուզ մի գյուղ կորցնենք, ինձ թվում է՝ ողջ Հայաստանը կցնցվի: Մենք այլևս կորցնել չենք կարող: Իսկ Մոսկվայում, եթե անգամ Ռուսաստանը կորցնի Սիբիրը, չեն զգա, որ այդքան մեծ տարածք է կորել:

Ն.Ի.- Դատելով, թե մեզ մոտ ինչ ազդեցություն ունեցավ Խորհրդային Միության փլուզումը, ես այդպես չէի ասի: Բայց եթե խոսենք մարդու առումով, ապա ժամանակակից մարդն ի վիճակի՞ է զոհաբերել իրեն հանուն հայրենիքի:

Լ.Խ.- Այո՛: Բոլոր փոքր ժողովուրդներն ունեն այդ ինքնապահպանման բնազդը՝ սկզբում հայրենիքը, հետո՝ ես: Այդ պատերազմում (Լեռնային Ղարաբաղում՝ Ն.Ի.) հենց այդ պատճառով էլ աշխարհազորայիններն էին կռվում:

Ն.Ի.- Մարդիկ չե՞ն դարձել պրագմատիկ:

Լ.Խ.- Իհարկե  դարձել են: Եվ դրա մասին նույնպես պետք է ասել:

Ն.Ի.- Իսկ ձեզ մոտ հիմա երիտասարդները գնո՞ւմ են բանակ, թե՞ նրանց ստիպում են:

Լ.Խ. – Դու շուրջդ նայիր, այստեղ՝ Ռուսաստանում, մեր տղաներն են, բոլորը փախել են այնտեղից: Պատճառն այն չէ, որ նրանք քիչ են սիրում հայրենիքը, այլ այն, որ այնպիսի քաղաքականություն չի տարվում, որ նրանք մնան, աշխատեն և պաշտպանեն հայրենիքը:

Ն.Ի.- Հետաքրքիր է. երբեմն գրողի լեզվին այնպիսի բաներ են լինում: Տարբերություն կա Ձեր վաղ և նոր շրջանում ռուսերեն տպագրված պատմվածքներում. վաղ գործերում ավելի շատ «մենք» բառն էր՝ մենք եկանք, մենք զգացինք, մենք մտածեցինք: Իսկ նորերը պատմվում են «ես»-ով կամ «նա»-ով: Դուք դա նկատե՞լ եք Ձեր գործերում: Ու նաև դա ա՞յն «մենք»-ն է, որ Մաթևոսյանինն է:

Լ.Խ.- Ես այդ մասին չեմ մտածել…Բայց…Կա տարիք, երբ գրողը չի կարող խոսել իր անունից, ասում է «մենք», որովհետև դա հարմար է, որովհետև այդպես դու ավելի պաշտպանված ես: Տարիների և փորձառության հետ դու աստիճանաբար արդեն պատրաստ ես ասել «ես», «նա», դու հասնում ես ինչ-որ իմաստնության, որ քեզ թույլ է տալիս այդպես ասել: Բայց դրա մեջ էլ վտանգ կա: Անձրևը չի կարող գիշեր ու ցերեկ անդադար գալ, բարձրացող քամին օրվա մեջ փոխում է ուժն ու ուղղությունը: Եվ մարդն էլ է փոխվում:

Ն.Ի. -Լևո՛ն, իսկ գրողի հետաքրքրությունը մարդու  նկատմամբ. ժամանակի ընթացքում դա՞ էլ է փոխվում: Թե՞ Դուք կենտրոնացած եք մարդկային ինչ-որ որոշակի գծերի, արարքների, հոգու տարուբերումների վրա:

Լ.Խ.- Գիտե՞ս, ինձ թվում է՝ ես գիտեմ ինչու է արվեստագետը հայտնվել Հողագնդի վրա: Նրան Աստված է ուղարկել, որ  նա ի զորու լինի աղոթել մարդկանց համար: Դու վեպ ես գրում, դա աղոթք է: Մալևիչը գծում է իր սև քառակուսին, դա նույնպես աղոթք է:

Ն. Ի.-Բայց կան գրողներ, որոնք իրենց հերոսների հանդեպ շատ խիստ են, չասենք դաժան: Նրանց հետաքրքիր է մարդուն «նետել» ինչ-որ ծայրահեղ իրավիճակի  մեջ, կանգնեցնել  ընտրության առջև՝ կամ-կամ: Ասենք Վասիլ Բիկովը:

Լ.Խ.- Այո՛, ինձ շատ է դուր գալիս նրա վերջին գիրքը՝ «Շնագայլերի ժամանակը»… Բիկովը կարևորում է մարդուն ընտրության առջև կանգնեցնելը: Տոլստոյն այլ կերպ է վարվում: Ամեն արվեստագետ իր ձևերն ունի, իր տեսանկյունը:

Ն.Ի.- Դուք մի կողմ եք թողնում իրավիճակը, իրականությունից ֆոկուսը մի փոքր շեղում և երբեմն երևակայության, տարօրինակության, երբեմն էլ խելագարության սահմանին եք հասցնում…

Լ.Խ. - Ավելի ճիշտ՝ առեղծվածի: Ես երբեմն մտածում եմ, թե ինչու եմ  այդպես վարվում: Հավանաբար ինձ այդպես է տրված, ես պետք է այդպես տեսնեմ: Մեզնից յուրաքանչյուրը դեպի նպատակ  գնում է իր ճանապարհով: Բայց մենք գնում ենք դեպի նպատակ. մեր նպատակը մարդուն փրկելն է: Ես դա շատ լավ եմ հասկանում: Եվ ամեն արվեստագետ պետք է դա հասկանա: Եթե արվեստագետը կարող է մարդուն պաշտպանել պատերազմից, նա պետք է դա անի:

Ն.Ի.- Պաշտպանել:

Լ.Խ.-Այո՛, նա պետք է պաշտպանի պատերազմից: Եթե դու նկարագրում ես սպանություն, թշնամուդ կերպարը մտնում է քո մեջ: Երբեք չի կարելի դա թույլ տալ: Այլապես հետո դու էլ կդառնաս այնպիսին, ինչպիսին նա է:

Ն.Ի.- Եվ այդ ընտրությունը, այդ շարժումը  մարդո՞ւց է կախված, դա արվեստագետի՞  ընտրությունն է, թե՞ դա Աստծուց է կախված:

Լ.Խ.-Կան այնպիսիները, որ մտածում են, թե արվեստագետն ինքն է որոշում: Ինձ թվում է՝ կա մեկը, որն ուղղորդում է արվեստագետին:

Ն.Ի.- Լևո՛ն, իսկ ահա, տեսեք. 90-ական թվականներ, Հայաստանի անկախության սկիզբ, ըստ երևույթին, այն ժամանակ գերակշռողը ազատության և ուրախության զգացումներն էին: Ավելի ուշ ատելություն, զայրույթ, երկիրը պաշտպանելու ցանկություն: Իսկ հիմա հզոր միասնության ինչ-որ զգացում կա՞: Ի՞նչ կա օդում: Հանգստություն, տագնապ, մտահոգություն…

Լ.Խ.-Ես հիմա թիվ մեկ տագնապը կապում եմ Ռուսաստանի հետ: Ռուսաստանի և Թուրքիայի միջև բանակցություններ են ընթանում: Ինձ թվում է՝ սկզբում Թուրքիան պետք է ընդուներ ցեղասպանությունը, և միայն հետո նրա հետ կարելի կլիներ բանակցություններ վարել: Դա ճիշտ կլիներ: Նրանք ներողություն չեն խնդրել: Մեկուկես միլիոն հայ են սպանել, և դրանից հետո մենք՝ Հայաստանը, և Ռուսաստանը, նրանց հետ նստում և բանակցություններ ենք վարում: Ես չեմ հավատում այդ բանակցություններին: Ես մի քանի անգամ  դա ասել եմ մամուլով և հեռուստատեսությամբ: Իմ կոշտությունը դուր չի գալիս մեր քաղաքագետներին: Դե, ի սե՛ր Աստծո: Ես կողմ եմ բանակցությունների: Բայց ամեն հարց իր հերթին: Ռուսատանը պետք է իմանա, որ Կովկասում իր ամենաառաջին և ամենահավատարիմ գործընկերը Հայաստանն է: Ռուսաստանը պետք է օգնի Հայաստանին, որ նա ուժեղ լինի բոլոր ասպարեզներում: Այդ ժամանակ Հայաստանը կկարողանա օգնել Ռուսաստանին Կովկասում:

Ն.Ի.- Այսինքն՝ Ռուսաստանն ավելի շա՞տ  ջանքեր պետք է ներդնի Հայաստանում:

Լ.Խ.- Այո՛: Բայց կարևոր է, որ Ռուսաստանն իր խոսքը կատարի: Ահա թե ինչու են  ինձ անհանգստացնում Ռուսաստանի ու Թուրքիայի բանակցությունները՝ այդ «Նաբուկոն» և մնացածները: Հայաստանը մի կողմ է մնում: Փողը, շահերը այստեղ չպետք է դառնան գլխավորը: Դա նույնպես անհանգստություն է: Աշխարհում պետությունների քաղաքական հայացքները կտրուկ են փոխվում: Այո՛, մենք Ռուսաստանի ամենահավատարիմ դաշնակիցն ենք, ողջ ժողովուրդը շատ լավ վերաբերմունք ունի Ռուսաստանի հանդեպ: Ռուսական զորքերը կանգնած են Հայաստանում: Բայց երբ մեր տղաները գալիս են Ռուսաստանում աշխատելու, նրանց սպանում են: Սպանում են դեռահասները, սափրագլուխները: Հետո այդ սափրագլուխների  տասնութը լրանում է, և նա գալիս է Հայաստան՝ ծառայելու: Ռուսական զորքերը կանգնած են սահմանին, որ մեզ պաշտպանեն: Բայց ինչպե՞ս կարող են հայերը վստահել այդ զորքերին: Դա շատ կարևոր քաղաքական հարց է, որ պետք է լուծվի: Չհայտարարել՝ մենք եղբայրներ ենք, այլ իսկապես եղբայրներ լինել: Դա ցավ է ինձ համար:

Ն.Ի.- Իսկ եթե հիմա խոսենք Հայաստանի մասին. ամենակարևորը ինչի՞ մասին խոսելն է:

Լ.Խ.- Քաղաքականության: Հիմա Հայաստանի համար շատ վտանգավոր շրջան է: Մի կողմից պահանջում են ստանալ այն, ինչ մենք Ղարաբաղում ազատագրել ենք, որն Ադրբեջանի իրավասության տակ էր: Մյուս կողմից Թուրքիան պահանջում է բացել սահմանները, որին մենք, ըստ իս, պատրաստ չենք:

Ն.Ի.-Դուք վախենում եք, որ նրանք տնտեսապես ձեզ կո՞ւլ կտան:

Լ.Խ.- Ե՛վ տնտեսապես, և՛ մշակութապես: Պաշտպանվելու համար օրենքներ են պետք: Չարժե շտապել:

Ն.Ի.- Որտե՞ղ եք տեսնում նրանց մշակույթից եկող վտանգը: Չէ՞ որ դա ուրիշ լեզու է, ուրիշ կրոն:

Լ.Խ.-Այո՛, ճիշտ է: Բայց չէ՞ որ կա մասսայական մշակույթ: Բացի դրանից պատմությունից հայտնի է, որ մեծ երկիրը երբ մտնում է ուրիշ երկիր, իր մշակույթի հետքը թողնում է այնտեղ: Մոնղոլներն իրենց հետքը թողեցին չէ՞ ձեզ վրա՝ Ռուսաստանում:

Ն.Ի.- Դե, այո՛, թեկուզ և լեզվում:

Լ.Խ.- Իսկ արաբներն Իսպանիայում՝ ճարտարապետության մեջ:

Ն.Ի.-Իսկ ինչի՞ց է գալիս կուլ գնալու այդ վախը: Դուք Թուրքիայի առջև զգում եք ձեր թույլ լինե՞լը:

Լ.Խ.- Թուրքիան ունի վաթսուն միլիոն բնակչություն, իսկ Հայաստանում հիմա մնացել է հավանաբար երկու միլիոն: Վտանգն ակնհայտ է:

         Այս աշխարհում մենք կորցրել ենք կապը ռուսական մշակույթի հետ: Շատ ափսոս է, որովհետև հայ ժողովուրդը միշտ կապված է եղել  ռուսական մշակույթին: Մենք բոլորս մեծացել ենք Տոլստոյով, Պուշկինով, Եսենինով, Մայակովսկիով… Բոլորին չես թվարկի… Ինչքան մեզ մոտ հրատարակված են հայ բանաստեղծները, նույնքան էլ ռուսները՝ թե՛ բանաստեղծներ և թե՛ արձակագիրներ:

Ն.Ի.- Հիմիկվա երեխաները ինչո՞վ են մեծանում:

Լ.Խ.- «Հարրի Փոթեր»-ով: Ինձ դա դուր չի գալիս: Թեև ես այն չեմ կարդացել: Հին գրքերով՝ մեր հեքիաթներով, ռուսական հեքիաթներով, որոնք թարգմանված  են, և հիմա էլ վաճառվում են:

Ն.Ի.- Իսկ դուք թոռներ ունե՞ք, Լևո՛ն:

Լ.Խ.- Թոռնիկս հինգ տարեկան է:

Ն.Ի.- Նա գրքեր սիրո՞ւմ է: Նրա համար կարդո՞ւմ են:

Լ.Խ.- Կարդում են: Թումանյանին… Պուշկինի հեքիաթները:

Ն.Ի.- Ռուսերե՞ն:

Լ.Խ.- Ո՛չ, իհարկե, հայերեն:

Ն.Ի.- Դուք ինքներդ կարդո՞ւմ եք ժամանակակից ռուս գրականություն:

Լ.Խ.- Այո՛, կարդում եմ: Համացանցով: Այսօր ուզում եմ գնել Բախտին: Կա՞ գրախանութներում: Ես մեզ մոտ փնտրել ու չեմ գտել: Որտե՞ղ կարելի է նայել:

Ն.Ի.- Ավելի շուտ Գրքերի տանը՝ Նոր Արբատում կամ «Ֆալանստեր»-ում: Իսկ ինչո՞ւ Բախտին: Հատկապես ի՞նչը: Ռաբլեի մասի՞ն, թե՞ Դոստոևսկու:

Լ.Խ.- Իհարկե, ինձ հետաքրքիր է Դոստոևսկու մասին: Բայց ես հիմա ինչու եմ որոշել Բախտի՞ն: Նա զրույցների գիրք ուներ… չեմ կարողանում հիշել… ո՞ւմ հետ… Մի ամբողջական գիրք…

Ն.Ի.- Կոժինովի՞ հետ:

Լ.Խ.- Այո՛, ես այն գնեցի Մոսկվայում եղած նախորդ այցիս ժամանակ, երբ մենք զրուցում էինք: Նա շատ ուժեղ խոսքեր ունի Դոստոևսկու և ընդհանրապես գրականության մասին:

Ն.Ի.- Ձեզ հետաքրքրում է փիլիսոփայությո՞ւնը, մշակութաբանությո՞ւնը: Թե՞ միայն գրականությունը:

Լ.Խ.- Ինչ-որ ժամանակ այդ ամենը կարդում էի, հիմա չեմ կարդում: Հավանաբար այն պատճառով, որ հիմա ի մի ես բերում քո հայացքները, քո փիլիսոփայությունը: Հիմա քեզ այլևս ոչ ոք պետք չէ: Ոչ այն պատճառով, որ դու այդքան մեծ ես, այլ այն պատճառով, որ հասել ես մի տարիքի, երբ ուզում ես հասկանալ, որ այդ մասին Նիցշեն ահա այսպես է գրել, Ֆլորենսկին էլ ահա այսպես, իսկ դու էլ մտածում ես այսպես. ինչո՞ւ:

Ն.Ի.- Դուք երբևէ չե՞ք փորձել գրել ոչ գեղարվեստական գործեր, այլ այդպիսի խորհրդածություններ:

Լ.Խ.- Ինձ համար գրում եմ: Բայց չեմ տպագրել և չեմ էլ պատրաստվում:

Ն.Ի.- Ինչի՞ մասին է:

Լ.Խ.- (Ծոր տալով): Տարբեր բաների (ժպտալով): Ամենից շատ ինձ հետաքրքրում են կանայք:

Ն.Ի.- Հասկանալի է, թե ինչ է մտածել Նիցշեն կանանց մասին, ինչ է մտածել Ֆլորենսկին կանանց մասին, արդյոք Բախտինը ճի՞շտ է հասկացել նրանց:

Լ.Խ.- (Ծիծաղելն ավարտելով) Ո՛չ, չեմ տպագրի: Դա հետաքրքիր է միայն ինձ համար: Դուք հարցնում էիք, թե վերջերս ժամանակակից ռուս ո՞ր գրողին եմ կարդացել: Ալեքսեյ Վառլամովին:

Ն.Ի.- Արձա՞կը, թե՞ Բուլգակովի, Պրիշվինի, Ալեքսեյ Տոլստոյի մասին «ժուռնալնի զալ»- ում:

Լ.Խ.- Բուլգակովի մասին առայժմ չեմ կարդացել, իսկ Ալեքսեյ Տոլստոյի մասին գիրքը շատ լավն է: Եվ նրա պատմվածքներն են ինձ դուր գալիս: Մենք ծանոթներ ենք, նրա հետ ճամփորդել եմ Եվրոպայում: Հետաքրքիր արձակագիր է ռուսական ուղղվածությամբ, եթե կարելի է այդպես ասել:

Ն.Ի.- Ձեր կարծիքով՝ կարևո՞ր է՝ գրողի  ազգային ուղղվածությունը երևա:

Լ.Խ.- Շատ դժվար հարց է… Լավ, խաղաղ ժամանակներում դա պետք չէ:  Իսկ եթե երկրի համար վտանգ կա, անհրաժեշտ է: Որպեսզի ժողովրդին զգոն պահի: Որպեսզի պատրաստ պահի:

Ն.Ի.- Դուք երբևէ ունեցե՞լ եք աշխարհաքաղաքացի գրողներ:

Լ.Խ.- Իսկ Լև Տոլստոյը աշխարհաքաղաքացի՞ էր: Ես պատահական չտվեցի այդ հարցը, եթե հիշենք, թե նա ինչպես է գրել Շամիլի մասին: Բայց ես գիտեմ, որ նա շատ էր սիրում Ռուսաստանը: Հայաստանում էլ են այդպես գրում և սիրում են իրենց երկիրը:

Ն.Ի.- Հայաստանում միշտ բանաստեղծի, գրողի հարգը բարձր է եղել: Իսկ հիմա՞:

Լ.Խ.- Նախկինում շատ ավելի բարձր էր: Շատ բան է փոխվել, ինչպես և Ռուսաստանում:

Ն.Ի.- Ամենահարգված, ամենաբարձր կարգավիճակ ունեցող մասնագիտությունը ո՞րն է:

Լ.Խ.- Պատգամավոր լինելը, որպեսզի գողանալու հնարավորություն ունենա (հեգնանքով): Ինչպես և ձեզ մոտ, թանկագի՛նս:

Ն.Ի. – Դե  մեզ մոտ նույնիսկ երեխաներն են ուզում չինովնիկ դառնալ: Իսկ ի՞նչ վիճակում է ձեր երիտասարդությունը:

Լ.Խ .- Կեսը՝ Ռուսաստանում, կեսը՝ Եվրոպայում և Ամերիկայում:

Ն.Ի .- Ինչպե՞ս է դա անդրադառնում Հայաստանի վրա:

Լ.Խ.- Վատ: Գնում ես գյուղ, այնտեղ մնացել են միայն կանայք ու երեխաները, իսկ բոլոր տղամարդիկ մեկնել են՝ աշխատանք փնտրելու: Իսկ ո՞վ է անում տղամարդու գործը: Կանա՛յք: Անում են տղամարդկային ամենածանր աշխատանքը և ծնում են: Իսկ այդպես չի կարելի, չէ՞ որ գենոֆոնդի խնդիր է:

Ն.Ի.- Դե տղաներն էլ մեծանում են առանց օրինակի, առանց տղամարդու դաստիարակության:

Լ.Խ. - Դա շատ կարևոր է Հայաստանում… Պատահում է՝ տղամարդը գնում է աշխատելու և չի վերադառնում մեկ, երկու, երեք տարի… Ինչո՞ւ: Չեն վճարում, ասում են՝ սպասիր, երբ փող կլինի, կտանք: Իսկ գուցե նա էլ հետաձգում է վերադարձը, թեև լավ գիտի, թե ինչ կլինի տանը, եթե վերադառնա առանց փողի: Եվ հույսով է լցվում՝ կսպասեմ ևս մեկ ամիս, երկու…Այդպես էլ տարիներ են անցնում: Վերադառնում է տուն. տղան արդեն մեծացել է: Անգամ չգիտի՝ իրե՞նն է, թե՞՝ ոչ:  Ահա թե ինչն է ցավալի:

Ն.Ի.- Ի՞նչ կա առջևում:

Լ.Խ.- Հույս: Առջևում հույս կա: Յուրաքանչյուր ժողովուրդ պետք է հավատա իր ճակատագրին: Այդ ամենը նրան պատահական չի տրվել: Եթե նա ողջ հասել է քսանմեկերորդ դար, ուրեմն նրանում ինչ-որ բա՞ն կա… Ուրեմն կա Աստծո օրենքը: Ուրեմն պետք է հուսալ:

Ն.Ի. -Իսկ ի՞նչ է տալիս Հայաստանն աշխարհին:

Լ.Խ.- Դժվար է միանգամից ասել… Երևի պետք է հարցին հարցով պատասխանել. իսկ ի՞նչ է արել աշխարհը Հայաստանի համար: Երբ Կայենը սպանեց Աբելին, և Աստված հարցրեց՝ ո՞ւր է քո եղբայրը, նա ասաց՝ ի՞նչ է, ես եղբորս պահա՞կն եմ: Իսկ ես հարցնում եմ եվրոպացիներին և մնացածներին. երբ մեկուկես միլիոն հայերի սպանում էին, որևէ մեկը հարցրե՞ց՝ ո՞ւր է քո եղբայրը: Մեկուկես միլիոն՝ բոլորի աչքի առջև, և ոչ ոք չհարցրեց: Դե ահա ես էլ հարցնում եմ՝ իսկ աշխարհն ի՞նչ է արել Հայաստանի համար…

     Իսկ թե մենք ի՞նչ ենք տալիս աշխարհին… Միջնադարյան մանրանկարիչներին: Նարեկացուն: Մեր մշակույթը:                                                                                         

                                                                    Ռուսերենից թարգմանեց Կարինե Մեսրոպյանը