ՕՏԱՐԻ ԵՒ ՄԵՐ ՍԻՐՈ ՉԱՓԸ

 

  Ուրեմն, եկել մշակութային հետքեր են փնտրում, ապացուցելու համար, որ այն, ինչ դարերի ընթացքում ստեղծել  ես, քո մշակույթը չի, այլևս։ Իրենցն է։ Համոզում են։ Վկայություններ ներկայացնելու  համար «ուսումնասիրական» աշխատանքներ են վարում, «գիտական խմբեր» են կազմավորում, միջազգային խոշոր կենտրոնների ու հաստատությունների  են դիմում։ Գործում են անխոնջ։ Իսկ մենք լրագրողական մակարդակով այս ամենի  մասին երկրի ներսում  բարձրաձայնում և շարունակում ենք ապրել....  

  Մենք  մեր ունեցածի տեղը չգիտե՞նք, թե՞ ծուլանում ենք միջազգային ճանաչում ունեցող հեղինակավոր  մասնագետների արդեն հրատարակված աշխատանքները մեջտեղ բերել։  Ինչո՞ւ ենք,  ուր որ հարկն է, ինչպես որ կարգն է ներկայացնելու իրավունքից  օգտվելու փոխարեն, այսչափ անտարբեր մնում։   Անբացատրելի ու անհասկանալի է մեր որդեգրած վարքը․․․  Օրեցօր  կուտակվող հարցեր են, որոնց ընթացք չտալու դեպքում նոր կորուստներ ենք ունենալու։ Հիմնարար գործեր կան, որոնք ի տես դնելու խնդիրը դժվար չէ լուծել։

  Երբ, օրինակ հոխորտում են Գորգարվեստը իրենցը լինելու մասին,  կարող ենք, չէ՞  հիշելով-հիշեցնել  մեծանուն գիտնական Ֆոլքմար Գանցհոռնի ներքոհիշյալ աշխատությունը, որպես լավագույն վկայություն, ապացույց...

                                                                                        

                                                                                              ՀԱՏՎԱԾ-ՀԻՇԵՑՈՒՄ

  Ֆոլքմար Գանցհորնի “Քրիստոնեա-արևելյան գորգը. ակունքներից մինչև XVIII դարն ընկած պատկերագրական և պատկերագիտական զարգացման ուրվագիծ” աշխատության մեջ քննության է առնվում և ներկայացվում արևելյան գորգի ծագման և զարգացման 1500-ամյա պատմությունը: Պատմական, մատենագրական հարուստ նյութի, ինչպես նաև աշխարհի տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում պահվող հնագույն նմուշների համադիր մասնագիտական քննությամբ հեղինակն ամրագրում է այն տեսակետը, որ արևելյան գորգի բոլոր զարդաձևերն ու հորինվածքային մոտիվները սերում են հայկական մշակութատարածքից: Գիտական շրջանառության մեջ դնելով հնագույն հորինվածքների, մոտիվների, զարդանախշերի ամբողջ պատկերը՝ հեղինակը վեր է հանում հայկական գորգի գաղափարական ու գեղարվեստական առանձնահատկությունները:

  Հայոց պատմության բախտորոշ՝ բնիկ տարածքներից բռնի տեղահանման ու արտագաղթի դրվագների քաջ իմացությունն ու վերլուծությունը մի կողմից, հազարից ավելի նմուշների պատկերագրության, ոճի քննությունը մյուս կողմից, հեղինակին բերում են այն եզրակացության, որ աշխարհով մեկ սփռված հայ գորգագործները՝ իբրև առաջին, անդավաճան քրիստոնյաներ, գորգին էին հանձնում իրենց հավատի գաղտնագիր խորհրդանշանները: Գիտական անաչառ դիրքորոշման ավելի քան խոսուն վկայությունը 1990 թվականին լույս տեսած գերմաներեն առաջին հրատարակության ներածության մեջ իր իսկ՝ դոկտոր Ֆոլքմար Գանցհորնի ձևակերպումն է. “Արևելյան գորգերի զարդանախշային գանձարանը կազմում է հայկական ինքնության մի մասը և որպես այդպիսին էլ պետք է ըմբռնվի”:

  Հանրագիտարանային բնույթի ծավալուն այս աշխատությունը՝ 534 էջ, աննախադեպ պատկերային հիմքով` հազարից ավելի նմուշներ և գծանկարներ, գերմաներեն կրկնակ վերահրատարակությունից զատ հրատարակվել է անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն լեզուներով՝ բազմահազար տպաքանակով: Նրա լույս ընծայումը՝ հայերեն թարգմանությամբ, մշակութային իրադարձություն է, գորգագիտության յուրատեսակ ձեռնարկ, հայոց պատմության ու մշակույթի տարբեր խնդիրների առաջադրման ու մեկնության յուրատեսակ հրավեր՝ մերօրյա և ապագա գիտնականներին:

 

  Քաղվածք

  Դոկտոր Ֆոլքմար Գանցհորնի գրքի ներածությունից.

  “Հեղինակի փափագն է ոչ միայն զրկել արևելյան գորգը հատակի տրորելի, կոխկրտելի երեսարկ լինելու ճակատագրական փառքից (առաջին անգամ “բարբարոս” եվրոպացիներն այն քայքայեցին իրենց կոշիկներով), այլև արթնացնել այն բանի գիտակցությունը, որ այդ մանածագործական արտադրանքները հավատացյալ քրիստոնյաների “անառարկայական սրբապատկերներ” են, արևելա-քրիստոնեական եկեղեցիների պաշտամունքային առարկա և այլ մանածագործական իրերի հետ մեկտեղ, հայկական արվեստի, թերևս, մեծագույն ավանդն է համաշխարհային արվեստի պատմության մեջ: Սա պետք է մի տեսակ փոխհատուցում լինի մի ժողովրդի, որն իր ավելի քան 2000-ամյա պատմության ընթացքում, Արևելքի և Արևմուտքի միջև ընկած աշխարհագրական դիրքով պայմանավորված, ավելի շատ է տառապել, քան ուրիշ որևէ մեկը, անհաշիվ անգամներ կիսվել, շահագործվել, թալանվել, վտարվել, տեղահանվել, ճորտացվել, սրի քաշվել և անարգվել, անգամ զրկվել իր արվեստից, որի հեղինակային իրավունքը հետագայում չիմացությամբ կամ մեքենայությունների միջոցով վերագրվել է նվաճողներին: Արևելյան գորգերի զարդանախշային գանձարանը կազմում է հայկական ինքնության մի մասը և որպես այդպիսին էլ պետք է ըմբռնվի։

   

«ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ԱՅՆ, ԻՆՉ ԳՐԵԼ ԵՄ ԻՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍՆ Է, ՈՐՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՈՒ ԵՍ ԱՅՆ ԱՐԵԼ ԵՄ ՄԵԾ ՍԻՐՈՎ». – ՖՈԼՔՄԱՐ ԳԱՆՑՀՈՐՆ