ՆԱ, ՈՎ ՄԻ ՔԱՆԻ ՈՒՂԻ ԸՆՏՐԵԼՈՎ ԹՈՂԵԼ Է ՆՇԱՆԱՅԻՆ ՀԵՏՔԵՐ

  

Անհատներ կան, որոնք աշխարհի ուղիներում սեփական ճամփան գտնելով,  ճյուղավորում են այն «հոգու եւ մտքի գործողություններով», եւ մի քանի արահետներ ընտրելով են, թողնում նշանային հետքեր: Հրաչյա Թամրազյանը այդ բացառիկ անհատներից է։

  Բանաստեղծ, գիտնական, հրատարակիչ,  Մատենադարանի տնօրեն: 

 1959 թվականին հիմնադրված եւ 1962-ից Մեսրոպ Մաշտոցի անվամբ կոչված Մատենադարանի տասներրորդ տնօրենն էր  Հրաչյա  Թամրազյանը։

  Ճակատագրով նախանշված ուղին է իրեն տարել  Մատենադարան։ Հենց այն տաին, երբ ավարտեց Երեւանի պետական համալսարանը, առաջին աշխատատեղը Մատենադարանը դարձավ։ Այստեղից սկզբնավորած ճանապարհը, նա քայլ առ քայլ հատելով է առաջ գնացել՝ պոեզիա, ապա մատենագիտություն, գրականագիտություն, նաեւ լեզուներ ու թարգմանական արվեստ ուսումնասիրելով։

- Մատենադարանը փոխեց պատկերացումներս ընդհանրապես կրթության հանդեպ, մշակութային, հոգեւոր արժեքների հանդեպ, բարոյականության հանդեպ։

- Այսինքն, աշխարհայացք փոխեց։ 

Զարմանալի բաներ եղան։ Տատիս պատմած հեքիաթները Մատենադարանում գտա` նույնությամբ։ Ապշեցի։ 13-րդ դարի ձեռագիր էր։  Հասկացա, որ ոչինչ չի կորչում ժամանակի մեջ՝ տառ առ տառ, բառ առ բառ պահպանվում է եւ՛ բանավոր եւ՛ գրավոր խոսքով։ Էդ ի՜նչ հանճար է ժողովուրդը, որ բանավոր  տեքստը հասցնում է անթերի այնքան, որքան վկայված է ձեռագրով։ Ամեն շերտում է սա առկա։  Տեքստեր հանդիպեցին, որոնք նույնքան կամ ավելի մեծ զարմանք պատճառեցին։ Երբեւէ չհրատարակված խոր, լիրիկական տեքստեր։ Այդ շարքում մեկը ձգեց, տարավ Ո՞վ է հեղինակը։ Պարզվեց, որ Անանիա վարդապետն է։ Գրիգոր Նարեկացու ուսուցիչը, որ նաեւ բանաստեղծ է։ Մեծ անհատականություն։ Փիլիսոփա, մատենագիր, Նարեկա վանքի առաջնորդ ու դպրոցի հիմնադիր։ Գիտական թեզիս թեման դարձավ՝ «Անանիա Նարեկացին եւ 10-րդ դարի հայ բանաստեղծությունը» վերնագրով։

Տարիներ առաջ Հռոմում կայացած միջազգային գիտաժողովում, նույն այդ թեմայով արված  զեկույցդ մեծ հաջողություն էր ունեցել ոչ միայն մասնագիտական շրջանականներում։ Եվրոպական մի շարք երկրներում եւ  ամերիկյան մայրցամաքում լույս ընծայվող օտարալեզու պարբերականններից արտատպված նյութերը մեծ գոհունակություն ու հպարտություն էին պատճառում նաև մեր հայրենակիցներին եւ հատկապես քո  բարեկամներին։ Նախ՝  10-րդ դարում նման մեծության մատենագիր, փիլիսոփա եւ ուսուցչապետ ունենալու, ապա եւ այն պատճառով, որ նրա մշակութային հարուստ ժառանգության ուսումնասիրողն ու համաշխարհային հնչողության արժանացնողը  Հրաչյա Թամրազյանն է։

- Այո, ես էլ էի ուրախ դրա համար։  Իսկապես արձագանքներ շատ եղան։ Ուրախ էի, որ միջնադարի խոշոր մասնագետները ճանաչելով, գնահատեցին բարձրագույն մակարդակի հասած Նարեկա վանքի առաջնորդ, մեծագույն այնպիսի մի փիլիսոփայի եւ դպրոցի հիմնադիր-ուսուցչապետի, ինչպիսին Անանիա Նարեկացին է։ Մանկավարժ, որն առաջնային տեղ է տվել գրականությանն ու երգեցողությանը, իսկ դասավանդման մեջ կարեւոր համարել ուսուցիչի գիտելիքներն ու անձնական օրինակը։   

- Այն տարիներին, երբ աշխատում էիր Մատենադարանում, երբ գիտական ուսումնասիրությամբ  էիր զբաղված, մտածու՞մ էիր, որ մի օր կդառնաս Մատենադարանի տնօրեն։  

- Այդ մասին չեմ մտածել։ Չնայած ինձ թվում է, որ այնուամենայնիվ դա կանխորոշված էր։ Տերյան փողոցի մեր տան հարեւանը Ասատուր Մնացականյանը, հորս հետ շատ մտերիմ էր։ Թեպետ անչափ զուսպ անձնավորություն էր, բայց նրանց զրույցներից ես իմ անձնական պատկերացումներն էի կազմում Մատենադարանի մասին։ Գոնե այս հարցում անվրեպ է եղել ընտրությունս։ Ճիշտ է, բանաստեղծ էի։ Իսկ 1987-1988 թվականներին, երբ սկսեցին արժեքները փոշիանալ, որոշեցի գրահրատարակիչ դառնալ։ «Նաիրի» հրատարակչության գլխավոր խմբագիրն էի։ Գործընկերներիս ընտրությամբ դարձա տնօրեն, որի համար նույնպես գոհ եմ ճակատագրից։ Ես չգիտեի, թե գիրք լույս ընծայելու կախարդանքը ինչ է։ Չգիտեի, որ կարող ես մի օրում գիրք տպագրել եւ հոտը զգալ։

- Նման բան նոր թխած հացի մասին են ասում։ Բայց մի շրջան եղավ, երբ այդ բուրմունքից հրաժարվելով, դարձար նախարար

- Անկախություն, Շարժում, նոր ընտրություններ շատ դժվար շրջան էր։ Այո, դարձա նախարար ու հեշտ չէր. պարտադրված շփումներ, յոթ գլխանի դեւերի հետ հանդիպումներ, պարզ մարդկանց հետ հարաբերվել, բարդ, գրեթե անլուծելի խնդիրներ։ Զարմանալի ժամանակներ էին

- Մատենադարանի տնօրեն լինելն էլ երեւի, թե հեշտ չէ, թեպետ պետք է ենթադրել, որ սա  հարազատ տուն վերադառնալու պես մի բան էր, ուր, այդուհանդերձ որոշ  խոչնդոտներ հաղթահարելով, մուտք գործեցիր։

- Իմ խորին համոզմամբ յուրաքանչյուր-ոք ամեն առավոտ արթնանալիս, նոր մարդ է դառնում։ Նոր արթնացող մարդը, նորից է ծնվում։ Այսինքն, օրը սկսում է մաքուր չնչով։ Օրը, որովհետեւ մոլորակի տիեզերական շարժման  հետ է կապված։ Շատ կարեւոր է, որ այն լինի մաքուր, խոսքը, արտաբերված խոսքը լինի անաղարտ, մարդկանց ասած բարի լույսը՝ անկեղծ մաղթանք։ Եթե տեսնես, որ մարդը ազատ շունչ քաշեց բարեւդ առնելիս, ապա վստահ եղիր, որ մաքուր է շնչում ու հավատով ասա՝ «սա իմ ընկերն է»։ Ես փորձում եմ, որ օրը չխաթարվի, բայց եթե մեկը պղտորում է մթնոլորտը, փորձում եմ հեռու մնալ  նրանից, որովհետեւ կարեւոր անելիք կա օրվա մեջ եւ այն պետք է անարատ պահես։ Եթե դա չարեցիր, այսօրվա անելիքդ վաղվան կմնա եւ վաղվա օրդ էլ կխաթարվի։ Սա գաղտնիք չէ, ամենապարզ կեցության օրենք է։ Ոսկե օրենքը։

- Այդ օրենքը միայն Մատենադարանում աշխատելու վերջին տարիներին, թե ավելի վաղ է հաստատվել։

- Մատենադարանից ես երբեք դուրս չեմ եկել։  Ես հրատարակիչ էի ու եթե մեր տպագրած գրքերի ցանկը տեսնես, կհամոզվես, որ Մատենադարանի արժեքները ներկայացնող հարյուրից գոնե 35 գիրքը լույս է ընծայել «Նաիրի» հրատարակչությունը։ Մատենադարանը ստեղծագործական իմ կենսագրության կարեւոր մաս է կազմել` միշտ։ Չորս մենագրություն եմ հեղինակել, որոնք ինձ համար պաշտելի են։ Անհնար է, որ  դրանք  համարվեն զուտ գիտական աշխատանք, որովհետեւ քո ամբողջ կենսափորձն է, քո բառաշխարհն ու քո հուզական ներաշխարհն է ամփոփում։

  Ասեմ, որ այս ընթացքում Գրիգոր Նարեկացու նոր գործեր եմ հայտնաբերել, որ լիարժեք մի հատոր է կազմում։ Անանիա Նարեկացու ամբողջ ժառանգությունը ութ հատորի նյութ է՝ մի զորեղ շարժման մասին  վկայող։ Հզոր մի շարժում, որի նմանը ամբողջ քրիստոնեական աշխարհում  չկար։ Նույնիսկ Բյուզանդիայում այդպիսի խոր, միստիկ, մտածական, իմացական, էզոթերիկ շարժում չկար։ Մեզանում կար, որովհետեւ Նարեկավանք ունեինք։

- Բազմատար ու բազմաբնույթ են Մատենադարանում կատարվող աշխատանքները. հին ձեռագրերի պահպանություն, վերականգնում, պատճենահանում, մանրանկարչության, երաժշտական արվեստի հարուստ ժառանգության ուսումնասիրություն եւ հրատարակում։ Այս ամենին զուգահեռ գիտաժողովների, ցուցահանդեսների կազմակերպում եւ այլն, եւ այլն։ Բայց Մատենադարանը գիտամշակութային այն հաստատությունն է, որ նաեւ հավաքչական գործունեություն է ծավալում։ Եւ այն, որ հատկապես օտար երկրներում ապրող մեր հայրենակիցների աջակցությամբ են Մատենադարանի  ֆոնդերը հայկական ձեռագրերի ու մշակույթի նոր մասունքներով համալրվում, մի տեսակ օրինաչափ է համարվում։ Հասկանալի է, այսպիսի  մի զրույցի սահմաններում դժվար է հիշելով, հիշատակել բոլոր նոր  ձեռքբերումների մասին, բայց  երեւի թե վերջին շրջանում այնպիսի մի համալրում եք ունեցել, որն առանձին նշանակությամբ է կարեւորվում քեզ համար։   

- Երբ դեռ «Նաիրի» հրատարակչությունում էի աշխատում, մի կին եկավ մեզ մոտ ու ասաց, թե Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» կիլիկյան ձեռագիր ունի։ Ցնցվեցի։ Եւ այդ օրվանից չէի կարողանում էդ մի նախադասությունից ազատվել։ Վերջերս, երբ Սիրիա էի մեկնել այդ մասին պատմեցի բարեգործ ընկերոջս՝ Գաբրիել Չեմբեճյանին, «Փյունիկ» հիմնադրամի պատվո նախագահն է։ Անմիջապես կանչեց իր մի ընկերոջը, որը ինչքան ինձ է հայտնի, Մոնակոյում է ապրում։

- Տիգրան,-ասաց,- այսպիսի մի ձեռագիր կա, պետք է, որ Մատենադարանի սեփականությունը դառնա։

 Ձեռագիրը այդպես փրկվեց։ Կարող էր օտար մի երկրում հայտնվեր։ Կարող էր օտար մի հաստատության կամ մասնավոր հավաքածուի սեփականություն դառնալ։ Վստահաբար, ավելի բարձր գնով կարող էր վաճառվել, բայց այդպես չեղավ ու այն հիմա մեզ Հայաստանում է եւ մերն է։  

-Նոր մասնաշենքի կառուցումը նույնպե՞ս քո նախաձեռնությամբ սկսվեց կառուցվել

- Էդ տեսլականը Արթուր Մեսչյանինն է։ Իսկապես։ Հին ընկեր է։ Անվերջ խոսում էինք այդ թեմայի շուրջ՝ ինչ կանեինք, ինչպես կանեինք, եթե Նույնիսկ համահայկական դրամահավաք կազմակերպել էինք ուզում։ Երբ տնօրենի պաշտոնը ստանձնեցի, Արտուրին ասացի, հավաքիր նախագծերդ...

- Իսկ Մատենադարանը նոր շինության պահանջ ունե՞ր։

- Այն, որ Մատենադարանը նոր շենքի կարիք ունի, ինձ հայտնի էր դեռեւս երեսուն տարի առաջ։  Մասնաշենքը, որի շինարարական աշխատանքները սկսվել էին 1978-ից  ինչ-ինչ պատճառներով կիսատ էին մնացել։

- Բայց դա ընդամենը պահուստային նշանակություն կրող մի բան էր լինելու, որը Մարկ Գրիգորյանի հեղինակած շինության հետ  «մրցակցելու» խնդիր չէր կարող ունենալ։ Մատենադարանը մեր մայրաքաղաքի բացառիկ   շինություններից մեկն է։ Եւ արտաքուստ հայկական ճարտարապետությանը հատուկ եղանակների մշակումով իսկ ներքին տարածություններում  միջնադարի շինարարական արվեստի ձեւերով ու լուծումներով իրականացված այդ կառույցը, ասես հուշում է , թե ինչ «բովանդակություն» ունի։ Զարմանալի է, բայց դեպի Մատենադարան տանող եւ նույնիսկ մուտքի աստիճաններով բարձրացող   այցելուների համար տեսանելի չէ, որ հնի կողքին նոր մասնաշենքի կառուցապատման աշխատանքներն են ընթանում։

- Այն, ինչ հիմա է կառուցվում անպատմելի, աներեւակայելի մի շինություն է։ Հրաշք է։ Այո, այնպես է արված, որ չերեւա։ Դա Արթուր Մեսչյանի տաղանդի նոր հաստատումն է։ Նա ասաց. «Չի կարելի Մարկ Գրիգորյանի հոյակերտ շենքի կոմպոզիցիան խաթարել»։ Այդպես էլ արեց։ Նորը, իրականում համահունչ է հին շինությանը, իբրեւ ճարտարապետական արվեստի գործ անթերի է, որովհետեւ ամեն տարր մշակված է։  Իսկապես աշխարհում նման շինություն չկա։ Իմ ընկեր Արտուրը ստեղծագործական իր ողջ տարերքը արտահայտել է այս գործում։ Եւ եթե մեր ընկերությունը չվերածվեր երաժշտության, երգի, եթե պոեզիայի հետ չմիահյուսվեր իբրեւ ճակատագիր, ոչ մի բան էլ չէր ծնվելու։ Չէր լինելու այս սքանչելի շինությունը, որը քարեղեն է, բայցեւ բացարձակ օդեղեն է՝ արեւով լեցուն, նաեւ հոգու նիրվանա է։