ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ, ՈՐ ԳԵՂԵՑԻԿԸ ԿՓՐԿԻ ԱՇԽԱՐՀԸ

                      

«ARVEST. AM» -ի հյուրասրահում  կինոռեժիսոր  Թամարա Ստեփանյան-Ֆերրարին է.

 

 Վերջերս է   իտալական DELLA LESSINIA միջազգային կինոփառատոնում՝ Ձեր «Կանանց գյուղը» նկարը «Լավագույն  ֆիլմ» մրցանակին է արժանացել։ Նոր  փառատոն և  «Աստղակիր  ռեժիսոր» կոչումը հաստատող ևս մեկ մրցանակ, Շնորհավորում ենք Թամարա ...

      - Շնորհակալ եմ։

      - Անգլիացի հեքիաթասացը հավատացնում է, թե անհաջողությունները վախկոտ են և այդ  պատճառով է, որ երբեք միայնակ չեն հարձակվում։ Բայց պարզվում է, որ հաջողություններն էլ միասին հարձակվելու  սովորություն ունեն, միայն թե   պատճառներն են ուրիշ, որոնք գուցեև  զրույցի ընթացքում միասին բացահայտենք ...  Հիշու՞մ եք Ձեր առաջին  մրցանակը, որը  սկզբնավորեց  հաջողությունների «հարձակումներով» ուղեկցվող Ձեր ճանապարհը։

     - Առաջինը՝  «Անթեղ»  նկարն  էր։ Նույն՝  Թամարա անունով տարբեր տարիքի  երկու կին են ֆիլմի հերոսները։ Կենսագրական ֆիլմ է տատիս, որի անունն եմ կրում և իմ  երկխոսության հիմքով արված։ Տարբեր սերունդների  մարդիկ,  որոնց աչքի առաջ աշխարհներ են փլուզվել։ Ներկայի և անցյալի     զուգահեռով նրանք  փորձում են  ինչու՞ և ինչպե՞ս հարցերի պատասխանները գտնել ։  Ֆիլմը առաջին անգամ  ներկայացվեց   Պուսանի  (Կորեա) կինոփառատոնում։

  Աշուն էր, հոկտեմբերի ութը, լավ եմ հիշում, որովհետև  հայրիկիս ծննդյան օրն էր։ Հասա Պուսան և մի քանի ժամ հետո, ինձ ասացին, որ  «Անթեղը» փառատոնի «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին է արժանացել։ Կատա՞կ է, թե՝ ճշմարտություն։ Հավատա՞լ, թե՝ չհավատալ...  Տարօրինակ վիճակ էր։  Բայց ուրախ էի։ Շատ ուրախ։ Այդպես  սկսվեց «Անթեղի»  ուղին։ Մոտ 40 փառատոն՝ «Լավագույն ֆիլմ»,  «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերի մրցանակներ շահելով։

    - Ստացվում է,  հաջողությունները միասին  են հարձակվում  դրական զգացողություններ պարգևելու և  հաղթանակների ճանապարհը բանուկ պահելու  համար։   Հրաշալի արդյունք, որը պարբերաբար հաստատում եք, միջազգային հեղինակավոր փառատոների գլխավոր մրցանակներին   արժանանալով։  

    - Անկեղծ ասած, նման արդյունքը հեշտ չի տրվում։ Այո՛ հաղթանակ, այո՛ մրցանակ, բայց  մինչ  այդ խորդուբորդ ճանապարհներ ես անցնում։ Բավական  դժվարությունների  ես հանդիպում, որոնց   հաղթահարելը հեշտ չէ։ Պետք է խոստովանեմ, որ  հուսահատության այնպիսի պահեր  են լինում, երբ  բարձրաձայն  ասում ես. «Վերջ, հոգնել եմ, չեմ կարող, չեմ ուզում շարունակել»... Բայցև զգում ես, որ կես ճանապարհին չես կանգնի, պետք է ինքդ՝ քեզ հավաքես ու շարունակես գնալ առաջ։  Բարեբախտաբար,  շրջապատված եմ  հարազատ ու շատ լավ մարդկանցով, որոնք թիկունք են կանգնում ինձ։ Հատկապես ամուսինս, որը նման պահերին ասում է, «Փորձիր քեզ հասկանալ և լուծումը ինքդ կգտնես»։

   - Իրականում, կինոն մինչև կինո դառնալը շատ փուլերով է անցնում։ Եւ այդ  փուլերն անցնելու հիմնական  ծանրությունը ռեժիսորն է կրում ...        

    Կպատմեք, Ձեր՝ սև ու սպիտակ,   ուրախություն պարգևող և հուսահատության հասցնող  կինոնկարների մասին։ Եւ այն մասին, թե «Անթեղ», «Ձյուն կար», «Կանանց գյուղը» կոչվող   ֆիլմերից, ո՞րն եք ամենակարևորն   ու  սրտամոտը համարելով,  առանձնացնում։

  - Ես ունեմ նաև  կարճամետրաժ մի ֆիլմ, որը խաղարկային է, և  կոչվում է «Փետրվարի 19-ը»։  Բոլոր  գործերն էլ   հարազատ են, բայց   հարցադրումը  որոշակի պատասխան է  ենթադրում։ Ուրեմն ասեմ՝ «Ձյուն կար» նկարը։  Արդյո՞ք այն պատճառով, որ արտագաղթի մասին է։ Իսկ գուցե՞  մեր ու ֆիլմի հերոսների համառության և համբերության համար։   Երկու տարի շարունակ հայ մի ընտանիքի՝ Ֆրանսիայում  հաստատվելու  համար թղթաբանության բարդ գործընթացին «հետևելը» հեշտ չէր... Նկարահանել ենք  մինչև նրանց՝ քաղաքացիություն,  մշտական բնակության արտոնություն ստանալը։ Ֆիլմը  առանձնահատուկ է  նաև իր արտահայտչամիջոցներով.  Լեզուն, տեքստը, ժամանակը, ասելիքը...   բոլորը միասին։  Եւ  հարազատության զգացողությունը, որը  մնացել է  տարիներ անց։ Ճիշտ է, ամեն մի  գործ, նոր խոսք ասելու  փորձ է,  թարմ  մի հոսանք բերելու ձգտում, բայց այս մեկը  շատ  է տարբերվում։ Ցավոտ ֆիլմ է։  «Ձյուն կար» ֆիլմի հետ իմ հարաբերություններն ուրիշ են...

  - Ասացիք՝  «ցավոտ ֆիլմ է»,  ինչու՞ ...

  - ...Որովհետև ես էլ եմ նույն վիճակում  եղել, և լավ էի հասկանում իմ հերոսների  ապրումները։ Ես էլ եմ անցել այդ ճանապարհը, թեև  նման դժվարությունների չեմ հանդիպել, որովհետև  ես օրինական ճանապարհով եմ օտար երկրներ մուտք գործել։   Բայց լավ գիտեմ, թե ինչ է նշանակում օտարության մեջ հայտնվելը։ Քեզ հարազատ մարդկանցից, քո լեզվից, քո մշակույթից, քո քաղաքից, քեզ ծանոթ շենքերից ու անգամ ցայտաղբյուրներից կտրված լինելը...

  - Բայց դուք  մշտական բնակության համար չէիք օտար երկրում հայտնվել...

  - Տասներկու տարեկան էի, երբ ծնողներս աշխատանքային հրավերով մեկնեցին Բեյրութ... «Ձյուն կար» ֆիլմի  նկարահանման ընթացքում հատկապես  երեխաների հետ էի շատ շփվում։ Առանձնապես Աննայի հետ։ Նա Մարսել էր եկել  տասը տարեկան հասակում։ Հիմա արդեն մեծ աղջիկ է․  Ինձ թվում էր, թե Աննան ես եմ, միայն թե  քսան տարի առաջ։  Լիբանանյան կյանքիս առաջին շրջանը շատ դժվար էր։ Ինչու՞։ Որովհետև ես նման էի փոքրիկ  ծառի, որին կտրել էին  ու տարել մի անծանոթ վայր։  Արմատներ չունեցող մի ծառ, որին  ասում են՝  ապրի։ Չնայած մինչև մեկնելը, ծնողներս բացատրել էին, թե  ինչու ենք գնում հայրենիքից, որ մեր կյանքը լավն է լինելու, հետաքրքիր է լինելու։ Բայց ես թողել էի մեր երևանյան տան սերը։ Սերը՝ Հայաստանի ու իմ Երևանի հանդեպ։ Սերը, որ ինձ փոխանցել են հենց ծնողներս՝ հայրս, որ թատրոնի ռեժիսոր և դերասան Վիգեն Ստեփանյանն է, մայրս՝  որ թավջութակահար Նարինե Հարությունյանն է։ Ես թողել էի մեր տան տաք մթնոլորտը, որն ավելի էին  ջերմացնում   ծնողներիս ընկերները՝ իրենց  հավաքներով, ուրախ  խնջույքներով։ Ես մեր երևանյան տան  սերն էի  կարոտում։ Հիշում եմ, որ երկու «կասետ» էի հետս տարել՝  Ռուբեն Հախվերդյանի և Ֆորշի երգերով, որոնք ես ժամերով լսում էի, և այդպես «վերադառնում» հայաստանյան իմ կյանքին։ Նամակներ էի գրում տատիկներիս ու պապիկիս, նաև ընկերներիս։ Եւ այդ նամակագրությունը ինձ համար շատ կարևոր էր։  Ծեսի պես մի բան  էր։ Կար նաև ամռանը  Երևան վերադառնալու փայփայվող հույսը։

  - Իսկ հետո ոչ թե տուն բերող, այլ  օտար  (Դանիա, Ֆրանսիա) երկրներ տանող ճանապարհներն ընտրեցիք։

 - Այո, Ես ավարտեցի  Լիբանանի ամերիկյան համալսարանը, և ուսումնական մի ծրագրով,  մասնագիտության մեջ խորանալու համար Դանիա մեկնեցի։  Հետո ամուսնացա ֆրանսիացու հետ և հաստատվեցի Փարիզում։ Եւ շատ տարիներ անց,  նոր-նոր  փորձում եմ արմատավորվել, իմ հիմնական տեղն ու տունը ունենալ։  Չնայած, առանց արմատների ապրելու զգացողությունն ինձ լիովին  չի լքել։ Այն, որ չգիտես, թե  հարևանդ ով է, երբ խոսքը, որ հնչում է ամենուր, քոնը չէ, երբ օտարի հետ հարաբերվելու նաև  քեզ շրջապատող մարդկանց հետ մերվելու  խնդիրն ես ունենում։ Ուրեմն, փորձում  ես նորից սովորել,  հասկանալ, թե քոնը ո՞րն է,  հարազատ և օտար միջավայրի տարբերակման ու միացման սահմանը ո՞րն է, հարազատ մարդկանցից, կտրված  լինելով, նրանց  հետ կապող հանգույցը որքանո՞վ  ես ամուր պահում։  Երևի  իմ ֆիլմերն  այդ որոնումների արտահայտություններն են։

 -  Իսկ  այդ   արտահայտություններից, ո՞րն է  ամենահաջողվածը  համարվում։ - Ամենահաջողվա՞ծը։  Նախ, պետք է հասկանամ,  ամենաշատ մրցանակներ  շահած, թե՞ շատ  փառատոների  մասնակցած... Արդյո՞ք դա է համարվում հաջողության ցուցանիշը։ Չգիտեմ։ «Կանանց գյուղը» նոր է սկսել իր ճանապարհը, բայց  հաղթանակներ է ունենում։ «Ձյուն կար» նկարը քիչ փառատոների է մասնակցել, բայց շատ մրցանակներ ունի։ Բազում փառատոններում ցուցադրված  «Անթեղ» ֆիլմն էլ է շատ մրցանակներ շահել։ Առհասարակ, ֆիլմի՝  ինչ կամ ինչպիսին լինելը ո՞վ է որոշում։ Գնահատականը ո՞վ է տալիս։ Ժյուրի՞ն։ Բայց կինոն ժյուրիի համար չի ստեղծվում։ Ես, որ հաստատ ժյուրիի համար չեմ նկարում։ Եթե անկեղծ լինենք, պետք է ասենք, որ  ֆիլմի ինչ լինելը, ժողովուրդն է որոշում։  Ինձ համար, օրինակ ամենակարևորը  կինոդիտումներին հաջորդող հանդիպումներն են հանդիսատեսի հետ։ Փառատոնային ցուցադրություններից հետո հանդիսատեսի հետ տարվող զրույցները  շատ եմ սիրում։  Օրինակ, «Կանանց գյուղը» ֆիլմը երեք ցուցադրություն ունեցավ վերջերս։  Ամեն մեկից հետո  հանդիպում էր լինում հանդիսատեսի հետ։  Դրանք են  իրականում ամենալավ պահերը, քանի որ 300, 400, 700 մարդ նայում է քո ստեղծածը։ Հետո հարցերի տարափ։ Հանդիսատեսը  փորձում է քեզ հետ պարզել, թե որքանով է ինքը զգացել կամ ճիշտ ընկալել  կինոլեզվով արտահայտած քո պատմությունը։   Ստեղծվում է եռանկյունի։  Կայանում է եռախոսություն՝ հանդիսատեսի, ռեժիսորի և ֆիլմի մասնակցությամբ։  Եւ ինձ թվում է, որ իսկական գնահատականները, ամենահետաքրքիր  մեկնաբանությունները հենց այդ ժամանակ են տրվում։  Դա նման է այն զգացողությանը, որն  ունենում ես արդեն  նկարահանված նյութը  մոնտաժելու և աշխատանքդ  ավարտին հասցնելու երանելի պահին....    

 - Այնպես է թվում, որ  հանդիսատեսի հետ  երկխոսության համար թեմա    ընտրելիս,   դուք հետևում եք  իմաստուն մի խորհուրդի, որը երևի թե բոլոր ժողովուրդներն  ունեն.  «Այն, ինչը պետք է սովորես ամբողջ կյանքիդ ընթացքում՝   հարգանքն է օտար մարդու կյանքի հանդեպ»։

 - Սովորում ես նախ քո ծնողներից։ Ես իմ  օրինակով գիտեմ դա։ Նրանք չէին դաստիարակում խոսքով։ Նրանք իրենց կյանքն էին  ապրում։ Եւ ես տեսնում էի, թե ինչ հոգատար վերաբեմունք ունեն միմյանց նկատմամբ, միջավայրի մարդկանց հանդեպ։ Ինչպիսի նրբանկատությամբ են փորձում հասկանալ կամ օգնել դիմացինին։  Եւ  այն  մթնոլորտը, որ ստեղծվել էր ծնողներիս շնորհիվ  իմ ձևավորման վրա պետք է, որ ազդեցություն թողնեյին։  Ինձ նաև թվում է, թե նրանք վախ են ունեցել, որ իրենց  երեխան  կարող է էգոիստ լինել։ Եւ ինչ որ բաներ էլ  արվում էր, որ ես  այդպիսի մեկը չդառնամ։ Ես դրա համար էլ եմ շատ շնորհակալ  նրանց։     

- «Անթեղը»  կենսագրական  էջեր վերհանող մտորումներ են։   «Ձյուն կար» ֆիլմը հայրենիքից հեռացած, Մարսելում մշտական բնակության  համար բազմաթիվ  դժվարություններ հաղթահարելու պատրաստ հայ   ընտանիքի մասին է։  «Կանանց գյուղը» ֆիլմի հերոսները Հայաստանի Լիճք գյուղի բնակիչներ են։  Դուք  ոչ միայն կարեկցանքով, այլև մերձավորի  հոգատարությամբ եք  ներկայացնում Ձեր հերոսների  անհեշտ կյանքի պատմությունները։ Լիճք գյուղի կանանց, որոնք  ոչ միայն իրենց ընտանիքների հոգսերն են հոգում, այլև մի ամբողջ գյուղ  պահելու բեռն են  կրում իրենց ուսերին։  Ստիպված, կյանքի պարտադրանքով, քանի որ  գյուղի  տղամարդիկ արտագնա աշխատանքների են մեկնում։ Այս գործերի հեղինակ,   Փարիզում հաստատված կինոռեժիսոր Թամարա Ստեփանյան-Ֆերրարին,  մարդկանց  կյանքի հանդեպ հարգանք ցուցաբերելով հանդերձ,  ինչու՞ է  նախընտրում հատկապես հայերի մասին և Հայաստանում նկարահանել իր ֆիլմերը։

  -   Կարևոր մի բան էլ ասեմ։ Ես գիտեմ, որ ճակատագրի բերումով  չեմ կարող վերադառնալ ու ապրել Հայաստանում։ Այդ է պատճառը, որ  ստեղծագործելու  համար ես Հայաստան եմ վերադառնում։ Եթե անգամ Հայաստանում չեմ հայերի ու իմ մասին եմ նկարում։ Գուցե  այդպես ինձ խաբում եմ  կամ համոզում, որ այնուամենայնիվ,  Հայաստանում եմ։ Հոգեբանական  վիճակ է. եթե հայրենիքում չեմ ապա ֆիլմերով եմ ուզում լրացնել այդ բացը։ Վերադառնում եմ ինձ՝ իմ տանը զգալու, իմ երկրում ապրող մարդկանց հետ մի կտոր լավաշ կիսելու, համար։ 

   - «Կանանց գյուղը» գուցե այդ մղումով եք գնացել, բայց միայն դա  չէ. Ձեր  շեշտադրումներն են հետաքրքիր, ֆիլմի ռիթմն է գրավիչ։  Զուտ մասնագիտական  հմտությունները բավարար չե   կյանքի ոչ միայն առօրյա դժվարություններն,  այլև տարբեր տարիքի, արտաքին ու ներքին  կերտվածքով տարբեր  կանանց  այնպես ներկայացնել, որ հանդիսատեսը ափսոսանք  ապրի   նրանց ճանաչելու էկրանային  ժամանակի սպառվելու  համար։     

  -  Առաջին անգամ երբ Լիճք   գնացինք, մարդիկ  ինձ ընդունեցին  որպես իրենցից մեկին։  Սկզբում կանայք, հետո նաև արտագնա աշխատանքներից տուն դարձած տղամարդիկ ինձ վերաբերվեցին որպես հարազատ մարդու։  Ոչ մի օր, ոչ մի րոպե  ինձ զգացնել չտվեցին, թե ես օտար եմ։  Չէ՝ դու մերն ես։ Դու մեր աղջիկն ես։ Բարով ես եկել։ Նստի, իրար հետ համով  հաց ուտենք՝  կարտոֆիլով, ձուն էլ հիմա կողքին կդնեմ։ Հետո առաջարկեցին  իրենց տանը մնալ։  Ինձ հաճախ են հարցնում.  «Ո՞նց ես կարողացել մտերմանալ , որ քո հերոսները քեզ հետ  անկեղծ   ու ազնիվ են այնքան, որ   տեսախցիկը   չեն էլ նկատում»։ Իսկ ինչու՞չպիտի կարողանայի։ Ի՞նչ կարևոր է, Լիճք գյուղում ես,  թե՝ Փարիզում։ Իմ կարծիքով,  մեկ ուրիշ մարդու կողքին լինելն է կարևորը, նրան  հասկանալը, նրա՝ ապրումների պատճառը, նրա կարոտների չափը  զգալը։ Կապ չունի, թե  որտեղ է ապրում՝ Ֆրանսիայում, Չինաստանում, թե՝ Հայաստանում։  Դա արդեն երկրորդական է դառնում։ Կարևորը մարդն է ու նրա կյանքը։

  - Մարդն է, ու մարդու կյանքը։  Եւ նույն  մարդն էլ փոխում է մոլորակի կյանքի հունը այնպես, որ աշխարհի  բոլոր երկրներում տիրողը դարձնում է վախը, չսանձվող տարաբնույթ աղետները՝ անորոշ, անհասցե, որտեղի՞ց և ինչու՞  տագնապահարույց հարցերով, որոնց չտրված պատասխանները, նորերով են ավելանում։ Զարմանալին այն է, որ երկիր մոլորակը փրկելու փոխարեն ամեն ինչ արվում  է, որ վիճակն ավելի վատը դառնա։ Միակ բանը, որ մարդկանց կամ  որոշակի  խմբերի  համար հուսադրող է թվում,  արվեստի աշխարհն է։ Ձեր կարծիքով, կարո՞ղ է, գեղարվեստը   վստահելի՞ կամ  ժամանակավոր  ապաստարան դառնալ մարդկանց կամ թեկուզ մարդկային որոշ խմբերի համար։ Կյանքի իրականության  դառը փորձություններին դիմակայելու  կամ  այն թեթևացնելու   հետաքրքիր առաջարկներ  ներկայացնելով։

- Արվեստը, իհարկե  մեծ առաքելություն ունի։ Արվեստագետները ահռելի գործ ունեն անելու՝  մարդկանց հոգևոր կործանումից փրկելու համար, որպեսզի նրանք  չխորտակվեն վերջնականապես։  Մենք փորձում ենք աշխարհն ավելի լավը դարձնել։ Բայց արվեստի ամենահանճարեղ գործն անգամ  օզոնի մակերևույթն իր նախկին վիճակին  չի վերադարձնի, երկիր  մոլորակի  ջրհեղեղները, հրդեհները, բնության արհավիրքները չի կասեցնի։ Մենք, այո՛  կարող ենք  մի քիչ թեթևացնել վիճակը։   Նոր մի աշխարհ, զուգահեռ մի իրականություն տանելով մարդկանց մեծ  կամ  փոքր խմբերի միավորվելով ու  անելանելի վիճակներից դուրս բերող նոր  ուղիներ առաջարկելով։  Բայց այն խոսքին, թե գեղեցիկը կփրկի աշխարհը, ես այնքան էլ չեմ  հավատում։ Չէ, հաստատ չեմ հավատում։                    ---

- Այսինքն,  ամեն մեկը պետք է  իր խղճին ապավինելով իր  գործն անի։ Թամարա,  վերջերս Ձեր դեբյուտային լիամետրաժ «Արամի երկիրը» ֆիլմի համար  Հայաստանի կինոկենտրոնից ֆինանսավորում ենք ստացել։ Ե՞րբ և որտե՞ղ  է նկարահանվելու  ֆիլմը։ Հետաքրքիր է,  ինչու՞ հենց  «Արամի երկիրը», այլ ոչ թե ասենք՝ Հայկի, Տիգրանի ... անուններ չթվարկեմ, բայց տարօրինակ  չէ՞, որ մեր գրականության և կինոյի մարդիկ   հատկապես այս  անունն են  նախընտրում։

- Նախ ասեմ, որ սա առաջին իմ լիամետրաժ ֆիլմն է լինելու։ Ես շատ ուրախ եմ և շնորհակալ եմ Հայաստանի կինոկենտրոնին ֆիլմի զարգացմանը տրված աջակցության համար։ Ինչու՞ Արամ... Միշտ սիրել եմ այդ անունը։ Միշտ ասել եմ, եթե տղա ունենամ Արամ եմ դնելու անունը։ Տղա չունեմ։ Ունեմ երկու աղջիկ։ Ուրեմն, թող այս կերպ լինի։ Ֆիլմի նկարահանումներն ընթանալու են Հայաստանում։ Հիմնական տեղավայրեր են դառնալու   Գյումրին և Արցախը։  Հիմա սցենարը գրելու փուլում ենք... 

- Թամարա,Ձեր ամուսինը,  Ժան-Քրեստափոր Ֆերրարին տաղանդավոր գրող է։ Որքան հայտնի է նրա հետ  ընդամենը մի ֆիլմ  ունեք  արված։  «Արամի երկիրը» կինոնկարի սցենարը միասին գրելու և համատեղ աշխատելու ծրագիր չունե՞ք...

- Այո, ամուսինս  իսկապես տաղանդավոր գրող է, համալսարանի դասախոս և  կինոքննադատ է։  Վերջերս Փարիզում հրատարակվել է նրա գիրքը։ Շատ հետաքրքիր գործ է և  կուզենայի, որ այն թարգմանվեր հայերեն։  Ժան-Քրիստոֆի հետ «Ձյուն եկավ» ֆիլմի սցենարն ենք գրել։ Եւ նկարահանումների ամբողջ ընթացքում միասին ենք եղել Մարսելում։ «Արամի երկիրը»  սցենարի առաջին տարբերակն էլ ենք իրար հետ  գրել։ Հիմա երևի թե մենակ պիտի գործը շարունակեմ։ Ժամանակի  խնդիր ունի ամուսինս։   Բնականաբար ապագայում նոր ծրագրեր կիրականցնենք։  Մեզ նաև  արվեստի, գրականության  հանդեպ ունեցած հետաքրքրություններն   են  միավորում։ Երբեմն համամիտ ենք, երբեմն՝ ոչ։ Եւ այդ հակառակ դիրքորոշումներն երկխոսության թեմա դառնալով են միավորում մեզ։  

- Մի հարց, որը առաջինը պետք է լիներ, բայց  վերջինը դարձավ. Խոսքը  Բեյրութում կատարված ողբերգական իրադարձությունների մասին է։ Երկու շենքի սարսափազդու պայթյուն, որը բոլորին  նաև Հայաստանում ապրող ու  աշխարհասփյուռ  հայերին ցնցեց։ Օգնության հասնելու, նյութական  աջակցություն հասցնելուն զուգահեռ  հայրենադարձության մասին  խոսվեց։ Դուք ի՞նչ առաջարկ ունեք ցավոտ և հայերիս համար  մշտառկա այս խնդրի լուծման կապակցությամբ։       

        -  Չգիտեմ, թե ինչ խոսքերով արտահայտեմ իմ ապրումները հրեշավոր այդ պայթյունի կապակցությամբ։ Բեյրութը ինձ շատ հարազատ քաղաք է։ Իմ երկրորդ տունն է, Երևանից հետո։ Գուցե տարօրինակ  թվա, բայց պայթյունի համար, ես ինձ մեղավոր եմ զգում։ Մեղավոր եմ, որ այնտեղ չեմ, որ չեմ կարող փլատակներից փրկված, անտուն մարդկանց  օգնել, լինել ներկա պարզապես։ Այդ ծանր պահին մարդկանց կողքին լինելը նույնպես կարևոր է։ Հայրենադարձությու՞ն եք ասում։ Չգիտեմ, անբացատրելի մի զգացողություն է, որը հուշում է, թե այս պահին պետք չէ թողնել ու հեռանալ Բեյրութից։ Պետք է իրար կողքի կանգնել,, իրար հետ լինել, փորձել դուրս գալ ստեղծված դժվարին իրավիճակից միասին։ Փորձել վերականգնել Բեյրութը։ Մարդկանց հեռանալով, ոնց որ թե փլուզումները կշարունակվեն, և դա արդեն միայն շենքերի փլուզում չի լինի։ Վերջերս խոսում էի ամենամոտ ընկերուհուս հետ, որը  լիբանանցի, արաբ աղջիկ է։  Նրան ասում եմ. «Միշել, դու Ֆրանսիայի քաղաքացի ես, կարող ես վերադառնալ և ընտանիքիդ հետ ապրել Փարիզում»։ Ասաց. «Չէ, չեմ ուզում։ Ես այստեղ եմ մնում, իմ տանը։ Ես պիտի վերականգնեմ իմ քաղաքը»։ Ես նրան հասկանում եմ։ Ես նույնպես այդպես կվարվեյի, եթե  իմ Հայաստանում նման դեպք կատարվեր։ Ես պարզապես չէի կարող գնալ, հեռանալ իմ երկրից։ Իհարկե, հասկանում եմ Ձեր հարցի ենթատեքստը․ Իհարկե, հայերը կարող են գալ Հայաստան, որն իրականում  իրենց տունն է․ Բայց դա անձնական խնդիր է և ամեն մեկը պետք է զգա սրտով և ինքը որոշում կայացնի, գնա, թե՝ մնա...