ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆՆԵՐԻ ՈՒ ՆՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐՈՒՄ

 

           Կորոնավիրուս կոչվածը, մարդկանց փակելով տներում, տվեց տարբեր հարցերի շուրջ խորհելու լայն հնարավորություն։ Այն անակնկալի բերելով  մոլորակի մարդուն՝ ստիպեց նոր դիտանկյունից նայել թե՛ աշխարհին, թե՛ ինքն իրեն։ Բայց այն ընդամենը նյութեղեն մի ազդակ է, որը  շփոթության մատնելով, միաժամանակ  պատճառ դարձավ  հասկանալու շատ կարևոր մի բան։   Այն, որ գոյություն ունեն մտավոր և հոգևոր վարակներ ևս` շատ ավելի փոքր ու անտեսանելի, որոնք  հակառակ իրենց  չափերին, խիստ վտանգավոր են։ Մարդկության նկատելի հատվածը, սակայն  լուրջ չի  վերաբերվում այդ վտանգներին։ Մինչդեռ դրանք ունակ են մոլուցքի կամ մտասևեռման հանգեցնել մարդուն, ստրկացման և հոգեաղճատման տանող անցանկալի  վիճակի  հասցնել նրան։  Սա արդեն  իսկ մտահոգվելու   և  խորհելու լուրջ առիթ է՝ անձի ու հանրության փոխկապակցված հարաբերությունները նոր իրողությունների մեջ դիտարկելու համար։ Սա նաև   քաղաքակրթություն մշակույթ հարաբերակցության  զարգացման  փուլային ծրագրերի   և  հիմնավոր ուսումնասիրությունների   պահանջ է դնում։

 Առայժմ մարդիկ   միայն խոսում են։  Առանց դադար առնելու, տարբեր հարթակներից ու հիմնականում սպասվող  փոփոխությունների մասին են  խոսում։  Ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը և ովքե՞ր  են լինելու դրանց հեղինակները,  քննարկվելու է արդյո՞ք  նոր աշխարհում   մարդուն՝ մարդ պահող նոր արժեհամակարգ կերտելու  առաջարկը և թե մեկ այլ  համակարգ ստեղծելու հարցն է առաջնահերթ  դառնալու։    Պատմությունը վկայում է, որ բոլոր ժամանակներում, բոլոր ժողովուրդները  նախապատվությունը տվել են  վեհ գաղափարներ կրող  մարդուն,  առաքինի մարդուն։ Բայց հիմա  արդեն    չես կարող վստահ լինել, որ  հանրային մակարդակով  նման որակներ ունեցող անհատին գերադասողների թիվն է գերակշռողը։     

Մարդկությունը  բարդ ու դժվարին ուղին անցնելու հազարամյակների ընթացքում  մշակութային տարաբնույթ ու բազմաբովանդակ շատ արժեքներ է ստեղծել։  Եւ շարունակում  է   արտահայտչաեղանակների նոր ձևեր գտնելով՝    զարմանք ու հիացմունք պատճառող գործեր կերտել։ Հաստատելով այն ճշմարտությունը, որ  սկզբնավորված ընթացքը  ոչ միայն չի կարելի, այլև անհնար է կասեցնել։   Սա նաև վկայում է, որ  մարդու ազատությունը, անկախությունը   կաշկանդելու փորձերն անարդյունք   են մնալու, քանի  դեռ  մոլորակի  բնակչության  համար  կան ու գերակա  կմնան սիրո, ազատության  և արդարության տիեզերական օրենքները։  Ի վերջո,  իր   գոյության   ներկա հանգրվանին  մարդկությունը հասել է հենց այդ, վերին օրենքներով առաջնորդվող,    հանճարների ու իմաստունների համառ ջանքերի շնորհիվ։ Նրանցից շատերը նահատակվեցին, խարույկների վրա այրվեցին ու սպանվեցին, բայց այդուհանդերձ   մարդկության համար արված նրանց սխրանքների շնորհիվ   աշխարհը  դարձավ   այնպիսին, ինչպիսին, որ  կա։

Ներկա ժամանակներում,  երկիր մոլորակը վտանգավոր  մի շրջապտույտի մեջ է առնվել։ Կյանքի  ռիթմն է փոխվել։ Տագնապներն են անհասցե, վախն է, ծուղակն է անթաքուն, ոչ թե օրը, այլ օրվա ժամերն են  անկանխատեսելի, վտանգն է դարձել կպչուն  ուղեկից։ Այս ամենը, բնականաբար  նաև  լարվածության մեջ է պահում մերօրյա մարդուն։ Այս ամենի միջով անցնելու համար   մարդը տարաբնույթ  խոչնդոտները  հաղթահարելու ի՞նչ լծակների է տիրապետում, գործնական  ի՞նչ փաթեթ,  կամ թե բուժման  ու ապաքինման ի՞նչ  միջոցներ է առաջարկում։

  Ըստ իս,  ապաքինման լավագույն սպեղանին մշակութային հեղափոխությունն է։  Մարդկությունը չափից դուրս կարևորելով՝ տեխնիկական առաջընթացն ու տեխնոլոգիաների զարգացումը, գերադասելով  տնտեսական ու ֆինանսական գործունեությունը,  անուշադրության էր մատնել մշակույթը,  անտեսել էր  գեղարվեստի կարևորությունն ու նշանակությունը, կորցրել էր աչալրջությունը՝ հանդեպ կյանքի   լինելիության սրբազան   հիմքերը։ Մարդու ազատությունը խլող փողը, նաև բռնությունը   գերադասելու պատճառով  է, որ  խառնաշփոթ ստեղծվեց և խախտվեց  մարդ՝ մարդու,  հանրություն՝  հանրության միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունները։ Այս ամենի ետևանքն  եղավ այն, որ  կյանքի   առաջնաբեմում հայտնված     ցեղասպանը՝  բարեպաշտի, բռնակալը՝ ժողովուրդի սպասավորի, բարբարոսը՝ ստեղծագործողի իսկ հանցագործը՝ անմեղ տուժվածի կերպարով սկսեց ներկայանալ։ Իսկ բռնապետությունը, հազարամյակների ընթացքում ժողովրդավարություն  ոչնչացնողը՝   մշակույթի պաշտպանի դիմակը  վրան  քաշելով,  սկսեց  քանդել և իսպառ վերացնել արժեքավորը՝ փոխարենը  անարվեստն ու անբովանդակ տգեղը հրամցնել   և այլն, և այլն։  Ցավոք, աշխարհի  բոլոր անկյուններում և բոլոր  ժամանակներում  սա միշտ է եղել։  Հիմա պարզապես  մասշտաբները փոխվել, ավելի են մեծացել։  21-րդ  դարում  այս  պահանջ - թելադրանքներին ենթարկվելով, կատարվող երևույթներին լռելյայն համաձայնությամբ ծափահարում է Եվրոպան։  Բայց  միաժամանակ   ամոթից  շիկնում և կրակն ընկածի պես հուսահատության ճիգեր է գործադրում  եվրոպական  ազնվականության արժեքները ոտնահարող  մերժելի իր  վարքը թաքցնելու համար։

Ինքն՝ իրեն ազատարար համարող   Ամերիկան  ազատության իր թմբուկը պատռել`  մնացել է  արդարության ու նյութական շահի արանքում։

Գիշերային մենության մեջ այս ամենը գրի եմ առնում, Սան Ֆրանցիսկոյում, որտեղ երկար մնալուս պատճառը, նույն այդ փոքրիկ վիրուսն  է։ Սան-Ֆրանցիսկոն, իմ կարծիքով  աշխարհի ամենահանդուրժողական ու տեխնոլոգիաներով ամենահարուստ քաղաքներից մեկն է։ Այստեղ կողք - կողքի հայտնվել  և մեծահոգաբար իրար հանդուրժելով բնակվում  են ծայրահեղ տարբեր շերտերի պատկանող մարդիկ. փողոցը նախընտրած ցնցոտիների ու կեղտի մեջ գոյատևող տնանկն ու գործազուրկը,  միջին կարողություն ունեցողներն ու խիստ  պաշտպանությամբ հսկվող, շքեղ ապարանքներում ապրող հարուստները։ Պարադոքսալ է,  բայց  բոլորն էլ, առանց  չափազանցության այս երկրում  անկախ  մարդու  համարում և զգացողություն ունեն,   որովհետև  ազատ ձայնի իրավունքով են օժտված։ Չնայած այդ ազատություն կոչվածը տարօրինակ  ճողվածքներով է «ներկայանում»։ Այս զարմանահրաշ խելագարանոցում ուզում ես պատուհանը բացել, ձեռքիդ լապտերիկով մութը ճեղքել ու Ձենով Օհանի նման գոռալ.«Ո'վ մարդ, որ կորել ես դեղակույտերի ու ցածրորակ գովազդների արանքումև խեղդվում ես բազմերանգ  դիմակների տակ դեմքդ պահելով, որոնք սակայն քեզ չեն փրկելու, ելի՛ր այս     վարակակիր քո կարծրատիպից, ձերբազատի'ր քեզ անիմաստ ու թվացյալ արժեքներից և գնա  աստվածատուր շնորհներիդ ետևից; Դու կարող ես»։

Այս ամենի մեջ, սակայն  լույսի մի շող  է այդուհանդերձ  նկատվում, որը   տեսանելի է դարձնում  ելքը և   հույս   ներշնչում։ Այդ լույս  արձակողներն առաքինի,  բարձր արժեքներ  կրող  մարդիկ են։ Վերջին   մոհիկաններն են։   Վստահ եմ՝   նրանց հնարավոր միասնությամբ  կարելի է  լույսն առավել լայն շառավղով  տարածել։    Վերջին մոհիկաններ, որ ասում եմ, մեր ժամանակակիցներն են։ Անհատներ  են, ովքեր   փրկել ու պահպանել են իրենց  նախնիներից  ստացած հրաշալի ժառանգությունը։  Ովքեր  խնամքով վերաբերվում են այն ամենին,  ինչ իրենք են  ամբարել, իրենց անհեշտ կյանքի ընթացքում։  Նրանք մարդկության  անգին  այն տեսակներն են, որոնք սեփական փորձով են համոզված՝  կյանքի մեխանիզմը մտքի էներգիան է։ Եւ հիմա էլ ասելիք  ու անելիք ունեն։ Նաև օրինակ  են` իրենց շրջապատում ապրողների և նրանց համար, ովքեր թեկուզ  մեկ անգամ հանդիպել կամ դեռ հանդիպելու և նրանց ճանաչելու առիթն են ունենալու…

        Բարեբախտություն  է մեզ համար,   որ նման  մարդիկ  կան։  Մեր կողքին են։   Ինքս, օրինակ նրանց  հանդիպել եմ աշխարհի ծանոթ և անծանոթ անկյուններում։ Տարբեր կրոնների դավանող ու տարբեր ազգությունների պատկանող` Ճապոնիայից ու Հնդկաստանից մինչև Եվրոպա ու   Ամերիկա, մեր անկախ հայրենիքում,   բռնագաղթությամբ, մեզնից խլված հայրենի եզերքներում, ու մեր հարևանությամբ գտնվող Մերձավոր Արևելքում ապրող այդ մարդկանց ճանաչելով եմ ասում.  Գուցե՞ հենց նրանց, մեր գիտցած վերջին   մոհիկաններին  է պետք  դժվարին այս պահին դիմել։  Ոչ միայն  մեզ համար օրինակ դարձնելու, այլ նրանց ստացած դաստիարակության  ու  կրթության  հարուստ պաշարներից, նրանց իմաստնությունից ու  փորձից օգտվելու համար։ Դիմակայելով, հաղթահարելու համար, այս տխուր ժամանակների, այս նոր իրականության կործարար ազդեցությունների չենթարկվելու համար։   

            Մեր ազատությունը,  մեր արմատները պահպանելու, մեր  վերածնության մասին պետք է մտածենք։   Հնարավոր քայլեր ձեռնարկենք վերակազմակերպելու համար համայն հայության ցրված ուժերը։ Այսպես՝ համաբանվելով, միայն հնարավոր կլինի ամրապնդել մեր երկիրը,  մեր պետականությունը։ Վերակազմավորվելով,  չենթարկվել պարտադրվող անորոշ վիճակներին։ Աշխարհում արդեն կան նոր համակարգեր ստեղծելու միտումներ։  Ակնհայտ է, որ   դրանք  ստեղծվելով, վեր կլինեն խմբային ու կուսակցական շահերից։ Սրան է ենթագիտակցորեն  ձգտում  ողջ մարդկությունը։ Մենք կողքից նայողի դերն ու դիրքը չնախընտրելու,   իրադարձությունների հոսանքնին չտրվելու համար  սպասելու տարբերակը պիտի մերժենք։

 Մինչ այժմ դիտարկված ու քննարկված կարևոր հարցերն ի մի բերելով է,   հնարավոր  ուղիներն ու  համընդհանուր զարգացման փուլերն նախանշել ու ներդաշնակ գոյակցման նախապայմաններ ստեղծել։ Շատ չծանրաբեռնելու համար  ասելիքս, նոր հարցադրումներով, ուզում եմ, կրկին հիշեցնել, որ մեզանից ամեն մեկը մեծագույն վստահությամբ դիմի  նրանց, ովքեր  վերջին մոհիկաններն են։   Ոչ թե հաստատելու համար նրանց ֆիզիկական գոյության փաստը։   Եւ ոչ էլ մեր իրականության մեջ նրանց ներկայությունը կարևորելու,  նրանց անհատական արժանիքները շեշտելու կամ գնահատելու  համար, այլ պատուհասված   նոր  ժամանակների   մարտահրավերներին դիմակայելու գործընթացին նրանց  մասնակից դարձնելու համար։ Ինքս հիմա ուզում եմ  հնչեցնել իմ ճանաչած վերջին մոհիկանների անունները.  Տեր և տիկին Մսրլյաններ` Սան Ֆրանցիսկոյից, Կարին Մեյ և Բերնդտ Մյուլիգ` Գերմանիայից , Ֆրանց ֆոն Հելեմոնդ և Յոզեֆին Հենդրիքս` Հոլանդիայից, Մոնիկա Գերբեր և Քրիստոֆ Հեք` Շվեյցարիայից Սոնյան, Ռայները, Յութան ու Գյունտերը, Ռիկին, Մուլին, Պիտերն ու Շպրինգը`բավարական տարբեր քաղաքներից։   Գիտնականներ ու  մտավորականներ, նաև  մի ընտանիք՝ Սանկտ Պետերբուրգից, իմ պատանեկության տարիներից սիրելի Սմբատ պապիկը՝ Նոր Բայազետից,  զարմանալի  մի ճապոնացի կինոպրոդյուսեր ու ազնվաբարո փայտագործ մի արաբ ծերունիՆրանց  ես հանդիպել եմ իմ կյանքի տարբեր հանգրվաններում, հիացել նրանց անհատական որակներով, վայելել նրանց բարեկամությունը։  Ես միտումնավոր  չնշեցի հոգևոր հարուստ կերտվածքով այն անձանց անունները, որոնք  մեր հայրենիքում են ապրում։ Ամեն մեկը թող ինքն  իր շրջապատում գտնի ու  տեսնի  այն մարդկանց, որոնց    վարձքը անհիշատակ չի  կարող   մնալ։  Քանզի անկախ ազգային պատկանելիությունից ու տարիքից նրանք մի կողք քաշվելով,  անհաղորդ չեն մնում համայն աշխարհի ժողովուրդներին վերաբերող  խնդիրներին։  Արդեն իսկ պարզ է, որ  այս  աղետը դեռ  երկար է մեզ հետ մնալու։ Մի՞թե ժամանակը չէ միավորվելու՝ հանուն ներկա, հանուն  ապագա սերունդների։ Վերջիվերջո թե՛ ազատությունը, թե՛ անկախությունը և  թե՛ ժողովրդավարությունը մարդու   համար են։ Եթե չկա մարդը, ապա այն  ամենն, ինչի մասին խոսվում  է  անիմաստ է դառնում։  Կողքի քաշվելով՝ անորոշության սպասումին տրվելը  երբեք ու ոչ-ոք չի արդարացնելու։ Մեզ պետք է առանց ժամանակ կորցնելու համախմբվել և մասնակից դառնալ  նոր աշխարհակարգի ձևավորման ընթացքին։ Մենք կարող ենք։