ՎԱՂԸ՝ ՓԱԿԱԳԾԵՐԻ ՄԵՋ ԵՒ ՓԱԿԱԳԾԵՐԻՑ ԴՈՒՐՍ

 

Ստանձնած կոչմանը հավատարիմ  մնալը, մեր ժամանակներում հեշտ չէ․Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ոչ միայն տեղանքով, այլև մշակութային արժեքները ներկայացնելու, մշակույթի ոլորտում կայուն տեղ հաստատած  և արվեստի ասպարեզ մուտք գործող օտարազգի ու հայ արվեստագետների ստեղծագործությունների  բարձրաճաշակ  ցուցադրություններով է իր բարձունքը հաստատում։  Այս անգամ  Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարել է  «ՎԱՂԸ» վերտառությամբ ցուցադրության բացման մասին, որը կայանալու է  2021թ. նոյեմբերի 19-ին ժամը 10:00-ին Կենտրոնի «Արծիվ» և «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահներում:

                                                                                                       ****************

2021 թվականի նոյեմբերի 19-ից Գաֆէսճեան արվեստի կենտրոնում գործելու է «ՎԱՂԸ» ցուցադրությունը՝ տասնյոթ հայ ժամանակակից արվեստագետների մասնակցությամբ։ Խմբային նախագծերը ոչ միայն բազմաթիվ հեղինակների գործերը ներկայացնելու հնարավորություն են ընձեռում, այլև թույլ են տալիս առավել ընդգրկուն անդրադառնալ առանձին թեմաների, ժանրերի, կամ շերտերի։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնն արդեն 3-րդ անգամն է նման նախաձեռնություն հանդես բերում։ Դրանով հանդերձ, «ՎԱՂԸ» նախագծի հայեցակարգը շատ ավելի ընդգրկուն է, քանի որ ոչ թե մեկ թեմայի կամ անհատի, այլ` Հայաստանի ներկայիս ակտուալ, ժամանակակից վիզուալ արվեստի ընդհանուր դաշտը գրավողների գործերին է  ծանոթացնում։ 

«Արծիվ» և «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահներում ցուցադրված տասնյոթ արվեստագետները մեծամասամբ երկչափ ստեղծագործությունների հեղինակներ են, որոնք աշխատում են հիմնականում ավանդական տեխնիկաներով և նյութերով, սակայն թեմաների և մոտեցումների առումով բավականին ակտուալ ու արդի են, իսկ երբեմն՝ նորարար։ Ցուցահանդեսի խորագիրն արդեն իսկ հուշում է, որ ներկայից՝ վաղվան միտված հայացք ունեցող, նոր ասելիքով ու եղանակներով ստեղծագործող արվեստագետների գործեր են ընտրվել։ Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների  հեղինակներն են.

ՄԻԼԵՆԱ ԱԴԱՄՅԱՆԸ, ՍԻՐԱՆՈՒՇ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ, ԳԱՅԱՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆԸ, ԳԱՅԱՆԵ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԸ, ՆԱՐԵԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ, ԿԻՄԱ ԳՅԱՐԱՔՅԱՆԸ, ԱՆՈՒՇ ԴԱՎԹՅԱՆԸ, ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ,  ԱՆՆԱ ԿՐՃԱՑՅԱՆԸ, ՆԱՐԵԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԸ, ՄԱՆՎԵԼ ՄԱԹևՈՍՅԱՆԸ, ՆԱՐԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ԳՐԻԳՈՐ ՍԻՄՈՆՅԱՆԸ, ԴԱՎԻԹ ՔՈՉՈՒՆՑԸ,  ԼևՈՆ ՖԼՋՅԱՆԸ։

«ՎԱՂԸ» ցուցադրությանը մասնակից այս  արվեստագետներն անկախության սերնդից են։ Այդ առումով հետաքրքրական է հետևել՝ ինչպիսի ընդհանուր թեմաներ, արվեստային մոտեցումներ ու ոճեր են երբեմն տարանջատում կամ, ընդհակառակը, միավորում առաջին հայացքից միմյանցից բավականին հեռու գտնվող մի շարք ստեղծագործողների։ Կիրառված տեխնիկաների ու նյութերի առումով էլ շրջանակը բավականին լայն է կտավ-յուղաներկից մինչև տպագրական գրաֆիկա, լուսանկարչություն, կոլաժ, ասեղնագործություն, խճանկար ու ռեդի-մեյդ։ 

«Հետևելով իր առաքելությանը հայկական մշակույթի լավագույն արտահայտությունները ներկայացնելու առումով՝ «ՎԱՂԸ» ցուցադրության միջոցով Կենտրոնը փորձում է ուրվագծել, թե ինչ ուղղությամբ է շարժվում հայ ակտուալ ժամանակակից կերպարվեստն այսօր, և ինչ կարելի է սպասել ապագայում»,- նշում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը, շեշտելով, որ անշուշտ. սույն նախագիծը  բացահայտում, բայց չի ընդգրկում, ուրեմն և տեսանելի չի դարձնում Հայաստանի ժամանակակից արվեստի ամբողջ դաշտը:

ԳԱԿ-ում առաջին անգամ ներկայացված հեղինակներին հետաքրքիր մի հարթակ է հատկացված, որտեղ շարունակական և անհատական ու խմբային նախագծերի միջոցով առաջիկա տարիներին  կշարունակի  հայ արվեստի ասպարեզը  գրավող ժառանգորդների գործերը ներկայացնելու ստանձնած շնորհակալ ու գնահատելի պարտավորությունը։

 Վաղը բացվող՝  «ՎԱՂԸ» խորագրով  ցուցադրությունը գործելու է 2021 թվականի նոյեմբերի 19-ից մինչև 2022 թվականի փետրվարի 20-ը: Մուտքն ազատ է:

                                                                                                      ՀԻՇԵՑՈՒՄ

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի միտումները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009թ. նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում կրթական ծրագրեր, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և դասախոսություններ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000: