ՈՉ ԹԵ ԻՆՔՆ ԻՐԵՆ Է ԿՐԿՆՎՈւՄ, ԱՅԼ ԿՐԿՆՈւՄ ԵՆ

 

«Արվեստ» հանդեսը    լավագույն մաղթանքներով   Շնորհավորում  է   Լևոն Աբրահամյանին ծննդյան օրվա առթիվ։ Եւ ընթերցողին  ներկայացնում տարիներ առաջ նրա հետ կայացած  այս զրույցը:  

       Պատմությունը կրկնվում է՝ արտահայտությունը վերջին տարիներին հաճախ է hոլովվում։ Իսկապես՝ երկիր կա, որի մասին խոսելիս «ներկայություն»  բառը ներփակ շարադրանքով է ընկալվում։ Հայաստանն այդ երկրներից մեկն է, քանի որ հայոց բազմադարյա ընթացքը նշանավորող կարեւոր իրադարձություններ ու մարդկային վարքի որոշ դրսեւորումներ իսկապես կրկնվել են։ Եվ կրկնվել են այնպիսի նմանությամբ, որ ժամանակի արված սրբագրումներն աննշան են թվացել։ Այն աստիճան աննշան, որ անցյալը բյուրեղացել, դարձել է ներկայություն։ Սա միայն մե՞ր, թե՝ աշխարհի ուրիշ երկրներում էլ դիտարկվող երեւույթ է. Այս ու սրանից բխող մի շարք հարցեր պարզաբանելու համար «Արվեստը» հյուրընկալել է միջազգային ճանաչում եւ հեղինակություն ունեցող գիտնական ԼԵւՈՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ։ 

- Երբ ասում են, թե պատմությունը կրկնվում է, նախ ի նկատի է առնվում ցիկլիկ ժամանակը։ Տոներն են կրկնվում։ Պատմությունն էլ է կրկնվում։ Ինչու՞ է կրկնվում, որովհետեւ պատմություն կերտողները չեն կարողանում անջատվել ծիսական մասից։ Հենց դրա համար իրենք՝ իրենց պատմությունները կերտում են արդեն անցյալի ունեցածով։ Այսինքն, պատմությունը ոչ թե ինքն՝ իրեն  կրկնվում է, այլ կրկնում են, որովհետեւ չեն ուզում պատկերացնել չկրկնվող ընթացք։ Այդ պատճառով է օրինակ, որ մենք առաջին հանրապետության պետական խորհրդանիշների նմանությամբ ընտրեցինք նորանկախ Հայաստանի  դրոշը եւ զինանշանը։ Սա նույնպես վերադարձի վկայություն է։ Մեզ մոտ ոչ թե առաջ գնալու, այլ վերադառնալու միտում կա։ Մենք այդպես ենք մեր ներկան արժեւորում։ Բայց սա ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում դիտարկվող երեւույթ է։ Վերանայելու խնդիրը հետո է ծագում։ Որպես փաստ կարող ենք նշել մեր հիմնի օրինակը։ Տարիներ պահանջվեց հասկանալու համար, որ պետությունն արժանավայել օրհներգ չունի։ Չնայած հիմնը փոխելու որոշմանը բոլորը չէ, որ  հավանության տվեցին։  Տարբեր կարծիքներ հնչեցին։ Արամ Խաչատրյանի ստեղծագործության դեմ արտահայտվողներ  նույնպես եղան։ Արամ  Խաչատրյանի օրհներգի գեղարվեստական արժեքի մասին չէ ասածս, այլ այն իրողության, որ ի վերջո, դա նույնպես վերադարձ է։ Միայն թե Խաչատրյանի  օրհներգի վերականգնմանը հակառակվելը՝  սովետների համակարգի հանդեպ ունեցած վախի զգացողությունից առաջացավ։

-Այդ ամենը ենթագիտակցաբար է կատարվում, թե՞ հանգամանքների   կամ ժամանակի պարտադրանքով։

- Ասեմ, որ վերադարձի գաղափարի մեջ նույնպես ծիսական պահ կա։ Մեր քաղաքական գործիչները մտածված, լիովին ծիսականացված կերպով ստեղծեցին մեր պետական խորհրդանիշները, մտածելով, թե սիմվոլի հետ ամեն ինչ ճիշտ հունով կընթանա և նորից նույն պտույտի մեջ կհայտնվենք։ Մյուս անգամ էլ նույնը կլինի, մեկ ուրիշ Արամ Մանուկյան կգա եւ առաջինի ոգին վերականգնելով նույն քայլերը կանենք… Պատմության ընթացքում  նման կրկնողությունների արատավոր շրջանը  վախ է բերում։ Առաջ գնալն էլ է սկսում վախ ներշնչել։  Սա ես ասում եմ ոչ այնքան քաղաքական, որքան մշակութաբանական տեսակետից։ Քաղաքական հայեցակետից այն կարող է հազար անգամ լավը լինել։ Բայց այս ամենի նույնությամբ իրականացումը  ծիսական երեւույթի է վերածվումդառնում պատմության կրկնություն, այլ ոչ թե էվոլյուցիա կամ ռեւոլյուցիա… Իսկ դա ոչ այլ ինչ է, քան հասարակության ավանդական ծիսակատարություն։

-Արատավոր այն բոլոր երեւույթները, (չթվարկենք՝ շատ են), որոնք կատարվել ու շարունակվում են կատարվել մեր իրականության մեջ եւ, որոնց արդյունքում էլ սկսվեց արտագաղթը  սա նույնպե՞ս ծիսակատարություն է… Եթե այո, ապա դա լա՞վ է, թե՝ վատ։

-Եւ լավ է, և վատ։ Գոնե մեր գիտության սահմաններում քննարկելու դեպքում  բացասական բոլոր իրավիճակները կարելի է օգտագործել  կամ՝ ի օգուտ, կամ՝ ի վնաս։ Որքան ուզում ես ասա, թե վատ է արտագաղթելը։ Վատ է, այո՛, բայց եթե աշխատանք ու աշխատատեղեր չկան, ի՞նչ անեն մարդիկ։ Աշխատելու հնարավորություն ստեղծեք՝ չգնան։ Վիճակը հիմա սա է։ Վաղը հուսանք, որ հակառակ ուղղությամբ կլինի տեղաշարժը։ Բայց այսօր արտագաղթը պետք ի օգուտ երկրի օգտագործել։

Ինչպե՞ս։

Մենք արդեն ունեինք սփյուռք։ Ուրեմն, այս համալրումը սփյուռքի կառույցը վերաիմաստավորելու խնդիր է դնում։ Եթե այսքան շատ են գնում, ապա պետք է օգտագործել այդ հնարավորությունը եւ ստեղծել սփյուռք-հայրենիք կապն ամրապնդող օղակներ, որպեսզի քո դժբախտությունը (սփյուռքը դժբախտություն է չէ՞ ազգի համար) առավելություն դառնա։ Անհրաժեշտ է այնպիսի կառույցներ ստեղծել, որ այսօրվա գնացողը ոչ թե արագորեն մերվի օտար հասարակության մեջ, ինչպես որ կատարվում է, այլ կապված մնա հայրենիքին։ Պետք չէ շտապել ու դատապարտել «Դու գնացիր և շատ վատ բան արեցիր», այլ պետք է ասել. «Այո, ստիպված գնացել ես, բայց իմացիր, որ քո կարիքը զգում են երկրում»։ Միևնույնն է, նա ամեն տեսակ գործ անելով, հայրենիքում մնացած բարեկամներին, հարազատներին նյութական որոշակի օգնություն է ցուցաբերում։ Եւ անում է այն, ինչ պետությունը չի կարողանում անել։ Բայց անհրաժեշտ է  հարաբերվելու այնպիսի լծակներ ստեղծել, որ այս օգնությունը ոչ թե մասնավոր, այլ պետական մակարդակով կազմակերպվի։ Այսինքն, մեր հայրենակիցների այնտեղ գտնվելու փաստը հաշվի առնելով որոշ շեշտադրումներ, անհրաժեշտ ցանց պետք է կազմավորվի երկկողմ կապը պահելու համար։ Թե չէ, հա ասա՝ վատ է, հա՝ հեռացողին խոչնդոտելու համար զանազան միջոցներ ձեռնարկի՝  մեկ է, քանի վիճակը չփոխվի, քանի ապրելու պայմաններ չլինի, գնալու են։ Այնպես որ, ստեղծված իրավիճակում ավելի նպատակահարմար է պետական մոտեցում ցուցաբերել խնդրին։

Եթե պետությունն իր քաղաքացուն հայրենի երկրում, սեփական հարկի տակ չի կարողանում պահել, նրա նվազագույն պահանջները չի կարողանում ապահովել, ապա էդ ինչպե՞ս պետք է երկրից դուրս գտնվող, օտար եզերքում հաստատված մարդկանց հետ հարաբերվի, ինչպե՞ս պիտի խզվող կապը նրա առաջ ինչ-ինչ պահանջ դնելով պահպանի։

- Տարբեր խնդիրներ են։ Չի կարողանում պահել, որովհետեւ դրա հնարավորությունը չունի։ Քո ասածի համար փող է պետք, իսկ իմ ասածի համար՝  խելք։

- Բայց միթե՞ մեր ժամանակներում՝ «ով խելք ունի, նա էլ փող ունի»  նշանաբանը  չի  գործում։

-Չէ, դա պարտադիր պայման չէ։ Մարդը կարող է խելք ուենանալ, բայց փող չունենալ։ Երբ որ սովետմիության, այսինքն, արդյունաբերական մեծ համակարգի կազմում էինք՝ նման խնդիր չունեինք։ Համակարգը փլուզվեց ու հիմա դժվար է հիմնարար գործեր  նախաձեռնել, չես կարող արտադրություն զարգացնել։ Դժվար է։ Դժվար է, որովհետեւ նախկին օղակները չեն գործում։

-Համակարգային նույն ցանցում գտնվող Մերձբալթյան երկրները կարողացան ժամանակին ճշգրիտ կողմնորոշվել ու սեփական ժողովրդի բարեկեցիկ կյանքն ապահովող անհրաժեշտ պայմաններ ստեղծել։

- Մերձբալթյան երկրներն Եվրոպայի մաս էին կազմում  եւ ավելի ուշ ու բռնի կերպով մտցվեցին սոցիալիստական կայսրության մեջ։ Դրա համար էլ նրանց վերադարձը դեպի այն երկրները, որոնց շարքում էին, շատ հեշտ եղավ։ Նրանք նույնիսկ քաղաքային կառույցի մակարդակով են մեզանից խիստ տարբերվում։ Մեր քաղաքը դեռ շարունակվում է մեր աչքի առաջ ստեղծվել և տասնամյակներ շարունակ որոշակի կարգավիճակ չի ստանում։

-Մեր վարքագիծը մեր քաղաքի հանդեպ վերը նշված արատավոր երեւույթների ցցուն արտահայտություններից մեկն է։ Մեր մայրաքաղաքի հանդեպ անբացատրելի մի քաղաքականություն է տարվում՝ նորը կառուցելու պարտադիր  պայմանը հինը քանդելն է։ Ընդ որում, էդ հին ասվածն էլ մի քանի տասնամյա կենսագրություն ունեցող կառույցներ են։ Երևանը ու հատկապես կենտրոնը մի մեծ շինհրապարակի է նման։

-Դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ մենք կենտրոնի գաղափարը չենք ընդունում։ Մեր մայրաքաղաքի կենտրոնը քաղաքային գաղափար չի կրում։ Տալինի կենտրոնն օրինակ, վկայում է, որ այն ներառված է եվրոպական համակառույցի մեջ։ Եվ քաղաքի ընդհանուր նկարագիրը նույնպես այդ է վկայում։

      -  Վերջին հարյուրամյակում կարծես թէ հայերին տրված շինարար որակումը չակերտների մեջ պետք է առնել, քանի որ բավական ժամանակ է, ինչ բոլորովին այլ գործելակերպով ու չափանիշներով  ենք առաջնորդվում։ Օրինակ, երբ անցյալ դարի սկզբին սոցիալիզմի գաղափարախոսները արշավ սկսեցին հոգեւոր շինությունների դեմ, հայերն առանձին մի ջանասիրությամբ իրականացրին այս առաջադրանքը և առաջին հերթին Երեւանի եկեղեցիները վերացրին։ Մշակութային արժեքները քանդելու ու դրանց տեղը նոր շինություն կառուցելու եղանակը ազգային բնավորությու՞ն է, թե մեկ այլ բացատրություն ենթադրող գործելակերպ։

-Նախ ասեմ, որ հոգեւոր շինությունները միայն մեզ մոտ չքանդեցին։ Դոկումենտալ կադրեր կան պահպանված, որտեղ ներկայացված է, թե ինչպես են Ռուսաստանում քանդում հոգևոր տաճարներն ու եկեղեցիները։ Պարզապես նրանց շատ էր, մերը համեմատաբար քիչ, դրա համար է մեր այս սխալ պատկերացումը։ Բայց հարցը միայն հոգեւոր շինություններին չի վերաբերում։ Քաղաքի կենտրոնն էլ մշակութային արժեք է։ Քանդում են։ Սրանից առաջ կոմունիզմի գաղափարախոսության կրողները նույն կերպ վարվեցին եւ մի շարք շինությունների հետ քանդեցին նաեւ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը քաղաքի կենտրոնում էր գտնվում։ Բայց ո՞վ է քաղաքի պատմական կենտրոնը քանդելու արտոնություն տալիս։ Երեւանը թող վատը լինի, բայց թող իր դիմագիծն պահպանի։ Ուզում եմ ասել՝ բոլոր ժամանակներում  նույն տրամաբանությամբ ենք գործել։ Նույն բանն էլ այսօրվա իդեոլոգներն են անում։ Հիմա քեզ եմ հարցնում՝ քո կարծիքով  ինչու՞ ենք Երեւանի կենտրոնը քանդում և ասում, թե Թամանյանի նախագիծն ենք իրականացնում։ Թամանյանը նման նախագիծ չի ունեցել։ Թամանյանը չի ասել, թե Երեւանի կենտրոնը  պետք է քանդել ու էլիտար բնակարանային շինություններով կազմավորել։ Չի ասել։ Գոնե քաղաքի կենտրոնին համապատասխան շինություններ, այլ ոչ թե թանկ բնակարաններ կառուցեին։  Կանաչապատում չկա, որովհետեւ փողոցները նեղացրել են, առհասարակ հազար ու մի բան է խախտվել, քաղաքաշինության տարրական  օրենքներն են խախտվել։ Որքան էլ ուզեն համոզել, թե Մեծն Թամանյանն այդպիսի ծրագիր ուներ, հավատացողն ո՞վ է։

-Հավատանք, թե չհավատանք արդեն էական չէ, խեղաթյուրումներն արվել ու շարունակում են անել։ Արգելողն ո՞վ է։

-Նման խեղաթյուրումներ միշտ էլ արվել են։ Որքան էլ զարմանալի հնչի, բայց  Ալեքսանդր Թամանյանը Օպերայի շենքը երբ կառուցում էր նույնպես եկեղեցի քանդեց։ Այդ տեղում  Գառնիի երկրաշարժից  վնասված ու վերականգնված փոքրիկ եկեղեցի կար։ Բայց Ճարտարապետը այն քանդեց բոլորովին այլ նկատառումներով՝ նա պնդում էր, որ նույն այդ տարածքում երգի եւ սիրո տաճար է եղել։ Հնագիտական պեղումները նրա այդ ենթադրությունները չեն հաստատել, բայց չգիտեմ ինչու եւ ինչ հիմնավորումով, նա համոզված էր, որ հենց այդ տեղն է հարմար իր մտահղացումն իրականացնելու համար։  Եվ քանդեց ոչ թե այն պատճառով, որ եկեղեցուն դեմ էր, այլ քանդեց  մեկ ուրիշ ավելի մեծ ու ավելի գեղեցիկ հոգեւոր շինություն կառուցելու  համար։ Չմոռանանք, որ նրան էլ էին խանգարումհալածանքի էին ենթարկում։ Մեղադրում էին եկեղեցաշինության մեջ։ Եվ մեղադրողները ճարտարապետներ էին։ Եթե նրա թիկունքին Արամայիս Երզնկյանը չլիներ կանգնած, ապա հազիվ թե կարողանար իրականացնել իր հանճարեղ գործերը։ Այսօր նման իշխանությամբ ու հզորությամբ թիկունք ունեն քանդողները։     

-Ալեքսանդր Թամանյանը ճարտարապետական միջավայրը կազմավորող բարձրավեստ շինություններ կառուցելու համար էր նման քայլի դիմել, իսկ ներկայիս քանդողներն ի՞նչ մղումով են գործում։            

-Հիմա գործում են «պրիստիժային» նկատառումներով։ Քանդող-կառուցողների պատկերացմամբ, իրենց «օբյեկտները», իրենց աշխատելու և ապրելու վայրերը, պետք է քաղաքի ամենաթանկ տեղերում լինեն։ Իսկ ամենաթանկ, ուրեմն և «ամենաէլիտար» տեղը կենտրոնն է։ Մեր բախտը բերել է, որ Էրեբունին կող  ընկած վայրում է։ Թե չէ, վաղուց էին քանդել ու տեղը դուքան կառուցել։

Քանդելով-կառուցելու պարբերաբար  կրկնվող  բնույթն էլ է՞ ծեսի պես մի  բան դառնում։ Մայրաքաղաքը ծես ասվածի մեջ ներառնվու՞մ է, թե՝ ոչ։

Ծես է, բա ի՞նչ է։ Մեր մայրաքաղաքը  Ալեքսանդր Թամանյանի հանճարի արտահայտությունն էր։ Իսկ Թամանյանն ավելի մեծ էր, քան մենք գիտակցում ենք։ Պետք է սպասենք իսկական հետազոտողի, նկատի ունեմ իսկական մշակութաբան-հետազոտողի, որն ի զորու կլինի նրա մեծությունը ներկայացնել։ Խոսքը նրա մարդկային կերպարի, անհատական կերտվածքի, նրա մտածելակերպի մասին է, այն մասին է, թե ինչպես կարող է մի մարդ նախ երեւակայությամբ քաղաք ստեղծել ապա այն իրականություն դարձնել։ Նա շատ նման էր միջնադարի եվրոպական ճարտարապետներին։ Եթե պահպանեինք նրա ստեղծածը, ապա աշխարհի առաջ իսկապես հպարտանալու իրավունք կունենայինք։ Խնդիրը կրկին մեկն է՝ մենք ոչ միայն կենտրոնի,այլ  հին քաղաքի գաղափարը չունենք։ Քաղաքակիրթ երկրներում սովորաբար հնում կառուցված կենտրոնն անձեռնմխելի է մնում։ Միշտ կենտրոնը թողել, քաղաքի կողքերն են կառուցապատել։ Մենք չհարգեցինք  Թամանյանին, որը փորձում էր հին Երեւանի տեղը կառուցել մի ֆանտաստիկ մի քաղաք, որտեղ պետք է գործեին այս օրենքները։ Եվ հենց  մահացավ Թամանյանը, սկսվեցին աղավաղումները։ Պատկերացնու՞մ ես, թե ինչ քաղաք պիտի դառնար Երեւանը, եթե Թամանյանի ստեղծած կենտրոնը չխաթարվեր, եթե նոր շինությունները կառուցվեին ոչ թե կենտրոնում, այլ շուրջը, ինչպես ընդունված է աշխարհի երկրներում։ Այդպես չեղավ։ «Պրիստիժային» տեղերում   սրճարաններ աճեցին, որոնք եկան ու մոլախոտի պես խեղդեցին Թամանյանի գլուխգործոցները։

- Եվ սա շարունակական մի պրոցես է, որը եթե սկիզբ  ունեցել է, ապա վերջ հաստատ չի ունենալու, որովհետեւ յուրաքանչուր նոր եկող իր նախորդի ստեղծածը խոտանելու եւ նորը կառուցելու մարմաջով է տառապում։

-Նույն Տալինում, օրինակ որեւէ էստոնացու մտքով անգամ չէր անցնի, գնալ ու ռատուշայի կողքին վետերոկ՝ խորտկարան կառուցել։ Ոչ միայն այն պատճառով, որ քաղաքապետարանը թույլ չի տաայլ որովհետեւ էստոնացու համար դա սրբապղծության պես մի բան  կհամարվեր։ Այսինքն, քաղաքային մտածողություն ունեն։ Սա է, որ մեզանում չկա։  Մենք քաղաք չենք ունեցել։ Երեւանն էլ շատ արագ եւ արհեստականորեն ընդլայնված քաղաք է եւ դա է մեր դժբախտությունը…

- Իսկ չէ՞ որ անցյալում քաղաքներ ունեցել ենք, Անի ենք կառուցել, որը ճարտարապետական մտահղացմամբ եզակի քաղաք էր…

Անի կառուցողն իշխան է եղել։ Կարո՞ղ է Անին, Թամանյանի պես մի ճարտարապետ է կառուցել։ Իհարկե, ոչ։ Հնում  թագավորն է կառուցել, իշխանն է կառուցել։ Առհասարակ, ժողովուդը պատվիրատու չէ։ Նա իրականացնողն է։ Եվ նա պրոֆեսիոնալ մոտեցումը պահպանելով, որակով էլ սարքում է։ Այն, ինչ կատարվում է, ցույց է տալիս մեր իշխանների ծագումը։ Քաղաքը  ավերվել է եւ նրանք էլ մեղավոր չեն, որովհետեւ սա է նրանց պատկերացրածը քաղաքի մասին։Մեր բախտը չի բերել, որ այսպիսի իշխաններ ունենք։ Շինարար իշխան, Ներսես Շինարար  այսօր չունենք՝ սա կարող ենք հաստատ ասել։ Չնայած մենք ենք ընտրում մեր իշխաններին։ Եվ քանի որ մեր ընտրած իշխանը քաղաքային մտածողություն չունի, ապա արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Մինչդեռ այս հարցի լուծումը հետեւողական ծրագիր է պահանջում։ Գյուղացին  չի կարող քաղաք կառուցել։ Սա հայտնի ճշմարտություն է։ Դրա համար պետք է քաղաքային մշակույթի կրող լինել։ Ասել, թե նա՝ ով Երեւանում է ապրում քաղաքացի է, սխալ է։ Ի դեպ,  Երեւանին նվիրված գիտաժողով կար, որտեղ ներկայացված զեկուցումներն էլ էին վկայում, որ Երեւանն էլ մի գյուղ է եղել։ Տիպաբանական քաղաք չէր  մինչեւ Ալեքսանդր Թամանյանի գալը։  Ասենք, Թիֆլիս չէր։ Հետո էլ զարմանում էինք, թե ինչու՞ էինք մեր եղած-չեղածը կենտրոնացնում Թիֆլիսում։ Քաղաք էր, Անդրկովկասի մշակութային կենտրոնն էր։ Ի դեպ, այսօր Թիֆլիսն էլ են ավերում…

 Նույն Թիֆլիսի գլխավոր թաղամասերըքաղաքի կենտրոնը կազմող նշանակալից  շինությունները 19-րդ  դարի վերջերին ու 20-րդ դարի սկզբներին հայերը չէի՞ն կառուցել։

Դա հենց վկայում է, որ  հայերի համար եթե պայմաններ են ստեղծում, հնարավորություն են տալիս, ապա շատ լավ կառուցում են։ Այնպես, ինչպես օրինակ Թիֆլիսը կառուցեցին։ Հա, հայերս ուրիշ տեղերում կառուցում էինք։  Միակ քաղաքը, որ ունեցել ենք Լենինական- Գյումրին էր…

Բայց դուք խոսում եք մեր պատմության վերջին հարյուրամյակն ընդգրկող ժամանակահատվածի մասին։

Իսկ ո՞ր ժամանակի մասին խոսեմ։ Ի՞նչ է, Էջմիածինը հիշեմ, որը ինչպես վկայում են հետազոտությունները, կառուցվել է հռոմեական ճամբարների օրինակով։   

Թեկուզ Անի քաղաքը։

Անին չի պահպանվել։ Ինչ քաղաք ունեցել ենք վերացել է։ Հաջորդը՝ ուրիշ մի տեղ, ուրիշ անունով է կառուցվել։ Ուրիշ բան է, եթե հիշենք մեր տաճարները։ Այստեղ, դու ունես չափանիշներ։ Բայց այդ չափանիշներով չես շարժվում։ Ինչու՞ է Անի կառուցող թագավորն ակնարկում Զվարթնոցը, իսկ դու մայրաքաղաքի կենտրոնական տաճարն  կառուցում ես այն շրջանցելով։ Մինչդեռ եթե Զվարթնոցի տեսքով կառուցվեր քաղաքի մեծագույն՝ Լուսավորչի անունը կրող տաճարը, ապա խորհրդանշական մեծ իմաստ կունենար։ Եվ նման ծրագիր կար, նախագիծ էլ կար եւ Վազգեն Առաջին կաթողիկոսը հակված էր այդ գաղափարին։ Բայց այսօրվա մեր ճարտարապետները մերժեցին այն, վստահ, որ իրենք ավելի հետաքրքիր գործ կարող են առաջարկել։ Մինչդեռ Անի կառուցողն այս կերպ չէր մտածում, ընդհակառակը նա Զվարթնոցը չափանիշ դարձնելով, կառուցեց մի ամբողջ քաղաք, որը գերազանցել  չկարողացանք՝ ճարտարապետական լուծումների կատարելիության առումով։ Բայց նա, ով  իդեալներ ունի, նոր քաղաք կառուցելիս հետադարձ հայացք է նետում դեպի անցյալը։ Երբ օրինակ ես ունենում, փորձում ես հասնել դրան, այնպես, որ ամեն ինչ կորսված չէ… Հայերը հիմա, պարզապես վատ շրջանի մեջ են եւ դրա համար հիմա չեն կարողանում չափանիշները պահպանել։ Խելոք իշխաններ չունեն։  Կարճատես իշխաններ ունեն։

Բայց այդ ինչպե՞ս է պատահում, որ իշխան է դառնում հենց նա, ով խելոք չէ, ով կարճատես է։ Սա իշխան ընտրողի՞, թե՝ իշխան դարձողի հատկանիշների ու նկարագրի հետեւանք է։

Դա բարդ հարց է, որի թեման մեր այս զրույցի շրջանակներից դուրս է։ Ասեմ միայն, որ այն խոսակցությունները, թե ա՜խ մենք վատն ենք, էսպիսին կամ էնպիսինն ենք, սխալ է։ Եվ այն նեգատիվ երեւույթները, որոնց մասին խոսում ենք, ինչպես արդեն ասացի ժողովուրդը չի ստեղծում։ Ժողովուրդին ասում են այսպես արա՝ նա էլ անում է։ Նա չի հնարում։ Նա անում է այն, ինչ պատվիրում են։