1O +1 ՏԱՐԻ. “ՈՍԿԵ ԾԻՐԱՆ”

Ամեն տարի ազդարարելով` երևանյան հերթական միջազգային կինոփառատոնի բացումն ու փակումը, ներկաներին անմիջապես  տեղեկացնում են, որ հենց նույն այդ պահից էլ սկսվում է հաջորդ` «Ոսկե ծիրանի» նախապատրաստական աշխատանքները: ԵՎ «Ոսկե ծիրան» այս տարվա մասնակից-հյուրերին «Բարի գալուստ».-մաղթելով փառատոնի պատվավոր տնօրեն` Ատոմ Էգոյանը իր գրավոր ուղերձում խոստովանում է. որ մինչև 1991թվականը, «Հիմնական շփումս երկրի ոգու հետ մեծ կինոավանդույթն էր, Փարաջանովի, Մալյանի և Փելեշյանի պես կինոռեժիսորներն էին Հայաստանի հոգուն առնչվելու պատուհաններս: Իսկ այժմ իմ հերթն է հրավիրելու ձեզ բազմազան մշակույթների  այս զարմանահրաշ խաչմերուկ: Ինձ համար շատ հուզիչ է տեսնել նման բարձրորակ ֆիլմերի ցուցադրություններին եկած բազմաթիվ սերունդների հայերին, որոնք հագեցնում են կինոյի հանդեպ ունեցած իրենց  մեծ ծարավը: Տարիներ շարունակ ներկա լինելով փառատոնում, ի~նչ արտառոց հուշեր եմ ամբարել` լեգենդար Կլաուդիա Կարդինալեի հետ կայացած հանդիպումից մինչև Վիմ Վենդերսի, Կլեր Դընիի, Բելա Տարի ու մեզ սիրագին կարոտով թողած Թեո Անգելապոլոսի նման բարեկամների ասպնջանակելը: Ուրախություն է եղել առանձնահատուկ մեր փառատոնում։
Բարի գալուստ Փառատոն: Հրավիրում ենք բոլորին ճաշակելու մեր հանրահայտ հյուրընկալությունը և վայելելու մեր հնամենի երկիրը: Հրաշալի ճամփորդություն եմ մաղթում»:
Ճամփորդությունը,  իսկապես որ փառահեղ է։ Ամեն տարվա պես այս հուլիսյան շոգն էլ ավելի  է սաստկացել Երևանում:  Ծիրանը, ճիշտ է, ոսկու գին ունի, բայց կարևորը կա ու մասնակից-հյուրերը` տեղը-տեղին վայելում են անուշահամ պտուղը:  Ծիրանը, իրականում նշանակալից  “ներկայություններից” մեկն է փառատոնի, և ոչ միայն որպես աննման պտուղ: Ծաղկած ծիրանի ծառերի գարնանը ցրտահարվելու լուրը երկրի սահմաններից դուրս էլ է տարածվել: Եւ դրսից կապի տարբեր միջոցներից օգտվող   մեր բարեկամներըն անցյալ տարիների պես` «ովքեր են այս տարի հյուրընկալվելու կամ մրցութային ծրագրերում ինչ ֆիլմեր են ներկայացվելու» հարցերը հնչեցնելու փոխարեն, ցավակցական շեշտադրումով նախ ուզում  էին  պարզել, թե`  առանց ծիրան ինչ ենք անելու:  Այսինքն, բոլորը գիտեն, որ բառակապակցային գեղագիտական հնչեղությունից բացի “Ոսկե ծիրան” փառատոնային  կառույցի  անվանումը խորհրդանշական ու բովանդակային մի շարք իմաստներ է ամփոփում…

Բայց այդ  մասին հետո … Հիմա, համառոտ փառատոնի ընթացքը նշանավորող ծրագրերի մասին.
Փառատոնը, հուլիսի 13-20-ը, նախորդ տարիների պես Երևանում  է հյուրընկալել համաշխարհային կինոարվեստի նշանավոր գործիչների, ինչպես նաև կինոաշխարհում ստեղծված վերջին շրջանի լավագույն գործերը:
Այս տարի «Ոսկե ծիրան»-կինոփառատոնը ծրագրի հիմքում  Սերեգեյ Փառաջանովի ֆիլմերն են ու նրան նվիրված տարբեր ժանրերի նկարներ են` տարբեր երկրներում, տարբեր ազգությունների կինոռեժիսորների նկարահանած: Սերգեյ Փարաջանովի հիշատակին` ի պատիվ մեծանուն արվեստագետի 90-ամյա հոբելյանի  է, որ փառատոնային ողջ ընթացքը, ներառյալ իրադարձությունը ներկայացնող վիզուալ բոլոր ազդագրերը տոգորված են փարաջանովյան ոգով: Իսկ փառատոնային ծրագրում հատուկ կարևորությամբ ընդգրկված են Փարաջանովի արվեստը ներկայացնող մի քանի ծրագիր. Ըստ որոնց   հընթացս ներկայացվում է ռեժիսորի բոլոր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները:
«Փարաջանով. Կյանքը, ստեղծագործություն, պոեզիան» խորագիրը կրող ծրագրի շրջանակներում (Այգեձոր-53),   կինոնկարների դիտումներին զուգահեռ, կազմակերպվել է կլոր սեղան` մեծանուն արվեստագետի կենսագրությանն ու ստեղծագործական գործունեությանը նվիրված:
ԵՎ նաև տեղեկացնում, որ «Ոսկե ծիրանը» Հայաստանի այցեքարտն է դարձել մեծ կինոաշխարհում:  
… Նոր տասնամյակի շեմին առաջ նայելով ուզում ենք հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի մեր փառատոնը ապագայում, որպեսզի ետ չմնա իր ժամանակից, համապատասխանի սրնթաց զարգացող կինոյին:
Մենք ցանկանում ենք, որ «Ոսկե ծիրանը» հաջորդ տարիներին ունենա փարաջանովյան անկանխատեսելի թռիչքներ, որոնք դարձել են 11-րդ երևանյան փառատոնի խորհրդանիշը: Մենք ցանկանում ենք…
Արդեն հայտնի է, որ իրենց բոլոր մտահղացումները կյանքի կոչելու տաղանդով են նաև օժտված Երևանյան միջազգային փառատոնի հիմնադիր կազմն ու աշխատանքային խումբը: Եւ կասկած չկա, որ  բազում-բազմաբովանդակ ծրագրերի ակնկալիքներ կան առաջիկայում: Միայն թե հուսանք, որ  աշխարհում և աշխարհի մեր անկյունում խաղաղություն կլինի, և նախանշված  երթը փառատոնի կլինի այնպիսին, ինչպեսին   տեսնում են Երևանյան միջազգային փառատոնի հիմնադիրները ու նրանց աջակիցները և, համակիրների այն մեծ բանակը, որ կազմավորվել է 10 +1 տարիների ընթացքում:     

Չմոռանանք ու  հիշեցնենք. Ինչպես նախորդ տասը տարիներին այս անգամ էլ  «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Իսկ Գլխավոր գործընկերը` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: