ՌՈԲԵՐՏ ԷԼԻԲԵԿՅԱՆ.- ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵԼԱԿԵՏՆ Է ՄՏՔԻ ԹՌԻՉՔԻ

Այս տարին Ռոբերտ Էլիբեկյանի համար հոբելյանական է. Հոբելյանը, սակայն նրա համար հիշողության բեկորներ հավաքելու ու եւ իր ստեղծագործությունների նմանությամբ գունային շքեղ մոզաիկա ստեղծելու առիթ չդարձրեց, բնավ: Թեպետ նման փորձ արվեց ու նախաձեռնողները տարբեր մասնագիտության տեր (արվեստակից ընկերներ, պետական այրեր, արվեստաբաններ, լուսանկարիչներ, լրագրողներ եւ այլք), հարազատ, ծանոթ եւ անծանոթ մարդիկ էին: Նրա արվեստը, նրա անձն ու անհատականությունը գնահատողներն ու նրան սիրողները տարբեր եղանակներով, ամեն մեկը յուրովի ուզեց «կերտել» դիմանկարը մի անհատականության, որը այս երկրի, այս քաղաքի աուրան մաքուր է պահում եւ կարող էր ավելին անել եթե նրան այդ հնարավորությունը տրվեր: Նա հաճախ է օգտագործում «հրաշալի է» արտահայտությունը, եւ դա նրա համար զուտ սիրուն բառակապակցություն չէ: Մեկն է, որ կարողանում է դեռ այս կամ այն երեւույթը որպես հրաշք ընկալել ու գնահատել: Մեկն է, որ անկեղծորեն շարունակում է հավատալ հրաշքների: Ուրեմն զարմանալի չէ եւ այն իրականություը, որ Ռոբերտ Էլիբեկյանն է ներկայացնում իր գեղանկարներում: Նրա գործերում մաքուր, սրբության պես մի բան կա, որը նկարի «այն կողմում», խորքում է, եւ որն առաջին, նույնիսկ երկրորդ ու երրորդ անգամ նայելիս, հնարավոր է չտեսնես: «Չտեսնելու դեպքում», սակայն զգում, համոզվում ես, որ կյանքը միայն քո իմացած-ընկալածը չէ, կյանքը խորքային այլ շերտեր ու այլ չափումներ ունի, որը հոգեկանություն, մետաֆիզիկա կամ էզոտերիկա են կոչել մարդիկ: Արվեստագետի երեւակայությա՞ն արդյու՞նք են դրանք, ապրվածի սուբյեկտիվ մեկնաբանությու՞ն, թե՞ հիշողության մեջ սեպված ճշմարտության մասին պատմելու ձգտու՞մ.

-Հիշողությու՞ն... այսօրվա ապրած օրը վաղն արդեն հիշողություն է դառնում, դաժան բան է, չէ՞։ Վաղը այսօրդ հիշողության է վերածվելու։ Մի տարի առաջ կատարված իրադարձությունները նույնպես հիշողություն են։ Հիշողությունը ելակետն է մտքի թռիչքի ու ժամանակի։ Թեպետ ժամանակ ասվածը, ինձ համար որպես չափման միավոր գոյություն չունի։
¨ Ժամանակին հնարավո՞ր է այդչափ քամահրանքով վերաբերվել։
¨ Իսկ ինչու՝ ոչ։ Ի՞նչ է ժամանակը։ Միայն տարեթվեր։ Իրականում մարդը ներքին մի շարժումով, սեփական մեխանիզմով է ապրում։ Նայած թե օրվա մեջ կատարվածից ինչն ես կարեւորում եւ ինչն ես դարձնում քո սեփականությունը ու քո ասած` հիշողությունը։ Հիշողությունը նաեւ մարդկային թուլություններից մեկն է, որը հորինվել է կյանքի շարունակականությունը պահպանել կարողանալու համար։
¨ Անցյալն է, որը նաեւ հիմք է ենթադրում։
¨ Անցյալն է, այո, բայց նաեւ ներկան է ու ապագան։
¨Այսինքն, կյանքի ընթացքը պահո՞ղն է նաեւ։
¨ Շարժու՞մ պայմանավորող երեւույթ։ Չէ՛ հիշողությունը իմ սրտի, հոգու մեջ է։ Ավելի առարկայական՝ իմ ծննդավայրն է, իմ մանկությունը, իմ մայրն է, իմ հայրը, իմ Սիրանույշ տատն ու իմ Երվանդ պապն է… հորս կողմից՝ Հարություն պապս ու Եփեմիա տատս են, որոնց ես չեմ տեսել։ Բայց չեմ ուզում նաեւ, որ նրանք զուտ հիշողության մաս դառնան։ Դրա համար եմ ասում, որ իմ մեջ են ու քանի ես կամ նրանք էլ կան՝ եւ Մինասը եւ Արշիլ Գորկին եւ Ռոսլինը եւ Մոմիկը եւ Աղասին Այվազյան…
¨ Այս տարին Ձեզ համար հոբելյանական է, իսկ նման դեպքերում մարդը ետ նայելու, ինչպես ընդունված է ասել արած-չարածները ի մի բերելու, գնահատական ստանալու, կյանքի կարեւոր դրվագները վերհիշելու առիթ է դարձնում։
¨ Ես այնքան էլ լուրջ չեմ վերաբերվոււմ հոբելյան ասվածին։ Ինձ համար դա կենցաղային, չնայած մի քիչ էլ ծիսական երեւույթ է։ Իհարկե, այդ ամենը հաճելի է, մարդկային ապրումներ, տաք զգացողություններ են, բայց դա նույնն է, թե գեղեցիկ կին տեսնեմ, լուսաբացին արեւծագը տեսնեմ. կնայեմ, կուրախանամ, որ այս օրն էլ իմն է։ Եւ էլի կշարունակեմ անել այն, ինչ մինչ այդ արել եմ: Էդ ամենը ֆիզիոլոգիա է: Մարդու կենսաբանական կառույցի մի տարր է, ինչպես շնչում ես, ուրախանում, տխրում, ժպտում, այնպես էլ ստեղծագործում ես։ Հոբելյանը որեւէ կերպ չի ազդում մարդու կենսակերպի վրա: Ես ապրում եմ այսօրով։ Ժամանակն` անցյալի, ներկայի ու ապագայի տրոհելու սովորություն չունեմ։ Ինձ համար ներկան` այսօրն է, ուրեմն եւ ամենարժեքավորը։ Ընդ որում, բոլորովին կարեւոր էլ չէ արվեստանոց մտնելով կաշխատեմ, թե՝ ոչ։ Կարեւորը, առավոտյան արթնանալն ու արվեստանոց գնալն է, որտեղ ես մի քանի տարի է, ինչ աշխատում եմ. որտեղ ես մոբիլիզացնում եմ ուժերս, ի մի բերում մտքերս, ուր շատ ժամանակ գնում եմ չիմանալով, թե ինչ եմ անելու, կարողանալու՞ եմ մի բան ստեղծել, թե՝ ոչ։
¨ Ուզում եք ասել, որ մինչեւ հիմա այդ հարցը դեռ հուզում է Ձեզ։
¨ Դրա գոյությունն է, որ ինձ ուժ է տալիս։ Ես չեմ սիրում, երբ մուսա կամ ներշնչանք են ասում… սուտ բաներ են։ Դու քո գործի գիտակն ես: Բարձրագույնի տրվածն այնքան էլ մեծ տոկոս չի կազմում, բայց այդ տրվածով է, որ եզակի գործեր են ստեղծվում։ Հիշողություն եւ ժամանակ էինք ասում քիչ առաջ։ Հին վարպետների փորձը կա, որը ինչ որ չափով քոնն է արդեն։ Քեզ ուժ է տալիս այն, ինչ մարդկության գոյության ընթացքում ստեղծվել է: Այն ամենն, ինչ կոչվում է մշակույթ։ Ինձ համար երաժշտությունը, թատրոնը, կերպարվեստը, առհասարակ, արվեստի բոլոր ճյուղերն էլ մշակույթ են։ Մարդկային շփումները, հոգեւոր հաղորդակցությունները, պարզ զրույցը նույնպես մշակույթ է։ Արվեստագետը այդ հիմքով է իր հայացքի ընդգրկածը, նաեւ իր երազներն արտահայտում։ Իսկ ժամանակը ամեն ինչ կսրբագրի։ Սուբյեկտիվիզմի իշխող այս դարում, երբ ամեն մեկն իր համոզմունքը իր ամբիցիան ունի, արվեստագետը հաստատուն մնալու ուժ պիտի ունենա՝ սեփական արժեքի գիտակցությամբ։ Վա~յ այն արվեստագետին, որը ներքուստ տատանվում է՝ կստացվի, թե չի ստացվի հարցի հետապնդումով։ Արվեստի ասպարեզն ընտրած անհատը պետք է շատ ստեղծագործի։ Դա մի ընթացք է, երբ անկումներ ու վերելքներ են լինում։ Եւ դա է հրաշալին։ Դրանք էլ են օգնում։
¨ Առաջինի պարագայում հուսահատությունը հազիվ թե օգնի։
¨ Ես հիմա` այս տարիքիս եմ զգացել, թե ինչու ժամանակին այս կամ այն գործը չի ստացվել: Նշանակում է այն, ինչ կուտակվել է դարերի ընթացքում ու ժառանգվել ինձ, ես դեռ չէի մարսել, կյանքիս տվյալ շրջանում չեմ կարողացել հաղթահարել այն բարձունքները, որ նրանք են նախանշել։
Ի դեպ նման դեպքերում միշտ հիշում եմ մաեստրո Քոչարի խոսքերը. նա ասում էր` ամենադժվարին բարձունք տանող ուղին հատելու կամ գոնե կես ճանապարհն անցնելու երազանքը չունեցող արվեստագետը հազիվ թե նշանակալից հաջողության հասնի։
¨ Դուք այն արվեստագետներից եք, որը տարբեր ժանրերի՝ գեղանկարչական, խեցեգործական գործեր ստեղծելուց բացի նաեւ թատերական եւ օպերային արվեստի ասպարեզում ներկայացումներ ձեւավորելով է նշանավորել ստեղծագործական կենսագրության էջերը։ Կա՞ արվեստի մեկ այլ ասպարեզ, որը Ձեզ սրտամոտ է այնքան, որ ինքնարտահայտման, ինքնադրսեւորման համար մեկ այլ տաղանդով օժտված լինելու մասին էլ եք երազել։
¨ Երգելու ձիրքը։ Շատ եմ երազել։ Մարդկային ձայնը, հրաշք է, չէ՞։ Երբ ունկնդրում ես համաշխարհային մեծություններին... Ա՜հ, ի՜նչ չքնաղ բան է։ Հոգու ճիչ է, մեղեդային հնչյուններով ներքին կուտակումները դուրս հանելու ամենալավ միջոցը։ Վերջերս Դոմինգոյի համերգն էր հեռարձակում Արգենտինայից։ Խենթանալու բան էր։ Մի մարդ ինչպե՞ս է կարողանում իր արվեստի հմայքով հարյուր հազար մարդ հավաքել ու մի կծիկ դարձնել։ Ի՞նչ զորությամբ է կարողանում, ուրախության անմոռանալի պահեր պարգեւելով, բուռն ծափահարությունների արժանանալ։ Նույն էլ լավ թատերական ներկայացման ժամանակ է, երբ վերջում գոռում են դահլիճից` «բռավո, բռավո» եւ հարյուրավոր մարդիկ հոտընկայս ծափահարում են։ Է՝դ ի՜նչ հաճույք է բեմում կանգնածների համար։ Նկարիչներին չեն ծափահարում… նկարչի գործը շատ հավանելու դեպքում կարող են գնել։ Այդքանը: Մեր գործերը ծափողջությունների, ոգեւորության, սիրո բարձր արտահայտությունների չեն արժանանում։
¨ Արվեստի ամեն մի բարձր արտահայտություն էլ կարող մարդու վրա ներազդեցության նման ուժ ունենալ։
¨ Գեղանկարչությունը այդպիսի լայն շառավղով ազդելու ուժ չունի։ Արվեստի այն տեսակ է, որը շատ փակ է, ինչպես նկարիչը։ Ինքս, օրինակ փակ մարդ եմ։ Եւ մարդկանց հետ շփվելու փոխարեն նախընտրում էի աշխատելով, մոռանալ կյանքի պարտադրած դժվարությունները։ Դա էլ էր շատ հետաքրքիր։ Մարդն, առհասարակ մենակ է։ Դա ինձ համար անքննելի հարց է։ Ինչպես մենակ ծնվում ես, այդպես էլ մինչեւ վերջ մենակ ես մնում։ Եւ դա ամենալավ վիճակն է մարդկային, եթե այդպես չլիներ ոչինչ չէր ստեղծվի։ Ինձ այնպես է թվում, որ մենության պահերը արվեստագետին տրված լավագույն պարգեւն է: Քո ժամանակի տերը դու ես եւ ոչ ոք չի կարող խանգարել քո անդորրը։ Երգչին, դաշնակահարին մենության մեջ ստեղծագործելու պահերն կարծեմ հակացուցված են։ Նրանց ստեղծագործում են մեծ լսարանի պարագայում...
- Եւ յուրաքանչյուր գործի ավարտին արժանանում ծափահարությունների, մի բան, որից զրկված են նկարիչները …
- Չէ, երբեմն նկարչին էլ կարող են ծափահարել,- ճշգրտում է նկարչի կինը` Մարի Էլիբեկյանը եւ պատմում հետեւյալը.- Անցյալ տարի, Ժամանակակից Արվեստի թանգարանում բացվել էր Ռոբերտի ցուցահանդեսը։ Մի խումբ վրացիներ եկան թանգարան: Ցուցասրահներում շրջվելուց հետո երբ վերադաձան այն սրահը, որտեղ Ռոբերտի գործերն են, կանգնեցին ու սկսեցին ծափահարել։ Ես, որ բազմաթիվ ցուցահանդեսներում եմ եղել, առաջին անգամ նման երեւույթի ականատեսը դարձա: Սովորաբար նկարիչներին հասցեագրված ծափահարություններ չեն հնչում։ Իսկ այս մարդը արժանացավ ծափահարությունների, չնայած ընտրել է մի ասպարեզ, որ ժողովրդի տաս տոկոսի համար է բաց։ Նկարչի ստեղծագործությունները համեմատաբար շատ քիչ մարդ է տեսնում։ Տեսնելուց հետ էլ չի ծափահարում…
¨ Բայց Էլիբեկյան-նկարիչը ծափահարությունների է արժանացել նաեւ թատերական ներկայացումների ձեւավորման համար։
¨ Իմ մասին հաճախ են գրում, թե ես թատրոնից եմ գալիս, որ թատրոնն իմ նախընտրած թեման։ Հեշտ ճանապարհ են գտել ու իմ ստեղծագործությունների շուրջ խոսելիս այս միտքն են զարգացնում։ Իսկ ես համոզված եմ, որ թեման կարեւոր չէ նկարչի համար։ Ի՞նչ ես նկարում` բնանկար, թե մեկ այլ բան, ինչ նշանակություն ունի։ Կարեւորը արտահայտչաեղանակն է։ Անցյալ դարի սկզբներին Կանդինսկին, Մալեւիչը, մինչ այդ Սեզանը, Վան Գոգը եւ այլոք ապացուցեցին, որ բնության մեջ գոյություն ունեցող ամեն ինչ կարող է արվեստի գործ դառնալ։ Նույնիսկ ողբերգությունը, նույնիսկ երջանկությունը։ Արշիլ Գորկին, որ հանճարեղ արվեստագետ էր դա իր ստեղծագործություններով ապացուցեց։ Չեմ կարող մոռանալ այն օրը, նրա քույրը՝ Վարդուշը եկավ Երեւան եւ նկարիչների միությունում ցույց տվեց եղբոր գործերի լուսապատկերները։ Մինչ այդ մի քանի վերատպություններ էինք տեսել։ Տպավորությունը շատ մեծ էր։ Ապշել էինք, ասացինք. «Էս, ի՜նչ հայ նկարիչ է»։ Ուզում եմ ասել ոգին է կարեւորը, հույզը, որ դուրս է հորդում արվեստի գործից։ Ես դրան հավատում եմ։ Երբ աշխարհի խոշոր թանգարաններում մեծերի գործերն էի նայում, ինձ թվում էր, թե ես նրանց ժամանակակիցն եմ։ Ի՞նչ զորությամբ պիտի օժտված լինի արվեստագետը, որ հարյուրամյակներ անց դիտողին տեղափոխի իր ժամանակները։ Հայտնի բան է, մարդը, մանավանդ ստեղծագործելու շնորհք ունեցող մարդը, առանց երազանքի չի կարող ապրել։ Իմ երազներում ես հաճախ եմ «լինում» անցյալ դարաշրջաններում։
¨ Իսկ ապագայու՞մ։
¨ Ապագա՞ն. եթե ինձանից մի քանի գործ մնա…
¨ «Մի քանի գործ» ասելը, համեստություն է…
¨ Չէ, ի՜նչ համեստություն, ես քաջ գիտակցում եմ, թե ինչ ասպարեզ եմ մտել եւ գիտեմ մշակութային այն ժառանգությունը, ինչ կուտակել է մարդկությունը հազարամյակների ընթացքում։ Այնպես որ մի քանի գործը քիչ չէ։ Ինչու՞ հիշեցի Արշիլ Գորկուն. ի՜նչ խնդիրներ է լուծել՝ թե՛ գծանկարներում, թե՛ գեղանկարներում։ Սարյանը ոգեւորված Եգիպտոսով ի՜նչ գործեր ստեղծեց։ Մեծ վարպետ էր, հանճարեղ նկարիչ։ Բայց այդ ո՞ր արվեստագետն է մինչեւ վերջ ինքն իրեն կարողացել բացահայտել։ Մարդու, հատկապես ստեղծագործողի համար կարեւորը ինքն իրեն ճանաչելն է, մի բան, որ գրեթե ոչ մեկին չի հաջողվել։ Թերեւս միայն Մոցարտին է դա հաջողվել։ Ասում են՝ աստվածային։ Ինձ համար միայն Մոցարտն է աստվածային, որ այդպես էլ անհասկանալի երեւույթ մնաց։ Չես կարող հասկանալ ի՞նչ է կատարվում, ի՞նչ է կատարվել, ինչպե՞ս են ծնվել այն մի քանի հնչյուններն ու հաջորդող երաժշտությունը, որն ունկնդրելիս ինքդ քեզ ես մոռանում։ Ինձ թվում է, թե դա է հրաշքը։
¨ Նկատե՞լ եք, որ սովորաբար մշակութային ժառանգության եւ այդ ժառանգության հիմքը դրած առանձին արվեստագետներին անդրադառնալիս ավելի հեշտ են բարձր գնահատականներ տրվում, իսկ ժամանակակիցների մասին մի տեսակ ժլատ են, ասես ափսոսում են դրական խոսքեր ասել։ Որքան ես եմ նկատել դուք այդ առումով շահեկանորեն առանձնանում եք եւ շատ հաճախ եք տարբեր սերունդների արվեստագետներին հիշատակելով, գնահատանքի բարձր խոսքեր ասում։
¨ Ներսդ կուտակված մշակութային շերտեր կան, որոնց մասին պետք է խոսես։ Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ պետք է կարողանալ գնահատանքի խոսք ասել ոչ միայն այդ շերտերը ստեղծողների, այլեւ նրանց մասին, ովքեր կողքիդ են եղել, ովքեր նոր են եկել ու կանգնել կողքիդ։ Դա ինձ համար շատ կարեւոր է։ Մանավանդ որ շատ հետաքրքիր նկարիչներ ունենք։ Եթե այդ մասին բարձրաձայն չասեմ, չհիմնավորեմ ասածս, չգնահատեմ, նորմալ չի լինի նախ ինձ համար։
¨ Մի տեսակ այն տպավորությունն էլ կա թե այսօրվա ջահելներն ավագ սերունդի ներկայացուցիչների խոսքի, գնահատականի կարիքը այդքան են չեն զգում։ Այնպես չէ, որ ինչպես դուք ակնածանք ու խոնարհ հիացմունք ունենան իրենցից մեծերի գործի ու խոսքի հանդեպ։ Եւ չգիտես էլ ժամանակների պահանջով է այդպես, թե՞ պատճառները բոլորովին այլ տեղ պետք է փնտրել։
¨ Պարզապես մեր` հատկապես գեղանկարիչներիս բախտը բերել էր։ Խորքային առումով մենք հարուստ եւ հզոր ավանդույթներ ունենք եւ մեր գենետիկ հիշողությունն է զորեղ։ Այս հիմքով է, որ 60-ականներին մեր գեղանկարչությունը վերելք ապրեց։ Որովհետեւ մեր կողքին Երվանդ Քոչարն էր, Սարյանը, Բաժբեուկ Մելիքյանը, Մեծ վարպետների հսկա բանակ կար, որոնցից ստացած էներգիան, ուժը շոշափելի էր։ Այդ մարդիկ մեր կողքին էին ապրում։ Մեր ցուցահանդեսներին նրանց գալը ու երիտասարդներիս հետ խոսելը դասեր էին անմոռանալի։
¨ Այսօր երիտասարդ արվեստագետները կարծես թե մեծերից սովորելու խնդիր էլ չունեն։
¨ Շատ լավ ջահել նկարիչներ կան ու ավելի լավերն էլ գալու են։ Դա էլ է մեր գաղտնիքը։ Հիմա ամեն ինչ ուրիշ է։ Տարիներ առաջ սերունդների
. հարաբերություններն էին ուրիշ։ Այն ժամանակ հարաբերությունները մարդկային ավելի պարզ էին։ Թացը՝ չորից առանձնացնելու հստակ եղանակներ կային։ Մեզ համար հետաքրքիր էր հատկապես խրուշչովյան, այսպես կոչված ձնհալին հաջորդող շրջանը։ Այդ ամենով հանդերձ, մենք ապրում էինք մի համակարգում, որ խորհրդային էր կոչվում…
Հիմա հրաշալի շրջան է երիտասարդների համար։ Նրանց համար կարեւոր չէ ավագ սերունդի արվեստագետի հետ անմիջական շփումը, քանի որ աշխարհի դռները բաց է նրա առաջ։ Նրանք Հռոմ, Փարիզ, Նյու Յորք եւ Սան Ֆրանցիսկո են գնում եւ ամեն տեղ ցուցահանդեսներով են ներկայանում։ Իսկապես երջանիկ սերունդ է։ Եւ դա այսօրվա ամենամեծ նվաճումն է։ Մենք Մոսկվա ու Լենինգրադ կամ Ռուսաստանի որեւէ քաղաքի ու մեր պատկերասրահը կարող էինք միայն գնալ ու վերջ… Ինչու՞ էի հետո տասը կամ ավելի տարի մեկնում Ֆրանսիա, ամիսներով մնում այնտեղ։ Միայն ստեղծագործելու համար չէի գնում. մեծ ճեղքվածք կար, որը պիտի փակեի հռչակավոր թանգարաններ այցելելով ու մեծանուն նկարիչների նշանավոր գործերի բնօրինակները տեսնելով։ Այնպես որ ժամանակն է իրականում թելադրում, թե մարդը այս կամ այն շրջանում ինչ կենսաձեւ պիտի ընտրի։ Կյանքի շարժիչ ուժը, մարդկանց հայացքն ու հայացքի ընկալման չափերն են փոխվել։ Լա՞վ է դա, թե՝ վատ այլեւս կարեւոր չէ։ Անհասկանալի պրոցես է գուցե։ Մի բան է հստալ՝ կյանքը ինչպես մարդու սրտի կարդիոգրաման, նույն ռիթմը չի ունենում։ Եւ դա հրաշալի է: