ԱՅՆ, ԻՆՉ ՄԵՐ ՆԱԽՆԻՆԵՐԸ ՆՐԲԱՆԿԱՏՈՐԵՆ ԾԱԾԿԵԼ ԵՆ ՀՈՂՈՎ

 

Ինչու՞ է մայրաքաղաք Երևանը տասնամյակներ շարունակ որոշակի կարգավիճակ չստանալով, մեր աչքի առաջ քանդվելով, սարքվում։  Եւ ինչու՞ է հատկապես քաղաքի կենտրոնը պարբերաբար վերածվում մեծ շինհրապարակի։

Կենտրոնը տասնամյակներ շարունակ քանդում էին և ասում, թե Թամանյանի նախագիծն է։  Լավ իմանալով, որ Թամանյանը նման նախագիծ չի ունեցել, որի համաձայն պետք է կենտրոնի շինությունները իսպառ վերացնելով, Էլիտար բնակարանային շենքեր կառուցվեն։ Այն էլ բարձրահարկ։  Աշխարհում կա՞ մի մայրաքաղաք, որը խաղաղ պայմաններում այնպիսի ավերածությունների է ենթարկվել, ինչպես Երևանը։ Կրկնվող  հարցեր են, որոնք չսպիացող վերքի նման բորբոքվելով, ցավացնում են, երբ     մայրաքաղաքի  կենտրոնը քանդման ենթարկելու նոր ծրագիր է մեջտեղ բերվում։  Այս անգամ  Հանրապետության հրապարակի տակ հայտնաբերված շինությունները վերականգնելու ծրագիրն  իրականացնելու որոշումն է հանրությանը ներկայացվել։ Եւ արդեն բավական ժամանակ է, որ խնդրի շուրջ հանրային քննարկումներ են ծավալվում՝ կողմ ու դեմ   կարծիքներ հնչեցնելով։ Մասնագետների համոզմամբ սա հիմնավոր  և խորը ուսումնասիրություններ   առաջադրող գործ է, որը բացառում է հապշտապ որոշումներ կայացնելը։ Եւ թեմայի  շուրջ ընթացող քննարկումները, հին ու նոր տվյալների զուգահեռում բանախոսների կարծիքներն ու  դիտարկումները  ներկայացնելու  նպատակը մեկն է՝ լսելի դարձնել մասնագետների խոսքը։ Եւ հույսը՝  որ այս անգամ  այն  չի անտեսվի...

                                        ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈւԹՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԽՆԱՄՔՈՎ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ  

            « Հանրապետության տակ գտնվող շինությունները 17-րդ դարի են, կառուցողները հայ վարպետներ են, որոնք  հայկական տուֆ են օգտագործել»- համոզված է հնագետ Ֆրինա Բաբայանը, որը տարիներ առաջ Աղավնի Ժամկոչյանի հետ պեղումներ է իրականացրել այդ տարածքում, ապա հեղինակել «Ուրվագծեր հին Երևանի պատմության և հնագիտության» գիրքը։ Հնագետը, վստահեցնում է, որ  այդ տարածքում գտնվող կառույցները շինարարական արվեստի գլուխգործոցներ են։  Բայց  նաև առաջարկում որոշ նմուշներ հանելով, մանրամասն ուսումնասիրել շինանյութերի բաղադրությունը վերջնական ու ստույգ եզրակացության հանգելու համար։

                                         ***

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանի  կարծիքով   տարածքը պետք  է բացել  և ներկայացնել հանրությանը։ Իսկ թե դրանք հատկապես ում կառուցածն է, ամենևին էլ կարևոր չէ։ Կարևորն այն է, որ դրանք հայերի տներ են։ Նաև հորդորում՝ քաղաքի պատմությանը պետք է խնամքով վերաբերվել։   

                              ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՄԵՐ ՆԱԽՆԻՆԵՐԸ ՆՐԲԱՆԿԱՏՈՐԵՆ ԾԱԾԿԵԼ ԵՆ ՀՈՂՈՎ

 Ճարտարապետ Արտակ Ղուլյանը, որը տասնամյակներ շարունակ ուսումնասիրել է ժողովրդական ճարտարապետության արտահայտությունները, նախ հիշեցնում է. «Ցանկացած հուշարձանի վերականգնողական աշխատանքը սկսվում է պատմական աղբյուրներ, վավերագրեր, արխիվային նյութեր, արձանագրություններ և այլ նյութերի ուսումնասիրությունների փուլից»։ Ա. Ղուլյանի  հավաստմամբ եղածը սովորական երևանյան նկուղային հարկեր են, կեսը՝ տուֆով, կեսը՝ աղյուսով իրականացված, և չեն կարող լինել 19-րդ դարի շինություններ։  Ճարտարապետին  զարմացնում   է այն  հանգամանքը, որ բոլորը խոսում են Երևանի մասին առանց դույզն իսկ իմանալու մայրաքաղաքի պատմությունը։ Եւ հիշեցնում. «1679թ երկրաշարժից հետո Երևանը փլվել է, այսինքն՝ դա պետք է լիներ քաղաքի երկրաշարժից առաջ, կա՛մ հետո։ Բայց ամենահավանական դարաշրջանը՝ 18-րդ դարի պարսկական շրջանն է։ 1735-ից հետո, երբ թուրք-պարսկական պատերազմն եղավ Հայաստանում»։  Այն, ինչ գոյություն ունի հրապարակի ստորգետնյա հատվածում ծուռտիկ-մուռտիկ կամարներով նկուղային հարկեր են, որոնք նախատեսվում էին մթերք պահելու համար։  Նա  մերժում է ստորգետնյա շերտը ապակիների տակ ներկայացնելու առաջարկը. «Քանի որ հորիզոնական դրված ապակին հինգ րոպե հետո փոշի ու կեղտ է դառնում, այդպիսի  ապակու տակ ի՞նչ պետք է տեսանելի լինի»։

«Հանրապետության հրապարակը Հայաստանի թիվ մեկ հուշարձանն է։ Եթե անգամ՝ «հայտնաբերել ենք մի ամբողջ քաղաք հրապարակի տակ, ի՞նչ ենք անելու, գիտե՞ք աբսուրդը որն է՝ այդպիսի շենքեր Երևանում բազմաթիվ էին, դրանք քանդեցին, ոչնչացրին ու հիմա էլ են ոչնչացնում։ Այսինքն, ամեն օր ոչնչացնում են ավելի կանգնուն, լավ վիճակում գտնվող շինությունները, իսկ անհայտ ծագումով նկուղային  շինությունները   թանգարանային արժեք  են ուզում դարձնել։ Ստացվում է, մենք ռիսկի ենք դիմում՝ առանց  հետևանքների մասին մտածելու, իսկ ստորգետնյա այդ շերտն իր արժեքով անչափելի է հրապարակի համեմատ...», վստահեցնում է Արտակ Ղուլյանը և շեշտում. «Ունենք մի փառահեղ հրապարակ և դրա տակ թաքնված մի բան, որը մեր նախնիները շատ նրբանկատորեն ծածկել են հողով։  Ես առաջարկում եմ  վերքը չփորփորել, որովհետև դա մեր թշվառ ու ողբերգական ժամանակաշրջանի վկայությունն է»։  Եւ հետո՝ «մինչեւ բահ վերցնելը»,   ուսումնասիրական ահռելի աշխատանքը պարտադիր պայման է։ Մանավանդ  որ   աշխարհին  կամ  զբոսաշրջիկներին զարմացնելու նպատակով է ծնվել երկհարկանի քաղաքի գաղափարը։ Մինչդեռ պատմական անփառունակ և տխուր հատվածին այս կերպ անդրադառնալը, մեծ պատասխանատվություն է, հավատացնում է Արտակ Ղուլյանը։

                                         ՍԱ ՀՐԱՊԱՐԱԿՆ Է՝ ԹԻՎ ՄԵԿ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման և այն թանգարանային հատվածի վերածելու հարցին անդրադարձել է նաև Ճարտարապետ Կարեն Բալյանը։ Նա այն կարծիքին է, որ  օտարերկրացին   կամ թե  մեզանից ամեն մեկը   հրապարակի ստորգետնյա տարածք է իջնելու մի արտակարգ շինություն,   աներևակայելի այնպիսի մի բան տեսնելու ակնկալիքով, որի նմանը չկա գետնի երեսին։ Ինչպիսին օրինակ, Պոլսում հայտնաբերված   բյուզանդական ժամանակաշրջանի   ջրամատակարար- տաղավարների սրահն  է։ Իրականում այդտեղ ոչինչ չկա, ո՛չ ցուցադրություն, ո՛չ առևտրական կրպակ ու սրճարան, բայց մարդիկ գնում են և մուտքի  տոմսի համար վճարում՝ տեսնելու համար  սյուններով   ստորգետնյա սառնաշունչ մի տարածք՝  գիտական մտքի ու շինարարական  արվեստի բացառիկ  մի արտահայտություն, որն իրականացվել է հազարամյակներ առաջ։  Բայց այն, ինչ կա  Հանրապետության հրապարակի ստորգետնյա շերտի տակ, բացառիկ չէ։ Եւ մենք չգիտենք, թե որքան է այդ տարածքի չափը, որտեղից պետք է սկսել, որտեղ՝ վերջացնել։  Եթե անգամ դա հայտնի դառնա և պարզվի, որ դրանք կիրառելի  տարածքներ են, ապա  ինժեներական միջամտությունների՝ օդափոխություն, ջեռուցում և այլ խնդիրների պահանջ է ծագելու։ Դրանք բավականին բարդ  և դժվար լուծելի  խնդիրներ են, որոնք  անտեսել չի կարելի։  Եւ դրանց լուծումը բավական մեծ ժամանակ ու նյութական միջոցներ պահանջող  աշխատանք  է ենթադրում։   Կարեն Բալյանը կարևոր է համարում նաև նշված տարածքի խորությունները, որոնք  տեսանելի են լուսանկարներում։ Դրանք առանձնապես մեծ  չեն և հնարավոր է, որ վերև բարձրանալու, այսինքն՝ հրապարակի մակերեսը բարձրացնելու հարց առաջանա

«Հրապարակը մտահղացված էր որպես մեր պետականության արտահայտման գլխավոր տարածք, և այդպես էլ իրականացվել է։ Անժխտելի  է, անշուշտ, որ  Օպերայի և բալետի շենքն ու Հանրապետության հրապարակը հայ  ճարտարապետության գլխավոր հուշարձաններն են», որոնց անձեռնմխելիությունը պահպանելն ու  փոխանցելը կարևոր պայման է ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդների համար։  Այս  պարզ ճշմարտության մասին հիշեցնելով, Կ. Բալյանը նաև շեշտում է՝ «Եթե մենք հիմա թույլ ենք տալիս միջամտություններ ստորգետնյա կառույցներ ստեղծելու համար, ուրեմն դա պետք է փոխի հրապարակի հորիզոնական մակերեսը, ինչն անխուսափելի է։ Իմ կարծիքով, հնարավոր չէ այսպես միանգամից վերցնել ու իրականացնել նման մի ծրագիր, չիմանալով թե ինչ կա այնտեղ։  Չենք իմանում, թե ինչպես այն պետք է օգտագործվի, և ամենակարևորը՝ չենք հասկանում, թե ինչպես դա պետք է արվի։ Վերջիվերջո, այդ կառույցները  գեղարվեստական և պատմական արժեք որակելու  առումով նույնպես խնդիրներ են ներկայացնում։ Չի կարելի շրջանցել կարևոր ևս մի հարց՝  ֆիզիկապես ինչպե՞ս պետք է այդ ամենը պահպանվեն։ Փորձը ցույց է տալիս, որ նման շինություններն առանց վերակառուցման պիտանի չեն օգտագործման համար։  Այսինքն՝ գոյություն ունեցող պատերը հնարավոր է վերաշարման կամ լուրջ ամրության պահանջ ունենան, և հասկանալի է, որ այդ պարագայում մենք լուրջ  ու անկախատեսելի խնդիրների առաջ կհայտնվենք»։  «Stop»-ասում է Ճարտարապետը, համոզված, որ «հրապարակը  պետք է մնա անձեռնմխելի»։  Եւ  քաղաքի համար հրաշալի, առավել կարևոր մի  առաջարկ  ներկայացնում։ Մեջբերելով ռուս քաղաքաշինարար Անդրեյ Իվանովի՝  «Հյուսիսային պողոտան տանում է դեպի Կոնդ» արտահայտությունը, Կարեն Բալյանը  ասում է. «Գուցե ես էլ այս բանաձևումը փոքր ինչ ձևափոխելով, ասեմ՝ Հրապարակը  տանում է դեպի  Կոնդ»

                          ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՏԱՐԱԾՔԻ  ՓՈԽԱՐԵՆ ՎԵՐԳԵՏՆՅԱ  ԿՈՆԴԸ  

 Մայրաքաղաքի կենտրոնում այսօր՝ 21-դարում,  հյուղակներում ապրող մարդիկ կան,  որոնք գտնվում են  Երևանի հինավուրց Կոնդ թաղամասում։  Երևանի կենտրոնում ոչ թե ստորգետնյա, այլ վերգետնյա տարածք կա, որը խոստանում և այդպես էլ չեն վերականգնում տասնամյակներ շարունակ։ Այստեղ բնակվող մարդիկ, իրենց նախնիներից ժառանգել են ոչ թե տուն, այլ հույս։ Բարդ, ծանր կենսագրությամբ  անհուսալի վիճակում գտնվող  մի թաղամաս Կոնդը, որը   հարյուրամյակների  պատմություն ունի, որի անցյալ ու ներկա թշվառությունը ապագային միտված  երազանքներով է գոյատևում։ Ուրեմն ինչու՞  ենք  ոգևորվել Հանրապետության հրապարակի չհստակված,  պատկանելիություն   ունեցող  շինությունների  մնացորդներով։ Ինչու՞ ենք   ուզում  ահռելի գումարներ ներդնելով մի բան անել, որը կարող է աղավաղել Հանրապետության հրապարակի նկարագիրը։ Ինչու՞ ենք փորձում  քաղաքի կենտրոնը շինհրապարակ դարձնել, որի պատճառով քաղաքը կաթվածահար է լինելու, խախտվելու են երթուղային ճանապարհները անհարմարություն պատճառելով երևանցիներին ապա և մայրաքաղաքին հյուրերին, հատկապես   զբոսաշրջիկներին, որոնց գրավելու համար է, կարծես թե այս գործը նախաձեռնվում։ Ի վերջո, հասկանալի է, որ նման խոշոր ծրագիրը մեկ կամ երկու տարվա աշխատանքային պրոցես չի ենթադրում։   Մինչդեռ Կոնդն իր դիրքով ու իրեն վերապահված դերով կարող է փառահեղ  միջավայր ձևավորել։  Վերջապես չանտեսենք կարևոր մի  փաստ. Հանրապետության հրապարակի հեղինակ՝  Ալեքսանդր Թամանյանը անհնար է, որ  չիմանար, իր իսկ ընտրած տարածքի  տակ գոյություն ունեցող հիշյալ շինությունների մասին... Եւ չմոռանանք, որ խնդրո առարկա ստորգետնյա  տարածքը հայտնաբերվել է այն ժամանակ, երբ հրապարակը քանդվել էր  խճաքարերով պատելու շատ թանկ ու անհաջող ծրագիրն իրականացնելու համար։ Նաև հիշենք, որ Ալեքսանդր Թամանյանի  ստեղծագործությունները 20—րդ դարում որակվեցին որպես «նեոհայկական ոճ»։ Նրա հորինվածքներից Օպերայի և բալետի թատրոնի շենքի նախնական նախագիծը 1937-ին, Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է Գրան-պրի մրցանակի։ Իսկ Երևանի կենտրոնական հրապարակը գլուխգործոց է ճանաչվել։

Նյութը պատրաստել է ՆԱՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ

ՆՆ