ՈՍԿՈՐՆԵՐԸ․ Փիթեր Բալաքյան

                                                         

«Հետո սկսեցի, առանց երկար մտածելու, ափերովս ավազների միջից դուրս բերել ոսկորները և ինը տասնամյակ անց գրպաններս լցնել դրանցով»...
Ինը տասնամյակ, թե՞ հինգ կամ թե՝ վեց ամիս անց հայը  նույն հարցն է տալիս. «Սա իմ որդու՞, իմ ամուսնու՞, իմ հարազատի ոսկորներն ե՞ն»։

«Կարող էի ասել՝ սրանք իմ համերկրացիների ոսկորներն են».- Սա ամերիկահայ նշանավոր գրող Փիթեր Բալաքյանի հուշագրությունից է, որը   նա ավելացրել  է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ճակատագրի սև շունը» գրքի  վերահրատարակված տարբերակում։  Ինչը կարդում ես և ասում. «Խենթանալիք է»,  ապա  հին, չարչրկված նույն հարցը կրկնում.  «Եթե պատմությունը  կրկնվում է, ապա ինչու՞ է միայն ողբերգական իրադարձություններով կրկնվում...»:    

 

***************

Դեր Զորն Օսվենցիմի համահավասար իմաստ է ձեռք բերել հայերի համար: Երկուսն էլ, տարբեր ձեւերով, մահվան եւ զանգվածային սպանությունների համակարգված գործընթացի էպիկենտրոններ են: Երկուսն էլ խորհրդանշական վայր, էպիգրամային տեղանուն՝ սեւ քարտեզի վրա:

Դեր Զորն անյպիսի մի արտահայտություն է, որ փշի կամ տզի նման կպչում է քեզ ու պոկ չի գալիս: «Ր», «զ», «որ» հնչյունները սղոցի, դանակի պես կտրում են:

Դեր Զորը՝ վայր է, դեպի ուր հարյուր հազարավոր հայեր ստիպված էին ոտքով հասնել 1915-16 թվերին, վերջնակետ՝ առաջին համաշխարհային պատերազմի քողի ներքո Օսմանյան Թուրքիայի կառավարության իրագործած հայերի ցեղասպանության:

2005-ի մայիսին Մ. Նահանգների պետքարտուղարության հովանավարությամբ Բեյրութում դասախոսություններ անցկացնելուց հետո, հայկական եկեղեցու կարգադրությամբ այցելեցի Սիրիա, Հալեպ՝ ցեղասպանությունից մազապուրծ հայերի կարեւոր ապաստաններից մեկը եւ առավել հեռվում՝ արեւելյան մասում գտնվող Դեր-Զոր վայրը:

Հալեպից այնտեղ, Սիրիայի տարածքով ճանապարհն անցնում էր Եփրատ գետի երկայնքով մինչեւ Իրաքի սահմանը: Գետը, որ մերթ հայտնվում էր, մերթ անհայտանում, զուլալ էր, հոսուն եւ կանաչավուն: Ոչ դարչնագույն եւ դանդաղահոս, ինչպես երեւակայությանս մեջ էր պատկերված եւ իհարկե՝ ոչ կարմիր՝ արյան հեղեղից կամ խցանված՝ դիակների առատությունից, ինչպես ականատեսներն էին նկարագրել ցեղասպանության վատթարագույն ժամանակահատվածում:

Կեսօրին մենք անցանք Դեր Զորի առեւտրական թաղամասի փողոցներով, որոնցում լսվում էր արագընթաց ավտոմեքենաների եւ մոտորահեծանիվների բզզոցը, մինչեւ հասանք Սրբոցն Նահատակաց հիշատակին կառուցված հայկական քարաշեն եկեղեցու ճակատային մասին: Տեր հայրը մեզ ներս առաջնորդեց: Աստիճաններից ներքեւ, տաճարի տակ, կամարակապ անցքեր կային եւ մարմարյա հսկայական մի կոթողասյուն, որը վեր էր խոյանում առաստաղի լայն բացվածքից: Կոթողասյան շուրջը ապակե պահարանների մեջ ավազի վրա խնամքով դարսված ոսկորներ էին: Հարյուրավոր ոսկորներ, գանգերի մնացորդներ, ազդրոսկրներ, մեծ ոլոքներ, անրակներ, ակնախոռոչներ, ատամներ: Չորս բոլորը ապակե պահարաններ էին, կողք կողքի եւ դրանց մեջ ոսկորներ, ոսկորներ ու էլի ոսկորներ:

Հարցրեցի տեր հորը, թե որտեղից էին այդ բոլորը հավաքել: «Շուտով կտեսնես», ասաց:

Պատարագից անմիջապես հետո, մենք ուղեւորվեցինք դեպի արեւելք, եւ ես գլխի ընկա, որ Դեր Զոր ասվածը չոր, անբերրի մի հսկայական հողատարածք է: Մի քանի ժամ անընդմեջ, բացի ժամանակ առ ժամանակ հանդիպող ոչխարների հոտից, այդ ամայի տարածքով անցնելուց հետո, մեր մեքենան կանգ առավ եւ ճանապարհի եզրին, բլրի բարձունքում ես տեսա սպիտակ քարից կառուցված մի փոքրիկ մատուռ:

«Սա Մարգադեն է», ասաց մեզ ուղեկցող հայր Ներսեհը: «Մոտ 15 տարի առաջ, երբ Սիրիայի կառավարության որոշմամբ այս վայրերում մարդիկ նավթ էին որոնում, էքսկավատորները ոսկորների կույտեր դուրս բերեցին հողի տակից»:

«Հենց այստե՞ղ», հարցրեցի:

«Այո, հենց այստեղ», ասաց նա եւ բացատրեց, որ Սիրիայի կառավարությունն անմիջապես հայկական եկեղեցուն որոշակի հողային տարածք հատկացրեց հուշակոթողի կառուցման համար: Ես քայլեցի բարձունքն ի վեր, մատուռի ուղղությամբ, ձեռքս խրեցի ավազների մեջ եւ զգացի, որ դեմ եմ առնում կարծր ոսկրաբեկորների:

«Մեր նախնիներն են այստեղ թաղված» մրթմրթացի: Հետո սկսեցի, առանց երկար մտածելու, ափերովս ավազների միջից դուրս բերել ոսկորները՝ գանգի, գոտկատեղի խոռոչային մասերը եւ ինը տասնամյակ անց գրպաններս լցնել դրանցով: Դրանք հողածածկ, կրային, ծակոտկեն, բայց ամրակուռ նյութից էին:

Լցրեցի գրպաններս դրանցով, պարտավորված զգալով ինձ հետ դեպի մատուռ բարձրացնել այդ բոլորը: Մատուռի հատակը սառն էր, իսկ հետեւում ալեբաստրե մի պատի վրա խաչ էր փորագրված: Իրիկնային արեւի շողերը դեղնավուն լուսամուտի միջից ներս էին թափանցում, եւ ամբողջ տարածքը լողում էր բաց նարնջագույն լույսի մեջ: Փորձեցի մտքիցս հանել այդ ամենը, հեռանալ գերեզմանատնից, հեռանալ անգամ ինքս ինձանից եւ նորից շնչել ազատ…

Ինքնաթիռում, դեպի Մ. Նահանգներ վերադառնալիս կես քուն, կես արթուն վիճակում էի: Միայն Լաբրադորի վրայից թռնելուց գիտակցեցի, որ մեկ ուրիշ երկրից վերցրած օրգանական նյութեր էի փոխադրում ինձ հետ: Հայտարարագրի վրա հարցերը հստակ էին ձեւակերպված. «Ձեզ հետ բերո՞ւմ եք հող, միրգ, բույս կամ հողագործության այլ կուլտուրաներ», «Այցելել ե՞ք Մ. Նահանգներից դուրս գտնվող ագարակներ, ֆերմաներ, արոտավայրեր»: Այժմ արդեն կրկնակի ամուր փակված ծրարներում գտնվող ոսկորները հողով ծածկված էին անշուշտ եւ չնայած արդեն բջջային կուլտուրաներ չէին, ապա ի՞նչ էին դրանք իննսուն տարիներ անց:

Կռացա եւ ձեռք տվեցի ճամպրուկիս՝ ապահով լինելու համար, որ դրանք իրենց տեղում են, մի կողմից էլ հետեւելով, թե արդյոք ուղեկցորդուհիներից որեւէ մեկը նայո՞ւմ է իմ կողմը, թե՞ ոչ: Ի՞նչ կարող էի ասել. «Սրանք իմ համերկրացիների ոսկորնե՞րն են», թե՞ նշեի, որ Սիրիայի անապատներում այցելել եմ ոսկորների մի ամբողջ «արոտավայր»: «Այս մեկը կարող է պատկանել իմ տատիկի առաջին ամուսնուն, այս մյուսը՝ սվազցի մի գյուղացու»:

Հայտարարագիրը լրացրեցի՝ «X» նշանը դնելով «Ձեզ հետ բերում եք» նախադասության «ոչ» քառակուսում: Քենեդի օդանավակայանի մաքսատանը հերթի կանգնելուց պատկերացրեցի, թե հաշվի առնելով իմ այցելած վայրերը, պետքարտուղարության ներկայացուցիչը կարող էր ցանկություն հայտնել՝ ստուգելու ճամպրուկներս: Բայց մաքսատան աշխատակիցը նախ անձնագիրս ստուգեց, հետո էլ ինձ նայեց եւ անձնագիրս կնքեց՝ ասելով «բարի գալուստ»:

Թարգմանությունը Հակոբ Ծուլիկյանի