ՀԵՌԱՆԱԼԻՍ ՉՄԱՐԵՍ ԴԻՄԱՑԻՆԻԴ ՀՈԳՈՒ ԼՈՒՅՍԸ

 

Օրը ինչպիսի՞ն էր, երբ նա ծնվեց. Մարտ ամիսն էր, չէ՞։ Անկանխատեսելի, ինչպես ինքն էր՝ իր ապրած հախուռն կյանքով... Կարծես թե մարտյան նրա օրվա մասին  չեն հիշատակել, ո՛չ կենսագիրները, ո՛չ էլ մտերիմները։  Ութուկես տասնամյակ անց, սակայն նա  կրկին կարողացավ   արդեն մեր ժամանակերի հանդիսատեսին շատ կարևոր հարցերի շուրջ մտորելու հրավիրել։ Կարողացավ  բոլորովին այլ մի տրամադրությամբ  համակել, ինչպես իր ապրած տարիների կարճ հատվածում էր կարողանում։ Եւ  2020-ի մարտի 15-ը,  մարդկային ապրումների հորձանուտների «ճանապարհներով» տանելով, կյանքի կարևոր ու մնայուն արժեքների շուրջ խորհելու առիթ ստեղծելով,  տագնապներ խտացնող մեր  օրերից այս մեկը  լուսավոր դարձնելով, կրկին հաստատեց մարդկային առանձնահատուկ տեսակի, արվեստագետի իր եզակի լինելը։ Նա, որ լռության հանճարեղ արտիստն էր և բոլոր ժամանակների ծաղրածուն...

                        

                                                                                    ԱՌԱՋ

Առաջներում, երկրի վրա ապրողները գիշերները համբուրվում էին, իսկ առավոտյան կռվում հանգիստ սրտով, քանի որ երեկ համբուրվել էին և վստահ էին, որ իրենցից հետո կռվողներ էլի  են լինելու։

Աշխարհն անցյալ ժամանակներում անասելի ողջամիտ էր։

 

                                                                               ԱՐՏԻՍՏԻՆ

Ճանապարհը միակ բանն է, որ երբեք չի դավաճանում քեզ։  Հարմարավետ կյանքը կձանձրացնի, սերը կմարի և կմնա միայն ճանապարհը, ինչ-որ մի տեղ նաև հույսը... հեռուների հույսը։ Հույս,  որ նորից սեր կլինի, հոգու անդորր կլինի... Մի խաբիր ինքդ քեզ, առանց դրանց դու չես կարող։

Սերն ու անդորրը լոկ պատրանք չեն։ Առանց դրանց ճանապարհ չի լինում։

                                                                            ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Ի տարբերություն «այո» ասողների, «ոչ» ասելու համար պետք է տաղանդ ունենալ։

                                                                           ԳՐՊԱՆԱՀԱՏԸ

Ես գրպանահատ եմ։ Ես գրպանահատների արքան եմ։ Հարուստ եմ ու երջանիկ։ Գրեթե երջանիկ։ Միայն ափսոս, որ ոչ-ոք իր գրպանում սիրտ չի պահում։

                                                                                           ԼԱՊՏԵՐՆԵՐԸ

Գիշեր է.

Անձրև է մաղում։ Անձրևակաթիլները տեսանելի են դառնում լույսի տակ հայտնվելու ժամանակ։ Եւ թվում է, թե փողոցի երկայնքով շարված լապտերներն արտասվում են։

Ինչու՞։

Անձրևոտ գիշերները  լապտերները արտասվում են, մարդու անհաջողության համար։  Իսկ իրենք ընդամենը լապտերներ են և անձնական տխրություն  չունենալու համար են լալիս։ Ամբողջ գիշեր նրանք արտասվում են մենությունից, ու այն բանի համար, որ անձրևում է, և, որ վաղը եղանակը թռիչքային չի լինի ու ինչ որ մեկը համբույր չի ստանա, քանի որ չի կայանա սպասված հանդիպումը։

Քանի որ եղանակը թռիչքային չի լինի, գիշերն այդ կարտասվեն փողոցի երկայնքով շարված լապտերները։  

                                                                        ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ

...Չեմ հասկանում, ոչինչ չեմ հասկանում, չեմ հասկանում ձեր օրենքները, ձեր բարոյականությունը, ձեր սերը, մեծահասակներ։ Չգիտեմ, թե ինչպես եմ ապրելու։ Ձեր աշխարհում չկարողացա ապրել։ Իսկ իմում՝ լիովին մենակ եմ։

                                                                        ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ

Միակ բանը, որ երբևէ չի մոռացվում. Երբ կանգնում ես երկու ձեռքերիդ վրա ու մեկը դանդաղ  պոկելով, հասկանում՝ ափիդ մեջ ամբողջ երկրագունդն է։

Հեղինակ՝ Լեոնիդ Ենգիբարյան