ԱՎԵԼԻՆ ԼԻՆԵԼ, ՔԱՆ «ՄԻԱՉԱՓ» ԿԱՄ «ՊԱՏՃԵՆԱՀԱՆՎԱԾ» ՄԱՐԴԸ

    Հրատարակի՞չն է գտնում հեղինակին, թե՝ հակառակը, Տարբեր ժամանակներում այս խնդիրը տարբեր լուծումներ  է ունեցել։ Ներկա օրերում կարծես թե հեղինակը պետք է որոշակի հմտությունների տիրապետի մեկենաս կամ հովանավոր գտնելու կամ թե պետպատվեր ստանալու համար։   Առաջնային այս հարցը լուծելու դեպքում հրատարակիչ (հրատարակչություն) ընտրելու խնդիրը դյուրին է դառնում։ Փառք Աստծո, մենք շատ լավ հրատարակչություններ ունենք։ Բայց հեղինակներ կան, որոնք ժամանակի  առաջադրած պայմաններին չեն ենթարկվում և բարձր մակարդակով արված իրենց գործերը համակարգչի «դարակներում դարսդարսելով», ժամանակ առ ժամանակ  այս կամ այն  պարբերականի էջերում ներկայացնելով են ճանաչելի դառնում։ Նունե Հովհաննիսյանը, ով թարգմանական արվեստի լավագույն ներկայացուցիչներից մեկն է, միայն այս եղանակով է աշխատում։   Իրանական գրականության  արդի արձակագիրներից նրա թարգմանություններին ծանոթ  ընթերցողը վստահաբար նկատել է, որ  թարգմանիչն, ասես  իր ներկայացրած  գործի համահեղինակն է։  «Երբ թարգմանում ես ուզես, թե չուզես թափանցում ես հեղինակի ներաշխարհը»,- վստահեցնում է Նունեն։  Նախընտրած հեղինակը Ֆրանսիայում ապրող, մայրենի լեզվով ստեղծագործող ու հայրենիքում իր գրքերը հրատարակող Գոլլի Թարաղին է։ «Arvest.am»-ը այս հեղինակի գործերից մեկը՝   «Տատիս տունը» պատմվածքը  Ն. Հովհաննիսյանի թարգմանությամբ ներկայացրել է իր ընթերցողին։ Իր թարգմանություններին տրվող բարձր գնահատականներն ու դրական արձագանքները  վերագրում է սիրելի գրողին. «Գոլի Թարաղին կարողանում է գրավել, հմայում, իրենով է անում։ Թարաղին գրում է շատ գեղեցիկ»,- հավատացնում է Նունե Հովհաննիսյանը, որի  թարգմանությունները նույնքան  գրավիչ են ու գեղեցիկ  և «սպասում են» իրենց հրատարակչին,  մեկենասին կամ էլ պետվատերի...

- Նունե, հիշո՞ւմ եք, թե որ հեղինակի թարգմանությամբ մուտք գործեցիք գրականության աշխարհ:

-Առաջինը Սադեղ Հեդայաթի «Աբջի խանում» պատմվածքն էր, որ տպագրվեց «Նարցիս» հանդեսում: Հեդայաթի շատ ստեղծագործությունների ծանոթ էի դեռ ուսանողական տարիներից: «Աբջի խանումը» ընդգրկված էր ուսումնական ծրագրում, և ստեղծագործությանը ծանոթ լինելը, նաև անփորձությունը, վստահություն ներշնչեցին, որպեսզի ինձ թույլ տամ բախելու գրականության աշխարհի դուռը: Սա այն ասպարեզն է, որտեղ որքան անփորձ, այնքան համարձակ ես:

-Ե՞րբ և ինչպե՞ս կայացավ արևելագիտության պարսկական բաժինն ընտրելու որոշումը:

- Ուզում էի որևէ լեզու ուսումնասիրել, պարսկերենն ընտրելը կա՛մ պատահականություն էր, կա՛մ նախընտրություն՝ ենթագիտակցական մակարդակում՝ խոյեցի նախնիներիցս ժառանգած: Հաճախ է պատահում, երբ հանդիպում եմ անծանոթ բառի, և ենթագիտակցորեն կռահում դրա իմաստը: Չգիտեմ, արդյոք ուրիշների մոտ նման երևույթ լինո՞ւմ է:

-Հատկապես թարգմանական արվեստով զբաղվելու նպատակը ի սկզբանե կա՞ր, թե՞ հետո ուսումնառության տարիներին ծնվեց:

- Այստեղ մեծ է տիկին Շեխոյանի՝ իրանական գրականության մեր դասախոսի դերը: Նա մեզ անդադար հորդորում էր զբաղվել գեղարվեստական թարգմանություններով, իսկ ես սիրում էի գրել: Նաև պատահականության մատն էր խառը:

-«Առաջին հանդիպումը» Գոլի Թարաղիի հետ ե՞րբ եղավ և հատկապես իրանական արդի գրողներից նրան նախապատվություն տալն ինչո՞վ է պայմանավորված:

-Տարիներ առաջ էր… Ցանկանում էի թարգմանել հատկապես կին հեղինակների ստեղծագործությունները: Այդ տարիներին հայ ընթերցողին ծանոթ էր կարծես միայն Ֆորուղ Ֆարրոխզադ անունը, մինչդեռ իրանական ժամանակակից գրականությունն ուներ և ունի կարկառուն կին ներկայացուցիչներ՝ ուրույն ձեռագրով, ինքնատիպ աշխարհով:  Համացանցում պատահաբար գտա Թարաղիի «Հայրս» պատմվածքը: Թարգմանեցի ու տարվեցի: Թարաղին գրում է շատ գեղեցիկ: Նրա պատմվածքները լի են կյանքով, մարդկային ողբերգությամբ ու սարկազմով: Ամենասովորական պատմությունների հիմքում փիլիսոփայական հարցադրումներ են, որոնք ընթերցողին ստիպում են առաջին հերթին նայել սեփական հոգու խորքը, ավելին լինել, քան «միաչափ» կամ «պատճենահանված» մարդն է: Նրա գրականությունը խղճի գրականություն է: Թարաղիի աշխարհը շատ նման է մեր աշխարհին. նման են սոցիալական խնդիրները, հույզերը, մարդկային փոխհարաբերությունների ձևն ու կերպը: Երբ թարգմանում ես, ուզես թե չուզես, թափանցում ես հեղինակի ներաշխարհ: Թարաղիի դեպքում դա ավելի սահուն ու հեշտ է: Իր հարցազրույցներից մեկում Թարաղին նշում է. «Ես չեմ պատկանում այն գրողների թվին, որոնք իրենց ստեղծագործությունները հորինում են՝ ապավինելով երևակայության ուժին: Ես պետք է զգամ պատմվածքի յուրաքանչյուր գործողություն, եթե նույնիսկ դա սովորական հանդիպում է»: Կարող եմ ասել, որ նույն երևույթն ինձ մոտ է թարգմանելիս: Այսինքն՝ մեր՝ իմ և Թարաղիի շփումը միայն գիտակցական մակարդակում չէ:  Երբ ընկալում ես մարդու, այս դեպքում հեղինակի ասելիքն ու խոսքը, երբ նայում ես մարդու հոգու խորքը և էնտեղ մեծ հարազատություն գտնում, նրան սիրելը, նրա հետ «ընկերություն անելը» դառնում է անխուսափելի: Թերևս դա է Թարաղիի և մյուս հեղինակների տարբերությունը: Կարող ես այս կամ այն հեղինակի գործը թարգմանել, հիանալ, գնահատել, բայց և սահմանափակվել այդքանով:

-Իսկ չե՞ք փորձել անձնապես կապ հաստատելով ծանոթանալ Ձեր սիրելի հեղինակի հետ:

-Փորձել եմ գտնել սոցիալական ցանցերում. չի հաջողվել: Հավանաբար ինքը չի էլ պատկերացնում, որ իր երկու տասնյակից ավելի պատմվածքներ թարգմանվել են հայերեն, որ իրեն այդքան սիրում է հայ ընթերցողների թեկուզև նեղ շրջանակ, և որ հայկական «Գրանիշ» գրական  կայքն արդեն երկու տարի անընդմեջ իր ստեղծագործություններն ընդգրկում է տարվա լավագույն թարգմանությունների հնգյակում:  

-Ի՞նչ կասեիք, եթե հանդիպեիք նրան:

-Թարաղին ունի մի պատմվածք «Իմ հոգու անեղծ տիրուհին»՝ բառացի՝ «Իմ հոգու մեծ տիկինը» վերնագրով: Եթե հանդիպեի, կասեի, որ ինձ համար Իրանի հոգու մեծ տիրուհին ինքն է: Պարադոքս է, բայց ես Իրանը սիրել եմ այն գրողի միջոցով, որն այդքան էլ ընդունված չէ սեփական հայրենիքում:

-Շա՞տ են արդյոք իրանական արդի գրականությունից կատարած Ձեր թարգմանությունները, և հնարավո՞ր է արդյոք գիրք հրատարակել:

-Դեվիշյան, Դովլաթաբադի, Էբրահիմ Գոլեսթան, Ջալալ Ալ Ահմադ, Միհան Բահրամի, Ղազալե Ալիզադե, Մոջեվազի, Ռահմանյան, Ջամալ Միրսադեղի… և երկու տասնյակից ավելի պատմվածքներ Թարաղիից: Առնվազն երեք-չորս գրքի նյութ…

-Ուրեմն ինչո՞ւ չեք գործի անցնում…

- Սա բավականին դժվար գործընթաց է, հատկապես երբ գործ ունենք ոչ կոմերցիոն գրքի հետ: Ֆինանսական խնդիրներ, կազմակերպչական հարցեր և այլն… Ես կուզեի, որ իմ գործունեությունը սահմանափակվեր միայն ստեղծագործությունն ընտրելով ու թարգմանելով:

Author