Հայրենիքը զգայական ֆենոմեն է

 

Հայրենական պատերազմի այս օրերին, երբ կրկին դրված է հայի լինելիության խնդիրը, կոնսերվատորիան մնում է պայքարի՝ իր առաջնագծում։ Հասկանալի է, որ այս պայքարը հայոց սուրբ հայրենիքի և կոմիտասյան հանճարով ձևակերպված հայի տեսակի պահպանման համար է։ Քնար չէ՛, որ հնչում է այսօր Կոմիտասի անունը կրող, իր տաղանդավոր ու հերոսական սաների մահը սգացող երաժշտության այս տաճարում, այլ խոստում, որ լինելու ենք՝ միշտ, քանզի, ինչպես ասում էր Նովալիս Դերոյանը, մարդը շարունակությունն է Հայրենիքի․․․

Օրերս «Հայաստան» հրատարակչությունը լույս ընծայեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի բազմավաստակ պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու Նովալիս Վարազդատի Դերոյանի «Երաժշտական ստեղծագործության վերլուծություն» դասագիրքը։
Սա դասագրքի երկրորդ հրատարակությունն է։ Դասագիրքն առաջին անգամ լույս է տեսել 1985 թվականին՝ ամբողջացնելով հեղինակի բազմամյա դասախոսական փորձն ու մեթոդական յուրահատուկ մոտեցումները: Առ այսօր այս դասագիրքը միակն է իր տեսակի մեջ` անբասիր հայերենով, պարզ ու մատչելի շարադրանքով` միևնույն ժամանակ ապահովելով ամենաբարձր մասնագիտական չափանիշները:
«Լինելով Հայաստանում երաժշտության տեսության ամենաբարդ ոլորտն ուսումնասիրող առաջին և առ այսօր միակ հայալեզու դասագիրքը՝ այն ոչ միայն հեղինակի, այլև հայ երաժշտագիտության կարևոր ձեռքբերումներից է»,- գրքի առաջաբանում նշում է ԵՊԿ գիտական գծով պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու Ծովինար Մովսիսյանը:
Հարկ է նշել նաև, որ այն առաջինն է և եզակին՝ հայ ժողովրդական երգի ձևակազմական առանձնահատկությունների, վերլուծման մեթոդաբանության և ամբողջական համակարգի սահմանման տեսանկյունից։
Հենց այս նկատառումներից ելնելով, նաև հաշվի առնելով դասագրքի մեծ պահանջարկն ու անհրաժեշտությունը ինչպես կոնսերվատորիայի ուսումնական գործընթացում, այնպես էլ հանրապետության այլ մասնագիտական երաժշտական ուսումնական հաստատություններում, ԵՊԿ ղեկավարությունն, ի դեմս ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի, նախաձեռնեց դասագրքի երկրորդ հրատարակությունը։

Նշենք, որ Ծ․ Մովսիսյանի աշխատասիրությամբ էր լույս տեսել նաև Ն․ Դերոյանի «Երկեր» ժողովածուն (կազմող և խմբագիր՝ Ծ․ Մովսիսյան, Երևան, 2015)։ Այստեղ ընդգրկվել են հեղինակի հիմնորոշ աշխատությունը՝ «Երաժշտական ստեղծագործության ամբողջական հարցի շուրջ», անտիպ գիտամեթոդական հոդվածները, «Մարիամի խաչելությունը» ինքնակենսագրական վիպակը, ինչպես նաև հեղինակի՝ կյանքի վերջին տարիներին գրած մի շարք հրապարակախոսական հոդվածներն ու ուսումնասիրությունները, որոնցում անդրադարձ է կատարվում 1980-1990-ական թվականների հայաստանյան բարդ ու հակասական իրականությանը, մեր երկրի և ժողովրդի կյանքում տեղի ունեցած վճռորոշ, երբեմն նաև ողբերգական իրադարձություններին՝ նորանկախ պետականության կայացմանը, Սումգայիթի ոճրագործություններին, Սպիտակի ողբերգությանը և այլն։
Այս հրապարակումներն ամբողջացնում են Ն․ Դերոյանի վերլուծական մեթոդաբանության և արժեհամակարգի պատկերը։ Այստեղ է դրսևորվում բոլոր կատեգորիաների՝ ամբողջական և մեկ ներդաշնակ գոյության մեջ ընկալելու՝ նրա կերպը։ Այստեղ է, որ կարողանում ես որսալ համալիր վերլուծության՝ դերոյանական մեթոդի բարձրակետը՝ երաժշտական երկի գեղարվեստափիլիսոփայական արժևորումը։
Անհնար է չհիշել այս օրերին Ն․ Դերոյանի «Հայրենիք» հոդվածը։ Ինչպես ասում է Ծ․ Մովսիսյանը՝ այս ոչ ծավալուն հոդվածում խտացված է Դերոյան - վերլուծաբան – գիտնականի ամբողջական ընկալումն ու ապրումը՝ առ հայրենիք, առ մարդկային գոյություն։
«․․․ Հայրենիքը բազմանշանակ և տարողունակ հասկացություն է, այն կոնկրետ աշխարհագրական տարածք է, ազգի զարգացման պատմական միջավայրն է, բայց և զգայական ֆենոմեն է, եթե կուզեք, գեղագիտական կատեգորիա է, որի համար ճիշտ կլինի դիտել այն որպես Աստծո պարգև։ Այն չի ստեղծվում բռնի ուժով, անեքսիայով, հրովարտակով, դրամի, խաբեբայության և այլ ստոր ճանապարհներով։
Եթե մարդկային հոծ խմբեր տեղափոխվում են մի տեղից մյուսը՝ նոր արոտավայրեր նվաճելու կամ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով, դա ամենևին չի նշանակում, որ ձեռք են բերվում նոր հայրենիքներ։ Հայրենիքը սրբություն է և ոչ թե արոտավայր»։