ԱՎԵԼԻ ՎԱՏ ՄԻՇՏ ԷԼ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ

«Եթե»-ով սկսվող` կասկածանքի, քամահրանքի, վրդովմունքի, հարցականի շեշտադրումներով արտահայտություններ՝ եթե երկիրը ճգնաժամային վիճակում է, եթե ֆիլմարտադրություն չկա, եթե Հայֆիլմը ծախել են, եթե կինոթատրոնները վերածվել են վաճառասրահների, ապա ու՛մ է պետք…
Երևանյան միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատո՞ն…: Կինոդպրո՞ց, թեմատիկ սեմինարներ՝ համաշխարհային  կինոյի նշանավոր գործիչների դասավանդմա՞մբ ու մասնակցությա՞մբ,  Հայկական ազգային կինոակադեմիա՞, Ազգային արտադրության ֆիլմերի «Անահիտ» մրցանակաբաշխությու՞ն… «Ոսկե ծիրան» առցանց կիոփառատո՞ն… Ու՞մ է պետք, ու՜մ է պետք, ու՛մ է պետք:  Կարճ այս արտահայտությունը, սակայն  ինչպես Հովհաննես  Թումանյանի հեքիաթում, անսանձ քամու տարերքին  ենթարկվելով, մասնատվել-սղվելով, դառնում էր՝ «պե՛տք է, պե՛տք է, պե՛տք է»… Եվ հենց   այս արձագանքով էլ տարածվում երկրի սահմաններից դուրս: Խստապահանջ ենք, հատկապես մերոնց ու հատկապես իրական արժեքների ու դրանց  ստեղծողների  հանդեպ:  Զարմանալին այն է, որ Հաֆիլմը վաճառելու, կինոթատրոնները վաճառասրահներ դարձնելու, Կինոտան ճարտարապետական նկարագիրը խաթարելու և հարակից տարածքների հետ օտարելու, ինչպես նաև Դիլիջանի ստեղծագործական տունը վաճառելու ընթացքում, առանձնապես շատ բողոքավորներ չեղան ու  եղածների ձայներն էլ շատ արագ խլացվեցին: Ուրեմն, դա էր պե՞տք:
«Ամեն մեկդ» հունարեն «hekastos» բառի թարգմանությունն է, որն «առանց բացառության յուրաքանչյուրը» կոչական իմաստն է կրում:
Ամեն մե՞կն է, երկրի անկախության հռչակումից հետո մշակույթի ասպարեզում կատարվող փոփոխությունների ավերիչ հետևանքների մասին բարձրաձայնել կամ էլ թե համախմբվելով, արվեստի սեփական ոլորտի կառույցները կաթվածահար անող գործընթացները կասեցնելու առաջարկություններ արել: Տարբեր փուլերում, տարբեր իրավիճակներից ելնելով, տարբեր մոտեցումներ է ցուցաբերվել: Ոմանք համագործակցելով նպաստել են փլուզման գործընթացին, ոմանք  համակերպվելով մի կողմ  քաշվել, ոմանք համախմբվելու և  ստեղծված իրավիճակը եթե ոչ շտկելու ապա փակուղու առաջ չհայտնվելու կոչով հանդես եկել:  Նման կոչով հանդես եկողներից մեկը կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանն էր: Նա  ազգային կինոյի ապագայով իր մտահոգությունները  հրապարակավ ներկայացնելով, մեկ այլ համատեքստում հնչեցրեց նույն՝ «ու՞մ է պետք» արտահայտությունը:  Բայց  կասկածանքով էր ասել,  հետո  ինքն էլ  մերժել էր այն,  վստահ, որ նման  մտայնությունից պետք է ձերբազատվել, քանի որ դա խանգարում է  հանրության ու պետության շահերին նպաստող կառուցվածքային գործառույթներ իրականացնելու և մասնավորապես մշակութային  միավորներ ձևավորելու ընթացքին: Իսկ որ պակաս կարևոր չէ՝ այդպիսի հարցադրումն  իրավիճակի թելադրանքին ենթարկվելու,  անգործության հետ հաշտություն կնքելու պես մի բան է: Մինչդեռ  հարմարվելու փոխարեն անհրաժեշտ  է լուծումներ  գտնելով, լուրջ քայլեր ձեռնարկել երկրի  քանդվող մշակութային կառույցները, ուրեմն և կինոկառույցը (ճարտարապետական շինություններն այն ժամանակ դեռևս կինոմիությանն էին պատկանում), նորոգելու և գործուն պահելու համար: Հաջողության երաշխիքներ ապահովողն  էլ մենք պետք է լինենք, մեզանից  ամեն մեկը: Այս հարցադրում – առաջարկները Հ. Խաչատրյանը մեջտեղ է բերել նաև մամուլին տրված հարցազրույցներում, որոնցից ստորև ներկայացվող մեջբերումներն ընտրված են տարբեր տարիների երկու տարբեր՝ «Կինո» և «Արար» պարբերականներից: Նույն հարցին՝ երկու տարվա ընդմիջումով, երկու տարբեր պատասխաններ.
1993 թ.
Հարց. - Ի՞նչ եք մտածում ազգային կինոյի ներկայիս  իրավիճակի մասին: Հայկական կինոն հակառակ առկա բոլոր դժվարություններին  կա՞  ևշարունակում է զարգանալ, թե՞...
Հ. Խաչատրյան. - Կինոն մեռնում է միայն նրանց համար, ովքեր դադարում են կինոյով զբաղվել, այն մահանում է նրանց հոգում: Այո, այսօր կինոն շատ դժվարություններ ունի, բայց ոչ նրանց համար, ովքեր ուզում են աշխատել: Ստեղծագործելու ցանկությունը միշտ ավել զորեղ է և ուզածդ դժվարություն հաղթահարելու ունակություն ունի: Այսօր շատերն են արվեստը  լքել և  մեծ քաղաքականության ասպարեզ մտել, չհասկանալով, որ ամենամեծ ու ամենակարևոր քաղաքականությունն արվեստն է, որի օգնությամբ, որի միջոցով հնարավոր է ձեռք բերել այն, ինչին չեն կարող հասնել ամենահմուտ դիվանագետներն ու քաղաքագետները…
Ընդամենը երկու տարի անց արդեն այսչափ լավատես չէր արվեստագետը, քանի որ  համակարգի փլուզմանը զուգահեռ, փլուզվում էին երկրի կարևոր միջնասյուններ հանդիսացող գիտական և մշակութային կառույցները: Այն ամենն, որ կարևորվել ու արժևորվել էր ոչ թե վերագործարկվում կամ նորոգվում էր, այլ նախ անուշադրության էր մատնվում, ապա փլուզման ենթարկվելով՝ դուրս էր մղվում մեր իրականությունից: Ուրեմն, ամեն մեկն ինքը պետք է դառնար իր կոչման ու իր ընտրած ասպարեզի տերն ու պահակը: Պաթետիկ խոսք ու կեցվածք մերժող Հ. Խաչատրյանը կինոյի մոգական զորության հավատացողն էր, և գիտեր նաև, որ՝ «միայն այն պետությունն է ուժեղ, որը սրբորեն  պահում է անցյալի խորհուրդները»:
1995թ.
…Այսօր հայկական կինոն հայտնվել է մի մեծ փակուղու առաջ: Կինոմատոգրաֆիստը խեղճ վիճակում է: Կախյալ վիճակում է: Կինոն ֆինանսական մեծ մեքենայի պահանջ է դնում: Մինչև այդ հզոր մեքենան գործի չդրվի մի փոքր տարածք չես կարող անցնել: Հայտնի բան է՝ միայն ֆինանսական ապահովության պայմաններում է հնարավոր ֆիլմ նկարահանել: Եւ կարող է ծիծաղելի թվալ, որ մեր այս  պայմաններում  այդպիսի մեծ ծախսեր կլանող գործի  պահանջ է դրվում: Սա է, որ կարող է՝ «Ու՞մ է պետք» հարցի առաջ կանգնեցնել: Երբեմն ինքս էլ եմ մտածում՝ գուցե իսկապես պետք չէ, գուցե հրաժարվե՞նք կինոգործեր ստեղծելու մտքից: Գուցե՞ մեկ ֆիլմի համար պահանջվող 300 հազար դոլարը (ես դեռ նվազագույն գումարն եմ ասում), հենց մուրացկան երեխաների ապրուստն ապահովելուն տրամադրենք: Եւ հոգիս ավելի է ցավում այդ մտքերից: Այդ մտքերին տրվելիս, երբեմն քեզ ցեխի մեջ ես տեսնում ու ցեխի մեջ խրված աստվածային մտքեր են ծնվում: Ըմբոստանում ես ինքդ քո դեմ՝ ինչպե՞ս, թե կինո պետք չէ: Իսկ եթե հոգու պահանջ է: Եթե մշակութային ավանդույթներդ շարունակելու խնդիր կա: Վերջապես, չէ՞ որ մարդը, ուրեմն և ազգը, միայն հացիվ չէ… Մեզ մոտ, նույնիսկ, որպես ազգային ինքնության արտահայտության միջոց.- կինոն պե՞տք է պահպանել, թե՝ ոչ,- հարցն է անտեսվում: Ինքնահոսի թողնված արվեստի այս բնագավառին որևէ մոտեցում չի ցուցաբերվում: Գործը խոսակցությունների շրջանակներից դուրս չի գալիս: Իսկ պարապ խոսակցություններով ու անհեռանկար առաջարկներով մշակույթ չի ստեղծվում: Մշակույթի խնդիրները ստանձնած մարդիկ իրականում  զբաղված են  պաշտոնական ընդունելություններ, հանդիպումներ, արտասահմանյան ուղևորություններ, զանազան միջոցառումներ, այսօրինակ հազար ու մի գործեր անելով, որոնք կլանում են նրանց ժամանակը: Եւ այդ շրջապտույտի մեջ հիմնահարցերը մի տեսակ դուրս են թողնվում:
Հայկական կինոն կարող ուժերի պակաս չի զգում: Եւ չի զգացել: Աշխարհը գիտի հայկական կինոն: Եւ պետք չէ հիշատակել, թե որտեղ կամ որ կինոստուդիայում են նկարահանվել Փարաջանովի կամ Փելեշյանի ֆիլմերը: Անհերքելի է, որ դրանք հայկական կինոմտածողության արդյունք են ու ստեղծվել են այն ժամանակ, երբ կինոն շարժող մեքենան նույն տեղից էր կառավարվում և փոքր ազգերի կինոերկերը ոչ միայն լավ ֆիլմեր նկարողների, այլև բարձունքներ գրավողների շարքում տեղ ունեցան: Դա հնարավոր դարձավ, որովհետև  շուկա կար, մշակութային քաղաքականություն կար: Լավ, թե վատ լինելը քննության առարկա չդարձնենք: Փաստենք, որ ահռելի բացեր ունեցող ժամանակի այդ հատվածում արվեստի, նաև կինոյի գործեր էին ստեղծվում: Եւ հիմա եթե  նման ֆիլմեր չեն նկարահանվում, ապա դա ոչ թե ստեղծագործող ուժերի, այլ մի շարք կարևոր օղակների  բացակայության պատճառով է…
 
                                                  * * *
   «Ժողովրդի մեծությունը, նրա ներդրումը մարդկության պատմության մեջ որոշվում է ոչ թե պետության հզորությամբ, զարգացած տնտեսությամբ, այլ հոգևոր մշակույթով».-Ն.Բերդյաև.
Ժամանա՞կն է կարևորում անհատին, թե` հակառակը… Այնպես է թվում, թե Հ. Խաչատրյանը այն արվեստագետներից է, որը ժամանակն ընկալում է, որպես յուրաքանչյուր մարդու տրված դատավճիռ: (Սա, թերևս նրա ապրած կյանքի ու ստեղծագործական կենսագրության որոշ փաստերի հիմքով արված դիտարկում է): Եւ այս հանգամանքը հաշվի առնելով է նա Ժամանակի հետ հարաբերվելու իր ուղիները փորձել ճշտել, ապա և անցյալի խորհուրդները պահելով, ներկան արժևորող  գործեր նախաձեռնել ու իրականացրել: Իսկ  հատկապես՝ ի՞նչից սկսել հարցի պատասխանը նա կարող է վերագրել հին ու նոր ընկերներին կամ օտար քաղաքում պատահաբար հանդիպած մի մարդու: Չնայած օտարազգի այդ կինոգործիչի՝ կես կատակ, կես լուրջ ասվածը բարեկամական խորհուրդ կամ էլ առաջարկ չի  եղել: Եւ այդ պատճառով էլ այն որպես մարտահրավեր էր ընդունվել: Այդ մարդը Հարություն Խաչատրյանին ասել էր. «Էդ ի՞նչ երկիր է քո Հայաստանը, որ մի կինոփառատոն էլ չունի»…
Այն, որ ամեն անհատ իր առասպելն ունի, հայտնի ճշմարտություն է: Ճշմարտություն է և այն, որ քչերն են կարողանում սեփական առասպելն իրականություն դարձնել, քանի որ դրա համար պետք է կարողանալ ոչ միայն ճանապարհ խոտորող խոչնդոտները հաղթահարել, այլ ճակատագրի պարտադրանքը հնազանդ չընդունելու հանդգնություն ունենալ: Հարություն Խաչատրյանը ոչ միայն հանդգնություն, այլ նաև համառություն էր ցուցաբերել իր ճանապարհը սկզբնավորելու և հաստատուն քայլերով առաջ գնալու համար: Բայց այս մատահրավերը նաև նոր դուռ բացելու առաջարկ էր, որն ընդունելու ոչ միայն համարձակություն ցուցաբերեց, այլև հերքեց այն տարածված կարծիքը, թե տաղանդավոր արվեստագետները կազմակերպչական ջիղ չեն ունենում:
Տարին չբոլորած կինոաշխարհն իմացավ  նոր՝ Երևանյան  միջազգային կինոփառատոնի գոյության մասին: Փառատոն, որն  երկիրն ու երկրի  պատմությունները  ներկայացնելու  միջոց և  մշակույթների զարմանահրաշ խաչմերուկ դարձավ, նաև օտար եզերքներում հայտնված հայազգի կինոգործիչներին հայրենիքի հետ կապող կամուրջ հանդիսացավ: Համարձակ մտահղացումներ, հետաքրքիր ու տարաբնույթ ծրագրեր իրականացնելով կինոաշխարհի  նշանավոր փառատոների շարքին դասվելով այն նաև մեր երկրի հոգևոր սահմաններն  ընդլայնեց:  Անհավանական թվացող փաստ է և այն, որ Երևանյան փառատոնը կինոաշխարհի քարտեզում կայուն տեղ գրավելու երաշխիքներն ի սկզբանե էր ստացել: Երաշխիք տվողներն էլ հայտնի կինոգործիչներ էին, որոնք ներկա էին գտնվել առաջին «Ոսկե ծիրանի» մեկնարկմանը.
- Դուք միանգամից  շատ  մեծ  քայլ  եք կատարել, քայլ,  որը խոշոր փառատոներին հաջողվում է շատուշատ տարիների ընթացքում. – Լյուդմիլա Ցվիկովա, կինոքննադատ, Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի ծրագրերի ղեկավար, Նիդերլանդներ.
- Փառատոնային Երևանը կարծես դրախտ լիներ. Փառահեղ շաբաթ էր և հայտնությունների լավ ժամանակ. – Աբբաս Քիառուստամի, կինոռեժիսոր, Իրան
- Խոշոր  ու գեղեցիկ փառատոնի ապագա ունի Ձեր հրաշալի «Ոսկե ծիրանը». – Յոս Ստելլինգ, կինոռեժիսոր, Նիդերլանդներ:
Նման բովանդակությամբ կարծիքներ էլի կան, դրանք թերևս առանձին մեկ կամ մի քանի նյութի թեմա կարող են հանդիսանալ: Իսկ ավելի ստույգ, առաջինին հաջորդած տարիների ընթացքում երևանյան փառատոնի դերն ու նշանակությունը կարևորող նաև  մասնագիտական խորագիտակ դիտարկումների խոսքային արտահայտությունները  խստագույնս ընտրության պարագայում անգամ  երկհատորյակի հիմք կարող են դառնալ:  Թե՝ ասելիքով թե՝ գեղարվեստական խոսքի շարադրանքով, նաև մեր երկրի ու նրա մարդկանց նկարագիրը բնութագրող հրաշալի վկայություններ են: Դրանցից մեկն էլ, որ  առանձնացնել ուզեցի:  «Ոսկե ծիրանի»  երկարամյա պատվավոր նախագահ՝ Ատոմ Էգոյանի  խոսքն է. «Արվեստի իր ընտրած ասպարեզը տափաստանից օազիս դարձնելու համար անհատական ի՛նչ ներուժ, ի՛նչ էներգիա պետք է ունենա մարդը»: Արվեստակից  ընկերոջը Հարություն Խաչատրյանի անձի ու գործի բնութագրումն ու որակումն է՝ համատեղ գործունեության  տարիների ընթացքում ձևավորված: Լակոնիկ, ճշգրիտ: Նոր անելիքների  սպասման  ծածուկ երանգով ու հավատով:
Այս հատկանիշներն, ինչպես նաև ներկան իբրև գալիքը տեսնելու Հ. Խաչատրյանի հմտություններն, արդեն իսկ երևանյան փառատոնի գոյությամբ և դրան հաջորդած հիմնարար գործերով են հաստատվել: Հոկտեմբերի 7-ին, Հայաստանի կնեմատոգրաֆիստների միության  համագումարն է կայանալու, որի ընթացքում ոչ միայն նախագահ ընտրելու, այլ ազգային կինոյի առաջընթացն ապահովելու խնդիրը պետք է դրված լինի: Նման խնդիր լուծելու, ժամանակի այս հատվածը հայկական կինոարվեստի համար բեկումնային դարձնելու ներուժ ունեցող անհատը Հարություն Խաչատրյանն է: Այն ժամանակի, որն իբրև դատավճիռ է տրված նրան: Նաև մեզ: Հերիք է ապավինենք պատմությանը, որը սովորեցրել է մեզ, թե ավելի վատ միշտ էլ կարող է լինել: