ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԱՀԵՏԸ

Արձանը, Երևանի հրապարակներից մեկում տեղադրվելու երրորդ օրվա գիշերը անհետացել էր։ Գիշերային խավարը միշտ լավ օգնական է արատավոր  արարքների, մեղսագործությունների  համար։ Առավոտյան մարդիկ շվարած ու շփոթված փորձում էին հասկանալ, թե ինչու՞, ու՞մ հրահանգով կամ նախաձեռնությամբ  է տեղահանվել   ու՞ր  է տարվել Կոմիտասի արձանը։  Այս հարցերի պատասխանը ստանալու հույսով ոմանք շտապում էին քանդակի հեղինակի՝ Արտոյի արվեստանոցը։ Նրանքովքեր կռահում էին, թե ինչու է տեղահանվել արձանըցավակցելու էին գնում։ Ճիշտ այնպես, ինչպես  ցավակցում են  մեծ կորուստ կրած մեկին։                        

  Երբ նա հեռանում էր Հայաստանից, ոմանք իրենց  մեղավոր էին զգում։ Երկրում  ու երկրից դուրս  ապրող  բարեկամներից  ոմանք  էլ  նրան էին մեղադրում  հայրենիքը լքելու համար։  Ութսունականների կեսերն էր։ Արտո Չաքմաքչյանը  մեկնում էր Կանադա և այս որոշումն անակնկալ ու միանգամից չէր կայացվել։ Տարիների ընթացքում կուտակված ու նստվածք տված դառնությունների արդյունք էր։ Գուցեև երկաթե վարագույրից այն կողմ եղած աշխարհը տեսնելու, ազատ ապրելու երազանք։ Ճշմարտության դեմ չմեղանչելու համար  չմոռանանք նաև, որ  կոմունիստական հասարակարգի խրուշչովյան կամ այսպես կոչված, «հալոցքի» շրջանում  արձանագործի ստեղծագործական կենսագրությունը  հարստացնող նշանակալից  էջեր, այդուհանդերձ  գրանցվել էին։ 1964-ին, օրինակՄոսկվայի Խաղաղության կոմիտեի սահմանած գլխավոր մրցանակը տրվել էր նրա «Հերոսիմա» քանդակին։ Իսկ 1968-ին   Ա.Չաքմաքչյանը իր «Մայրը» և «Առնո Բաբաջանյան» գործերի համար արժանացել էր ոսկե մեդալի։  Ժամանակի ճիշտ այդ հատվածում նրա գործերը տեղ են գտել Տրետիկովյան  պատկերասրահի մշտական ցուցադրությունում։

    Արտոն, սակավաթիվ այն արվեստագետներից է, որը ստեղծագործելուն զուգահեռ հայ մշակույթի տեսական միտքը հարստացնող ուսումնասիրություններ էր  կատարում։ Նրա  հայկական դեկորատիվ կիրառական արվեստին նվիրված աշխատությունն, արվեստաբան Նոնա Ստեփանյանի համահեղինակությամբ՝ թե նյութի պատմական  շերտերի  վերհանմամբ, թե տեսական և  համեմատական վերլուծությամբթե  թեման հարստացնող իլյուստրացիոն նյութերով   եզակի ներդրում էր հայ արվեստաբանության պատմության համար։   Մանկավարժ էր նաև  ու  նրա սաները տարիներ անց  ընտրված բնագավառի առաջատարները դառնալով արձանագործության  միջազգային թեմատիկ տարբեր ցուցահանդեսների սահմանած բարձրագույն մրցանակների էին արժանանում։

  Քանդակագործի երևանյան  արվեստանոցը մշակույթի մարդոց հավաքատեղի էր, որտեղ հյուրընկալվել էին  սիրում  նաև գիտության ասպարեզի նշանավոր գործիչները, ինչպես նաև երիտասարդ սերունդի ներկայացուցիչներ։ Դեռևս ուսանող, նորավարտ պատանիներ ու երիտասարդներ, որոնց  համար այդ հանդիպումներն ու զրույցները ոչ միայն  գեղարվեստի աշխարհի դռներ բացելու, այլև  հայրենասիրության դասեր  ստանալու, հոգևոր աշխարհ  ձևավորելու  նշանակությամբ էին կարևորվում։ Այդ ամենը կար։ Եվ  Արտոյի ստեղծած այդ միկրոաշխարհում   հայտնվող մարդկանցից բոլորը չէ, որ գիտեին, թե  նրա շուրջը  ստեղծված մթնոլորտն պարբերաբար ինչպիսի  տեղատվությունների է ենթարկվում…  Նրա ստեղծագործական ձեռագիրն, արտահայտչաեղանակն ու ոճը սովետմիության սոցռեալիզմի  գաղափարախոսության քարոզիչներն ու  կրողները, մեղմ ասած, այնքան էլ չէին խրախուսում։ Եվ դա ինչպես արդեն ասվեց արտահայտում էին, քանդակագործի  հեղինակած գործն անհայտ ուղղությամբ տանելով, անհատական ցուցահանդես կազմակերպելու առաջարկներն ու հրավերները մերժելով։  Դա արվում էր հետևողական մի այնպիսի համառությամբ, որն  անհնար  եղավ կոտրել  ժամանակի մի մեծ հատվածում։

    Յոթանասունակաների վերջերին  Սովետների միությունը կազմող հանրապետություններում արվեստագետին հովանավորելը չլսված, չտեսնված մի բան էր։ Բայց  Հայաստանում սովետմիության մասշտաբով գիտահետազոտական հզոր մի հաստատություն կար, որի  հիմնադիր, ղեկավարներն էին Ալիխանյան եղբայրները։ Մեծ հեղինակություն վայելող  խոշոր գիտնականները ոչ միայն արվեստի լավ գիտակ էին, այլև արվեստագետներին էին հովանավորում։ Նրանց նախաձեռնությամբ ու օգնությամբ էր, որ հայ արվեստագետների  գործերը սովետական միության կազմում գտնվող  հանրապետությունների և հատկապես Ռուսաստանի քաղաքներում ցուցադրվելով, ԽՍՀՄ սահմաններից անդին էին  տարվում։   Ալիխանյաններն     առանձնահատուկ վերաբերմունք ունեին Արտո Չաքմաքչյան անհատի հանդեպ ու  հենց նրանց նրանց  մտահղացմամբ էր, որ քանդակագործի աշխատանքները  համահավաք  մի տեղ ներկայացվեց։  Մեծանուն ֆիզիկոսներնիրենց իսկ  անունը կրող  Ֆիզիկայի  ինստիտուտում  կազմակերպեցին Արտոյի անհատական ցուցահանդեսըև այն  Երևանի մշակութային կյանքի նշանակալից իրադարձություններից մեկը դարձավ։ Փաստորենդա հայրենիքում  Չաքմաքչյանի ունեցած    առաջին ու միակ անհատական ցուցահանդեսն եղավ։

  Հետո՞… Հետո, աշուն էր ու գունային  նշանակալից մի երանգ դուրս էր մղվում երկրից, երկրի մայրաքաղաքից։ Հեռացողը Արտոն էր։ Մի արվեստագետ, որի գեղարվեստական մտածողության արտահայտությունները հետագայում  ցուցադրվելով Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Միացյալ նահանգների, Կանադայի, Ճապոնիայի և այլ   երկրների լավագույն ցուցասրահներում, նաև նշանավոր պատկերասրահների մշտական ցուցադրություններում էին ներառվելու։  Հայաստանյան պարբերական մամուլի էջերում ժամանակ առ ժամանակ  արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցներից, մասնագիտական ամսագրերից քաղված  կարճ հաղորդագրություններ  էին հայտնվում։ Դրանք տեղեկացնում էին հայ արվեստագետի ստեղծագործական հաջողությունների մասին։ Հայտարարված  թեմատիկ տարբեր մրցույթներում  լավագույն գործի   համար մրցանակի արժանանալուհերթական  անհատական ցուցահանդեսի բացման կամ Տորոնտոյում,Դետրոյթում, Նյու Ջերսիում Նյու-Յորքում, և մի շարք այլ քաղաքներում մոնումենտալ  գործերի  տեղադրման մասին։ Ընդամենն այսքանը։ Մինչդեռ անկախություն ձեռք բերած երկրի մշակույթի ասպարեզը տնօրինողներից ուրիշ վերաբերմունք էր ակնկալվում մի արվեստագետի հանդեպ, որն աշխարհին ներկայացել և ներկայանում էր  ազգային իր պատկանելությունը շեշտելով։

    2004-իհունիսի առաջին կեսերին, Թեքեյան մշակութային միության  Լոս Անջելեսի մասնաճյուղը Պէշկեօթիիրեան սրահում կազմակերպել էր Արտո Չաքմաքչյանի քանդակների ու գծանկարների ցուցահանդեսը։ Ժանրային տարբեր գործերի համատեղ ցուցադրումն, ըստ արվեստագետի  պայմանավորված էր պարզ  մի սկզբունքով՝ քանդակագործությունը բազմաթիվ նկարների հանրագումար է։ Նկարը, գույն է։ Քանդակը նկարչություն է՝ տարբեր դիրքերից դիտված։  Արվեստագետի անվերնագիր արձաններն ու գծանկարները թեմատիկ ընտրությամբ ու մեկնաբանմամբ, արտահայտչաձևերի բազմազանությամբ, աշխարհաճանաչման, երևույթների ընկալման ու ներըմբռնողության նոր հայեցակետ էր՝ նոր  խորքեր բացահայտող։ Արտոն այն համոզմունքին էր, որ արվեստագետն աշխարհի ու մարդկային կյանքի երևույթները քննելիս ոչ թե պատասխաններ  փնտրող, այլ հարցադրումներ բերող գործեր է ներկայացնում։ Արվեստի արտահայտությունները  շեշտված հարցեր են, առեղծված են ու հանելուկտիեզերական խորհուրդը հասկանալու ձգտում են, որոնք երբեք վերջակետով չեն ավարտվում։ Եվ դա է արվեստի երկարակեցության ու մշտական պահանջարկ ունենալու գաղտնիքը։ Ինքը՝ Արտոն արվեստի երկարակեցությունը պահող այն  արվեստագետն է, որը հոգևոր այդ տարածքը հարստացնում է  վերերկրային ու երկրային երևույթները  խորքային պեղումների ենթարկող, մերօրյա կյանքում դիտարկածն ու  հավերժական թեմաներն անսպասելի  մեկնաբանությամբ իրականացված գործերով։ Արտահայտչաձևերի ինքնատիպությամբ  ու իմաստային ենթաշերտեր կրող  բազմաբովադակ նրա աշխատանքներում, սակայն կա մի թեմա, իսկ որ ավելի ստույգ  է՝  մի կերպար, որն  Արտոյի հետաքրքրության կենտրոնում է եղել և պահպանվել  միշտ։ ԿՈՄԻՏԱՍԸ։  Մեծ երգահանի կերպարը մարմնավորող  քանի՞ գործ է կերտել նկարիչը։ Հարց է, որի պատասխանը չունեմ, որովհետև  խնդրին առնչվող մեկ այլ հարցով եմ նրան դիմել, հեռավոր  այն տարվա ամռանը, Լոս Անջելեսում.

 - Ամենահոգեմոտ ու հարազատ կերպարը կամ  թեման  եթե  տարիների մեջ  չի սպառվում արվեստագետի համար, ապա  գոնե չհոգնեցնելու միտումով դադարի պահանջ է դնում։  Ի՞նչ է սա  բացատրության անենթակա  ներքին  մղու՞մ, Կոմիտասի  կերպարով մեր  անցյալի ցավոտ էջերը վերհիշելու՞մշակութային  պատմության մեջ նրա դերն ու նշանակությունը շեշտելու, թե՞...  

  - ... Կոմիտասից ես չեմ հոգնում, որովհետև ես նրա ֆիզիկականը չէ, որ պատկերում եմ։ Սա այն թեման է, որն անմիջական կապ ունի իմ Հայաստանի հետ։ Կոմիտասը մեր ուրախությունն է, մեր տխրությունը։ Կոմիտասը՝ ես եմ։ Չես կարող  հրաժարվել նրանից, այնպես, ինչպես չես կարող արյունդ փոխել։ Կոմիտասը, մեր այն մեծություններից է, որոնք ֆիզիկական գոյությունից անդին են։ Ռուբեն Զարյանը  մի անգամ շատ հետաքրքիր բան ասաց. «Արտո, քո կերտած  Կոմիտասը տեսնելիս, նրա լուսանկարը սխալ ու անընկալելի  է թվում»։      

  Երեք օր ՊեշկԷօթուրեան սրահ եկողների հարցերին Արտոն պատասխանում էր սիրով, պատրաստակամորեն իսկ պարբերաբար ընդհատվող մեր զրույցը  շարունակում էր նույն կիսատ թողնված խոսքից...  Ուրեմնի՞նչ է ցուցահանդեսն արվեստագետի համար։ Արտոն հակված է այն մտքին, որ ցուցահանդեսը, ներկա  որակով ու ձևով, գոնե իր համար կորցրել է  նախկին  նշանակությունն ու իմաստը։ Նա   առավել ընդունելի  է  համարում  Վերածննունդի շրջանում գործող կանոնները, երբ  արվեստ գնահատող ու սիրող մարդիկ՝ ըստ նախասիրության, ըստ ճաշակի էին ընտրություն  կատարում և իրենք էին գնում այս կամ այն նկարչի արվեստանոցը։  Մինչդեռ  ներկա  ցուցադրություններին գալիս են մարդիկ, որոնք   կապ  չունեն ոչ  տվյալ արվեստագետի, ոչ էլ նրա հոգևոր աշխարհն վերծանող արտահայտությունների  հետ։ Եվ  նկարիչը  շատ հաճախ նեղվում, ներքին տհաճ մի զգացողություն է ունենումերբ  այցելուներից ոմանք  իրենց պարտքն են մոտենալ  հեղինակին ու  հարցնել, թե ներկայացված արձանը կամ  նկարը «բովանդակային ի՞նչ իմաստ ունի»։                

 Որակական այս հատկանիշները կրող մարդկանց կողքին, անշուշտ   արվեստի իսկական գիտակներ էլ  լինում։ Մինչդեռ արվեստանոցում գտնվող գործերի  ցուցահանդրությունը հաճելի է հենց նրանով, որ  ազատում է արվեստի մատույցներում պատահաբար հայտնված   մարդկանց հետ հանդիպելու պարտադրանքից։

  Երևանից հեռանալիս Արտոն ասել էր, թե  երկիրն ընդմիշտ չի թողնում և խոստացել, որ օրերից մի օր անպայման վերադառնալու է Հայաստան։ Ես նրան  հիշեցնում եմ տարիներ առաջ ասված  խոսքերը.

- Ասել եմ , այո ու էլի կարող եմ կրկնել ասածս։  Այդպես է. ես ընդամենն  ապրելատեղս եմ փոխել։ Ես թողել եմ իմ երկիրը, որովհետև իրապես իմ հայրենիքը, որը  շատ եմ սիրում, լիովին ազատ չէր։ Շատ եմ սիրում և չեմ ուզում ոչ ինձ վիրավորեն, ոչ էլ ինքս վիրավորվեմ։ Եվ եթե այսօր իմ գործերը մի քիչ արժեք են ներկայացնում ապա դա  իմ երկրի, հայրենի բնաշխարհից ու մարդկանցից  ստացած հոգևոր ժառանգության շնորհիվ է։ Ես   կարողությանս չափով  փորձել եմ փոխհատուցել։ Եվ  չէի ուզենա կյանքիս վերջին հանգրվանին հասնելուց հետո վերադառնալ Հայաստան։ Վերադառնալու, հայրենիքում ստեղծագործելու գաղափարը վաղուց է  հասունացել, պարզապես վախ ունեմ. արդյո՞ք պետք եմ իմ երկրին։ Դու, հիմա  ծիծաղու՞մ ես ասածիս վրա…

Չեմ ծիծաղում, ժպտում եմ, որովհետև գիտեմ, որ Արտոյի նման մտահոգությունն անհիմն չէ։  Պատճառները նույնպես։ Իսկ, որ ամենակարևորն է՝ անցյալի սխալները միշտ  չէ, որ հնարավոր է լինում շտկել։