ՆԱՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ / ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ ՍՊԱՌՎԱԾ ՉԷ

 

                                                                              ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ ՍՊԱՌՎԱԾ ՉԷ

 Նրանք ջահել են ու տաղանդավոր։ Նաև հաջողակ են իրենց ընտրած ասպարեզում։ Նրանք ամեն մի ժամում փոխվող այս աշխարհում կայուն արժեքներ ստեղծելով են  իրենց կոչումը հաստատում։ Եւ  նույն այդ աշխարհում ապրողներին ներկայացնում են  իրենց հեղինակած  գործերը, որոնք  խորհելու են մղում, որոնք  Հայրենիքի, Սիրո ու Հավատի մասին են։ Նաև  Ճշմարտության մասին են։  Եւ  հուսադրում են, որ մոլորակը ստի ու անարդարության  հաստ շերտով պատվելով,  չի անհետանա, չի վերանա իսպառ...      

Ժամանակների հեռուներից մեզ հասած. «Երբ թնդանոթները կրակում են, մուսաները լռում են» հին խոսքը մեզանում կարծես ոչ թե հաստատվում, այլ հերքվում է։ Եւ հենց նրանք՝  արվեստագետներն են մերժում, ստեղծագործելով, միջազգային հարթակներում իրենց  երևելի գործերը  ներկայացնելով ու բարձր մրցանակներ նվաճելով։ Երբ մարդը իր տեղում է, կարողանում է իր երկրի անունը բարձր  հնչեցնել։  Այդպես՝ ստեղծագործելու ունակության հետ,  պարտադրված ծանր  իրավիճակներին դիմակայելու իրենց  ուժն ու կամքն են ցուցաբերում։ Այդպես՝ գունային հարուստ ներկապնակի պարունակությունը ոչ թե չորացնում, ոչ թե խամրեցնում, այլ  նոր երանգներով հարստացնելով, արվեստի  գործեր ստեղծելով նաև երկրի ճանաչելության սահմաններն են ընդլայնում։ Այդպես՝ արդի ու դասական գործերի ինքնատիպ  մեկնաբանություններով  պարզ մի ճշմարտություն են վերահաստատում. Մենք կանք ու Մեր ժամանակը սպառված չէ։  Մեր ստեղծագործ միտքը արթուն է ու մեր մշակույթի զարգացման ուղիները բանուկ են մնալու։ Մեր երթը շարունակող  ժամանակակից արվեստագետների ու ստեղծագործական խմբերի մերօյա նվաճումների մասին դեռ խոսվելու է։ Վստահաբար՝  թատերագիտական, երաժշտագիտական, կինոգիտական,  արվեստաբանական  մենագրություններ են հրատարակվելու մոտ ապագայում կամ գալիք օրերին։  Մեր անդրադարձը համառոտ է՝  մի քանի օրինակով...

                                                                           

 

                                                                     ՈՒ՞Մ  ԱՌԱՋ Է ԴՐԱԽՏԻ ԴՈՒՌԸ ԲԱՑՎՈՒՄ

  Ու՞մ համար է դրախտի դարպասները փակ կամ բաց մնալու։ Եթե դրախտին արժանի ես դարպասները խորտակելով, զենքուզորքով չես բացի, ներս մտնելով  այն ամենն, ինչ գեղեցիկ է չես ավերի, ու այդ ամենը ստեղծողին  չես  սպանի։ Մահվան ուրվականը չես դառնա ու մահ սփռողի անուն չես վաստակի։  «Դրախտի դարպասը» Արցախի մասին նկարահանված  ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի   կարևոր  նախագծի մաս կազմող այն ֆիլմն է, որին հաջորդելու է «Վերածնվածը» վերնագրով գործը և ուրիշ կինոնկարներ։ Ռեժիսորն  աշխարհի տարբեր երկրներում ապրող հանդիսատեսին  հայոց  պատմության և այսօր գրվող նշանակալից էջերը ներկայացնելու նպատակ ունի։  Հավատում է, որ մեր պատմության կարևոր  էջերի կինոշարադրանքը  օտարազգի հանդիսատեսին էլ է հետաքրքրելու։ Որպես օրինակ  նշում է Կանադայում «Դրախտի դարպասը» ֆիլմի հաջողությունը։ «Օտարիոյի միջազգային կինոփառատոնի սահմանած  չորս անվանակարգի՝  «Լավագույն հնչունավորում», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն սցենար», «Լավագույն միջազգային  ֆիլմ» բարձր մրցանակներով նշանավորված հաղթանակը  վկայում է, որ մեր ընտրած ուղին ճիշտ է։ Մեր նպատակը իրականացնելով կարող ենք հայոց պատմությունն ու հայոց խնդիրն աշխարհի մարդկանց ներկայացնելով, նրանց մեր ժողովրդի աջակիցն ու բարեկամը դարձնել»։     

 

                                                                                             ԴԱՇՆԱԿԱՀԱՐԸ

  Երաժշտության ասպարեզի մասնագետները նրան դաշնամուրային կատարողական արվեստի հանճար են համարում։ Հավատացնում են, որ անսովոր և արտակարգ հիշողություն ունի և դեռ վաղ հասակից սկսած երկու փորձից հետո  առանց նոտաներին նայելու կարողանում  է նվագել երաժշտական  ամենաբարդ ստեղծագործությունները։ Իսկ նա, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երկրորդ կուրսի ուսանող Արթուր Գրիգորյանը,  (պրոֆեսորներ՝ Արմեն Բաբախանյան, Կարինե Օհանյան), ընդամենը 19 տարեկան է։  Եւ արդեն հասցրել է փայլուն կատարումներով  միջազգային բազմաթիվ մրցույթների  մասնակցելով, հաղթող ճանաչվել։ Արթուր Գրիգորյանը այն հաջողակ երաժիշտներից է, որը կատարողական արվեստում սահմանված հեղինակավոր մրցույթներին մասնակցելով հիմնականում հաղթում է՝ բարձրագույն  մրցանակներ շահելով։  Վերջերս էլ «Harmonia Onlaplus» միջազգային դաշնամուրային մրցույթում, որին 23 երկրների շուրջ 100 երաժիշտներ էին  մասնակցում, Արթուրը զբաղեցրել է առաջին տեղը «Master» անվանակարգում՝ արժանանալով Գրան պրիի։ Արթուրը  Լեհաստանում կայացած դաշնակահարների 6-րդ միջազգային մրցույթի մասնակցությամբ   նաև Հատուկ մրցանակի է արժանացել։  Այն ներառում է չորս տարվա կրթաթոշակ (19 000 ԱՄՆ դոլար) Հարավային Թենեսսի համալսարանում սովորելու համար։  

  Հաջողության իր  գրավականը, երիտասարդ դաշնակահարի կարծիքով, ընտրված երաժշտությունն է։ Նրա համար նախընտրելի են Մոցարտի, Լիստի և Պրոկոֆևի դաշնամուրային վարիացիանները։  Ասում է, որ այդ երեք դասականների ստեղծագործություններում  կա ռոմանտիզմ և ազատություն։  Եւ դա օգնում է դաշնակահարին  ի հայտ բերել  կատարողական իր վարպետությունն ու անհատական խառնվածքը։ «Միջազգային որոշ մրցույթներ կան, որոնց մասնակցելու համար, պարտադիր որոշակի կոմպոզիտորների գործեր պետք է նվագես։ Անշուշտ,  նախընտրելի են այն մրցույթները, որտեղ ինքդ ես քո պրոֆեսորի հետ ընտրում և նվագում այն ստեղծագործությունը, որը քեզ հոգեհարազատ է։ Երաժշտությունը շատ  շերտեր ունի, որքան  խորանում ես այնքան նորերն ես հայտնաբերում, այնքան հեռուն ես տեսնում։ Երաժշտական աշխարհը մուտք գործող ամեն մի երաժիշտ յուրովի է ընկալում  և կատարում այս կամ այն ստեղծագործությունը։ Եւ այդ պատճառով է, որ նույն ստեղծագործությունը տարբեր հնչողություն է ունենում։ Դա է  երաժշտական ստեղծագործության գաղտնիքը»։   

 

                                                                 ՀԱՂԹԱՆԱԿԸ ԱՎԵԼԻՆ ԱՆԵԼՈՒ ՀԱՎԱՏ Է ՆԵՐՇՆՉՈՒՄ

  «Ապրելու ցանկություն» վերնագրով ֆիլմը,  վավերագրական ժանրի գործ է։    Հեղինակը Մարիամ Ավետիսյանն է։ Ջահել է, գեղեցիկ և անկեղծ։ Խոստովանում է, որ հաջողությունը այնպիսի հեղինակավոր մրցապայքարում, ինչպիսին Կաննի միջազգային փառատոնն է, անհավատալի ու անսպասելի էր, բայց միաժամանակ  շատ ոգևորող։  Նկարահանման աշխատանքները նախաձեռնելիս և վերջացնելուց հետո էլ, երևակայել անգամ չէր կարող, որ այն հնարավոր  է ներառվի  ամենանշանավոր  կինոփառատոնի մրցութային ծրագրում։ Եւ, որ մեծահամբավ փառատոնի ժյուրիների անդամներն նկարը գնահատելու են երկու՝  «Տեղաբնակ մարդկանց մասին լավագույն ֆիլմ»  և «Վավերագրական լիամետրաժ լավագույն ֆիլմի ռեժիսոր» անվանակարգում սահմանված մրցանակներին  արժանացնելով։   

  Մարիամը արդեն գիտի, որ նման հաղթանակը առաջ գնալու և ավելին անելու հավատ է ներշնչում։ Եւ ավելացնում. «Նաև ոգևորում է։ Ֆիլմը իմ ծննդավայրի մասին է։ Այսօրվա Արցախն է։ Արցախցիների  հետպատերազմյան կյանքն է։ Արցախը պահող մարդիկ են ֆիլմի հերոսներն ու այդ մարդկանց կենսագրությունն է»։
 Մարդիկ են, որոնց կյանքը պատերազմը խաթարել է։  Մարիամը   «հետպատերազմյան կյանք» բառակապակցությունն է օգտագործում, թերևս մերժելու համար այն փաստը, որ իր  ծննդավայրում կրակոցները դեռ շարունակվում են ու մարդիկ են զոհվում։ Կռիվն չմարելու այս անօրեն ու հակամարդկային  եղանակին  չանդրադառնալու պատճառը,  թերևս  այն է, որ  նա հակառակորդի առավել զազրելի դրսևորումների ականատեսն է եղել պատերազմի թեժ ամիսներին։ Եւ Ֆիլմի գաղափարը ծնվել է հենց այդ շրջանում։ «Այն օրերին հետապնդող մի միտք կար՝ ի՞նչ կարող եմ անել հայրենիքիս օգնելու համար»։  Եւ աշխարհի երկրների անտարբեր թողտվությամբ ընթացող պատերազմի ու  Արցախի արդար պահանջի և պայքարի մասին  պատմելու համար կինոլեզուն  էր ընտրել։  Երբ արդեն ավարտվել էին նկարահանման աշխատանքները  մի խնդիր  ծագեց՝ ի՞նչ դնել վերնագրիրը. Այն պետք է ֆիլմի բովանդակային իմաստին համահունչ լիներ.  «Շատ երկար տևող մտմտումներից ու փնտրտուքներից հետո մայրիկիս հետ որոշեցինք «Ապրելու ցանկություն» կոչել։ Քանի որ  ֆիլմի հիմնական նպատակն ու խնդիրը հենց դա է՝ արցախցին ուզում է իր հայրենիքում ապրել։ Արցախցին դարեր շարունակ իրեն պատկանող ու իրեն ժառանգված հողն է ուզում պահել ...»

  Սա է ֆիլմի կարևոր ասելիքը։ Եւ  փառավոր հաջողությունից հետո տարբեր մայրցամաքներում  այն ցուցադրվելու  համար  Մարիամը շնորհակալությամբ առանձնացնելով, շեշտում է հատկապես սփյուռքահայերի  աջակցությունը.  «Սփյուռքի արձագանքը շատ դրական էր։ Շատ աջակիցներ ունեցանք նաև մշակույթի ու մեդիայի ասպարեզի նշանավոր մարդիկ օգնեցին։ Եւ ֆիլմը ներկայացվեց Կանադայում, Ավստրիայում, Միացյալ նահանգներում, Ռուսաստանում։ Հաջողություններով սկսված ճանապարհը դեռ շարունակվում է»։