ՌՈՒԶԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ / ԱՅՈ, ՄԻ ԼՈՒՅՍ Է ՍԱ, ԲԱՅՑ ԳԻՇԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԽԱՎԱՐ ԷՐ…

 

     Ծիծեռնակաբերդում, ուր խտանում է վերհուշը պատմական խոր մի բեկվածքի, կա մի պատ, որն, ասես ոչ միայն հուշակոթողից, այլեւ   հորիզոնի գծից է հատվում։  Պարզ, նույնիսկ շատ սովորական պատ է թվում, բայց տեղեկանալով, թե ինչ խորհուրդ է կրում, հասկանում ես, որ այն յուրօրինակ կապ  է հաստատում երկրային ու երկնային աշխարհների միջեւ։ Թանկ հիշատակներ պահող պատ է։ Այստեղ  ամփոփված են մասունքները մեծագույն այն անհատների, որոնք գերագույն խիզախման ու զոհողությունների գնալով զորավիգ են եղել մեր ժողովրդին դժվարին այն շրջանում, երբ Թուրքիան հայությանը ոչնչացնելու հրեշավոր ծրագիր էր իրականացնում։ Բազալտե սալիկների վրա փորագրությունները հուշում են նրանց անունները՝ Թեոֆիլ Նանսեն, Մորգենթաու, Ֆրանց Վերֆել, Արմին ՎԵգներ եւ այլք։ Հզոր կամք ու վարք ունեցող մեծ հումանիստներ, որոնք հայերի կողքին կանգնելով, հայերի դեմ իրագործված եղեռնական ոճրագործությունները հաստատող բազում վավերագրած նյութեր, լուսանկարները եւ այլ վկայություններ են թողել։ Եվ այդ ամենը ժամանակին հանձնելուց առաջ՝ որպես անժխտելի հիմնավորումներ աշխարհի երկրներին ներկայացնելով, կոչ արել առաջադեմ մարդկությանը ոչ միայն դատապարտել, այլեւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մարդկանց հանդեպ ունեցած խոնարհումն ու հարգանքը հայությունը արտահայտել է նաեւ այսպես՝ Ծիծեռնակաբերդում, Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող համալիրում ինքնատիպ այս պատը դնելով։ Մտահղացումն իտալահայ բարերար՝ Պիեդրո Քուչուկյանինն է։ Նշենք, որ Պ. Քուչուկյանի այս մտահղացումը խրախուսել և այն իրականացնելու համար մեծ աջակցություն է ցուցաբերել 1994-2004թթ Իտալիայում Հայաստանի հանրապետության լիազոր-դեսպան Գագիկ Բաղդասարյանը:

  Նախ բերվեց Արմին Վեգների աճյունասափորը։ 1995 թվականն էր։ Արարողությանը մասնակցելու եւ այն նկարահանելու համար Երևան էին ժամանել իտալական RAI-2 hեռուստաընկերության ստեղծագործական խումբը, Ա. Վեգների որդին՝ Միշա Վեգները։ Սա նշանակում է, որ նկարահանված նյութը հեռարձակվել է եվրոպական երկրների հեռուստալիքներով։

  Հուշաքարը, որի վրա գրված է՝ Կարեն Յեպպե դրվել է 2007-ի ապրիլի 29-ին։ Կարեն Յեպպեի անվանասափորը բերվել է Հալեպից։ ի դեպ, պետք է շեշտել, որ այս շարքում առաջին ու վերջին չկա ու չի կարող լինել, որովհետեւ մարդիկ են, որոնցից յուրաքանչյուրն իր անհատական նկարագրով ու իր նվիրական գործով բացառիկ են.

     Ծիծեռնակաբերդի հուշապատի բազալտե քարերի վրա գրված յուրաքանչյուր անվան տերն այնպիսի կյանք է ապրել, որ կարող է փնտրված թեմա դառնալ ոչ միայն վավերագրական, այլեւ գեղարվեստական ժանրի գործերի համար։

 Կարին Յեպպեյի պարագան, սակայն ուրիշ է։  Առեղծվածային  կերպար էր։ Նա հայոց ջարդի ակամա ականատեսը չի եղել կամ էլ թե հանգամանքների թելադրանքով չի հայտնվել ողբերգական իրադարձությունների շրջապտույտում։ Դանիայում ծնված ու մեծացած երիտասարդ աղջիկը կարծես իրեն վերապահված ճշմարիտ ճակատագրի տեր կանգնելու համար է հեռացել ծննդավայրից ու հարազատներից եւ մեկնել դժոխային հալածանքների ենթարկվող անծանոթ ժողովուրդի երեխաներին օգնելու, նրանց ֆիզիկական ու հոգևոր բնաջնջումից փրկելու համար։ Նուրբ դիմագծերով մանկամարդ ուսուցչուհին  ինչու՞ է   թողել իր հայրենիքը՝ Դանիան ու հասել օտար այն եզերքները, որտեղ մահն ու չարիքն ամենօրյա հյուր էին։ Կամավոր արված ընտրություն էր, թե՞ վերին  թելադրանքով տրված առաքելություն։

  Հայերի հետապնդումների ու համիդյան ջարդերի մասին Կարինը տեղեկացել է Մարդու իրավունքների առաջին պաշտպաններից մեկի՝ Բենեդիկստենի գրքից։ Այս մարդն եղել էր իրադարձությունների կենտրոնում, այցելել էր Ուրֆայի Գերմանական Արեւելյան Առաքելության որբանոցը, որը գլխավորում է Յոհաննես Լեփսիսուսը։ Իր տեսածի ու որբանոցում  պատսպարված 1894-1896թթ համիդյան ջարդերից փրկված հայ որբերի մասին պատմող նրա հեղինակած գիրքը ցնցող տպավորություն  էր գործել Կարինի վրա։ Նույն՝ Բենեդիկստենից, որը Դանիայում հիմնադրել էր «Հայերի բարեկամների ընկերությունը», նա իմանում է, որ Լեփսիսուսի որբանոցը ուսուցչի կարիք ունի։ Հասկանում է, որ հապաղել չի կարելի։ Եվ 1903-ին, Կարին Յեպպեն շվեյցարացի քահանա Յակոբ Քյունցլերի հետ ճանապարհ է ընկնում։ Նրանք Իտալիայի վրայով անցնում են Ստամբուլ, ապա  մեկնում Մերսի, որտեղից էլ հասնում են Ուրֆա։ Այս երկար ուղին անցնելիս, նա չգիտեր իհարկե, որ հրեշավոր արհավիրքների  կենտրոնում հայտնվելով, մարդկային երևակայությունից դուրս  այնպիսի ոճրագործությունների ականատեսն էր դառնալու, որ դժոխային տեսիլքներից ազատվելու համար մի քանի անգամ ինքնասպան լինելու փորձ էր անելու։

    Երբ հասավ Ուրֆա մի տարի ոչինչ չձեռնարկեց։ Նախ սովորեց հայերեն, ապա արաբերեն, քրդերեն եւ թուրքերեն։ Թվարկված լեզուններին տիրապետելուց հետո միայն Կարինը սկսեց մանկավարժական գործունեությունը։ Որոշ ժամանակ անց երիտասարդ ուսուցչուհին իր սաներին ասում է. «Սովորելը չի բավեր, պետք է նաև աշխատեք»։ Եվ քանի որ տաղանդավոր կազմակերպիչ էր ապա ինքն էլ աշխատանքային կենտրոններ է ստեղծում։ Նրա նախաձեռնությամբ։ Ուրֆայում բացվում են մետաքսագործության, հելյունագործության, ասեղնագործության արհեստանոցներ։ Զարմանալին այն է, որ այդ արհեստանոցներում գործված ժանեկահյուս ու ասեղնագործ արտադրանքները հետագայում աշխարհում մեծ  հռչակ ու համարում  ստանալով, լայն տարածում ունեցան։ Այս ամենը, սակայն չի գոհացնում Կարինին։ Նա Ուրֆայի լեռներում մի հողատարածք է գտնում եւ այստեղ խաղողի այգի տնկելու առաջարկով օգնության կանչելով, աշխատանքի տեր դարձնում հայ գյուղացիներին։ Շատ կարճ հատվածում  նյութական բարիք բերող այս գործն  մեծ թափ ու զարգացում ստանալով, ավելի է ընդլայնվում։ Կարծես ամեն ինչ նախատեսված հունով էր ընթանում։  «Ուրֆայի օրիորդի» օգնությամբ  որբության  ցավն ու աղքատությունը մեղմանալով, երեխաների վիշտը ինչ-որ չափով նահանջում են ասես, ու նրանք մեծ կյանք էին մտնում ոչ միայն գրագիտություն ստանալով, այլեւ մասնագիտություն ձեռք բերելով։ Բայց դժբախտությունը կրկին բախում է հայոց դուռը։ Ավելի ճիշտ, ոչ թե բախում, այլ վայրագորեն ներս խուժելով, նորից մահ ու ցավ է սփռում։ Մեծ կոտորածը սկսվելու գիշերը Կարինը քնած էր Ուրֆայի իր տանը։  Նրան փրկում է տեղի շեյխերից մեկը։ Բայց շեյխի առաջարկած ապահով ապաստարանը  իր համար չէր… Շեյխը   չկարողացավ նրան երկար պահել, որովհետեւ Կարինը  ձեռքերը ծալած անգործ մնացող ու սպասող մեկը չէր։ Նրա սիրտը մղկտում էր, նրա սիրտը նվաղում էր այն մտքից, որ իր սաները, իր երեխաները կարող են նորեն գազանի երախում  հայտնվել։  Անվտանգ ապաստարանը լքելու ու ճամփա ընկնելու պահին վախը կամ զգուշավորությունը չէին նրա ուղեկիցը, այլ մահվան ճիրաններից  իր սաներին  փրկելու հույսը։ Հայերի քարավաններին հասնելով, նա կարողանում է օգնության հասնելով, ազատել  որոշ հայ խմբերի։ Մարդասպանների ճիրաններից փրկված երկու երեխա՝ նախ Միսակին, որոշ ժամանակ անց Լուսինեին է որդեգրում։ Այսպիսով կարողանում է հայ մի ընտանիք փրկել: Հետագայում նրա հոգեզավակներն ամուսնանալով, պետք է ընտանիք կազմեին, զավակներ ունենային ու ցեղի շարունակականությունը պահող երակներից մեկը դառնային։ Կարինը փախած-փրկվածներին թաքցնում է մառանում։ Կազմակերպում եւ ջուր է բաժանում քարավաններով անցնող մարդկանց, բռնագաղթվածներին քրդերի ու արաբների շորեր փոխանցելով, նրանց մահվան ճանապարհից ազատվելու հնարավորություն էր ընձեռում։ Մինչեւ 1918 թվականը  երիտասարդ կինը մնում է հայերի կողքին։ Մեծ նախճիրից հետո ասես համեմատական հանդարտ շրջան է սկսվում։ Բայց հրաշքով փրկվածների պես Կարինը՝ հազար-հազարավորների կորուստի ցավը սգալու  ուժը չունեցավ։ Կարինը չկարողացավ հիշողությունից հեռացնել մտապատկերում դրոշմված սահմռկեցուցիչ տեսարանները։ Մեկը՝ մյուսին հաջորդող դժոխային պատկերները  հետապնդում էին նրան ոչ միայն մութ գիշերային, այլեւ ցերեկային ժամերին։ Աշխատելն անհնար է դառնում։ Բժիշկներն ախտորոշում են՝ նյարդային հիվանդություն։ Ստիպված վերադառնում է հայրենիք՝ Դանիա։ Բուժվելու  համար տարիներ են պահանջվում։  Ապաքինված Կարինը, միայն երեք տարի անց, 1921-ին է, կարողանում վերադառնալ ու «իր ժողովրդին տեսնել»։ Այս անգամ «Ուրֆայի օրիորդը» Հալեպում է սկսում իր գործունեությունը: Նախ կառուցում է մի բուժարան, ապա  մանկապարտեզ, հետո հագուստի ֆաբրիկա է բացում և այդպիսով աշխատատեղեր բացում  վերապրողների համար։ Այդ ժամանակ է, որ Դանիա է ուղարկում հայուհիների ձեռագործ աշխատանքներըորոնցից ստացված  հասույթը  նկատելիորեն բարելավում  է գաղթականների վիճակը։ Այդ ամենը, պարզ է հեշտությամբ չէր տրվում: Գոհունակություն կամ էլ թե ուրախություն ապրելու զգալու հիմք էլ չէր տալիս նրան:  Քանի որ արդեն գիտեր՝ ժամանակներն այնպիսինն են, որ ուրախանալու համար վարկյաններն  էլ թանկ են։

  1922-ին, Ֆրանսիացիները լքում են ԿիլիկիանՀայ փախստականների նոր խմբերի հոսքն ավելի է բարդացնում իրավիճակը։

   Կարինին առաջարկում են դառնալ Ազգերի Լիգայի հայ կանանց ու որբերի ազատագրության Կոմիտեի հանձնաժողովի անդամ։ Այդ ժամանակ է, որ Ազգերի Լիգայի անդամները տպավորվելով, չմոռացան երբևէ լսված  ամենակարճ ելույթը։ Կարին Յեպպեն ասաց. «Այո, մի փոքրիկ լույս է սա, բայց գիշերն այնքան խավար է»։ Ազգերի Լիգան որոշում  է կայացնում գումարներ  հատկացնել՝ ստրկացված ու հարեմներում պահվող հայազգի կանանց ու աղջիկներին ազատելու համար։ Յեպպեն արագ կողնորոշվելով գործի է անցնում։ Նրա նախաձեռնությամբ ստեղծվում են «որոնման կայաններ», «առաջին օգնության կայաններ», ուր ապաստանում էին տարբեր տեղերից գնված հայ կանայք։ Բարդ ու խճողված իրավիճակ էր. Հայ կանայք իրենց ստրկացածներից երեխաներ ունեին եւ նրանք ազատության ու զավակի ընտրության խնդրի առաջ հայտնվելով, ստիպված էին լինում մնալ իրենց առեւանգածների մոտ։ Պատահում էր որ այս կամ այն ցեղախմբի նշանով (տրիբու) դաջված հայուհիներն ամաչելով, չէին արձագանքում, չէին ներկայանում իրենց հայրենակիցների կանչին։ Այդուհանդերձ, Կարինն ու նրա կազմակերպությունը կարողացան երկու հազար հայազգի կին ու երեխա փրկել։

  Այս աշխատանքներին զուգահեռ Կարինը ժամանակ էր գտնում և պարբերաբար մեկնում Ժնեւ, որտեղ դրամահավաք կազմակերպելով, շտապում էր ետ «իր ժողովուրդի» մոտ։ Հերթական մի գործուղումից վերադառնալով հանդիպում է իր բարեկամ շեյխին՝ Հաջիմ փաշային, որի հետ   համաձայնության գալով նրա կալվածքներից մի տարածք է վարձակալում, որտեղ էլ հայկական մի գաղութ է հիմնում։ Յեպպեն նաեւ Հալեպից դուրս վեց փոքրիկ գյուղի հիմք դնելով (Թել Արմեն, Թել Սամեն եւ այլն),  նոր վարժարան է բացում, ապա բնակելի տներ կառուցում, արհեստագործական դպրոցներ ու արհեստանոցներ հիմնում, խաղողի այգիներ տնկում։ Այսինքն, անհրաժեշտ պայմաններ ստեղծելով, մահվան հովտով անցած երեխաների առօրյան  հունի մեջ դնելով, փորձում է բնականոն կյանքի վերադարձնել նրանց։ Նրա մարդկային տեսակի առանձնահատուկության մասին է վկայող ուշագրավ ևս մի փաստ՝ Կարինը հավատացյալ էր՝ բողոքական, բայց երբեք չուզեց եւ ոչինչ չձեռնարկեց Հայ առաքելական եկեղեցու ուսմունքից իր սաներին շեղելու համար։

 1927-ին, մարդկությանը մատուցած ծառայությունների համար Կարին Յեպպեն պարգեւատրվում է ոսկե մեդալով։ Կարինը, շարունակում է նույն եռանդով գործելնա ժամանակ է գտնում նաեւ շրջելու Սիրիայի հայաշատ բնակավայրերում, ուր հանդես է գալիս դասախոսություններով։ Բայց մի անգամ այդ շրջագայություններից  վերադառնում է վատառողջ։ Շատ ժամանակ չի պահանջվում հասկանալու համար, որ վարակվել է այն ժամանակների համար անբուժելի մի հիվանդությամբ՝ մալարեա։ Սա արդեն նրա երկնային կյանքի վերջը գուժող հիվանդությունն էր: Կարին Յեպպեն մահացավ 1935 թվականին, հուլիսի 7-ին։ Նրա մարմինը հանգչում է Հալեպում։  Արեւելյան քաղաքի լաբիրինթոսում, սակայն չի ջնջվում-փոշիանում  նրա անունը։ Հալեպում Կարին Յեպպեի անվան վարժարան է բացվում։ Քաղաքում դրվում է մի հուշաքար, որի վրա գրված էր «Հայերի պահապան հրեշտակը»։ Յուրաքանչյուր գոյ իր որոշակի տեղն ունի տիեզերքի համակարգում։ Դանիայում ծնված կինը, որ ուներ «ազատության փիլիսոփայության» իր դրույթները, անձնուրաց վարք դրսևորելով վերապրելու հնարավորություն ստեղծեց հայրենիք կորցրած  հայերի համար։ Նա, որ նուրբ և զգայուն մի հոգի էր, կարեկցանքի ու սիրո շաղախով կերտված,  անծանոթ և օտար  մի ժողովրդի ցավն ու տառապանքը միայն վշտակցելով չէ, այլ նշանակալից գործեր իրականացնելով կիսեց: