«ԲԱՌԸ ԱՇԽԱՏԱՆՔ Է» ԲԱՅՑ ՈՉ ՄԻԱՅՆ ՊՈԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

 Նշանակալից իրադարձություններով հարուստ այս օրերին  մեր  «սխալները»   քննող  տիկնոջ՝ Մարգարիտա  Ս-ի  գրածն այդքան  էակա՞ն էր, թե՞  մենք  չափից ավելի ուշադրության արժանացնելով,  շատ կարևորեցինք նրա անձն ու խոսքը։  Սարկազմի  ենթարկելու փոխարեն աննշան  փաստը գրեթե միֆ դարձրինք։ Իսկ  միֆերը պարզվում է,  փաստից էլ համառ են։  Փաստ  է և այն, որ բոլոր  ժողովուրդների պես մենք էլ, և՛ լավն ունենք, և՛ վատը։ Այս զուգահեռում   ավելի ճիշտ   չէ՞, որ  օտար երկրում ապրող  մեր  արժանավորների  գործի մասին պատմելով, մեր լավին քաջալերենք,  նրանց  անունը մեզանում ճանաչելի ու հնչեղ պահենք։ Բառը աշխատանք է,այո, բայց այն միայն պոետի համար չէ, որ աշխատանք է։ Այն նաև էներգիա է, ապրումների և զգացողությունների խտացում  է,  հետևաբար ամեն մեկի համար  չէ, որ այն լավ սերմացու է դառնում։  Ու՞մ առաջարկածն եք առատորեն ցանում, մեր հրաշալի սերմնացանների հունդը թողած։  Արժանավոր այն անհատների ովքեր  հայրենիքից դուրս ապրելով, ի նպաստ,  այլ ոչ թե  ի վնաս երկրի են գործում։  Եւ  ի տարբերություն Մ.Ս-ին լավ գիտեն, թե ինչպիսի  պարտավորություններ ունի Եղեռն տեսած ու բռնագաղթված հայի ժառանգն  իր ընտանիքին ապաստանած երկրի ու իր պատմական հայրենիքի հանդեպ։ Եւ վաղ տարիքից գիտեն 19-րդ դարի երկրորդ կեսից  քաղաքական մեր պատմության էջ կազմող հայկական հարցի մասին։  Եւ  այս չլուծված  հարցի վրա մարդկության ուշադրությունը հրավիրելու   նաև  պահանջատեր մնալու իրենց  կարևոր կոչման  մասին չեն  մոռանում։ Երբեք...      

                               

                                                                                               Ո՞Վ ԵՍ ԴՈՒ

                                          

 Երբ ինձ հարցում են՝ «Ո՞վ ես դու»։   Պատասխանում եմ՝ «Հայ եմ»։ Ես չեմ ասում, թե ես հայ եմ Լիբանանից, Մոսկվայից, Գյումրիից, Լոս Անջելեսից։ Պարզապես ասում եմ՝ «Ես հայ եմ»։Շատերն այն կարծիքին են, թե հայերը նացիոնալիստ են։ Ուրիշներն ինչ ուզեն կարող են խոսել։ Նրանք չեն հասկանում, թե ինչ հաճույք է ապրում այն  մարդը, ով կարողանում է ասել. «Ես,    հայ եմ»։ Դա հրաշալի զգացողություն է»։ Ազգային իր պատկանելության համար  հրաշալի  զգացողությամբ ապրող մարդը՝  դերասան, դրամատուրգ, բեմադրիչ Սիմոն Աբգարյանն է։ Փարիզում ծնված,  Փարիզում ստեղծագործող մի  արվեստագետ, որի անունը  վերջերս շատ էր շրջանառվում։ Այս անգամ առիթը նրա հեղինակած ու բեմադրած  «Էլեկտրան գետնախորշերից»  գործն է, որը  «MOLIERAS-2020»,  թատերական բարձրագույն մրցանակին է արժանացել։ Հեղինակավոր «Մոլիեր» մրցանակաբաշխությունը, որը  1987-ից սկսյալ «Շատլե» թատրոնում է անցկացվում,  տարբեր անվանակարգերում սահմանված  առաջնակարգ՝  «Լավագույն պիես», «Լավագույն բեմադրություն», «Լավագույն ֆրանսախոս դրամատուրգ» մրցանակները շնորհել են  Սիմոն Աբգարյանին։   «Արդար որոշում  և ճիշտ ընտրություն»  գրեցին լրատվամիջոցները և բազմաթիվ գնահատանների շարքում ամենից  շատ  լակոնիկ մի որակում առանձնացնելով,   շեշտեցին. «Նա ոչ միայն գերազանց դերասան է, այլև  տաղանդավոր բեմադրիչ է և իսկական դրամատուրգ»։ Ս. Աբգարյանի արձագանքը զուսպ է. «Երբ նոր գործ եմ բեմադրում թատրոնում կամ նկարահանվում կինոյում, մրցանակի մասին բոլորովին չեմ մտածում։ Նպատակս լավ գործ անելն է՝ լավ մարդոց հետ և նրանց  հետ  միասին աշխարհի հետ խոսելը»։ Դադար   տալով, ավելացնում է. «Հիմա լավ մարդ գտնելը դյուրին գործ չէ»։

 Ճշմարիտ դիտարկում է, որը  տխուր  խորհրդածության տեղիք տալով, փոքր ինչ թեմայից շեղում և հայկական  թատերարվեստի  տարածքն է տանում.  Սիմոն Աբգարյանի  երեք մրցանակից մեկը՝   պետական  լեզուն լավագույնս տիրապետելու,  զարգացնելու,  դրամատուրգիայի  ժանրը նոր գործերով հարստացնելու համար է տրվել։ Այսինքն, Ֆրանսիայում թատերական արվեստի զարգացմանը խթանող լավագույն մրցանակներից մեկը կոչվում է «Լավագույն ֆրանսախոս դրամատուրգ»։   Այն որպես խոնարհում, որպես հարգանքի ու երախտագիտության նշան տրվում է ընտրյալներին, ովքեր մայրենի լեզուն  անաղարտ են   պահում,  ովքեր երկրի կարևոր հիմնասյունը անսասան  են պահում... Մենք  այս զուգահեռը պահողներից չենք։  Մենք մեր լեզուն, մեր հիմնասյունը  ամրացնողներին այսկերպ առանձնացնելով,  ըստ արժանվույն չենք գնահատում ու  չենք  մեծարում։ Փոխարենը ոչ միայն հանդուրժում, այլև հովանավորելով, ջերմորեն  ողջունում ենք  շաբաթվա գրեթե բոլոր օրերին  հեռուստաէկրաններից ժողովրդին անտաշ, գռեհիկ բառամթերքով ու նույնքան տգեղ  ժեստերով   ուղեկցվող   շոու-ների, անմակարդակ  «վումըն, լեդի» և այսօրինակ «քլաբների»,   անորակ հեռուստասերիալների նույնանման,   անբովանդակ «ստորիներն» ու «թեքստերը» գրող-ներկայացնողներին.. Նրանց, ովքեր ոչ միայն աղավաղում, այլև խոսքային ագրեսիայով նվաստացնում, անարգում են մայրենի լեզուն։  

 Եւ  ոչ թե արդարանալով, այլ արդեն  վստահ մեջտեղ են շպրտում այլևս ծռմռված ու մաշված այն արտահայտությունը, թե՝ «դա է պահանջարկը»։ Դա ոչ թե պահանջարկի,  այլ ստեղծագործական շնորհի ու իմացության պակասի  արդյունք է։  Տարբեր երկրներում  այս «վարակի» տարածման հիմնական պատճառն ըստ Ս. Աբգարյանի  մարդկանց  ծուլությունն է, մտահորիզոն ընդարձակելու ձգտում չունենալը։  «Ֆրանսիական թատրոնի մեջ կարծես թե  պակասում է կրթությունը։  Ես չեմ ասում, թե ինքս շատ զարգացած եմ։  Բայց ես երբեք դադար չեմ առնում։  Միշտ սովորում եմ։ Գործիս մեջ հաջողելու համար է, որ միշտ ձգտել եմ զարգանալ։ Այս երեք «Մոլիերը», որ առինք  մեր սովորածի ու մեր արած գործի պտուղն է»։

 Սա է՝ ինքնազարգացում և  առանց դադարի աշխատելու համառություն։ Նման ամուր հենքն է  պատճառը, որ  Ս. Աբգարյանի ներկայացրած յուրաքանչյուր   պիես, նոր բեմադրություն և նկարահանված կինոնկար ոչ միայն հանդիսատեսին, այլև մասնագետներին անտարբեր չեն թողնում։ Անժխտելի  իրողություն է և այն, որ համամարդկային հնչողության  հասցված տարբեր ժանրերի նրա ստեղծագործությունների շարքում հիմնավոր տեղ են գրավում  հայկական թեմայով արված գործերը ...          

 Փարիզում ծնված և կրթություն ստացած  Սիմոնը  մանուկ հասակից  երկու լեզվով է խոսել՝ հայերեն և ֆրանսերեն։  Պատճառը  միայն այն չէր, որ նրա հայրը հայ էր, իսկ մայրը՝ ֆրանսուհի։ Պարզապես նրա ծնողները կարողացել էին   հավասարությունը պահպանելով, իրենց զավակին փոխանցել  հոգևոր   այն  ժառանգությունը, որ ստացել են իրենց ծնողներից։ Սիմոնը ինը տարեկան էր, երբ հայրը որոշեց  ընտանիքի հետ  հեռանալ Ֆրանսիայից, և Լիբանանում հաստատվել։  Լիբանանը  պատերազմի մեջ  էր և հայրը, որ հայոց եղեռնը վերապրած ընտանիքի զավակ էր  երկրի   համար  մղվող  պայքարին մասնակցելու  որոշում  կայացրեց։ Հաստատելով նաև այն ճշմարտությունը, որ ոչ թե  խոսքով է, այլ գործով է  ծնողն  օրինակ դառնում զավակի համար։ Լիբանանում Սիմոնը, դպրոց հաճախելու տարիներին նաև ազգային պարի  դասեր էր առնում։ Որոշ ժամանակ անց արդեն  հայկական «Լոռի»  համույթի  պարողներից մեկն էր։ Պարելու  ձիրքը  հետագայում  նրան օգնելու էր  առանձնահատուկ երանգներով հարստացնել ու ավելի   տպավորիչ դարձնել ստեղծագործական ձեռագիրը։  Որպես օրինակ,  հիշարժան է հատկապես   Ատոմ Էգոյանի  «Արարատ» կինոնկարում  կերտած Արշիլ Գորկու կերպարը։ Ֆիլմում մի դրվագ կա, որտեղ  նրա հերոսը վեր պարզած ձեռքը  սահուն  ոլորելով, մի ոտքի վրա օդում է հայտնվում և ճկուն պտույտ կատարելու պահին, ասես պարային ռիթմի կախարդանքից ազատվելով,  կտրուկ  ընդհատում է պարը։ Այդպես անսպասելի ընդհատվում է երկնքի անեզր տարածքում սավառնող թռչունի ճախրանքը, երբ նրա վրա նշան բռնած հրացանը կրակում է։ Այդպես հանկարծակի ընդհատվել էր Արշիլ Գորկու ստեղծագործական  ճախրանքը, ճակատագրի միաժամանակ արձակած կրակոցներից... Ի՞նչ են արտահայտում պարը անավարտ թողնողի  խոշոր աչքերը։  Ի՞նչ են փորձում ասել կամ ի՞նչ են ջանում  թաքցնել այդ աչքերը։ Պատասխանը  հանդիսատեսին է թողնված։  Իսկ հանդիսատեսը, հատկապես  նա,   ով ծանոթ է Արշիլ Գորկու  կենսագրությանը,  գիտի պատասխանը։  Եւ գրեթե համոզված է, որ մեծանուն  հայրենակցի կյանքը «վերապրող» Սիմոն Աբգարյանը   ոչ միայն  ստեղծագործական իր զինանոցից, այլև իր  գենետիկ հիշողությունից  է  օգտվել նրա  կերպարը  հավաստի ներկայացնելու համար։ Ընդ որում, սա ասվում է ոչ միայն Արշիլ Գորկու, այլև ֆիլմարվեստում ու թատրոնում  հայազգի  հերոսներից ամեն մեկի անհատական տեսակը  մեկնաբանելու  նրա  բացառիկ կարողությունները  նկատի առնելով։       

 

  «Արդյո՞ք  իրավունք ունեմ կյանքից զրկել մեկ ուրիշ մարդու» - հարցը, որ գրեթե համազոր է  աստվածաշնչյան՝ Մի սպանաներ» պատվիրանին, Սիմոն Աբգարյանը բազմիցս ու տարբեր ձևակերպումներով է   հնչեցրել  կինոէկրաններից ու թատերական բեմահարթակներից։ Հիշարժան այնպիսի գործերով, ինչպիսիք են  Ատոմ Էգոյանի «Արարատ» նկարը,  «Հանցագործների բանակը» և  «Խենթ մի պատմություն» ( ռեժիսոր՝ Ռոբեր. Գեդիկյան) ֆիլմերը, «Արամ»  (ռեժիսոր՝ Ռոբերտ Քեշիշյան) և այլն։ Չմոռանանք, որ  մրցանակի արժանացած  «Հրեշը լուսնի վրա» ներկայացումը և «Խենթ մի պատմություն» ֆիլմը  նվիրված էին Հայոց մեծ եղեռնի 100-ամյակին։     

 «Հանցագործների բանակը» կինոնկարում նա գլխավոր հերոսի՝ Միսաք Մանուշյանի  դերակատարն էր։    Վաղ հասակում ծնողների  ու  հարազատների մահը  տեսած,  մահված շնչով պատված ծննդավայրից մի կերպ փրկված  նրա հերոսը պոետ է։  Պոետը  ինչու՞ և ե՞րբ է դառնում մարտիկ։  Ինչու՞ է հայրենիքից բռնագաղթած մարդը  զենք  վերցնում և  դիմադրության շարժման ղեկավարն ու  հրամանատարը դառնում։   Միթե՞ բոլորն են անձնուրաց  պայքարում իրենց ապաստան տված երկրի համար և հերոսի կոչմանն արժանանում։ Սրանք  ոչ միայն  հերոսի, այլև իր անձնական ապրումներից ծնված հարցերն են։   Ինքը   ժառանգորդ է, որը պատեհ ամեն առիթ օգտագործում է սեփական  դիրքորոշումն   արտահայտելու  համար։ Նաև՝  ինչու՞ է աշխարհը  հայոց խնդիրը  հիսուն տարի, հարյուր և հարյուր հինգ  տարի շարունակ օրակարգում պահում հարցը բարձրաձայնելու համար։ Հավատացած, որ.  «Հայոց հարցի ու հայրենիքի հետ կապված հարցերը միշտ պետք է առաջնահերթ լինեն։ Միշտ պետք է ձայն բարձրացնեմ, բայց չպիտի ձանձրացնեմ, չպիտի պաթետիկ, զգայական լեզվով խոսեմ։ Հայոց եղեռնի համար ես բավական արցունք եմ թափել երեխա ժամանակներեն սկսած։ Վերջ, հիմա պետք է մուր թափել»։

 Տարիներ առաջ   Երևանում հյուրընկալվելու օրերին, Սիմոն Աբգարյանը  հենց այդպես՝ առանց պաթետիկ շեշտադրման ասաց, որ   հերոսության պատրաստ մարդիկ  միշտ ենք ունեցել։ Ասաց՝ «Պետք չէ անհամբեր լինել ու սխալ եզրահանգումների տանող  մտքեր ներկայացնել երկրում կատարվող իրադարձությունները մեկնաբանելիս։ Պետականություն ունենալու փաստն է  պետք   կարևորել։   Անկախությունը մեր երկիրը հեշտ չի ձեռք բերել։ Սրա մասին  միշտ պետք է հիշենք։  Կարծում եմ, մարդիկ չեն դադարել համամարդկային գաղափարներին հավատալ ու համամարդկային արժեքները գնահատել։ Շատերին թվում է, թե փլվեցին  մարդկանց վեհ մտքերը։ Բայց ես շարունակում եմ հավատալ, որ մարդկությունը չի կարող հրաժարվել բարձր գաղափարներից նույնիսկ կատաղած կապիտալի  մեր այս  դարում։ Հերոսական արարքներն առանց  բարձր գաղափարակիր անհատների չեն  իրականացվում։ Գլոբալիզացիայի պայմաններում անգամ պետք է  կարողանանք   մեզ հասցված վերքերը բուժել, և ժողովուրդին զորավոր գաղափարների շուրջ համախմբել»։

Աշխարհում գոյություն ունեցող ներկայիս առեղծվածային ու անորոշ վիճակներներին հիմա չի անդրադառնում։ Նպատակներ ունի, որոնք իրականացնելու վայրը Հայաստանն է։ Մեծ ընդմիջումից հետո  հայրենիք գալու, ստեղծագործական նոր և հատկապես  Լոռվա աշխարհին առնչվող ծրագիր ունի։  Չի մանրամասնում, տեղեկացնում  է. «Գործ ունեմ գրելու և հոկտեմբերին պետք է  հայրենիք գնամ։ Ես Հայաստանին հոգեպես եմ կապված»։ Պարզ  մի նախադասություն, որը հիշեցնում է Արշիլ Գորկու նույնքան համառոտ. «Իմ ստեղծագործություններում միշտ պետք է լինի Հայաստանի հոգին» արտահայտությունը։ Բառային միանման վերարտադրու՞մ է,  հիշողության արդյու՞նք, թե՞ ժամանակի մեջ արձագանքվող և շարունակություն պահանջող  փոխկանչ...